Մեծ եղեռնի մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Հոգիների աճուրդը» նկարահանվել է 1918-ին։ Առաջին անգամ ցուցադրվել 1919 թ․ փետրվարի 16-ին՝ Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում։  «Հոգիների աճուրդ» ֆիլմը կարճ ժամանակում մեծ աղմուկ բարձրացրեց՝  առաջացնելով անհավանական իրարանցում։ Միայն վարձույթում այն հավաքել է  30 միլիոն դոլար՝ համր ֆիլմի համար աներևակայելի մեծ թիվ։ Մերձավոր Արևելքի Նպաստամատույց բարեգործական կազմակերպության հայտնած տեղեկությունների համաձայն, հասույթն անցել է հարյուր միլիոնի սահմանը: Հայտնի է նաև, որ  ֆիլմի առաջին փակ ցուցադրությունների ժամանակ տոմսի արժեքը եղել է  տասը դոլար, որը համարժեք է ներկայիս 700 դոլարին:

Ֆիլմի հերոսուհին ցեղասպանությունը վերապրած Արշալույս Մարտիկյանն է, որը 14 տարեկանից ենթարկվում է աներևակայելի խոշտանգումների ու փորձությունների։ Ամերիկյան միսիոներների օգնությամբ Արշալույս Մարտիկյանը հասնում է ԱՄՆ ու դառնում Ավրորա Մարդիգանյան։ ԱՄՆ-ում լույս է տեսնում Ավրորա Մարդիգանյանի հուշագրությունների վրա հիմնված «Հոշոտված Հայաստան» (Ravished Armenia) գիրքը:  Մարդիգանյանի հուշերը դարձան գիրք («Հոշոտված Հայաստան»), իսկ գիրքը՝  ֆիլմ («Հոգիների աճուրդ»), որտեղ Ավրորան խաղաց գլխավոր հերոսուհու դերում՝ մարմնավորելով ինքն իրեն։

Վավերագրող  ռեժիսոր, պրոդյուսեր, «Բարս Մեդիա» կինոստուդիայի փոխնախագահ Իննա Սահակյանը 21-րդ դարում՝ Հայոց  ցեղասպանությունից հարյուր տարի անց, նորովի է  ներկայացնելու Արշալույս Մարտիկյանի չխամրող ու լուսավոր պատմությունը՝ 2020-ին էկրան բարձրանալիք «Արշալույսի լուսաբացը» ֆիլմում։

 «Բանտարկված հոգիները»՝ «Արշալույսի լուսաբացը» ֆիլմի նախագծի հիմք։

-Ես և ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանը 2014-ին համատեղ նախագիծ էինք անում՝  «Բանտարկված հոգիներ» խորագրով: Ֆիլմի գաղափարը հենց Վարդանինն էր: Նա երկար տարիներ աշխատում էր Զորյան ինստիտուտի հետ, ու երբ այցերից մեկի ժամանակ պահարաններից մեկում տեսնում է արդեն թվայնացված, DVD սկավառակների վրա պահվող վերապրածների հարցազրույցները, զգացողություն է ունենում, որ այդ մարդկանց ցավը, հիշողությունը, որ նրանք փոխանցել են տեսաերիզին, այսօր հասանելի չէ հանրությանը: Եվ Վարդանը հետ էր եկել Հայաստան այդ պատմությունները վավերագրական անիմացիայի լեզվով ֆիլմի վերածելու միտումով: Տվյալ գաղափարի իրագործման համար ես լուրջ ուսումնասիրություններ եմ արել և´ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, և´ միաժամանակ լսել եմ Զորյան ինստիտուտից ուղարկված վերապրածների պատմությունները ՝  ընտրելու համար ամենաազդեցիկները: Հենց այդ ժամանակ առաջին անգամ հանդիպեցի Ավրորայի անհավանական ուժեղ պատմությանը, և հավելյալ ուսումնասիրությունների արդյունքում հասկացանք, որ այն մի ամբողջական ֆիլմի սցենար կարող է դառնալ: «Բանտարկված հոգիները» 2015-ին հիմք դարձան «Արշալույսի լուսաբացը» կինոնախագծի համար:  Ավրորայի պատմությունը ներկայացնելու հազար ձև կա, և մենք կարող էինք շատ ավելի համեստ մի ֆիլմ անել (ի դեպ, ունենք ֆիլմի կարճ տարբերակ)՝ ներկայացնելով հայ հանդիսատեսին և սահմանափակվելով դրանով: Բայց հասկանալով  նյութի ասելիքի կարևորությունը, գնահատելով աշխարհի հանդիսատեսին այն պատմելու  մեր ռեալ հնարավորությունները`  որոշեցինք ստանալ ֆիլմի ավելի հզոր տարբերակ:

 

 Ստեղծագործական աղբյուրներ, աջակից կառույցներ։

-Նախագիծը սկսել ենք Ազգային կինոկենտրոնի հետ համատեղ: Արդեն  2016-ին «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմից» ստացել ենք մրցանակ: Այս նախնական օգնությունները շատ կարևոր էին միջազգային ասպարեզ դուրս գալու համար:

Մեր գլխավոր աջակիցը Զորյան ինստիտուտն է: Ֆիլմի հիմք հանդիսացող ավելի քան հինգժամանոց  հարցազրույցը հենց ինստիտուտն է ուղարկել: Ավրորայից նյութեր կան նաև  Հայոց ցեղասպանության վկայությունների արխիվ ունեցող Armenian Film Foundation հաստատությունում, որի հետ ևս ունենք պայմանագիր. համաձայնել են Ավրորայի արխիվը տրամադրել ֆիլմին:

Հայ-գերմանական համագործակցություն Gebruder Beetz կինոարտադրող ընկերության հետ, «Արտե» ամենահեղինակավոր հեռուստաալիք։

-Ֆիլմի ստեղծման ընթացքում և մինչև հիմա մենք բանակցություններ վարում ենք տարբեր երկրների հետ: Գերմանացիների հետ բանակցությունները սկսել ենք 2016-ից: Նախագիծը նրանց հետաքրքիր է գեղարվեստական արժեքով և ասելիքով: Երկրորդ՝ մեր գործնական հարաբերությունների զարգացումը սկսվեց այն ժամանակ, երբ Բունդեսթագը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Այս պահին ունենք նաև գերմանաֆրանսիական «Արտե» ամենահեղինակավոր հեռուստաալիքներից մեկի աջակցությունը, որ ֆիլմի ավարտից հետո այն հասանելի լինի ողջ Եվրոպային, այն էլ շատ մրցունակ հեռուստաժամի:

Եվրիմաժ,  2019 թմարտի 12-16, «Բարս Մեդիա» ընկերության «Արշալույսի լուսաբացը» հայ-գերմանական  համատեղ արտադրության կինոնախագիծ, 140 հազար եվրո ֆինանսական օգնություն։

-Այս նախագծի վրա մեր 4 տարվա ստեղծագործական և պրոդյուսերական տքնաջան աշխատանքը տվեց իր արդյունքը. Եվրիմաժում գրանցած հաջողությունը պատահական չէր: Այստեղ ֆիլմը բոլոր կետերով ու ենթակետերով պիտի համապատասխանի նախնական մրցույթի պահանջներին, որը հաղթահարելուց հետո միայն գրանցեցինք մեր վերջնական  հաղթանակը: Նշեմ նաև՝ Եվրիմաժի քաղաքական մոտեցումներից է «գենդերային հավասարությունը կինոարտադրությունում» կարգախոսը, ինչը ևս կարող է որոշ չափով նպաստած լինել մեր հաջողությանը՝ նկատի ունենալով իմ՝ որպես ֆիլմի ռեժիսորի և հերոսուհու կին լինելու հանգամանքը:

200.000 մինչև  582 հազար 645 եվրո ընդհանուր բյուջե ունեցող կինոնախագիծ։  

-Ֆիլմի բյուջեն սկսել է 200. 000-ից և հասել է 582.645 եվրոյի, և վստահ չեմ, որ թիվը կրկին չի փոխվի, որովհետև երբ անում ես համատեղ արտադրություն, գործընկերներիդ ով լինելուց, ֆիլմի արտադրության պրոցեսից և այլ հանգամանքներից ֆիլմի բյուջեն փոփոխվում է: Համատեղ արտադրությունը միայն համատեղ ֆինանսավորումը չէ, այլև համատեղ ստեղծագործական մասնակցությունը: Ամեն դեպքում, երբ մեզ համար մեծ թվացող այս բյուջեն ներկայացնում էի միջազգային կինոշուկաներում, հաճախ մտածում էին՝ մի զրո բաց եմ թողել:  Նորմալ որակը պահանջում է ահռելի ծախսեր: 90 րոպե տևողությամբ նման ֆիլմ անգամ Հայաստանի պայմաններում այս բյուջեով անելը շատ դժվար է լինելու:

 Ցեղասպանության թեմայով նկարված ֆիլմեր, չհանձնվող Ավրորայի պատմությունը ոչ թե զոհի, այլ պայքարող մարդու դիտանկյունից։

-Ցեղասպանության թեմայով շատ հաջողված ֆիլմեր ունենք: Բայց ասելիք միշտ մնում է, որովհետև այս թեմային անդրադառնալիս դառնում ենք զգայուն, ինչը խանգարում է հիմնական ասելիքի մատուցմանը: Ինձ համար ամենակարևորը Ցեղասպանությանն անդրադառնալն է ոչ թե զոհի կարգավիճակով, այլ պայքարող մարդու, առավել ևս պայքարող կնոջ: 14 տարեկան այս չմշկածագցի աղջնակի աչքի առաջ սպանել էին ընտանիքի բոլոր անդամներին, որից հետո նա ամենավայրի խոշտանգումների է ենթարկվել թուրքական հարեմներում, բայց չի հանձնվել՝ ամեն անգամ ինչ-որ մի նոր լուծում գտնելով իրավիճակից դուրս գալու համար:

 Ժանրային առանձնահատկություններ, նկարահանումներ, դերասաններ։  

-Ֆիլմը լինելու է վավերագրական անիմացիա: Այս պահին վերջնական տեսքի ենք բերում կազմակերպչական, սցենարական, նկարահանումների հետ կապված հարցերը: Հիմնաքարը Ավրորայի հարցազրույցներն են լինելու: Կլինեն որոշակի կտորներ «Հոգիների աճուրդ» համր ֆիլմից: Օգտվել ենք նաև նրա գրած «Հոշոտված հոգիներ» գրքից: Իսկ այն հիմնական վայրերում, որտեղ եղել է Ավրորան, արդեն կկատարենք նկարահանումներ՝ շոշափելի ցույց տալու համար, որ սա իրական պատմություն է: Ֆիլմում նաև լինելու են արխիվային նյութեր հիմնականում Առաջին համաշխարհային պատերազմից: Սցենարական լուծումներում ամեն ինչ շատ գեղեցիկ է տրված: Արդյունքում ունենում ենք վավերագրություն՝ գեղարվեստական լուծումներով:

Նկարահանվող դերասաններ չեն լինելու. կունենանք միայն ձայնագրություններ: Այդ առումով կլինի երկու ֆիլմ՝ հայերեն և անգլերեն ձայնային տարբերակներով կամ տիտրերով: Այժմ փնտրում եմ Սիրիայում կամ Թուրքիայում մեծացած հայերեն խոսող աղջնակների, որոնց ձայնը նման կլինի երիտասարդ Ավրորայի ձայնին, քանզի ֆիլմի մեծ մասը պատմվելու է հենց տարեց Ավրորայի հարցազրույցների վավերագրական ձայնով։ Ըստ գերմանական համարտադրողի հետ մեր պայմանագրի՝ օպերատորը և կոմպոզիտորը պետք է լինեն նրանց ստեղծագործական թիմից: Այս պահին որոշակի չէ, բայց գուցե և լինի երրորդ համարտադրող երկիր:

Սցենարական աշխատանքներ, միջազգային թիմի առավելություններ։

-Սցենարի առաջին տարբերակը մենակ եմ գրել, բայց երբ դա ուղարկում ես կինոարտադրողներին և գործընկերներին, սկսվում են քննարկումներն ու փոփոխությունները: Հենց այդ փուլից էլ սցենարի համահեղինակ  կանադաբնակ սցենարիստ և պրոդյուսեր Պիտեր Լյախովը ավելի ներգրավվեց ֆիլմի սցենարական աշխատանքներում: Գերմանիայից ևս ունենք համահեղինակ՝ Քերստին Մեյեր Բիթզը, որ ավելի շատ սցենարիստի խորհրդական է: Դրսի մարդու աչքն օգնում է, որ  նյութը խուսափի վերոնշյալ զգացմունքայնությունից և հետաքրքրի միջազգային հանդիսատեսին:

 Ֆիլմի հիմնական լսարանը։

-Դեռ չգիտենք՝ որտեղ կլինի 2020-ին նախատեսվող ֆիլմի պրեմիերան, բայց ցանկություն ունենք ցուցադրել աշխարհի ամենաառաջնային փառատոներից որևէ մեկում: Մենք չենք խոսում զուտ քաղաքական թեմաներից, հայերի ցեղասպանությունից, այլ ներկայացնում ենք մարդու պատմություն: Հանդիսատեսը հենց սկզբից կկապվի Ավրորային՝ միասին անցնելով նրա կյանքի ճանապարհը: Իհարկե, լավ պատկերացում ունենալով շուկայի պահանջներից, գիտենք՝ այսօր ավելի հետաքրքիր են թեթև պատմությունները, սակայն նաև հույս ունենք հուզել շատերին:

 Արշալույս Մարտիկյանից մինչև Ավրորա Մարդիգանյան։

-Առաջինը հերոսուհու իրական անունն է, և հարցազրույցներում նա շատ վրդովված է խոսում այն մասին՝ ինչպես են ցանկացել փոխել անունը՝ ամերիկյան հանդիսատեսի համար ավելի հնչեղ դարձնելու համար: Բանակցությունների արդյունքում անունը պարզապես թարգմանվել է՝ վերածվելով Ավրորայի, որը կրկին արևածագի լույս է նշանակում: Ազգանվան մեջ էլ մի քանի տառի փոփոխություն են անում ամերիկացիների համար արտաբերելը հեշտացնելու նպատակով:

 Արշալույսի անվան ինքն իրենից առաջ անցած խորհուրդը, ամերիկյան դժվարությունները, կորուստներն ու ձեռքբերումները։  

-Մեծ խորհուրդ ու մեծ դրամա կա այս անվան մեջ, որովհետև նա ամբողջ կյանքում գնաց լույսի հետևից, ունեցավ իր հաղթանակները, բայց և շատ ողբերգական օրեր տեսավ: Դրա համար ես ֆիլմը սկզբում վերանագրել էի «Արշալույսի մայրամուտը», չնայած հետո փոխեցինք (ֆիլմի անվանումները հաճախակի են փոխվել), որովհետև, ի վերջո, որքան էլ ծանր է եղել, նա միշտ այդ լույսը պահել է իր կյանքում, չի հանձնվել: Դրա համար նաև ֆիլմն ենք ավարտում դրական նոտայով:

Ավրորայի «Հոշոտված Հայաստան» գիրքը, բնական է, որ լեզուն չիմանալու պատճառով գրի են առել նրա ամերիկյան խնամակալները, որոնք նաև Ավրորայի փոխարեն որոշումներ էին կայացնում՝ օգտագործելով նրա պատմությունը, ֆինանսները, որից գրեթե ոչինչ չէին պատրաստվում փոխանցել նրան: Անմարդկային տառապանքների միջով անցած, հետագայում այդ ամենը ֆիլմի նկարահանումների, ինչպես նաև ցուցադրության ժամանակ հանդիսատեսի հետ ունեցած զրույցների ընթացքում վերապրած Ավրորան կրում է խորը հոգեբանական ու ֆիզիկական վնասներ: Խնամակալներն իբր նրան օգնելու նպատակով ուղարկում են հանգստանալու, բայց հենց այդ ընթացքում Ավրորային փոխարինելու համար վարձում են յոթ հայ աղջիկներ: Այս ամենը հասկանալուց հետո նա դատի է տալիս խնամակալներին՝ կարողանալով որոշակի գումար հետ ստանալ: Ստացվում է՝ անգամ այդ նոր երկրում Ավրորան չի հանձնվում, ինչը ևս շատ հետաքրքիր է դարձնում ֆիլմի սցենարը: Ամերիկայում նա ուներ նաև մեկ անձնական նպատակ՝ գտնել եղբորը, որը դեռ 1915-ից առաջ էր եկել այդտեղ: Սակայն դա նրան չի հաջողվում: Շարունակելով ուսումնասիրությունները՝  հայտնաբերեցինք, որ նա  գտել է քրոջը, ում զոհված էր կարծում ցեղասպանության ժամանակ: 1920-ին նրանք վերամիավորվում են Նյու Յորքում: Այս անձնական հաղթանակը կարծես մի փոքր լույս մտցրեց սցենարական աշխատանքներում:

 Հարյուր տոկոսանոց պատմական ճշմարտության բացակայություն, քաղաքական ուժերի շահեր, փոփոխված գիրք, հոլիվուդյան խաղեր։

-Այսքան տարի հետո շատ դժվար է միանշանակ ճիշտը գտնել: Մնում են միայն պատմական ուսումնասիրությունները, որտեղ շատ հեշտ է սխալվելը, որովհետև բախվում ես մի քանի տարբերակների: Դրա համար ասել, որ լիակատար պատմական ֆիլմ ենք անում,  սխալ կլինի: Խնամակալների կողմից գրված գրքում չես կարող իմանալ՝ որքանով է փոփոխված  պատմությունը: Գիտականորեն կարդալիս հասկանում ես՝ նրանք փորձել են ամբողջական ցեղասպանության պատկեր տալ, արդարացնել այդ տարիների ամերիկյան ողջ միսիոներական աշխատանքը: Ուստի գրքի մեջ շատ պատմություններ են մտնում, որ Ավրորայի հետ ոչ մի կապ չունեին:

Ինչ վերաբերում է համր ֆիլմին, այն հոլիվուդյան արտադրանք է՝ ընդհանրապես փոփոխված պատմությամբ, անգամ սիրած տղայի հորինված կերպարի ներմուծմամբ: Ֆիլմը ևս ստեղծվել էր՝ բավարարելու ամերիկյան քաղաքականության տվյալ ժամանակաշրջանի պահանջները:

 Մոռացված Ավրորա, վերջին տարիներին կրկին հայտնի դարձած անուն։

-Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Ամերիկան լուրջ քաղաքական պլաններ ուներ Հայաստանը դարձնել իր գաղութը: Ավրորայի պատմությունը, իհարկե, շատ փոքր, բայց հրաշալի գործիք էր դրա համար: Այդ սրտաճմլիկ և կարևորը իրական պատմությունը կօգներ մարդկանց մոտ ցավակցություն առաջացնել: Ի դեպ, ավելի շատ շահարկվում էր ոչ թե Ավրորայի հայ, այլ  քրիստոնյա աղջիկ լինելը, որը նման խոշտանգումների է ենթարկվում: Համր ֆիլմը լայն տարածում գտավ, տոմսերը վաճառվեցին ահռելի մեծ գումարներով: Իհարկե, չենք կարող ժխտել, որ   ընդհանրապես բարեգործական գործունեություն չիրականացվեց, բայց այն, ինչ տեղի ունեցավ հետագայում, արդեն լրիվ բացեց քաղաքական խաղաքարտերը: Երբ Հայաստանն ընտրեց ԽՄ կազմ մտնելու որոշումը, Ամերիկան սկսեց համագործակցել Թուրքիայի հետ: Եվ Ավրորայի պատմությունն այլևս ոչ ոքի հետաքրքիր չէր: Ինչպես նշել էի, ֆիլմը բարեգործական քարոզարշավի հիմնասյուներից մեկն էր, որը շարունակվեց հետագա տարիներին նույնպես, սակայն  փոփոխված լոզունգով՝ ոչ թե եկեք օգնեք քրիստոնյա ազգին, որ բռնաբարվել ու սպանվել է թուրքերի կողմից, այլ աջակցենք սոված քրիստոնյա որբերին:

Ֆիլմից մնացել է ընդամենը 18 րոպե:  Չեմ կարող համոզված ասել՝ հատուկ ոչնչացվել է, բայց և առանձնապես ոչինչ չի արվել, որ պահպանվի:

Գանք մեր ֆիլմին արդեն, որով կրկին վերհիշում ենք Ավրորային: Մեր ուսումնասիրությունները կապ  չունեն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ: Այս իրողություններն գրեթե իրար զուգահեռ են ընթացել: Նաև Եղեռնի հարյուրամյակի շրջանակներում մասնագետները սկսեցին ուսումնասիրել Ավրորայի պատմությունը: Ուղղակի ցավալի է, որ անունը շահարկելով հանդերձ՝ նրա պատմությունը շատ քչերը գիտեն խորությամբ:

Հույս ունեմ՝ «Արշալույսի լուսաբացը» կլինի «պինդ» ֆիլմ, որ հայերիս մեծագույն ողբերգությունը կներկայացնի պայքարող մարդու դիտանկյունից…

 Պատմում է «Արշալույսի լուսաբացը» ֆիլմի սցենարի արտասահամանցի համահեղինակ Պիտեր Լյախովը։

 -Ֆիլմն ինձ համար գրավիչ է թե´ կառուցվածքային տեսանկյունից, թե´ բովանդակային: Հայերի ցեղասպանության թեման շատ կարևոր է, բայց ինձ գրավել է Ավրորայի հերոսական բնավորությունը: Այդ աղջնակը անհավատալի սխրանքների է գնացել՝ ամեն անգամ իր մեջ առաջ շարժվելու ուժ գտնելով: Սա մի ամբողջական ոդիսական է, որը կարող է հետաքրքրել ցանկացած մարդու: Ասել, որ ցեղասպանության թեմային մինչ ֆիլմում աշխատելը լավ էի տիրապետում, սխալ կլինի: Պարզապես լսել էի ահավոր պատմություններ: Ֆիլմի վրա աշխատելիս կարդացի ցեղասպանության մասին շատ գրքեր: Ես հայ չեմ, սա իմ անձնական պատմությունը չէ, ուստի պիտի զգույշ լինեի և ճիշտ մոտենայի թեմային՝ հասկանալով՝ իրականում ինչ է եղել:  Եվ միայն թեման խորությամբ ուսումնասիրելուց հետո զգացի Եղեռնի ողջ սարսափը: Սցենարի վրա տքնաջան աշխատելու օրերին փորձեցի ինձ դնել այդ բոլոր դաժանությունների միջով անցած մարդկանց տեղը, որից հետո ամեն բան սկսեցի այլ կերպ ընկալել աշխարհում: Ես Եղեռն չեմ տեսել, ես նման անմարդկային ցավ չունեմ,  բայց այժմ հայերի հետ տեղի ունեցածը ապրում է հոգուս մի անկյունում: Ցանկությունս է, որ արտասահմանցի հանդիսատեսը դիտի այս ֆիլմը և հասկանա իրականում տեղի ունեցածը, որ Թուրքիան այլևս չկարողնա հերքել:

Ինձ համար մեծ պատիվ է «Արշալույսի լուսաբացը» ֆիլմում աշխատելը:  Սա կյանքիս ամենակարևոր գործն է՝ բացառիկ իր տեսակով, որի մեջ իմ սիրտն եմ դրել :

Պատրաստեց Արփի Խաչատրյանը  

Լուսանկարները տրամադրել է Իննա Սահակյանը