Սերիալները հետաքրքրում են կամ վանում, հանգստացնում կամ նյարդայնացնում, մեր օրվա անբաժան ուղեկիցը դառնում կամ ընդհանրապես անտեսվում: Հավանաբար չկա մի ընտանիք, որի անդամները չնայեն որևէ սերիալ կամ հեռուստացույցով, կամ համացանցով: Հարց է առաջանում՝ որքանո՞վ են դրանք նպաստավոր կամ վտանգավոր մեր հասարակության կյանքում, և արդյո՞ք մեզ պետք են հեռուստաալիքներով հենց այս պահին ցուցադրվող քսանից ավելի հայկական սերիալները: Այս հարցերի շուրջ զրուցել ենք լեզվի, հաղորդակցության և գենդերային ուսումնասիրությունների հետազոտող Անի Կոջոյանի և սոցիալական հոգեբան Մամիկոն Թոսունյանի հետ: Հոդվածի առաջին հատվածը Անիի հետ ունեցած մեր հարցազրույցի ամփոփումն է:

«Soap opera». ռադիոպատումից մինչև ժամանակակից հեռուստասերիալներ

Սերիալների պատմությունը սկսվում է 20-րդ դարի երեսունականներից, երբ տարածված էին ռադիոպատումները՝ «soap opera»-ները:  Soap (օճառ) բառը հուշում է,  որ սերիալներն ունեցել են ժամանցային նպատակ՝ հովանավորվելով տնային տնտեսության համար անհրաժեշտ սպառողական ապրանքներ արտադրող ընկերությունների կողմից: «Opera» տերմինն էլ  մատնացույց է անում սերիալների շարունակական լինելը: Սկզբնական շրջանում ռադիոպատումները, հետո արդեն հեռուսատասերիալները ցուցադրվել են ցերեկային ժամերին և տևել են 10-15 րոպե: Ժամանակի ընթացքում դրանք դարձան միջոց ու «զենք»՝ տարբեր խնդիրներ բարձրացնելու, լուծման մոդելներ մշակելու և մատուցելու համար: Առաջին անգամ մեդիայի միջոցով նման ռազմավարություն մշակվեց Մեքսիկայում, որտեղ այդ տարիներին բավական շատ էր բռնությունը թե´ իրական կյանքում, թե´ սերիալներում: Սցենարիստ և պրոդյուսեր Միգել Սաբիդոն որոշեց՝ սերիալներում պետք է բարձրացնել սոցիալական հարցեր և տալ դրանց լուծումները: Արդյունքում հասարակության մեջ տիրող բռնի բարքերը սկսեցին բարեփոխվել սերիալներում մատուցված ճիշտ ուղերձի օգնությամբ:

Արդեն 1970-ականներին սերիալներն անցում կատարեցին դեպի  փրայմ թայմ, ինչը հնարավորություն էր տալիս ունենալ մեծ թվով հեռուստադիտող: Ծնվեցին ժամանակակից հեռուստասերիալները՝ ավելի երկար տևողությամբ: Դրանք հարստացան բազմաշերտ սյուժեներով, հանգուցալուծումներով, տարատեսակ կերպարներով: Ցավոք, ժամանակի ընթացքում հանրային ընդհանուր շահեր ներկայացնող թեմաները սկսեցին փոխարինվել նեղ անձնական ցանկություններով:

21-րդ դարը ինֆորմացիոն, կոմունիկացիոն դարաշրջան է, հետևաբար մեդիան ամենահզոր սոցիալական ինստիտուտն է, որը ոչ միայն ձևավորում է գաղափարներ, այլև ամրապնդում ու շրջանառում: Սերիալն իր հերթին, եթե ճիշտ օգտագործվի որպես սոցիալական հարցեր բարձրացնելու, հասարակական զարգացում բերելու գործիք, կարող է դրական միտում ունենալ, ինչպես եղավ Մեքսիկայում:

Պահանջվա՞ծ, թե պարտադրված

Ենթադրենք՝ ես ամեն օր չեմ կարող ինձ թույլ տալ այցելել ժամանցային վայրեր, ուստի գործից գնում եմ տուն, միացնում հեռուստացույցը (այն աշխարհում շարունակում է մնալ ամենամատչելի, ամենահասանելի ժամանացային միջոցը բոլորի համար) և մինչ կեսգիշեր ականատես լինում անդադար ցուցադրվող սերիալների: Որպես մասնագետ գիտեմ՝ սերիալն ինչ «դաստիարակչական» ազդեցություն կարող է ունենալ հեռուստադիտողի վրա: Սխալ է, երբ սցենարիստները պատասխանատվություն չեն կրում սպառողների համար՝ առաջ բերելով «չեն ուզում, թող չնայեն» սկզբունքը: Բայց չէ՞ որ, ի տարբերություն երիտասարդների ու միջին տարիքի մարդկանց, որոնք այս կամ այն կերպ գտնում են իրենց ժամանցի ապահովման տարբեր ձևեր, տարեցներն ու երեխաները օրվա մեծ մասն անցկացնում են տանը՝ հեռուստացույցի առջև: Սա ծնողների կողմից դժվար վերահսկվող ընթացք է, որովհետև, երբ ընտանիքի տատիկ-պապիկները սերիալ են նայում, փոքրերը մեխանիկորեն դառնում են սպառողներ, ինչի հետևանքները հստակ դրսևորվում են նրանց վարքագծում և շփման մեջ: Ինձ համար, որպես նաև սերունդ կրթող, դաստիարակող մարդ, խնդիր է, որ երեխան ունի այդ չվերահսկվող կապվածությունը: Մեր սերիալներն իրականում ոչ թե պահանջված են, այլ արհեստականորեն պարտադրված: Անգամ հանգստյան օրերին չես կարող գեղարվեստական ֆիլմ դիտել, որովհետև կրկնում են երկուշաբթիից ուրբաթ ցուցադրված սերիալները: Նրանք ստեղծում են «պահանջարկ», ինչը որպես այդպիսին չկա: Եվ քանի որ սերիալը տևում է ոչ թե մի քանի ժամ, այլ ամիսներ, անգամ տարիներ, և դա տեղի է ունենում ամեն օր նույն ժամին, արդեն հնարավոր չէ խուսափել նույնականացումից: Որոշակի կապ է ստեղծվում հեռուստադիտողի և էկրանավորված կերպարների միջև: Եվ սցենարիստները հենց այս փաստն են առաջ քաշում՝ չընդունելով, որ մենք իրականում չունենք այլընտրանք: Զարմանալի է՝ ինչպես են մեր իրականության պայմաններում այդքան ահռելի գումարներ ծախսվում սերիալների վրա, երբ դրանց փոխարեն կարելի էր շատ ավելի հաջող արդյունք տալ: Եվ ես չգիտեմ հայկական հեռուստատեսության սերիալային ինդուստրիայի ռազմավարությունը ո՞րն է, կամ կա՞ հստակ մշակված ռազմավարություն, թե՞ ոչ:

Բռնության չարդարացված տեսարաններ

Երբ 2013-ին ես և իմ գործընկեր Աննա Գևորգյանը կատարեցինք հետազոտություն՝ «Առնականությունն ու գենդերային բռնությունը հայկական հեռուստասերիալներում» թեմայով, արդյունքներն առավել քան տխուր էին: Պարզվեց  հարցը ակտուալ է և հուզում է շատերին: Տարիներ են անցել, բայց դաշտում լավ առումով որակական փոփոխություններ չեն նկատվում: Սցենարիստները շարունակում են կարծել, որ սերիալների պահանջարկը մեծանում է բռնության տեսարանների առատությամբ, իբրև թե դա, ստեղծելով լարված հարաբերություններ, գամված է պահում հեռուստադիտողին էկրանին: Անգամ գլխավոր կերպարներն են օժտված բռնության տարբեր հատկանիշներով, և միայն ամենավերջին սերիայում ուղղակի փոխակերպվում և դառնում են շատ լավը: Բայց չէ՞ որ կարևոր է ցույց տալ կերպարի աստիճանական զարգացումն ու փոփոխությունները: Եթե սերիալն անդրադառնում է  հասարակությանը հուզող խնդիրներին, ուրեմն պետք է առաջարկի ճիշտ մոդելներ, սակայն հայկական սերիալներում լուծումները լինում են  անձնական կամ քրեաօլիգարխիկ մակարդակով, երբ օրենքն ուղղակի չի գործում: Ցուցադրված վատը չի քննադատվում կերպարների կողմից՝ արդյունքում հասարակության մեջ ամրապնդվելով որպես ընդունելի նորմ: Այն անգամ սկսում է շրջանառվել, ինչն էլ հենց ունենում է իր բացասական հետևանքները:  Ցավալի է, որ  հեռուստադիտողը կարող է իր կյանքի ընդամենը մեկ դրվագ նույնականացնել սերիալի որևիցե մի դրվագի և սկսել ապրումակցել հերոսին: Ապրումակցումի պահը հասկանում են նաև սցենարիստն ու ռեժիսորը և հատուկ ընտրում են գեղեցիկ տվյալներով դերասանների, որոնց կերտած կերպարների բռնությունը կարծես կոմպեսացվում է նրանց գեղեցկադեմ, ակնահաճո լինելով: Սերիալներում ագրեսիվությունը դիտարկում են որպես առնականության մաս, այսինքն՝ ինչքան տղամարդը հակված է ագրեսիվ լինելու հակառակ սեռի և նույն սեռի նկատմամբ, այդքան առնական է: Դրան զուգահեռ էլ ծնվում է մյուս խնդիրը՝ կանացիության սխալ մարմնավորումները՝ ամեն ինչին հնազանդ տնային տնտեսուհիների կերպարներով:

Այս ամենին հակառակ կարող ենք բերել վերջին տարիներին Հայաստան ներմուծված մեծ թվով հնդկական սերիալների հետաքրքիր օրինակը: Դրանք, արտացոլելով բոլորովին այլ մշակույթ և հագեցած լինելով բազում հիպերբոլիկ և գրոտեսկային տեսարաններով, իրենց դիտողականության վարկանիշով առաջ անցան հայկական սերիալներից, ինչը պետք է ահազանգ լիներ հայ սցենարիստների համար:

Փակ սենյակներում ստեղծված սերիալներ

Սցենարիստները պնդում են, որ սերիալներում արտացոլվածը հենց մեր իրականությունն է: Սա չհիմնավորված և անընդունելի մոտեցում է: Էկրանավորված դրվագները՝ մի շարք գենդերային կարծրատիպերով, խտրականության զանազան դրսևորումներով, բռնության ամենատարբեր տեսարաններով, մեր իրականության ճշմարիտ արտացոլումը չեն: Եթե անգամ մեր կյանքում կան բացասական մի շարք դրսևորումներ, դրանք այդքան խտացված չեն, ինչպես ներկայացվում է սերիալներում, որոնց մեկ սերիայի գրեթե կեսը բռնության տեսարաններն են: Երբ ուսումնասիրում ենք դրսի փորձը, տեսնում ենք՝ սերիալների ստեղծման գործում ընդգրկված են մեկից ավելի սցենարներիստներ, որոնք ունեն տարբեր մասնագիտություններ և տիրապետում են արծարծած թեմային, ինչն էլ հենց ապահովում է սերիալների բազմաբովանդակությունը, բազմաշերտությունն ու բազմամակարդակությունը: Իսկ Հայաստանում տարիներ շարունակ ունենք սցենարիստների մի քանի շրջանառվող անուն: Մարդիկ, որոնք իրականության անվան տակ իրենց երևակայության սահմաններում սենյակում փակված ինչ-որ սյուժեներ են գրում և հրամցնում հեռուստադիտողին:

Վտանգավո՞ր, թե՞ ոչ ճիշտ օգտագործվող գործիք

Այն, որ սերիալն իրականում քարոզչություն ունի իր մեջ, անհերքելի է: Մեզ մոտ, սակայն, այդ արհեստականորեն ձգձգված սերիալները դառնում են միայն վատի ուղեցույց: Եվ քանի որ ոչ մի արգելքի չեն հադիպում նման արտադրանք ստեղծելիս, շարունակում են աշխատել կամ բիզնես անել առավել ոգևորված: Երբեմն բանն անգամ հասնում է նրան, որ նման սերիալների սցենարիստին պետական ամենաբարձր մակարդակով պարգևատրում են, ինչը շատ ցավալի է: Այս իրողությանը հասարակությունը պետք է անընդհատ անդրադառնա՝ դիմելով թեկուզ սցենարիստներին, ռեժիսորներին և ոլորտի ներկայացուցիչներին, ինչպես նաև հեռուստաընկերության պատասխանատուներին, որովհետև հենց հեռուստաալիքի տնօրինությունն է թույլ տալիս, որ նման արտադրանք գնա եթեր: Պետք է, ի վերջո, հասկացվի, թե ինչ մակարդակով կարելի է լուծել այս բարձիթողի վիճակը: Եթե սերիալը դառնա ճիշտ գործիք, ապա այն շատ լավ միջոց կլինի նաև դերասանների համար՝ իրենց ուժերը փորձելու, զարգանալու համար: Նրանք այսօր աշխատում են սերիալներում, որովհետև, ի տարբերություն թատրոնի աշխատավարձի, սերիալները տալիս են քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորություն: Բայց մյուս կողմից, որքան էլ սերիալները իրենց բովանդակային մակարդակով զիջեն թատերական ներկայացումներին, դերասանը, մեկ է, իր կերպարը կերտելու համար ջանքեր է ներդնում, հետևաբար ցանկալի կլիներ, որ դրանք իզուր չանցնեին, որ նրա մասնագիտական ունակությունները շարունակեին զարգացում ապրել նաև սերիալներում:

Ոչ ավել, քան նեղ անձնական հարաբերությունների արտահայտիչ

Արտասահմանում սերիալը որպես ժանր զարգանում է, բայց մեզ մոտ քարացած է: Տարիներ շարունակ հեռուստասերիալների միայն քանակն է ավելանում, որակական փոփոխություն  չենք գրանցում: Վերջին շրջանում Հայաստանում երբեմն եթեր են գնում մինի սերիալները, որոնք զուտ կարճությամբ են տարբերվում և դեռևս չեն փրկում իրավիճակը: Սերիալներին որպես այլընտրանք շատանում են  talk show-ներն ու reality show-ները, ինչը սերիալ գրողների և արտադրողների համար առհասարակ պետք է մի տեսակ ահազանգող լինի, որ վերջապես հայկական սերիալները կրեն բովանդակային փոփոխություններ: Ընդհանրապես որակյալ սերիալներ ստեղծում են զարգացած և զարգացող երկրները: Հայկական սերիալները շարունակում են մնալ նեղ անձնական հարաբերությունների, քարացած կարծրատիպերի արտահայտիչը, այն էլ շատ սրված ձևերով:

Ի՞նչ անել

Խնդիրը ոչ թե սերիալներ ընդհանրապես չլինելու մեջ է, այլ սերիալները որակական փոփոխության ենթարկելու պահանջի: Սերիալի սցենարը պիտի գրեն համապատասխան մասնագետները: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սերիալում օգտագործվող բառամթերքին: Այն պիտի լինի ոչ թե բռնության քարոզ, այլ լուծումներ առաջարկող, բռնությունը դատապարտող հարթակ: Պետք է ստեղծվեն այդ բռնությանը հակառակվող կերպարներ: Ու քանի դեռ սերիալը, որ բերում է առօրյա մտածելակերպի, վարքագծի (այդ թվում՝ վերբալ) որոշակի մոդելներ, չի դառնում հասարակության մեջ խնդիրներ բարձրացնող և դրանց շատ կոնկրետ լուծումներ կամ այլընտրանքներ առաջարկող, մենք կունենանք այն, ինչ ունենք այսօր:

Հոգեբանի դիտարկումներ

Սերիալի հոգեբանական ազդեցությունները շատ տարբեր են, նայած թե որ տեսանկյունից ես մոտենում հարցին: Որպես դրական հատկանիշներ կարելի է առանձնացնել ուսուցողական, հանգստացնող, անգամ կայունացնող լինելը: Մյուս կողմից՝ սերիալները մարդկանց գցում են կախվածության մեջ՝ ստիպելով օրական որոշակի պարբերականությամբ ժամանակ ծախսել դիտման վրա, ինչը մեծ հաշվով ոչ արդյունավետ է: Եվ եթե անգամ սերիալ նայողը գիտակցում է դա, մեկ է, նա զոհ է գնում սերիալային այն առանձնահատկությանը, երբ ամեն մի սերիայի վերջում մնում են հարցական կետեր՝ հետաքրքրությունն ավելի սրելու և դիտողին մշտապես սպասման մեջ պահելու համար: Այս ձգողական հատկանիշի շնորհիվ էլ հաջորդ օրը նույն ժամին սպառողը կրկին դիտում է սերիալը՝ որպես ստացած «հաճույքի» շարունակություն: Նման մարդկանց կյանքում այդ շարունակական «հաճույքի» զգացողությունը նաև որոշակի կայունություն է մտցնում: Սերիալը դառնում է նրանց կենսակերպի առօրյա չափաբաժին: Դրա համար այն մարդիկ, որոնք արժևորում են սեփական ժամանակը, հիմնականում սերիալներ չեն դիտում և գերադասում են օրն առավել արդյունավետ անցկացնել, կամ էլ որևէ նախընտրած սերիալ նայում են համացանցով շատ կարճ ժամանակահատվածում:

Ի դեպ, վերջին հինգ-վեց տարիներին սերիալ նայող մարդկանց սեգմենտն ընդլայնվել է, որովհետև սերիալներն էլ որակական փոփոխությունների են ենթարկվել: Դրանք այլևս միայն տնային տնտեսուհիների կամ թոշակառուների զբաղմունքը չեն, այլև երիտասարդների, որոնք հիմնականում համացանցով դիտում են առավել ժամանակակից սերիալներ՝ ուղղված հենց ներկայիս սերնդին:

Ինչ վերաբերում է հայկական սերիալներին և դրանց հանդեպ մեր հասարակության ունեցած պահանջին, ապա մենք վաղուց չունենք ինչ-որ բանի բնական պահանջ, որովհետև մեր պահանջների 70-80 տոկոսը արհեստածին են և հրամցվում են որպես բնական: Արդյունքում բնակչության որոշակի հատված արդեն իսկ զգում է հայկական սերիալ նայելու պահանջ: Շատ վատ է, որ մեր երկրում չկան հեռուստատեսության դիտման սահմանափակումներ: Արդյունքում ոչ չափահասների համար սերիալները դառնում են կրկնօրինակման աղբյուր, մանավանդ եթե խոսք է գնում բռնության տեսարաններով հարուստ սերիալների մասին, որոնք ունեն նաև  բացասական, ագրեսիայով լցված հերոսների գերակայություն: Ժամանակի ընթացքում նման սերիալները որոշակի վարքային և արժեհամակարգային ստանդարտներ են թելադրում: Երբ, օրինակ՝ տասներկու-տասներեք տարեկան տղա երեխան դիտում է սերիալ, որտեղ բարկացած տղամարդը հարվածում է կնոջը, և դա մատուցվում է որպես տղամարդու սովորական իրավունք, երեխան շատ հանգիստ կարող է նման վարվելաձևն իր արժեհամակարգում ներքուստ ֆիքսել որպես նորմալ իրավիճակ: Հերոսների ագրեսիվ պահվածքը դառնում է ցանկալի նաև այն հասուն մարդկանց համար, որոնք իրական կյանքի այս կամ այն իրավիճակում չեն կարողանում իրենց այդպես դրսևորել: Սերիալները վտանգավոր են նաև նրանով, որ ցուցադրում են ճոխ կյանք, շռայլություններ, որը, բնականաբար, ձգում է հեռուստադիտողին: Եվ մարդը, որն իրականում չունի այդ հնարավորությունները, սկսում է ավելի տարվել իր տեսածով:

Հայկական հեռուստաալիքներով ցուցադրվող սերիալների որակական չափանիշները շատ մտահոգիչ են: Ցանկալի է, որ դրանք ենթարկվեն որոշակի ստուգումների, քանզի հետաքրքրություն առաջացնելու համար անպայման չեն բռնություններով, բացասական հույզերով հարուստ տեսարանները: Սերիալը կարող է հագեցած լինել նաև դաստիարակչական, դրական մեսիջներով: Ուստի հաջողության կարող է հասնել ցանկացած որակով արված գործ:

Պատրաստեց Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ                                                                                                                               

 


 «Կինոյի տաճարը»՝ փարաջանովյան շնչով

«Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնը հուլիսի 8-ի երեկոյան աննախադեպ մարդաշատ էր։ Այստեղ էին կինոաշխարհի հետ առնչություն ունեցող գործիչներ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի...