Այրվող Փարիզի Աստվածամոր տաճարի տեսարանը ցնցեց ոչ միայն Ֆրանսիայի քաղաքացիներին, այլև՝ ողջ աշխարհի մշակութասեր հասարակությանը։ Տաճարի անունն անմիաջապես ասոցացվում է Վիկտոր Հյուգոյի համանուն վեպի հետ։ Այդ վեպից ծնված ֆիլմերի թիվն անցնում է տասնյակը, նրանց մեջ կան հաջողվածները, և ոչ այնքան։ Սակայն կինոսերների համար մի տեսարան անտարակույս անջնջելի կմնա, դա Ջինա Լոլոբրիջիդա-գնչուհի Էսմերալդայի անզուգական պարն է՝ գնչուհու կարմիր զգեստով՝ շենշող և շքեղ․․․
Ոտաբոբիկ Էսմերալդան
Ի դեպ Ջինա Լոլոբրիջիդայի Էսմերալդան անգերազանցելի է համարվում բոլոր էսմերալդաների մեջ, պատճառը փոքրիկ, սակայն բացառիկ տպավորիչ մի դետալ է՝ 1956 թվականին նկարահանված Ժան Դելանուայի ֆիլմում Փարիզի ողջ տղամարդկանց ցնցած գնչուհին ոտաբոբիկ է, այնինչ՝ վեպում Էմերալդան մաշիկներով է։ Ֆրանսա-իտալական համատեղ արտադրության գեղարվեստական կինոնկարը աչքի է ընկնում բնական պայմաններում նկարահանված տեսարաններով, շքեղ հանդերձանքով և դերասանական անկրկնելի խաղով։ Ֆիլմում հրաշալի է վերարտադրվել Լյուդովիկ 11-րդ-ի ժամանակաշրջանի Ֆրանսիան։
Ինչպե՞ս ստղծվեց Էսմերալդայի կարմիր զգեստը
Ֆիլմի նկարիչների համար դժվար աշխատանք էր սպասվում, ոչ մի պահպանված ինֆորմացիա, կամ նկար չկար, թե ինչպե՞ս են հագնվել գնչուները՝ միջնադարյան Ֆրանսիայում։ Ֆիլմի նկարիչը որոշեց Էսմերալդային հագցնել Ֆրանսիայում այդ ժամանակաշրջանին հատուկ ոճային առանձնահատկություններով։ Ժամանակավրեպ լինելուց խուսափելու համար ընտրվեց միակ ճիշտ ուղին, չէ՞ որ գնչուները որեւէ երկրում բնակություն հաստատելուց հետո վերցնում էին տվյալ երկրի նորաձեւթյունը։ Ողջ ֆիլմի ընթացքում Ջինա Լոլոբրիջիդան կրում է երեք զգեստ, երեքն էլ ՝ առավելագույնը լցված «գնչույությամբ»։ Իսկ հանդիսատեսին առաջինը կարմիր զգեստով հայտնված Էսմերալդան ցնցող է ու անմոռանալի։ 50-ականների սեքս-սիմվոլի կրծքավանդակն ու ազդրերը քնքշորեն գրկող զգեստը նրան առանձնահատուկ գրավչություն է հաղորդում։
Նմանապես նաեւ հայտնի չէր, թե ինչպե՞ս էին պարում գնչուները միջնադարյան Ֆրանսիայում, բայց ուզում ես հավատալ, որ պարել են հենց Լոլոբրիջիդայի Էսմերալդայի պես՝ կրակոտ և զգացմունքային։ Եվ հրաշալի լուծում գտավ Լոլոբրիջիդան՝ հրաժարվելով ռեժիսորի կողմից պարտադրվող Ֆլամենկոյից։
Քվազիմոդոյի պատիժը և էսմերալդայի գթասրտությունը
Այս տեսարանում արեւի պայծառ շողերի ներքո հրաշալի են դիտվում Էսմերալդայի ոսկյա ականջօղները եւ մեծ ապարանջանները։ Ի դեպ գնչուագետ Ֆրանսուա դը Ֆոլիթը կարծում է, որ հենց դեպի Արեւմտյան Եվրոպա «գնչուական մեծ արշավից» հետո է (15-րդ դար) Ֆրանսիայում նորաձեւ դարձել ականջօղեր կրելը։ Ֆրանսիական դիմանկարների պատմությունը գալիս է ապացուցելը այս վարկածը։ Մինչ 15 –րդ դարի դիմանկարներում կարծես թե ականջօղեր չկան, իսկ 15-րդ դարից հետո ականջօղերը տարածված դետալ է դիմանկարներում։
Գնչուհու վերջին խոսքերը
Էսմերալդան մահանում է՝ «Կյանքը հիասքանչ է» խոսքերն ասելով․․․և այնպես է ասում, որ ուզում ես հավատալ, որ գնչու աղջնակը կարող էր վերջին շնչում հենց այս խոսքերն արտաբերել։
Ես կողոսկրերս կոտրեցի
Հետագակում Ջինա Լոլոբրիջիդան հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է․ «Եթե աշխատանքը սրտումդ է, կարեւոր չէ, թե այն որքան է տեւում։ Ես Էսմերալդային «ծեփելու» ընթացքում կոտրեցի երկու կողոսկրերս։ Բարեբախտաբար դրանք ամենափոքր կողոսկրերն էին»։
Պատրաստեց Աշխեն Քեշիշյանը