Մի տեսահոլովակի պատմություն․«Մի գնացեք Հայաստան»
Օրեր առաջ ուշադրությունս գրավեց Ֆեյսբուքում տեղադրված մի տեսահոլովակ, ավելի ճիշտ՝ վերջինիս վերնագիրը՝ «Մի գնացեք Հայաստան»։ Մտածելով, որ դա մեր «սիրառատ» հարևանների հերթական ձեռքի աշխատանքն է, նույիսկ չբացեցի ուղարկված հղումը ։ Օրերն անցնում էին, և երբ իմ Ֆեյսբուքյան էջում նրա ներկայությունը դարձավ մշտական, իսկ դիտումների քանակը հասավ 169 հազարի, ես չդիմացա գայթակղությանը։
Հուզիչ, գեղեցիկ և այնքան ճշմարիտ այս ֆիլմը ներկայացնում է Հայաստանն իր ողջ հմայքով։ Հեղինակը Ֆրանսիայում հայտնի բլոգեր, ռեժիսոր և լուսանկարիչ Բենյամին Մարտինին է, այստեղ ավելի հայտնի Tolt անվանումով։ Երիտասարդ արվեստագետը ճանապարհորդում է աշխարհի հետաքրքիր անկյուններ և նկարահանում «Մի գնացեք այնտեղ» հակասական վերնագրերով ֆիլմեր։
«Հավանաբար իմ նկարահանած լավագույն տեսանյութերից է»,- գրում է հեղինակը Հայաստանի մասին ֆիլմի առցանց ցուցադրության ավարտին։ Գունառատ բնություն, հարուստ պատմություն, եզակի մշակույթ, անմահական խոհանոց, ազնիվ և ջերմ բնակիչներ, բացառիկ ապահով երկիր, կարելի է վստահաբար ասել՝ Tolt-ը հիանալի ժամանակ է անցկացրել Հայաստանում։
Իհարկե, ֆիլմի Յութուբյան հղման տակ շարունակում են գրվել հազարավոր մեկնաբանություններ, ծավալվում են քննարկումներ։ Հայերը շնորհակալ են հեղինակին, թուրքերը վարանում են, բազմաթիվ արտասահմանցիներ կիսվում են իրենց տպավորություններով․ քննարկվում է նույնիսկ Ղարաբաղյան հարցը, ծածանվում հայկական դրոշը և իհարկե լսվում Շառլ Ազնավուրի ձայնը։
«Լսել Շառլ Ազնավուր՝ լինելով Հայաստանում՝ անգին է», – խոստովանում է Toltը տեսանյութի սկզբում։ «Մի ողջ կյանք է հարկավոր այցելելու Հայաստանի բոլոր եկեղեցիներն ու վանքերը։ Մի գնացեք Հայաստան քանզի անսահման բան կունենաք պատմելու ընկերներին», -ամփոփում է ռեժիսորը։
Եվ թեպետ ֆրանսիացի մեր ընկերը քաղցր սուջուխը անվանում է տեղական «սնիկերս», և իհարկե սխալվում, քանզի սուջուխին համարժեքը չկա, մենք դա կանտեսենք և կներենք, քանզի ևս մեկ արտերկրացի գնահատեց և սիրեց Հայաստանը։
Լիլիթ Սոխակյան
Փարիզ