Կինոն և ճարտարապետությունը, բացի արվեստի ճյուղեր լինելուց, ունեն այլ ընդհանրություններ ևս. օրինակ` ընդհանուր գործառույթներ: Դրանք երկուսն էլ կարող են թաքցնել կամ շեշտել բովանդակությունը, ստեղծել կամ բացառել տարածությունը, հորինել անհայտ աշխարհներ, վերացնել արդեն գոյություն ունեցողը: Կինոյի շատ վարպետներ ճարտարապետությունն իրենց ֆիլմերում օգտագործել են ֆիլմի հիմնական բովանդակությունն առավել թիրախային դարձնելու համար: Առավել հաջողված օրինակներում ճարտարապետությունը վերածվում է գործող անձի, բովանդակություն կամ ինֆորմացիա հաղորդող նյութի:

Ռեժիսոր Աննա Արևշատյանը «Ճարտարապետություն և կինո» թեմայով քննարկման համար առանձնացրել էր 4 օրինակ, որոնք ներկայացնում են կինոյում ճարտարապետական լուծումների կարևորությունը:

Նոր, ֆուտուրիստական տարածության ստեղծում

1927 թվականին նկարահանված «Մետրոպոլիս» ֆիլմը բացառիկ է իր ճարտարապետական լուծումներով և կինովարձույթում ունեցած մեծագույն տապալումով: Սա գերմանական կինովարձույթի պատմության ամենաթանկարժեք համր ֆիլմն է, որը ոչ միայն եկամուտ չբերեց կինոարտադրող ստուդիային, այլև դարձավ դրա սնանկության պատճառը:

Ֆիլմը անտիուտոպիա է, պատմում է մի աշխարհի մասին, որում մարդիկ բաժանված են երկու մասի`  տերերի և ստրուկների: Ընդհանուր առմամբ, ֆիլմի նկարահանումները տևել են երկու տարի, բուն նկարահանման գործընթացը` 301 օր: Ավելի, քան մեկ տարի ֆիլմի ստեղծագործական խումբը աշխատել է զուգահեռ իրականության ստեղծման ուղղությամբ: Ֆիլմի նկարահանման համար Գերմանիայի Բաբելսբերգ կոչվող քաղաքում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ նկարահանման տաղավարը:

Ֆիլմում գործողությունները ծավալվում են 2026 թվականին, այսինքն` նկարահանումից 100 տարի անց: Ապագայի քաղաքը կառուցելու համար ֆիլմի ստեղծագործական կազմը ստիպված էր հազարավոր մակետներ ստեղծել, որոնք պատկերում էին երկնաքերեր, վերգետնյա կամուրջներ, թռչող մեքենաներ, ստորերկրյա գործարաններ և, ի վերջո, նոր Բաբելոնյան աշտարակ: Այս ամենի ստեղծման համար ռեժիսոր Ֆրից Լանգը հրավիրել է ժամանակի լավագույն ճարտարապետներին` Օտտո Հունտեին, Էրիխ Կետելհութին և Կարլ Ֆոլբրեխտին:

Ֆիլմի ճարտարապետական ներշնչանքը նկարիչ Օտտո Հունտեի համար դարձել է Նյու Յորքի Մանհեթըն թաղամասը:  Շենքերի մակետները պատկերում էին 70 հարկանի շինություններ, ունեն մոտ երկու մետր բարձրություն: Դրանց վրա հսկիչ անցակետի` վեր ու վար անող լույսի շողը պատկերելու համար Էրիխ Կետելհութը նկարել է շուրջ 1000 հատ 40X60 չափի նկար` մեկական` յուրաքանչյուր կադրի համար: Ուտոպիստական քաղաքի կախովի կամուրջների վրա մեքենաների շարժը նկարահանվել է Շյուֆթանի մեթոդով` կոմբինացված նկարահանման միջոցով: Նկարահանման հրապարակում աշխատող ասիստենտները, որոնց թիվն անցնում էր 35.000-ը, ձեռքով տեղաշարժում էին մեքենաները, ամեն վայրկյանը լուսանկարվում էր, ապա, կադրային անիմացիայի միջոցով ստեղծվում դրանց ընթացքը:

151 րոպե տևողությամբ ֆիլմի ամբողջական տարբերակը չի պահպանվել` անհասկանալի պատճառներով, սակայն դեկորացիան մինչ օրս պահվում է և օգտագործվում ժամանակակիցների կողմից, օրինակ` Մադոնան, Queen-ը, Pink Floyd և այլք օգտագործել են դրանք իրենց հոլովակներում:

Հին տարածք` նոր բովանդակություն

1998 թվականին նկարահանված «Թրումանի շոուն» ֆիլմը, որի համար Ջիմ Քերին արժանացել է «Ոսկե գլոբուսի»` տարվա լավագույն դերասանական աշխատանք անվանակարգում, պատմում է հեռուստատեսության պատմության մեջ մեծագույն խաբեության մասին, երբ մեկ մարդու կյանքը` ծնված օրվանից, վերածվում է շոուի: Ֆիլմի սցենարը վերագրվել է 16 անգամ:

Սիհեվըն կոչվող քաղաքը, որում ապրում է շոուի հերոս Թրուման Բյորբանկը, ըստ սյուժեի, աշխարհի խոշորագույն ստուդիան է, որը հիմնադրվել է մեկ նպատակով` ծառայել որպես նկարահանման տաղավար:

«Կյանքը թատրոն է, մարդիկ` դերասաններ» շեքսպիրյան փիլիսոփայությամբ և  «ֆիլմ ֆիլմի մեջ» ձևաչափով նկարահանված այս գործի համար, սակայն, նկարիչ Դենիս Գասները գրեթե չի օգտագործել դեկորացիաներ կամ ճարտարապետական այլ լուծումներ: Ֆիլմը նկարահանվել է իրական, գյություն ունեցող քաղաքում`Ֆլորիդա նահանգի Սիսայդ կոչվող էլիտար ավանում: Ֆիլմում որոշ կառույցներ ավելացվել են համակարգչային հատուկ էֆեկտների միջոցով, օրինակ` բանկի շենքը, որտեղ աշխատում է գլխավոր հերոսը:

Գրեթե բացառելով աբսուրդի ժանրի այս ֆիլմում դեկորացիաների և հատուկ էֆեկտների օգտագործումը, ռեժիսոր Փիթեր Ուիրը և նկարիչ Դենիս Գասները ոչ թե նվազեցրել են դրա զգայական ազդեցությունը, այլ կրկնապատկել այն` գոյություն ունեցող, առօրեական տարածքը լցնելով նոր, անսպասելի բովանդակությամբ: Այսպիսով ֆիլմի ճարտարապետությունը ստիպում է մտածել մեզ ծանոթ, շրջապատող իրերի բովանդակության, իրականության և հորինվածքի, վախերի և խիզախության մասին: Սա նաև կարևոր դիտարկում է ժամանակակից աշխարհում մարդու անձնական կյանքի, գաղտնիության և  հրապարակայնության մասին, այն մասին, որ այսուհետ յուրաքանչյուր ոք զրկված է առանձնության և մոռացված լինելու իր իրավունքից:

Իրականության և հորինվածքի բախման կիզակետը ֆիլմի վերջին կադրն է, երբ Թրումանը որոշում է լքել ստուդիան, որտեղ անցել է նրա ողջ կյանքը: Այս կադրում ռեժիսորը դիմել է խորամանկ քայլի` գլխավոր հերոսի նավակն անվանելով «Սանտա Մարիա»: Այսպես կոչվել է Կոլոմբոսի նավը` դեպի Ամերիկա նրա առաջին նավագնացության ժամանակ: Այսպիսով ֆիլմի ստեղծողները ակնարկում են, որ իրականության փնտրտուքը նոր աշխարհների բացահայտման սկիզբն է:

Ֆիմլի նկարահանումներից 10 տարի անց`2008 թվականին, հոգեբույժ և նեյրոֆիզիոլոգ Գոլդ  եղբայրները հայտարարեցին հետապնդման զառանցանքի նոր տեսակի մասին, երբ մարդիկ վստահ են, որ իրենց կյանքը շոու է, որն անվանեցին «Թրումանի շոուի համախտանիշ»:

Խիստ սահմանափակ տարածություն. Զգայական խտացումներ

Ժան-Լյուկ Գոդարի «Արհամարհանք» ֆիլմը (օրիգինալ անվանումը` «Սատկիր») նկարահանվել է Ալբերտո Մորավիայի համանուն վեպի հիման վրա, Իտալիայում` Կապրի կղզու վրա, իտալացի գրող, ռեժիսոր Կուրցիո Մալապարտեին պատկանող շքեղ առանձնատանը: Այն կառուցվել է 1936 թվականին և համարվում է ժամանակակից ճարտարապետության գլուխգործոցներից մեկը:

Ֆիլմը պատմում է գրող Պոլ Ժավալի և նրա կնոջ` Կամիլայի բարդ հարաբերությունների մասին: Իրեն տաղանդավոր համարող գրողը, որը ստիպված է գումար վաստակել էժանագին սցենարներ հեղինակելով, կնոջ հետ հանգստի է մեկնում ժայռի վրա կառուցված մեկուսի առանձնատուն: Այն կառուցված է լեռան վրա հայտնված նավի տեսքով, կտրված ողջ աշխարհից: Ֆիլմի հիմնական իրադարձությունները տեղի են ունենում հենց այս առանձնատանը, որը խորհրդանշում է գլխավոր հերոսների մեկուսացումը աշխարհից և իրարից, ընդունված արժեքներից, գաղափարներից հեռու լինելը, սեփական, փոքրիկ աշխարհում իրարով ապրելու երբեմնի երջանկությունը և ձանձրույթի վերածված անփոփոխ առօրյան: Այս առանձնատունը տարածքն է, որտեղ խտանում են ֆիլմի զգայական բոլոր շերտերը` սիրուց մինչև ատելություն, խանդից` մինչև ձանձրույթ: Ֆիլմում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում նաև անտիկ արվեստի նմուշները` հունական աստվածների քանդակները, պատերին կախված էրոտիկ նկարները, որոնք պոստմոդերնիզմի էսթետիկա են հաղորդում ֆիլմին:

Ժավալն աշխատում է նոր ֆիլմի սցենարի վրա և անում ամեն բան`ֆիլմի պրոդյուսեր Պրոկոշի հավանությանն արժանանալու համար: Նա Պրոկոշին հրավիրում է առանձնատուն, ծանոթացնում կնոջ հետ: Ժավալին ճանաչում և փող է պետք, Կամիլային` նոր սեքսուալ փորձարկումներ և ազատություն` սահմանափակ կյանքից և անհաջողակ ամուսնուց: Եվ, ահա, մեկուսի առանձնատանը հայտնվում է երրորդ անձ` բացելով ինքնադրսևորման նոր տարածություն ամուսինների համար: Ժավալը զիջում է կնոջը հայտնի պրոդյուսերին` ակնկալելով նրա բարեհաճությունը:

Դանդաղկոտ, միատարր կադրերը անընդհատ հիշեցնում են տարածքի, կյանքի, պատկերացումների սահմանափակության և ձանձրույթի մասին, ինչից փախուստը անիրականանալի է թվում, ինչպես ժայռի ծայրին կառուցված այդ առանձնատնից: Ֆիլմի վերջում Կամիլան լքում է առանձնատունը` հարուստ պրոդյուսերի կարմիր մեքենայով և րոպեներ անց մահանում ավտովթարից: Ժավալը մնում է միայնակ` իր մտքերի, ձանձրույթի և ընդունված հոլիվուդյան նորմերի նկատմամբ ատելության հետ:

Որոշ քննադատներ կարծում են, որ Գոդարի այս ֆիլմը ավելի շատ մանիֆեստ է, քան գեղարվեստական կինո: Այսպիսով նա իր արհամարհանքն է արտահայտում հոլիվուդյան կինոարտադրության, աստղերի և պրոդյուսերների նկատմամբ:

Մալապարտեի առանձնատան նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք է ունեցել նաև Ալբերտ Քամյուն, ով բազմիցս հյուրընկալվել է այնտեղ: Մահից հետո Մալապարտեն այն կտակել է Չինաստանի կառավարությանը: Երկար տարիներին առանձնատունը անտեսված է եղել, սակայն այնտեղ նկարահանված Իվ Սեն Լորանի հայտնի գովազդային հոլովակից հետո այն երկրորդ շունչ է ստացել:

Իրական տարածությունների համադրություն` հորինվածքի մեջ

2014 թվականին Բեռլինի կինոփառատոնի ժամանակ առաջին անգամ ցուցադրված «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»  ֆիլմը հանդիսատեսին հայտնի է որպես ֆիլմ-հեքիաթ, իսկ, իրականում, այն տրագիկոմեդիա է: Իրականության, հորինվածքի և հորինված իրականության  հենց այս շաղախն էլ բնութագրում է ողջ ֆիլմը: Դրա համար ռեժիսոր Ուես Անդերսոնը և նկարիչ Ադամ Շտոկհաուզենը  ոչ միայն հյուրանոց են հորինել, այլև մի ամբողջ երկիր, որն անվանել են Զուբրովկա: Այն, իբր, գտնվում է Արևելյան Եվրոպայում:

Հորինված Լուտց քաղաքում կատարվող իրադարձությունները, հիմնականում, նկարահանվել են Գերմանիայի արևելյան քաղաքներից մեկում` Գյորլիցում, որտեղ շատ լավ պահպանվել է հին եվրոպական ճարտարապետությունը: Որոշ դրվագներ նկարահանվել են նաև Դրեզդենում և Սաքսոնիայի հին դղյակներում:

«Գրանդ Բուդապեշտ»   հորինված հյուրանոցի ինտերյերի ստեղծման համար, որտեղ տեղի են ունենում հիմնական իրադարձությունները, ռեժիսոր Ուես Անդերսենը օգտագործել է Karstadt հանրախանութը, որը կառուցված է ար-դեկո  ոճով, և գտնվում է Գյորլից քաղաքում: Հյուրանոցի ֆասադային տեսքը ստանալու համար նկարիչ Ադամ Շտոկհաուզենը  պատրաստել է յուրահատուկ մակետ` հիմնվելով Կառլովի Վարի քաղաքում գտնվող «Բրիստոլ պալաս» և Բուդապեշտում գտնվող «Գելլարտ» հյուրանոցների պատկերների վրա: Հյուրանոցին երազային, անիրական տեսք հաղորդելու համար նկարիչն այն գունավորել է վարդագույն: Օգտագործելով այս գույնը` նկարիչը փորձել է կոտրել սյուժետային դրամատիկ դրվագները, ֆիլմում շեշտվող մարդկային մենությունը: Հյուրանոցի պատկերային հիմքում դնելով եվրոպական մի քանի երկրներում գտնվող իրական կառույցներ, ֆիլմի հեղինակները միավորել են ողջ Եվրոպան` մեկ, գոյություն չունեցող պետության, գոյություն չունեցող քաղաքում գտնող գոյություն չունեցող հյուրանոցի մեջ:

Ֆիլմի բոլոր կադրերը գերհագեցած են դետալներով և գույներով: Դրանց վառ երանգները, դերասանների շքեղ, ֆանտաստիկ կոստյումները, քողարկված ակնհայտության ձգտող արհեստական դետալները երբեմն  տպավորություն են ստեղծում, թե իրադարձությունները տեղի են ունենում ոչ թե իրական հյուրանոցում, այլ` տիկնիկային թատրոնում: Այսպիսով, ռեժիսորը փորձել է հեգնել, հումորային երանգով պատկերել  մարդկության պատմության ամենադաժան ժամանակաշրջաններից մեկը` երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածը և դրանում փոփոխությունների ենթարկվող Եվրոպան:

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում երեք տարբեր ժամանակաշրջաններում` 1932, 1968 և 1985 թվականներին: Սկզբում հյուրանոցը իր հայտնիության գագաթնակետին է, ապա` սակավամարդ և դատարկ, վերջում` արդեն ավերակ: Այսպիսով ռեժիսորը իր հորինած Զուբրովկա պետությունը նույնականացնում է երբեմնի Ավստրո-հունգարական կայսրության հետ` պատերազմների կիզակետում:

Ի դեպ, Ուես Անդերսենը ֆիլմը նկարահանել է կողմերի 3 տարբեր հարաբերակցությամբ` 1,33:1, 1,85:1 և 2,35:1: Էկրանի փոփոխվող  համաչափությունը  հուշում է, թե որ ժամանակաշրջանի մասին է խոսվում ֆիլմի այդ դրվագում:

Պատրաստեց Սոնա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ