Ֆրանսիայում պարբերաբար անցկացվող հարցումների համաձայն, ամեն երրորդ ֆրանսիացին գրում է: Լինի դա բանաստեղծություն, թե վեպ, այստեղ դա բավականին տարածված զբաղմունք է: Տարեկան տպագրվող հարյուրավոր գրքերի հեղինակներն են նախկին նախագահները, նախարարները, նրանց կանայք, հոգևորականներ, մի խոսքով հնարավոր բոլոր մասնագիտությունների մարդիկ կյանքի որոշ փուլում ունենում են ցանկություն կիսվելու իրենց մտքերով:

Մինչ 2019 թվականի մարտ ամիսը Էրիկ Գարանդոյի անունը հայտնի էր աշխարհին՝ ոչ որպես գրքի հեղինակ: 2011-2013 թվականներին Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի տնօրենը նույն տարիներին եղել է նաև Կաննի կինոփառատոնի  ադմինիստարատիվ խորհրդի փոխնախագահ: Նիկոլա Սարկոզիի նախագահության տարիներին Գարանդոն զբաղեցրել է մշակութային խորհրդատուի պաշտոն՝ ղեկավարելով երկրի համար չափազանց կարևոր ծրագրեր, ինչպիսիք են Լուվր-Լենսի,  Palais de Tokyo արվեստի կենտրոնի վերանորոգման և Մարսելի  MuCEM-ի կառուցման ծրագրերը:

Բայց արի ու տես, որ գրելու համատարած վարակը հասավ նաև Գարանդոյին, որն համարձակորեն նետվեց նաև գրական աշխարհ: «Կարմիր գորգ» վերնագրով և հազարավոր օրինակներով տպագրված գիրքը ընդամենը մի քանի շաբաթ առաջ գրոհեց Ֆրանսիայի գրախանութները: Albin Michel տպագրատան շնորհիվ հրատարակված «Կարմիր գորգի» կարմիր շապիկը վստահեցնում է իր ընթերցողին՝ «Սա Ձեր երբևէ կարդացած լավագույն  ֆիլմն է»: Գիրքը կարդալուց հետո, թեթևությամբ արձանագրում եմ․ կյանքիս լավագույն ֆիլմը հեռու էր այս մեկը լինելուց: Այնուամենայնիվ, շապիկի մտքի հետ դժվար է չհամաձայնվել․ «Կարմիր գորգը» գրական ստեղծագործություն չէ, այլ ֆիլմ, միանշանակ ամերիկյան արտադրության և ճաշակի, մեծ բյուջեով և հայտնի դերասանների մասնակցությամբ:

362 էջ տևողությամբ այս ֆիլմը ալմանախ է՝ ձեր տեսած բոլոր ֆիլմերի և դրանց հիման վրա գրված բոլոր գրքերի:  Այստեղ կա ամեն ինչ․օրենք չհարգող բռնապետ, որն ունի երեք կին և տաս դուստր, որոնցից մեկը գեղեցիկ և վուլգար Օքսանան է, որն ամեն գնով տենչում է հասնել Կանն, քայլել փառատոնի կարմիր գորգով և իհարկե շահել Ոսկե արմավենին իր՝ դեռ չնկարահանած ֆիլմի համար: Կա գլխավոր հերոս, ոչ այնքան գեղեցկադեմ, սակայն չափազանց հմայիչ Ռիկարդո Վերլոկը, որն ամեն գնով պետք է փրկի Ֆրանսիայի մշակույթի նախարարի որդուն, ում բռնագրավել են վերոհիշյալ բռնապետի հրամանով: Գրքում իրոք կա ամեն ինչ․և՛ զենք, և՛ արյուն, և՛ նավեր, և՛ Փինք Ֆլոյդ, և՛ Ֆրանսիս Կաբրել, և՛ Դոստոեվսկի, և իրար հետ որևէ կապ չունեցով Դեպարդյո,  Պուտին, Ուելբեք, Գոդար, Էրդողան ու որքան զարմանալի չէ՝ Հայաստանի անանուն մի նախագահ, ում ժողովուրդը պահանջում է հրաժարական տալ: Եվ առհասարակ գրքի հեղինակը՝ հավանաբար տպավորվել էր իր՝ հայաստանյան վերջին այցով, քանզի ողջ գրքի ընթացքում Գարանդոն պարբերաբար հիշում է մեզ: Եթե հերոսը դրվագներից մեկում հանդիպում է Էրդողանին, ուրեմն պետք է պարտադիր խուսափի ցեղասպանության թեմայից, այլապես նրան կխեղդեն պղտոր ջրերի մեջ, եթե տղամարդիկ արբում են, ապա միայն հայկական կոնյակով, եթե հիշատակվում է բարերար, ապա դա Գյուլբենկյանն է, եթե համերգ է կազմակերպվում, ապա հայ երաժիշտների մասնակցությամբ, եթե կինոփառատոն, ապա՝ «Ոսկե ծիրան»:

Իրականում գլխավոր հերոս Ռիկարդո Վերլոկի բոլոր արկածները սկսվում են Երևան այցելելու ցանկությունից: Խուսափելու համար Կաննի կինոփառատոնի ադմինիստրատիվ խորհրդի կազմակերպման պատասխանատվությունից, Վերլոկը շտապում է «գործուղման»  մի շարք երկրներ, այդ թվում Հայաստան՝ հայ ուսանողուհիների հրավերով խորոված համտեսելու Սևանա լճի ափին: Այսպես, նա հայտնվում է ռուսական ավիաուղիների ինքնաթիռում՝ «շտապելով գտնել ոսկե ծիրանը»: Իհարկե Վերլոկը Հայաստան այդպես էլ չի հասնում, արկածները նրան տանում են ուրիշ հողեր և կողմեր: Մի խոսքով, միացրեք ձեր գունեղ երևակայությունը, գումարեք բոլոր Բոնդերը և միգուցե կստանաք այն, ինչ ցանկացել է իր գրքում նկարահանել Էրիկ Գարանդոն: Ասեմ միայն, որ գրքի երկրորդ գլուխը սկսվում է Հայաստանի նկարագրությամբ, նույնքան մակերեսային, որքան գիրքն է իր ամբողջությամբ․

«Մեկնել Հայաստան՝ բարդ է: Նույնիսկ չգիտենք, թե որտեղ է այդ երկիրը, Արևելյան Եվրոպա, թե՞ Արևմտյան Ասիա: Ռուսների տեսանկյունից Հայաստանը Նոր Ռուսաստանում է, հայերի կարծիքով՝ Եվրոպայում, իսկ Ֆրանսիացիների համար այն ամփոփվում է Շառլ Ազնավուրի երգերով»:

Եվ քանի դեռ Դովլաթովի առաջարկով չի ստեղծվել հատուկ մրցանակ այն մարդկանց համար, որոնք գիրք որոշել են չգրել, առաջարկում եմ կարդալ Էրիկ Գարանդոյի «Կարմիր գորգը», որը գոյություն ունի դեռևս միայն բնագիր ֆրանսերենով:

Լիլիթ Սոխակյան

Փարիզ, 2019