Մոնպարնասի գերեզմանատունը Փարիզի այն յուրահատուկ և սիրված անկյուններից է, որտեղ գալիս են թե տուրիստներ, և թե փարիզեցիներ՝ կարդալու, զբոսնելու, մտորելու, միգուցե նաև զրուցելու՝ Բոդլերի, Մոպասանի, Սարտրի, Բովուարի, Սեզարի և տասնյակ այլ մեծ անունների հետ:

Ապրիլի 2-ին Մոնպարնասի գերեզմանատունը մարդաշատ և տխուր էր, առավոտյան անդադար անձրևը հանկարծ դադարեց, և արևոտ պարզ երկինքը ճանապարհելու եկավ Անյես Վարդային: Կինոռեժիսոր, սցենարիստ,  լուսանկարիչ, «Նոր ալիքի» այս հսկան իրականում փոքրամարմին մի կին էր՝ խենթի նման սիրող իր տունն ու փողոցը: Նույն Մոնպարնասի թաղամասում գտնվող Դագեղ փողոցը արվեստագետների շրջանակներում հաճախ էր անվանվում Անյեսի փողոց: Գրեթե յոթ տասնամյակ այս մանուշակագույն տանն ապրեց Վարդան, նախ իր ամուսնու՝ հանրահայտ ռեժիսոր, «Շերբուրգյան հովանոցներ», «Ռոշֆորի աղջիկները» ֆիլմերի հեղինակ Ժակ Դեմիի և իրենց երկու զավակների հետ, ապա՝ միայնակ:  Ամեն օր անցնելով Դագեղ փողոցով, հաճախակի կարելի էր տեսնել Անյես Վարդային դրսում, զրույցի մատնված շուկայի պանրավաճառի կամ անցորդներից մեկի հետ: Ֆրանսիայի հարավին բնորոշ ջերմ ու շփվող բնավորությամբ այս կինն, մեծանալով Բրյուսել և Սեթ քաղաքների արանքում, հոգով իրեն միշտ հարավցի է համարել: Այդպիսինն էր նաև իր տունը՝ մանուշակագույն պատերով և ծաղկաշատ պարտեզով, փոքր-ինչ անսովոր մոխրագույն Փարիզի համար:

«Ես պաշտում եմ գույներն ու լույսը, կինոն լույս է, ասում էր Վարդան, «Երջանկություն» (1965 թ) ֆիլմն իմ աշխատանքն է գույների հետ»: Ինչպես և «Շերբուրգյան հովանոցները», նկարահանված մեկ տարի վաղ՝ 1964 թվականին: Երկու այս ֆիլմերն ունեն նմանություն, օրհներգ են գույներին և անսահման տխրությանը: Ի դեպ, ըստ Վարդայի, Ժակ Դեմին «Շերբուրգյան հովանոցները» սկզբում անվանել էր «Անհավատարմություն», բայց հետո՝ մտափոխվել․հավանաբար դա առանց վերնագրի էլ պարզ էր:

2018 թվականին Ֆրանսիան մեծ շուքով նշեց Անյես Վարդայի 90 ամյակը: Փարիզյան լավագույն թանգարաններում կազմակերպվեցին միջոցառումներ և հանդիպումներ արվեստագետի հետ: Cahiers du cinema ամսագրի հունիսյան համարում տպագրվեց հիանալի հարցազրույց՝ «Կեցցե Վարդան» խորագրով: Այսօր տխրությամբ եմ վերհիշում այնտեղից մի հատված․

 «Գիտեք, շուտով 90 ամյակս էիսկ դա արդեն որոշակի տարիք է: Ցանկության դեպքում կարող էի ամեն ամիս ճանապարհորդել, ամենուր գնալ, խոսել մարդկանց մասին, որոնք արդեն չկան, և ստանալ «Lifetime Achievement Awards»․․․ սարսափելի է միայն այս արտահայտությունը կարծես նշանակում է, որ մենք ավարտված ենք: Ես սիրում եմ ճանապարհորդել, հանդիպել նոր մարդկանց: «Visages Villages» ֆիլմի գովազդի համար ես հաճույքով էի դա անում  JR-ի ուղեկցությամբ, քանզի շաբաթական դուրս եկող 20 ֆիլմերի պարագայում, պետք է գոնե մի քիչ աղմուկ հանել, հակառակ դեպքում ձեզ տեսնելու հույս անգամ չկա: Բայց դրանով վերջ, նման բան այլևս չեմ անելու: Կփորձեմ տալ իմ աշխատանքի վկայությունն  ու դրանից հետո հանդարտվել: Հաճախ ասում եներբ կծերանամ, հանգիստ կարդալու ժամանակ կունենամ“: Ի դեպ այլևս կադալ գրեթե չեմ կարողանումԿուզենայի, որ այս ամենը վերջանար, հետևաբար դասավորում եմ իրերս․․․»:

 

Անյես Վարդան մեզ թողեց ծանրակշիռ և թանկարժեք ճամպրուկ՝ լի այնպիսի ֆիլմերով, ինչպիսինն են  «Կլեո 5-ից մինչեւ 7»   (1962 թ.), «Երջանկություն» (1965 թ.), «Մեկը երգում է, մյուսը` ոչ» (1977 թ.), «Վավերագրողը» (1981 թ.), «Առանց տանիքի, օրենքից դուրս» (1985 թ.), տասնյակ այլ ֆիլմեր և սցենարներ: Ի դեպ «Առանց տանիքի, օրենքից դուրսը» Վարդան համարում էր իր արվեստի ամենահաջողված աշխատանքը: Վարդան չէր սիրում, երբ իրեն անվանում էին կին-ռեժիսոր, սակայն նա մեկն էր, ով մինչև կյանքի վերջ պայքարեց կանանց իրավունքների պաշտպանության համար:

Վարդան համարձակորեն և թեթևությամբ էր հատում ռեժիսորից ժամանակակից արվեստի ստեղծագործողի սահմանը: Այստեղ՝ Փարիզում, նա հայտնի էր իր արվեստանմուշներով և ինստալյացաներով: Վարդան օգտագործում էր տարատեսակ նյութեր՝ սկսած բնական քարերից մինչև անգամ իր չհաջողված  ֆիլմերի  հարյուրավոր ժապավենները: 2017 թվականին Անյես Վարդան, տասնյակ այլ միջազգային արվեստագետների ուղեկցությամբ, հրավիրվեց մասնակցելու Չինաստանի մեծածավալ մի ցուցահանդեսի՝ ստեղծելով իր դրոշը: Վերջինս պատկերի տեսքով պետք է արտահայտեր արվեստագետի խոսքը աշխարհին՝ ամիսների ընթացքում ծածանվելով Շանհայի կապույտ երկնքի տակ: Անյես Վարդան, հավատարիմ ինքն իրեն, պատկերեց ծովափ՝ հատվող կապույտ հանգիստ ջրի ալիքներին․ դրախտ à la Varda:

«Ծերանալով ստեղծվում է տպավորություն, որ մենք ապրել ենք մի քանի կյանք, անցել մի քանի աշխարհ, ես տեսել եմ պատերազմ, անտունություն, և մտածում եմ ընդամենը մեկ կյանքի ընթացքում հնարավոր է անցնել այս ամենը:․․Կարծում եմ, ֆիլմ ստեղծելը մեր պաշտպանությունն է աշխարհում տիրող քաոսի դեմ» :

Պատրաստեց Լիլիթ Սոխակյանը

Փարիզ, 2019