Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդայկան արտիստ Տիգրան Մանսուրյանի մասին, նրա 80 ամյակին նվիրված  փաստագրական նոր ֆիլմ է նկարահանվել։ Էկրանային պրեմիերան «Մոսկվա» կինոթատրոնում եղավ։ Մաեստրոն շրջապատված էր սիրելի մարդկանցով, վաղեմի ընկերներով ու մտերիմներով։ Բոլորի հայացքները նրան էին ուղղված, բոլորը ջանում էին զգալ մաեստրոյի ափի ջերմությունը, նրան մաղթանք ու շնորհավորանք հղել։ Մաեստրո Մանսուրյանը դիտում էր «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմը։

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 5 տարի առաջ. ռեժիսոր Հայկ Մկրտչյանը «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերությանն առաջարկել է Տիգրան Մանսուրյանի մասին ֆիլմի գաղափարը, և ստեղծագործական խումբը գործի է անցել։ Կոմպոզիտորի համաշխարհային հռչակը հաշվի առնելով՝ ռեժիսոր Հայկ Մկրտչյանն ու պրոդյուսեր Հայկ Օրդյանը փորձել են Տիգրան Մանսուրյանի կերպարն ու մեծությունը ներկայացնել դրսից՝ աշխարհի աչքերով։ «Միջազգային փառատոների և եվրոպական հեռուստաընկերությունների պահոցներում այնպիսի նկարահանումներ ենք գտել։ Հենց միայն այդ նյութն ապացուցում է, թե միջազգային հանրությունը որքան բարձր է գնահատում Տիգրան Մանսուրյանի արվեստը։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ արժեք ունենք մեր կողքին, ինչ մեծության հետ գործ ունենք»,- պատմեց պրոդյուսեր Հայկ Օրդյանը։

5 տարի առաջ, երբ ստեղծագործական խումբն իր նախաձեռնության մասին հայտնել է մաեստրոյին, նա այսպես է արձագանքել. «Տիգրան Մանսուրյան կինոկոմպոզիտորի մասին շատ ֆիլմեր են նկարվել, եթե սա էլ պիտի դրանցից մեկը լինի…»։ Բայց հենց սկզբից որոշված է եղել, որ այս ֆիլմի մոտեցումն ու ասելիքը տարբեր են լինելու, ներկայացվելու է մարդ, մտավորական, արվեստագետ, կոմպոզիտոր, մեր ժամանակների համաշխարհային դասական Տիգրան Մանսուրյանը, իհարկե, նշելով նրա մեծ վաստակը նաև կինոյում, հատկապես Փարաջանովի «Նռան գույնում»։ Մաեստրոն փոքրիկ հուշումներ արել է, թե ում կուզենար տեսնել ֆիլմում, ովքեր խոսեին ու պատմեին իր մասին։ «Ես այդ արվեստագետների հետ աշխատել եմ, մենք միշտ կապի մեջ ենք՝ Քիմ Քաշքաշյան, Մանֆրեդ Այխեր, Ալեքսանդր Լիբրեխ, բայց մենք գործով ենք զբաղված, չենք նստում ու միմյանց բարի խոսքեր ասում, գնահատում։ Իսկ հիմա այս ֆիլմում երբ նրանք խոսում են իմ մասին, ու ես լսում եմ, թե ինչ բառեր են ասում, ինչպես են գնահատում, շատ հաճելի ու պարտավորեցնող է, անշուշտ։ Ինձ նաև դուր է գալիս թեման դիտարկելու, ներկայացնելու ընդգրկուն հայացքը, որն, իմ կարծիքով, հեղինակների շատ ճամփորդելու, աշխարհի տարբեր ծագերում եղած լինելու արդյունք է։ Ես կարող եմ ասել, որ այս ֆիլմում ես եմ։ Այո՛ տանը ես ուրիշ եմ, դրսում՝ ուրիշ. այս երիտասարդներին հաջողվել է ինձ ներկայացնել տանն էլ, դրսում էլ»,-իր մասին նկարահանված ֆիլմն այսպես  գնահատեց մաեստրո Մանսուրյանը։

«Մաեստրո Մանսուրյանի» նկարահանումներն ընդհատվել են, երբ «Օրդֆիլմ» ընկերությունը փակվել է, Հայկ Օրդյանն ու Հայկ Մկրտչյանն էլ արտագաղթել են։ Բայց անգամ այդ դեպքում ֆիլմը շարունակելու գաղափարն արթուն է մնացել։ Այդ ընթացքում արխիվային նյութեր հավաքելու գործընթացն է կազմակերպվել, նկարահանումներ են արվել Ռուսաստանում, Եվրոպայում։ Ֆիլմը շարունակել է «Մշնար» մշակութային կենտրոնը՝ ֆիլմի նախագիծը ներկայացնելով մշակույթի նախարարությանը։ Գաղափարը դուր է եկել պատկան մարմիններին եւ պետական ֆինանսավորմամբ «Մաեստրո Մանսուրյանը» ավարտին է հասցվել։ Նկարահանումներին զուգընթաց Ալինա Օրդյանը գրել է սցենարը։  Ի սկզբանե որոշված է եղել «Մաեստրո Մանսուրյանը» 52 րոպե տևողությամբ պատրաստել. դա միջազգային ստանդարտ է, որը գործում է եվրոպական փառատոներում ու հեռուստաընկերություններում։ Ֆիլմը միջազգային նախագիծ է, մասնակցություն ունի նաև «Գյոթե» կենտրոնը։ Գերմանական հեռուստակայաններից մեկի հետ ֆիլմը ցուցադրելու որոշակի պայմանավորվածություն կա։ Փառատոնային բանակցությունները ևս ընթացքի մեջ են։

Նաիրա Փայտյան