«Հայկական ֆիլմ ֆորում» նախագծի երկրորդ օրը տարբեր բանախոսներով, բայց նույն լսարանով քննարկվել են կինոյի ոլորտի տարբեր խնդիրներ. առանձնակի ռեզոնանս է առաջացրել Հայաստանի ազգային կինոկենտրոնի նոր կանոնադրության և կանոնակարգի թեման։ Թերևս այն պատճառով, որ այն գործնականում մեծապես առնչվում է հայաստանյան կինոարտադրության և դրա հնարավորությունների, հեռանկարներին, խնդիրներին։  Բանախոսները կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ռեժիսոր Լուսինե Սարգյանը և կինոգետ, մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանն էին։ Քննարկման մոդերատոն էր  կինոգետ, պրոդյուսեր, Gaiff Pro հարթակի հիմնադիր Մելիք Կարապետյանը, որը կինոհայտերի ընդունման նոր կանոնակարգի հեղինակներից է։

Այն, որ նոր կանոնակարգի անհրաժեշտությունը վաղուց կար, անհերքելի է։ Դրա բացակայության հետևանքով է մեր կինոարտադրության ոլորտն ախտահարված։ Դրա բացակայության հետևանքով ենք ասպարեզում միշտ տեսել արտոնյալ ռեժիսորների՝ հաջող կերպով պետական գումարներ կուլ տված անհաջող ֆիլմերով։ Շուշանիկ Միրզախանյանը պատմեց. «Անցյալ տարի կինոկենտրոնը որոշեց, որ պետք է ստեղծվի հայտերի ընդունման նոր կանոնակարգ, պետք է ընթացակարգը բաց ու թափանցիկ լինի, փոխվի կինոնախագծերի ֆինանսավորման ձևաչափը և ամեն ինչ՝ սկզբից մինչև վերջ, հաստատվի պայմանագրերով։ Յուրաքանչյուր դրամի համար ֆիլմարտադրողը պետք է հաշվետվություն ներկայացնի։ Այս սկզբունքներով առաջնորդվելով՝ կստեղծվի հանձնախումբ, որը նոր չափանիշներով  գնահատի կինոհայտերը։ Կանոնադրությունը կայքում տեղադրված է. յուրաքանչյուր ոք կարող է այն կարդալ և ուսումնասիրել։ Մեր նպատակն աշխատանքային ամբողջ ընթացքը թափանցիկ ներկայացնելն էր, ինչը և արել ենք»։

Կինոռեժիսոր Լուսինե Սարգսյանը գնահատեց նոր կանոնակարգը՝ նշելով, որ այն նոր հնարավորություն է ստեղծել անկախ կինոարտադրողի համար։ Նրա կարծիքով նոր կանոնակարգը 70 տոկոսով լիարժեք է։ «Տարեկան 2 անգամ հայտեր ներկայացնելու հնարավորություն կա. սա շատ կարևոր է։ Թղթաբանությունն է մի քիչ շատ հատկապես առաջին փուլի համար։ Նկատվում է, որ պետությունը փորձում է բաց աշխատել, պատրաստ է լսել կինոգործիչների առաջարկները։ Մի բան կա, որ այդքան էլ ճիշտ չէ՝ այն, որ հանձնաժողովում ներգրավված անձը կարող է ֆիլմի հայտ ներկայացնել։ Ճիշտ է, նա չի կարող հայտը ներկայացնել այն անվանակարգում, որտեղ ինքն է հանձնախմբի կազմում, բայց լավ կլիներ, որ հանձնախմբերում ներգրավվածներն առհասարակ իրավունք չունենային կինոհայտ ներկայացնել»,-նկատեց ռեժիսոր  Լուսինե Սարգսյանը։

Քննարկման ժամանակ դահլիճից կարծիքներ հնչեցին՝ ի՞նչ չափանիշներով են ընտրվում հանձնախմբի անդամները, իսկ միգուցե նրանց մասնագիտական որակները  կասկածելի՞ են, կամ մի նախագիծ կարող է մեկի ճաշակին համապատասխանել, մյուսի՝ ոչ։ Բանախոսները բացատրեցին, որ տարաձայնություններից խուսափելու կամ դրանք նվազագույնի հասցնելու համար  կինոհայտերի ընդունման պայմաններ են մշակվել։ Նախապատվությունը տրվում է այն նախագծերին, որոնք ֆինանսավորման աղբյուրներ ունեն ու արտադրություն մտնելու համար պակասում է ընդամենը մինչև 50 միլիոն գումար։ «Կանաչ լույս» են ստանում նաև այն նախագծերը, որոնք հանձնաժողովի հավանությանն են արժանացել (սցենարը լավն է, որակյալ ֆիլմ դառնալու նախադրյալներ ունի), բայց դեռ չի հասցրել  այլ ներդրողներ գտնել, գումար հայթայթել։ Այդ դեպքում պետությունը ֆիլմի նախագծի ընդհանուր բյուջեի 4 տոկսը տրամադրում է կինոարտադրողին, որպեսզի նա կարողանա գործընկերներ գտնել։ Եվ պետություն-կինոարտադրող հարաբերությունները սկզբից ևեթ հաստատվում են պայմանգրերով. այլևս ոչ մի այլ փաստաթուղթ կամ նամակ չկա ու չի լինելու։ Կանոնակարգի այս կետը մինչև հիմա  վեճերի ու տարաձայնությունների տեղիք է տալիս։ Թեև 4 տոկոս ստացող կինոարտադրողը պարտավոր է ծախսած ամեն դրամի համար հաշվետվություն ներկայացնել, օրինակ՝ այդ 4 տոկոս գումարով միջազգային փառատոների կինոշուկա մեկնել՝ նոր ներդրողներ գտնելու և այլն և այլն, բայց Շուշանիկ Միրզախանյանը կարծում է, որ անգամ այդ 4 տոկոս պետական ֆինանսավորում տրամադրելը խիստ ռիսկային է։

Մելիք Կարապետյանը ևս համակարծիք է՝ ռիսկային է, բայց անկախ կինոարտադրողի համար այն հրաշալի հնարավորություն է։ Հանձնախմբի կողմից հավանության արժանացած և ֆինանսավորում ստացած այն  նախագծերը, որոնք ամբողջական բյուջեն դեռ չեն հավաքվել, բայց ունեն հաջողված և ուժեղ սցենար, հնարավորություն են ստանում տվյալ ֆիլմի նախագածի բյուջեի 4 տոկոսը (պետական աջակցության) ծախսել  գործընկերային նոր հարաբերություններ ստեղծելու համար։ Կարճ ասած՝ պետությունը խրախուսում է կինոարատադրողին, «կանաչ լույս»՝ 18 ամիս ժամանակ է տալիս, որ նա մնացած գումարը ձեռք բերի։ Այսինքն՝ կինոհայտի հեղինակը կարող է ոչ թե պատրաստի նախագծով մտնել արտադրություն, այլ արտադրություն մտնելու ցանկությամբ դիմել հանձնախմբին։

Րաֆֆի Մովսիսյանը՝ որպես հետհեղափոխական Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդական, հավաստիացրեց, որ իրենց նպատակն է ստեղծել մի համակարգ, որտեղ հստակ մեխանիզմներ կգործեն՝ անկախ այն բանից՝ այսօր ով է մշակույթի նախարարը, վաղն ով կլինի, այսօր ով է կինոկենտրոնի տնօրենը, վաղն ով կլինի։ 5000, թե՞ 50 միլոն դրամ է ֆիլմի պետական աջակցությունը. էականը յուրաքանչյուր լուման ճիշտ բաշխելն է։ «Նկատի ունենանք, որ համակարգը  զրոյից է ստեղծվել, ոչ թե նախկինում եղել է ու հիմա փոփոխվում է, այլ զրոյից է ստեղծվել։ Դրա համար էլ, այո՛, այն մեր նախնական պատկերացումներին միգուցե դեռ չի համապատասխանում։ Հիմա դուք հնչեցնում եք տեսակետ, որ ավելի ճիշտ կլինի՝ հանձնաժողովը լրիվ անկախ լինի թե՛ մշակույթի նախարարությունից, թե՛ կինոկենտրոնից։ Ամենահեշտ տարբերակն այդ երկու կառույցներին ասելն է՝ չխառնվե՛ք, բայց ինչո՞ւ։ Եթե կա անվստահություն, պետք է հասկանալ՝ որտեղի՞ց է այն գալիս։ Եթե չկա անվստահություն, ուրեմն պետք է այդ երկու կառույցներին թույլ տալ, որ նրանք կատարեն իրենց պարտավորությունները»,- պնդում է Րաֆֆի Մովսիսյանը։

Հաջորդ խնդիրը. եթե տարեկան երկու անգամ կինոհայտ ներկայացնելու հնարավորություն կա, ուրեմն երկու անգամ տարբեր հանձնաժողովներ պետք է ստեղծվեն։ Այդ հանձնախմբերում մեծ մասամբ ներգրավված են լինում ռեժիսորները։ Այս փաստը Շուշանիկ Միրզախանյանին չի գոհացնում. նա կնախընտրեր, որ հանձնախմբերում գերակշռեին պրոդյուսերները։ «Ում հարցնում ես, ասում է՝ ես պրոդյուսեր եմ։ Հիմա ես եմ ասում՝ պրոդյուսերներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք ներգրավվում հանձնախմբերում։ Հենց դո՛ւք պետք է կինոհայտերի ընտրությանը մասնակցեք, որպեսզի ձեր մասնագիտական գնահատականը տաք նախագծերին. ձեր տեսանկյունն ու խոսքը շատ կարևոր է»,- մեր պրոդյուսերական հանրույթին է դիմում Շուշանիկ Միրզախանյանը, որպեսզի նրանք նկատի ունենանան՝ կինոհայտերի հաջորդ ժամկետին ընդգրկվեն հանձնախմբերում ու վճռորոշ գնահատականներ տան։

Պրոդյուսերնե՛ր, ձեզ անհամբեր սպասում են։

Նաիրա Փայտյան


 «Զուլալի»․Նարինե Աբգարյանի  առաջին էկրանավորումը

«Օրդեր ֆիլմ» ֆիլմարտադրող ընկերությունը նախաձեռնել է ռուսաստանաբնակ ճանաչված գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» վիպակի էկրանավորումը։ Այն  ֆիլմարտադրող ընկերության հիմնադիր, ռեժիսոր Հայկ...