Կինոկրթություն. անհրաժեշտությու՞ն, թե՞…
Կարևո՞ր է կինոկրթությունը՝ կինո նկարելու համար, թե՞ ոչ, ինչպիսի՞ն է կինոկրթության վիճակը Հայաստանում, նորագույն տեխնոլոգիաների առկայությունը ինչպե՞ս է անդրադառնում կինո նկարելու ընթացքի վրա: Ներկայացնում ենք kinoashkahrh.am-ի փոքր հարցախույզը հայաստանյան ռեժիսորների տարբեր սերունդների ներկայացուցիչների շրջանում։
Հարություն Խաչատրյան
-Կինոկրթությունը շատ կարևոր է: Առանց կինոուսմունքի երկու ճանապարհ կա: Մեկը՝ պրակտիկ կինոկրթությունն է, որն այսօր շատ լրջորեն տալիս են Ռումինիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում: Պրակտիկ աշխատանքի միջոցով նվիրյալ մասնագետները սովորեցնում են կինոյի հետ կապված ամեն բան: Մյուս տարբերակը կինոյի ոլորտում ամենափոքր պաշտոնից սկսելն ու ողջ ճանապարհն անցնելն է: Թեև դա կինոուսմունքի դժվար ճանապարհ է, բայց կինոոլորտի շատ մասնագետներ են նման ճանապարհ անցել: Կինոկրթության մեջ կարևոր է, որ լավ կինոռեժիսորը լինի լավ ուսուցիչ և կարողանա ստեղծել յուրահատուկ մտածողությամբ լսարան։
Հայաստանյան կինոկրթությունը լավ վիճակում չէ: Տեխնիկապես շատ հետ ենք, դասախոսները քիչ են վարձատրվում, շատ են ավելորդ առարկաները, ուսանողների թիվն է մեծ մի կուրսի համար և այլն: Ինչքան էլ հասկանալի լինի, որ ուսանողների վճարած գումարն անհրաժեշտ է բուհերին՝ գոյատևելու համար, չպիտի անտեսել, որ այդպես և´ շատ երիտասարդների կյանքն է անիմաստ անցնում, և´ միաժամանակ խանգարում են մյուսներին առավել արդյունավետ կրթություն ստանալ: Գուցե կան մի քանի դասախոսներ, որ մյուսներից ավելի լավ են աշխատում, բայց ամեն դեպքում աշխարհը տեսնելու, ուրիշ կինոդպրոցների հետ փորձի փոխանակում անելու մեծ պակաս կա: Պիտի հատուկ քաղաքականություն մշակվի՝ արդյոք պե՞տք է կինոն Հայաստանի համար, արդյոք դա պիտի օգտագործվի որպես զենք ու միջոց՝ աշխարհին մեր մշակութային ժառանգության, խնդիրների ու ձեռքբերումների մասին պատմելու համար: Կամ էլ պիտի կինոն դարձնել բիզնեսի միջոց:
Էդգար Բաղդասարյան
-Դուք կինոկրթության անհրաժեշտության մասին հարց եք տալիս մի մարդու, որը չունի կինոկրթություն, ֆորմալ կերպով չունի, որովհետև ես շատ լուրջ եմ զբաղվել իմ ինքնակրթությամբ: Կինոկրթության տված միջավայրի, կապերի պակասը ես անձամբ զգացել եմ, բայց ասել, որ առանց կինոկրթության մարդը չի կարող լավ ֆիլմ նկարել, չեմ կարող:
Մեր կրթական համակարգում շատ են աբսուրդ իրողությունները, որ պիտի փոխվեն հանրթակրթական դպրոցից սկսած: Մեր կինոկրթությունը ևս հետ է մնացել միջազգային ստանդարտներից և խիստ կարիք ունի հեղափոխական փոփոխությունների: Այն, ինչ այժմ տալիս ենք ուսանողներին, ուղղակի անբավարար է: Ռեժիսորի բարդ մասնագիտությունը պահանջում է ոչ միայն տեխնիկայի տիրապետում, այլև գիտելիքներ գրեթե բոլոր ասպարեզներից, ներքին աճ, շատ շփում, տարբեր մշակույթների տիրապետում և այլն, որ մեր ուսանողները չունեն: Դրա համար այն պատանիներին, որ ինստիտուտ են գալիս՝ ուղղակի հեռուստասերիալներից ոգեշնչված, պիտի միանգամից կտրես՝ առանց որևէ հումանիստական մոտեցման:
Ինչ վերաբերում է զարգացած թվային տեխնոլոգիաներին, ինչպես ցանկացած հարց, այդ մեկն էլ ունի իր երկու կողմերը: Դրանք էժանացրին, հեշտացրին կինո նկարելու ընթացքը, որից շատ լավ օգտվում են պրոֆեսիոնալները, սակայն միաժամանակ շատ ապաշնորհ մարդկանց պատրանք տվեցին, որ նրանք կարող են ֆիլմ նկարել, ինչը բնավ այդպես չէ:
Նաիրա Մուրադյան
-Իմ մոտեցմամբ անհնար է չորս տարի սովորեցնել կինո նկարել՝ առանց աշխատանքային պրակտիկայի: Ռեժիսոր կամ աշխատանքի միջոցով են դառնում, կամ ուրիշ ռեժիսորների հետ համագործակցելով, նրանց աշխատանքի ընթացքը տեսնելով: Գուցե շատերին պետք է այդ կրթությունը, բայց ինքս այդ տեսակը չեմ: Ես ուզում եմ աշխատելով սովորել և մի քիչ վատ եմ պատկերացնում՝ ինչ է հանրակրթությունը: Երրորդ կուրսից կիսատ եմ թողել ուսումս, բայց աշխատել եմ այնպիսի մարդկանց հետ, որոնք ֆիլմ էին անում: Ժամանակի ընթացքում ավելի եմ համոզվել, որ շատ կարևոր բաներ կան, որ դուրս են մնում կրթությունից: Չեմ կարող ասել՝ այս պահին ինչ վիճակում է հայաստանյան կինոկրթությունը, բայց եթե հաշվի առնենք, որ էկրանին կամ հեռուստատեսությամբ մեր տեսածը նկարում են այդ սովորածները, ուրեմն վիճակը տխուր է: Մարդիկ պիտի շատ զբաղվեն ինքնակրթությամբ, ճանապարհորդեն հաճախակի, փորձեն ինքնահաստատվել ոչ թե ուրիշների, այլ իրենք իրենց արտահայտելու հաշվին:
Գագիկ Ստեփանյան
-Ինչպես գիտնականին, այնպես էլ արվեստագետին անհրաժեշտ է կրթություն ստանալ: Կրթությունն անհրաժեշտ գիտելիք է ապահովում արվեստում. միայն ներշնչմամբ երկար չես կարող աշխատել:
Կինոկրթությունը լավ վիճակում է Հայաստանում, որովհետև մենք ունենք շատ ձեռքբերումներ, հաջողություններ, մրցանակներ: ԽՄ տարիներին, երբ ես էի սովորում, ասում էին՝ եթե այդ ողջ հավաքած կուրսից, ընդ որում տարբեր ոլորտներում՝ սցենարական, ռեժիսորական, օպերատորական և այլն, հինգ տարի հետո գոնե մեկը դուրս գա, ուրեմն ինստիտուտն իր առաքելությունը կատարել է: Հիմա մենք ամեն տարի ենք 3-4 լավ մակարդակի ուսանող տալիս: Այնպես որ, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Արվեստի տեսանկյունից գերազանցում ենք տեխնիկական գերազանց հագեցվածություն ունեցող շատ արտասահմանյան բուհերի: Ի վերջո, նորագույն տեխնոլոգիաների ներդնումն էլ չի կարող մեծ նշանակություն ունենալ արվեստում, որովհետև ստեղծագործող մարդը նույնիսկ հին տեխնիկայով կարող է մեծ գեղագիտական արժեքներ ստեղծել:
Արմեն Խաչատրյան
-Կինոկրթությունը շատ կարևոր է: Առանց դրա ինչպես կարելի է կինո նկարել: Չէ՞ որ դա էլ մասնագիտություն է իր բոլոր հմտություններով: Բայց հիմա բոլորը, չգիտես ինչու, մտածում են՝ եթե գործիքը վերցրեցիր ձեռքդ, կարող ես կինո նկարել: Այնինչ, վերջին 20 տարում ինչ-որ երևելի ֆիլմեր չեն հայտնվել: Եվ եթե կինոկրթությունը կարևոր չլիներ, հիմա այնքան լավ կինոներ պիտի լինեին՝ չիմանայիր որը նայեիր: Կինոն տեխնիկա չէ, կինոն մտածելակերպ է, արվեստ: Տեխնիկան ոչ թե հեշտացնում է ընթացքը, այլ՝ փչացնում. մարդիկ սկսում են ավելի քիչ մտածել: Արդյունքում տուժում է արվեստը:
Մեր ներկայիս կինոկրթությունը շատ լավ վիճակում է գտնվում: Ուսանողները ստանում են նորմալ ակադեմիական կրթություն: Պարզապես տեխնիկական բազան է կաղում, և պրակտիկան է քիչ: Կինոկրթությունը նույնն է. աշխարհի որ ծայրն էլ գնաս։
Լուսինե Սարգսյան
-Կինոկրթությունը չափազանց կարևոր է՝ սկսած ամենապարզ կադրի կոմպոզիցիայի հասկացությունից մինչև կինոարտադրության բազմաֆունկցիոնալ կառուցվածքին տիրապետելը: Երիտասարդների հետ շփվելով՝ հասկանում ես՝ մեր կինոկրթությունը շատ է կաղում: Ֆիլմարտադրությունը երիտասարդների համար առայժմ տեսականորեն ուսումնասիրված ոլորտ է, այն դեպքում, երբ կինոարտադրության մեջ առաջին հրամայականը պրակտիկան պիտի լինի: Շատ քիչ ուսանողների է հաջողվում լինել նկարահանման հրապարակներում՝ աշխատելու կամ փորձառություն ձեռք բերելու համար, ինչն անարդյունավետ է դարձնում նրանց ուսումը: Ինձ համար անիմաստ երկար են նաև սովորելու տարիները. դրանք առավելագույնը կարող են լինել երեք տարի: Անհրաժեշտ է փոխել դասագրքերը, ուսուցման մեթոդները, ինչու ոչ՝ նաև դասախոսական կազմը: Ուսանողները հիմնականում զրկված են միջազգային կինոկրթության չափորոշիչներին տիրապետելու հնարավորությունից, փորձի փոխանակումից, վարպետության դասերից, այնինչ կինոյի ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրումը շատ կարևոր է. կինոն որքան արվեստ, նույնքան էլ տնտեսություն է: Մեզ մոտ կինոարտադրության ոլորտում չափազանց մեծ է մասնագետների պակասը: Պատճառը անորակ կրթությունն է: Ֆիլմարտադրության կարևորագույն բաղադրիչը ցանցային լինելն է: Դա թիմային աշխատանք է, որտեղ անգամ մի հոգու թերացումը հանգեցնում է խնդիրների: Սա ևս ինստիտուտում չեն սովորեցնում: Ուստի նորավարտ ուսանողը նկարահանման հրապարակում հազվադեպ է օգնող օղակ դառնում:
Այսօր արդիական են ժամանակակից տեխնիկական միջոցները, որ ուսանողներին նկարելու ավելի մեծ հնարավորություն են ընձեռում, հատկապես վավերագրական ֆիլմի ժանրում: Նախկինի համեմատ դա ավելի քիչ ծախսատար ընթացք է և տալիս է սեփական պատկերացումներն ու սխալները տեսնելու հնարավորություն:
Սեդա Գրիգորյան
-Աշխարհում կան հայտնի կինոռեժիսորներ, որոնք ակադեմիական կրթություն չունենալով՝ հասել են հաջողությունների: Հաճախ անգամ կարծիք է հնչում, որ ակադեմիական կինոկրթությունը ստեղծագործող մարդուն կարող է խանգարել: Ընդունելով հանդերձ, որ կան նման մարդիկ, ես շարունակում եմ կարևորել կրթությունը: Տեխնիկական զարգացումների այս դարաշրջանում կինոոլորտում հաջողելու համար ռեժիսորը տաղանդին զուգահեռ պիտի ունենա բազմակողմանի գիտելիքներ և տիրապետի շատ մասնագիտական հմտությունների:
Ես բակալավրի աստիճանը ստացել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ ավարտելով դոկումենտալ ռեժիսուրայի բաժինը: Այդ ընթացքում մեկ տարի ուսանել եմ ԱՄՆ-ում: Հետագայում մագիստրատուրան սովորել եմ Արևմտյան Լոնդոնի համալսարանում՝ ստանալով մեդիա կրթություն: Տարիների ընթացքում եկել եմ հետևյալ եզրակացության. Երևանում իմ ստացած ակադեմիական գիտելիքները բավական համապարփակ էին, և նման տեսական կրթություն ես չեմ ստացել ո´չ Ամերիկայում, ո´չ Անգլիայում: Բայց պրակտիկ գիտելիքների առումով շատ ենք կաղում: Մեր խնդիրն այժմ պիտի լինի խորհրդային դպրոցից ժառանգած բարձր մակարդակի տեսական գիտելիքները համապատասխանեցնել այժմեական մարտահրավերներին: Պրակտիկ հմտություններն ավելի հասանելի պիտի դարձնենք ուսանողներին, ինչի պակաս ես արտասահմանում չունեցա: Դրսում ուսանողին նաև շատ են ոգևորում, իսկ մեզ մոտ վերջինս հոգեբանական աջակցության պակաս ունի: Որքան էլ համարձակությունն առաջին հերթին պիտի ուսանողից գա, բայց և ինստիտուտն էլ պիտի ոգևորի: Պարտադիր չէ, որ առաջին կամ երկրորդ կուրսի ուսանողը միանգամից նկարի դասական կինո, նա պիտի ստեղծի փորձարարական կինո, բացահայտի ինքն իրեն արվեստում և այդ արվեստի նոր հնարավորությունները բացի իր համար՝ հստակ իմանալով, որ կինոն իր բնույթով արվեստներից ամենամոտն է կյանքին, և այդպիսին էլ մնալու է, չի փոխարինվելու որևէ տեխնոլոգիական գյուտով, քանի դեռ մարդիկ ունեն այն նույն ֆիզիոլոգիական և հոգեբանական կերտվածքը, որ ունեն այսօր:
Լիլիթ Մովսիսյան
-Անգամ ամենատաղանդավոր գրողը կարդալու կամ գրելու համար պետք է տառերն իմանա: Սրանում է կինոկրթության կարևորությունը: Հայաստանում կինոկրթություն չկա: Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում սովորելու տարիներին (2006-2011) փորձ ձեռք բերելու համար սկսեցի ինքնուրույն ֆիլմեր նկարել: Դա և´ մեծ փորձառություն էր, և´ խնդիրների առջև կանգնեցրեց, քանի որ չէի կարողանում հաճախել դասերի. դրանք ինձ հետաքրքիր չէին: Կինոկրթության խնդիրը խորքային լուծում է պահանջում. պետք է լինեն workshop-եր, պիտի հրավիրվեն միջազգային մասնագետներ, որ վարպետության, սցենարի զարգացման և այլ թեմաներով գոնե մեկշաբաթյա արագացված կուրսեր անցկացնեն: Պետք է լինեն նաև պրոդյուսերական կուրսեր, որ ամենակարևոր իրողությունն է կինոն զարգացնելու համար, ինչը մեզ չեն սովորեցրել: Եթե ես հիմնվեի միայն ինստիտուտում ստացածս գիտելիքների վրա, մրցունակ չէի լինի ոչ մի միջազգային մասնագետի հետ: Երբ 2008-ին Ռուսաստանում մասնակցեցի տասնօրյա մասնագիտական դասընթացների, այդ տասը օրն ինձ ավելի շատ պաշար տվեց, քան թատերական ինստիտուտի մի ամբողջ տարին:
Այսօր էլ ես շարունակում եմ online կուրսեր անցնել՝ շարունակ կատարելագործվելով: Մեզ մոտ մրցունակությունը շատ թույլ է: Այս պայմաններում երիտասարդներին օգնության են հասնում նորագույն տեխնոլոգիաները, որոնք փորձ ձեռք բերելու լավ հնարավորություն են:
Վիկտորյա Ալեքսանյան
-Լինելով նախկին լրագրող՝ կինոկրթություն ստացել եմ Ամերիկայում: Եվ որպես Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ՝ չեմ ուզում կտրուկ արտահայտություններ անել Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կրթության մասին, բայց գնահատականը տալիս են բուհն ավարտած հիմնականում դժգոհ երիտասարդները։ Խնդիրներից մեկն այն է, որ դասախոսները միջազգային կինոարտադրության ոլորտի զարգացումներից քաջատեղյակ չեն և աշխատում են սովետական թեորետիկ բազայի վրա: Պատճառներից են նաև այդ դասախոսների՝ արդեն գործող կինոարտադրողներ չլինելը։ Եթե նույնիսկ մի քանիսը գործող են, ապա ավելի շատ տեղական շուկայում են աշխատում, ինչը նրանց ցանկություն կամ հնարավորություն չի տալիս խնդիրներ բարձրացնել, դրանց դեմ պայքարել և սեփական օրինակի վրա մտավոր, ինքնակրթվող և մրցակցող սերունդ մեծացնել: Կան դասախոսներ, որոնք գիտակցում են խնդիրները, բայց արդեն հիասթափված են եղած իրավիճակից և կրթությամբ չհետաքրքրվող ուսանողի կարծրատիպից, այսինքն՝ նորից պասիվ են։
Մեր պետությունը տարիներ ի վեր չի գիտակցել մշակույթի տարբեր ճյուղեր զարգացնելու նպատակով ֆինանսական լուրջ ներդրումներ անելու կարևորությունը։ Հետաքրքրական է՝ որքան էլ այսօր տեխնոլոգիաների հասանելիությունը օգնում է ավելի քիչ միջոցներով կինո նկարել, միևնույն է, դա Հայաստանում չի ավելացնում արտադրվող լավ կինոների թիվը։ Միայն գործիքը և թեորետիկ գիտելիքը քիչ են միջազգային դաշտում ասելիք ունենալու համար:
Անհրաժեշտ է՝ ուսանելու տարիներին նաև համախոհների խմբեր ձևավորվեն երիտասարդների շրջանում ուղղված այս կամ այն խնդրի լուծմանը կամ արվեստում ինքնաարտահայտմանը, որովհետև անգամ միմյանց հետ ունեցած մտավոր զրույցների արդյունքում ուսանողները կարող են աճել ու զարգանալ: Չէ՞ որ կինո ստեղծելը միտք արտահայտելն է:
Լիանա Սմբատյան
-Շատ հայտնի կինոռեժիսորներ կան, որոնք կինոկրթություն չունեն, բայց աշխատասիրության, ներքին մղումների շնորհիվ հրաշալի ֆիլմեր են նկարահանում: Սական, եթե դու ունես կինո նկարելու շատ մեծ ցանկություն և պատրաստ ես ճանապարհ անցնել, կինոկրթությունը միանշանակ օգնելու է: Ինչքան էլ այդ նույն կրթությունը, իհարկե, ոչ նույն խորությամբ, դու կարող ես ստանալ՝ ֆիլմեր նայելով, գրքեր ընթերցելով ու վերլուծելով, ամեն դեպքում կինոկրթությունը կինոաշխարհում գոյատևելու համար տալիս է շատ կարևոր մանրամասներ: Ամենակարևորը կինոտենդենցներն են՝ ի՞նչ են աշխարհում այսօր մարդիկ նայում, ու՞ր է գնում կինոն, ինչպե՞ս են կինոն իրացնում և այլն: Վերջիվերջո, ինչքան էլ էմոցիոնալ վերաբերվենք մեր մասնագիտությանը, կինոն ոչ ամբողջությամբ, բայց բիզնեսի տարր ունի իր մեջ: Ուստի հայկական կինոյի հետ կապված էլ պիտի կարողանանք պատասխանել վերոնշյալ բոլոր հարցերին, ինչն առանց կրթության ուղղակի հնարավոր չէ:
Ես թատերական ինստիտուտի բակալավրիատը ավարտել եմ 2013-ին, և այն ժամանակ մեզ չէին կարողանում ապահովել տեխնիկապես: Իսկ դրսում այդպես չէ. այնտեղ դու ունես անսահման հնարավորություններ, միայն թե սովորես: Հայկական կինոկրթության մյուս կարևոր խնդիրն այն է, որ մենք չենք շարժվում աշխարհի ռիթմով: Եվ երբ անգամ հետաքրքիր ֆիլմ ենք ունենում, չենք իմանում ինչ անել այդ ֆիլմի հետ: Իսկ եթե անընդհատ չհետևենք, թե ինչ է կատարվում աշխարհում, ուղղակի դուրս կմնանք կինոպրոցեսներից՝ անկախ նրանից լավ ֆիլմեր ենք նկարում, թե վատ: Այդ ամեն ինչի համար մեզ ժամանակ է պետք:
Պատրաստեց Արփի Խաչատրյանը