Օրերս, Երևանի «Գյոթե» կենտրոնի և «Ֆիլմադարան» ՀԿ-ի հրավերով Հայաստան էր ժամանել  գերմանացի կինոռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենը: Այցի նպատակը «Սև դաշտ. կինոարվեստի պոետական իրականության մասին» խորագիրը կրող ուսանողական աշխատարանի կազմակերպումն էր: «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց նաև ռեժիսորի վերջին՝ «Սարաևոյի սգերգերը» աշխատանքը:

 Ֆրեդ Քելեմենն իր առաջին ֆիլմը նկարահանել է 1993-ին և դեռևս 6 ռեժիսորական աշխատանք է հեղինակել,  որոնք ներկայացվել  և մրցանակների են  արժանացել  միջազգային կինոփառատոներում, այդ թվում՝ Տորոնտոյում և Ռոտերդամում։ Քելեմենը  ոչ պակաս հայտնի է նաև որպես օպերատոր՝ նրա աշխատանքներից են  հունգարացի հայտնի վարպետ Բելա Տարի վերջին երկու ֆիլմերը՝ «Թուրինյան ձին» և «Մարդը Լոնդոնից» ֆիլմերը։  Հեղինակայի կինոյի հայտնի վարպետի հետ kinoashkharh.am-ը զրուցել է ազդեցությունների, հաջողության և դժվարությունների մասին։

-Երևանյան ձեր այցելության նպատակը երիտասարդների համար վարպետության դաս անցկացնե՞լն էր։ Ինչի՞ մասին էր այն։

-Աշխատարանը հիմնականում կինեմատոգրաֆիական տարրերի մասին էր։ Սկզբում մենք զարգացրինք գաղափարները, խոսեցինք դրամատուրգիական խնդիրների ու  տեսողական բաղադրիչի մասին, քանի որ կինոն նախ և առաջ վիզուալ արվեստ է: Մենք շատ մանրամասն խոսել ենք այն մասին, թե ինչպես պատկերացնել ֆիլմը, և ինչպես  մտապատկերն իրականություն դարձնել կինեմատոգրաֆիկ գործիքների միջոցով՝ լույսի, կինոխցիկի և այլն։ Եվ, հետո կյանքի ենք կոչել նրանց գաղափարները։

Այս դասընթացի արդյունքում նկարահանված նյութը պարզապես վարժություններ են, սրանք ավարտուն աշխատանքներ չեն։ Երիտասարդներն աշխատեցին դերասանների, տեխնիկայի, լույսի հետ՝ զգալու համար, թե ինչ է նշանակում պատկերներով պատում ստեղծելը։

Ուզում եմ խոսել երիտասարդների հետ շփումներից ստացած իմ  տպավորություններից։ Ես տեսնում եմ, որ փորձառության պակաս կա։ Եվ պատճառը, կարծում եմ, կրթությունն է, որը բավականաչափ գործնական չէ։ Որքան հասկանում եմ, նրանց կրթությունը հիմնականում տեսական է, և սա մեծ խնդիր է, քանի որ ֆիլմի ստեղծումը իրականում գործնական աշխատանք է, այլ ոչ թե տեսական։ Հենց այդ փորձի պակասն է, որ գիտելիքի պակասի է բերում։ Հենց  դրա  պատճառով է նաև վախ առաջանում. նրանք վախենում են որոշակի բաներ անել, որոշակի գործիքներից օգտվել և այլն:

-Դուք շատ եք դասավանդում։ Սիրու՞մ եք այդ գործը։

-Այո։ Որովհետև այդ գործունեությունն իմ աշխատանքի մասն եմ համարում։ Ժամանակի մի մասը ես աշխատում եմ որպես ռեժիսոր, մյուս մասը՝ որպես օպերատոր այլ ռեժիսորների հետ, և մնացած ժամանակը ես դասավանդում եմ։  Այս ամենը նաև կերտում է կինոյի իմ տեսլականը։ Կարծում եմ, որ հարկավոր է տալ, և շատ տալ։ Ինչպես նաև փոխանցել որոշակի գաղափարներ կինոյի մասին։

-Ինչպե՞ս եք վերաբերվում մենթորությանն արվեստում։ Արդյո՞ք արտիստին հարկավոր է ակնածանք ուենալ որևէ մեկի նկատմամբ։ Դա լա՞վ է։  

-Կարծում եմ այո, լավ է։ Որովհետև ոչ ոք զրոյից չի սկսում, ոչ ոք վակուումի մեջ չի գոյատևում։  Կարևոր է, որ քո տեղը գտնես և կապ հաստատես որևէ բանի հետ, նաև որևէ մեկի հետ։ Վերջիվերջո յուրաքանչյուրն իր ուրույն ճանապարհն է անցնում։ Բայց լավ է, երբ կողքդ կա մեկը, ով արդեն անցել է իր ճանապարհով ու գիտի, թե որտեղ են վտանգները թաքնված։ Նա օգնում է խուսափել ծուղակներից, և  օգնում է դուրս գալու շփոթմունքից։  Որովհետև երբ սկսում ես զբաղվել արվեստով, կարող ես շփոթվել՝ շատ են ազդեցությունները, տարբեր հոսանքները։ Բացի այդ, կարող ես հակադրվել քո մենթորին, նրա դիրքը կասկածի տակ առնել և դրա շնորհիվ նաև աճես: Անպայման չէ, որ հետևես նրան։ Պարզապես պիտի լինի մեկը, կամ մի քանիսը, որոնց  հետ դու համեմատվելու, հարաբերվելու հնարավորություն կունենաս։ Ես միշտ կարևոր եմ համարել, հատկապես ուսման տարիներին, լսել այլ կարծիք, կասկածի տակ առնել այն, փորձել հասկանալ դրա օգտակարությունը՝  որոշել ինչն ընդունել, ինչը  մերժել։

-Ո՞ւմ եք ձեր մենթորը համարում։

-Տարբեր մարդիկ են ազդել ինձ վրա, մեկը չէ։ Եվ կարծում եմ, որ մեկը չպիտի լինի։ Ինձ շատերն են օգնել։ Ես չէի խոսի ազդեցության մասին։ Իմ դեպքում ուղղորդումն է կարևոր եղել, ուղղումները, որ կատարել են որոշակի մարդիկ կարևոր պահերին։ Նրանք օգնել են ինձ չխճճվել, չանել մի բան, որն ինձ երկար ժամանակ սխալ ուղղությամբ կտաներ։ Եվ նաև առաջ են մղել։ Մարտահրավերները կարևոր են։

Մենք չենք սիրում հարմարավետության մեր տիրույթից դուրս գալ, անել մի բան, որ երբեք չենք արել։ Վախենում ենք։ Լավ է, երբ մեկն օգնում է ցատկել և ասում է, որ կարող ես սահմաններդ լայնացնել։ Սովորաբար, սահմանների փոփոխությունը արվեստում բարդ իրականցվող քայլ է։ Ու հենց դրա համար էլ կարևոր են այն մարդիկ, որոնք  քեզ համար նոր ու վտանգավոր իրավիճակներ են հրահրում։

Ինձ համար շատ կարևոր է եղել մի կարճ հանդիպում Ալեխանդրո Խոդորովսկիի հետ։ Նա որևէ ազդեցություն չի ունեցել իմ աշխատանքի վրա, սակայն քաջալերել է, որ ես կարևոր քայլեր անեմ։  Մյուսը՝  Վերներ Հերցոգն է։ Ուզում եմ նշել բուլղարացի ռեժիսոր Կրասիմիր Կրումովին, լեհ ռեժիսոր Անժեյ Մելինին, որոշ իմաստով նաև Բելա Տարին և  Միխաել Հանեկեին․մարդիկ գալիս են, ոմանք ավելի երկար ժամանակով, ոմանք շատ կարճ, բայց նրանք օգնում են, որ հավատաս ինքդ քեզ։ Եվ սա ամենակարևորն է, ըստ ինձ։

-Ի՞նչ դժվարություններ են սպասում սկսնակ ռեժիսորներին, որոնք որոշել են հեղինակային կինոյով զբաղվել։ Արդյոք, միայն գումա՞րն է լինելու նրանց խնդիրը։

-Կարծում եմ՝ այո, հիմնական դժվարությունը ֆինանսավորումն է։ Ֆիլմերը, որոնք մեյնսթրիմ չեն, փոքր լսարան ունեն, և դժվար է համոզել ներդրողներին, որ գումար տրամադրեն նման նախագծին։ Բայց հեղինակային կինոյի նպատակն այլ է։ Մենք կարիք ունենք մի բանի, որը ես «մայնդսթրիմ» կանվանեմ։ Այսինքն՝ արվեստ, որը մեյնսթրիմ չէ, սակայն այն սնում է միտքը։ Մենք գիտենք, որ արվեստի յուրաքանչյուր տեսակ ունի իր ավանգարդը, որը սնում է մեյնսթրիմը։ Այդպես է մեյնսթրիմը զարգանում, շահութաբեր դառնում և իր հերթին սնում է ավանգարդին։ Այս շղթայով պիտի արվեստը զարգանա։ Եթե արվեստը չունի ավանգարդ շարժում, այն փակուղու մեջ է։ Այս կապն է ստատուս քվոն ապահովում։ Խնդիրը հիմա այն է, որ կինոն չունի իր ավանգարդը։ Կան միայն անհատներ, որոնք աշխատում են համակարգից դուրս։ Բայց արվեստի այս տեսակի շրջանակում այսօր չկա շարժում, որը կարելի է ավանգարդ համարել։ Մեծ խնդիր է։

-Ինչո՞ւ է այդպես։

-Որովհետև ներդրողին միայն մասսայական պրոդուկտն է հետաքրքրում։ Բայց ավանգարդն իր բնույթվ մի բան է, որ հակառակ է մասսայականությանը։ Այլապես այն ավանգարդ չի լինի։ Եթե աշխատանքը ավելի առաջադեմ է, քան մեյնսթրիմը, այն ինքնաբերաբար ավելի քիչ մարդու է հասանելի, կամ հետաքրքիր։ Սակայն պետք է հասկանալ, որ այդ լսարանը ևս արժանի է իր նախընտրած կինոն տեսնելու։ Որոշակի ցինիզմ կա նման մոտեցման մեջ։ Փոքրամասնությունը ևս կարևոր է, և նրա ճաշակը պակաս կարևոր չէ։ Օրինակ, արտադրական յուրաքանչյուր հիմնարկ զարգացման բաժին է ունենում, որը ներդրումներ է պահանջում և չի տրամադրում արտադրանք, որը կարելի է միանգամից վաճառել։ Սա է պակասում կինոինդուստրիայում։ Եթե նույնիսկ դիտարկենք կինոն որպես զուտ արտադրամաս, ապա  պիտի հարցնենք՝ ո՞ւր է զարգացման բաժինը։ Ինքնասպանության տանող միտում կա այս ամենի մեջ։ Թվում է, թե հեղինակային կինոյի խնդիրը ֆինանսներն են, բայց իրականում սա ապագայի խնդիր է, վերաբերմունքի և հեռանկարի։

-Ինչպե՞ս եք դուք ֆինանսավորում ձեր ֆիլմերը, եթե գաղտնինք չէ։

-Երբեմն կողմնակի ներդրողների միջոցով, երբեմն՝ մասնավոր գումարներով։ Բայց ես շատ ավելի քիչ ֆիլմեր եմ նկարել քան կուզենայի։ Իրականում, ֆիլմերի մեծ մասը, որ կցանկանայի ստեղծել, չեմ նկարել։

-Ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար հաջողությունը։

-Ինձ համար յուրաքանչյուր ֆիլմի հաջողությունը չափվել է նրանով, թե արդյոք կարող եմ դրանից հետո մյուս ֆիլմն ստեղծել։  Եվ հուսամ այդպես էլ կմնա։ Սա միակ չափանիշն է։ Ինձ համար նշանակություն չունի, թե որքան մարդ է տեսել իմ ֆիլմը։ Ոչ մի պատճառ չեմ տեսնում հավատալու, որ մասսայականությունը որակի կամ ճշմարտության նշան է։  Կարևոր է, որ ճիշտ մարդիկ դիտեն ֆիլմը, որ այն նրանց համար ժամանակի կորուստ չլինի։

Իհարկե, ես հաջողության իմ անձնական չափանիշներն էլ ունեմ։ Ես համարում եմ, որ հաջողել եմ, երբ ավարտելով ֆիլմի վրա աշխատանքը հասկանում եմ, որ այն համապատասխանում է բոլոր այն չափանիշներին, որ ես սահմանել եմ ինձ համար։ Այս հաջողությունը ոչ ոք չի կարող գնահատել, բացի ինձանից։

Ձեր վերջին ֆիլմը 2016-ին եք ավարտել։ Ինչո՞վ եք հիմա զբաղված։

-Վերջին աշխատանքը Պավել Լունգինի ֆիլմն է, որտեղ ես որպես օպերատոր եմ հանդես եկել  Էսավ» ֆիլմը իսրայելացի գրող Մեիր Շալևի համանուն գրքի էկրանավորումն է։ Մ.Հ. )։ Ֆիլմի նկարահանումներն Իսրայելում են եղել։ Գլխավոր դերերից մեկում Հարվի Քեյթլն է նկարահանվել, ինչպես նաև ոռւս և իսրայելցի դերասաններ են մասնակցել։ Հիմա պիտի գնամ Մոսկվա, որտեղ պիտի ավարտենք գունային մշակումը։ Ապրիլին Վիենայում պիտի աշխատենք Բելա Տարի հետ, լիամետրաժ ֆիլմ չէ, սակայն կինոաշխատանք է։ Մի քանի նախագծեր ունեմ, որոնք սպասում են իմ ուշադրությանը, և պիտի սկսվի գումարի համար պայքարը։

Հարցազրույցը՝ Մարիա Հովսեփյանի


Հասմիկ Հակոբյան․Ես կինոյի սիրահար չեմ ու ոչ էլ գիտակ

Ամռան առաջին օրերի տապին դիմադրելն ամենաբարդն է: Պայմանավորվում ենք առավոտյան հանդիպել` փախուստ արևից: Հանդիպման օրն անձրևոտ է, թեթև քամի կա:...

, |16 Հուլիս 2019,18:32