Academy Films ֆիլմարտադրող և պրոդյուսերական ընկերությունը վճռել է օտարերկրյա կազմակերպությունների, ֆիլմարտադրողների համար Հայաստանը գրավիչ դարձնելու լուրջ նախագծեր առաջարկել։ Academy Films-ը Հայաստանը և Արցախը ներկայացնող տեսանյութեր է նկարահանել, որոնց հիման վրա ստեղծել է լոկացիաների՝ առանձին տեղանքների բազա։ Այն հիմնականում ներառում է պատմամշակութային, գեղատեսիլ վայրեր, որոնցից մոտավորապես 30-ն արդեն ներկայացված է Academy Films-ի պաշտոնական կայք-էջում։

Առաջիկայում այդ թիվն, իհարկե, կմեծանա. ավելի շատ տեղավայրեր կներկայացվեն։ Հենց հիմա էլ նկարահանվում են բազմաթիվ ինտերիերներ, գործող ու լքված շինություններ, սովետական շրջանի, դրանից էլ հին բնակարաններ ու տներ, որոնք կարող են կինոարտադրության համար գործածվել ու հետաքրքրել արտասահմանյան ընկերություններին։ Ընկերությունը զուգահեռաբար զարգացնում է այն ծառայությունները, որոնք կտրամադրվեն պրոդյուսերական ընկերություններին։ kinoashkhar.am-ի զրույցը Academy Films ֆիլմարտադրող և պրոդյուսերական ընկերության տնօրեն Արամ Թորոսյանի հետ նոր նախագծերի շուրջ է։

Ֆիլմարտադրողները Հայաստանի տեղը պետք է իմանան

Ռուսական, ամերիկյան պրոդյուսերական ընկերությունների կողմից հետաքրքությունը Հայաստանի նկատմամբ մեծանում է։ Academy Films-ն այս տարի 2-3 նոր նախագիծ է իրականցնելու։ Մեր ամերիկյան գործընկերները շուտով Հայաստանում մինի-սերիալ կնկարեն։ Մեկ ամսվա ընթացքում նկարահանումների հետ կապված գործառույթներն ավելի կհստակեցվեն։ Academy Films-ը փորձում է ստեղծել բոլոր նախադրյալները, որպեսզի արտասահմանցի ֆիլմարտադրողները, բացի գլխավոր դերակատարներից, մնացած՝ տեխնիկական, թիմ հավաքելու, մասնագետներ գտնելու հարցերում հենվեն տեղի ուժերի վրա. Academy Films-ը հենց այդ գործընթացն է կազմակերպելու և ծառայությունների փաթեթը տրամադրելու։ Ամեն ինչ հաստատվելու է պայմանագրերով, որից հետո գործընկերային հարաբերությունները գործնական դաշտ են տեղափոխվելու։ Academy Films-ը Երևանի կենտրոնում հարմարավետ տարածք ունի, որտեղ կարելի է համագործակցող կողմերով նստել, քննարկել, նաև ֆիլմի նկարահարնման կազմակերպչական ընթացքը գծագրել։ Մասնագիտական խումբը կարող է նախքան նկարահանումներն այստեղ պատրաստվել, բոլոր քայլերն ուղենշել, որպեսզի հետագայում՝ արդեն նկարահանումների ժամանակ, որևէ խնդիր չառաջանա։ Բիզնես-բաղադրիչի առումով Academy Films-ը տեղական շուկայում մեկ քայլ առաջ է, քանի որ կարող է միջազգային չափորոշիչներին համապատասխան  ծառայություններ առաջարկել օտարերկրյա գործընկերին։

Լոկացիաների տրամադրում

Պրոֆեսիոնալ լոկացիաների փաթեթ պատրաստելը բավականին ծախսատար է, բայց պետք է քայլ անել, առաջ գնալ, միջազգային շուկայում ճանաչելի դառնալ։ Մենք մի քանի միջազգային հարթակներում ներկայացնում ենք մեր ծառայությունների տեսակները, յուրաքանչյուր լոկացիայի մասին ոչ միայն լուսանկարներ, այլև տեսանյութեր ենք պատրաստել ու տեղադրել։ Պետք է հնարավորինս մատչելի կերպով ցույց տալ աշխարհին, թե ֆիլմարտադրության համար Հայաստանն ինչ ներուժ, ինչ տեղավայրեր, ինչ մթնոլորտ, միջավայր ունի։ Եվ այդ հնարավորությունները պետք է ներկայացնել բոլոր անկյուններից, օրինակ՝ մի տնակ, որը կարող է ֆիլմի մի տեսարանի համար պետք գալ։ Բայց  մենք միայն տնակով չենք բավարարվում, ցույց ենք տալիս նաև դրա շրջակայքը, հարակից այն վայրը, որը ևս կարող է ֆիլմի նկարահանման ժամանակ օգտագործվել։ Եվ տեսանյութը դիտող ռեժիսորին արդեն պարզ է դառնում՝ այդ տեղանքը որքանո՞վ կարող է իր ֆիլմի համար օգտակար լինել։ Ի դեպ, լոկացիաները կարող են նաև փոփոխությունների ենթարկվել՝ ըստ ռեժիսորի ու ֆիլմի պահանջների։ Տարածաշրջանում լոկացիաների առաջարկման նման մոտեցում չկա։ Թեև Վրաստանում կինոարտադրությունը շատ ավելի է զարգացած, քան Հայաստանում, բայց անգամ այնտեղ ֆիլմարտադրության լոկացիաների համապարփակ, ամբողջական փաթեթ չեն առաջարկում։ Կան 5-10 րոպեանոց պրոմո-հոլովակներ, որտեղ ներկայացված են որոշ կինոլոկացիաներ միայն։ Եթե վրացիները պատվեր ունենում են, իհարկե, մյուս լոկացիաները ևս նկարում-ցուցադրում են։ Academy Films-ը հայաստանյան լոկացիաների հնարավորությունները համապարփակ, բազմակողմանի է ներկայացնում, որպեսզի միջազգային կինոարտադրողը լիովին պատկերացնի՝ ինչ հեռանկարներ կան մեր երկրում։

Հարևան երկրի ու սեփական օրինակները

Academy Films-ը մտադիր է իր այս ծրագիրը քննարկել հայաստանյան կինոգործիչների, ոլորտի պատասխանատուների հետ և, ի վերջո, ներկայացնել հայրենի կառավարությանը, որպեսզի այն օրենքի ուժ ստանա։ Թեկուզ Վրաստանի օրինակով պետք է քննարկել այն քայլերը, որոնք Հայաստանում կինոարտադրությունն ավելի կզարգացնեն։ Վրաստանում, օրինակ, յուրաքանչյուր նախարարությունում կա կինոարտադրության հետ կապ ունեցող պատասխանատու անձ, որի գործառույթների միջոցով ֆիլմ նկարահանելու թույլտվություն ստանալը բավականին հեշտ է։ Վրաստանում նման հարցերը պետական մակարդակով են կարգավորված, այնտեղ լուծված է cash back-ի հարցը, որը նպաստում է ֆիլմարտադրությանը։  Վրաստանում անգամ Պաշտպանության նախարարությունն է ներգրավված կիոարտադրության մեջ՝ զինտեխնիկայի տրամադրման և այլ հարցերում։ Ֆիլմարտադրությունը կարող է երկրին մեծ գումարներ բերել. մեկ ֆիլմում ուղղակիորեն կարող է 50 կամ 100 հոգի ներգրավված լինել, իսկ անուղղակիորեն՝ անհամեմատ շատ մարդիկ ու կազմակերպություններ՝ հյուրանոցներ, տրանսպորտային ծառայություններ, ռեստորաններ և այլն։ Օրենքների առյակությունն այս գործընթացում պարտադիր է։ Լոկացիաների ամբողջական փաթեթ տրամադրելու ճանապարհին մենք բոլոր հարցերը լուծում ենք նաև կինոյի օրենք չունենալու իրավիճակում, բայց կինոյի մասին օրենքն այսպես թե այնպես անհրաժեշտ է։ Եթե այսօր որևէ պրոդյուսերական ընկերություն ուզում է հաջողության հասնել, և՛ քաղաքապետարանի, և՛ ոստիկանության, և՛ պատմամշակութային հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ի, և՛ այլ ենթակառուցվածքների հետ պետք է պայմանագրեր կնքի, որոնց հիման վրա մեկ տարվա կտրվածքով հնարավոր կլինի աշխատել։ Academy Films-ն այդ սկզբունքով է աշխատում, որպեսզի ամեն ինչ կանոնակարգված լինի և հնարավոր համագործակցությունների ժամանակ փաստաթղթային պայմանավորվածությունները հստակ ու ճիշտ լինեն։

Տուրիզմի զարգացումն ու ֆիլմարտադրությունը

Լոկացիաների հանրահռչակամանն ուղված աշխատանքի շրջանակում մենք եկել ենք այն եզրահանգման, որ այս ծառայությունների զարգացումը շատ օգտավետ կարող է լինել նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի խթանման համար։ Քանի որ մենք Հայաստանը ներկայացնող ֆիլմեր ենք պատրաստում և տուրիզմի կազմակերպման, տուրիզմին առնչվող հարցերին քաջատեղյակ ենք, առաջարկում ենք, որ դաշտը համախմբվի, ու ոլորտին վերաբերող խորքային հարցերը քննարկվեն։

Մեր տարածաշրջան գալիս են ավելի ինտելեկտուալ զբոսաշրջիկներ, որոնք հետաքրքրված են պատմամշակութային ժառանգությամբ։ Պետք է շատ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել, լավ զբոսավարներ, տուր-օպերատորներ ունենալ. այստեղ մենք խնդիրներ ունենք, օրինակ՝ շատ դեպքերում գիդի աշխատանքը կենացային մակարդակի է կամ մշակութային վայրի, կոթողի մասին սխալ տեղեկություն է հաղորդվում։ Իսկապես, ծառացած խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն։ Մենք փորձում ենք օժանդակել։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ համագործակցելով՝ ուզում ենք, որ Հայաստանում տուրիզմի ոլորտը կայանա, զարգանա, ընդլայնվի, մասնագիտական տարբեր ասպարեզներ օտարազգիների համար հետաքրքիր դառնան։ Academy Films-ի ուղղությունը ֆիլմարտադրությունն է, բայց այդ համատեքստում տուրիզմը զարգացնելու մեծ հավանականություն ու նախադրյալ ենք տեսնում։

2019-ին Academy Films-ը առնվազն երկու միջոցառում է նախատեսել, կապված տուրիզմի ոլորտի հետ։ Առաջին միրջոցառումը կկայանա մարտի 15-ին։ Սա ճանաչողական մի հանդիպում է լինելու, որի շրջանակում մեր գործընկեր Associated Television International հեռարձակող ընկերության ղեկավարը հանդես կգա մի շարք առաջարկներով Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերություններին։ Խոսքն առաջին հերթին Հայաստանի ներկայացմանն է վերաբերում արտերկրում։ Հանդիպման խոսնակներից են նաև ԱՄՆ-ում հայտնի հաղորդավար, սցենարիստ և գրող Լորա ՄաքՔենզին և երիտասարդական տուրիզմին նվիրված հաղորդաշարի հեղինակ Էլիզաբեթ Սթենթոնը։ Լորան և Էլիզաբեթը հաղորդումներ են նկարահանել նաև Հայաստանի մասին։ հանդիպման ժամանակ նրանք ներկայացանելու են, թե ոչ հայ հանրությունն ինչպես է արձագանքել Հայաստանի մասին պատմող իրենց ֆիլմերին։  Academy Films-ի գործընկերներն առաջարկելու են տեղական ծառայությունների, օրինակ՝ հյուրանոցային, ռեստորանային համալիրների կամ պլաստիկ վիրահատության մասին փոքրի ֆիլմեր նկարահանել, որոնք ԱՄՆ-ի շուկային կհետաքրքրեն։ Կինոարտադրողներն ու  հեռուստատեսությունը մի շարք հետաքրքիր գործիքներ կարող են առաջարկել այս ոլորտի զարգացման համար։

Այս հանդիպումը նաև հող կնախապարտաստի մեկ այլ նախագծի համար, որը նախատեսված է իրականացնել աշնանը։

«Ավրորա»  ֆորումի շրջանակում

Այս տարվա մյուս նախագիծը կապված է «Ավրորա» ֆորումի հետ, որի շրջանակում հոկտեմբերի 14-21-ը շատ հյուրեր կգան Հայաստան։ Ֆորումի շրջանակում նախատեսում ենք կազմակերպել մեծ կոնֆերանս-աշխատարան, նվիրված զբոսաշրջությանը։ Այս ոլորտում մենք համագործակցելու ենք պետության հետ՝ ներգրավվելով տարբեր կառույցների ու կազմակերպությունների՝ օրինակ Տուրիզմի հայկական ֆեդերացիային, «Տուրիզմ Արմենիա» նախաձեռնությանը, գիդերի ֆեդերացիային, հյուրանոցների միությանը։ Այս ամենն իրականանալու է տուրիզմի պետական կոմիտեի հովանու ներքո։ Մենք առաջարկներ ներկայացնող կամ օժանդակող դեր ենք ունենալու։ Մեր նպատակն այն է, որ տուրիզմի ոլորտն ավելի կազմակերպված ու համախմբված լինի, դառնա հիմնախնդիրների քննարկման, լուծման հարթակ, որը մեծ նպաստ կբերի տուրիզմի զարգացմանը։ Այսօր յուրաքանչյուր կառույց առանձին է գործում, կարծիքներ կան, բայց հնչում են տարբեր կողմերից. անհրաժեշտ է ստեղծել մեկ միասնական հարթակ, որտեղ կբարձրաձայնվեն բոլոր հարցերն ու խնդիրները։ Փորձելու ենք ստեղծել այդ հարթակը: Այս ամենը տուրիզմի զարգացումն ավելի արդյունավետ դարձնելու և մեր առաջարկները պետությանը ներկայացնելու համար է արվում։

Կինոփառատոն «Ավրորա»  ֆորումի շրջանակում

Մյուս նախագիծը, որը կիրականացնենք «Ավրորա»  ֆորումի շրջանակում հումանիտար թեմաներով ֆիլմերի փառատոնն է։ IDeA հիմնադրամը, Associated Television International-ը, «Ավրորա» ֆորումը ֆիլմերի  մրցույթ կհայտարարեն, կհրավիրվի ժյուրի։ Այդ գործընթացին Academy Films-ը նույնպես կմասնակցի։ Այս նախագիծն ընդլայնվելու միտումներ ունի։ Միգուցե առանձին ֆիլմեր նկարվեն նաև «Ավրորայի» հավակնորդների մասին։ Նպատակն այն է, որ կինոփառատոնի բաղադրիչը նույնպես ներառվի «Ավրորայում»։ Հուսանք, որ կստացվի նաև փառատոնի հյուրերի համար լոկացիաների դիտարկման, ճանաչողական տուրեր կազմակերպել։ Մեր նպատակն այն է, որ օտարազգի ռեժիսորները, պրոդյուսերները Հայաստանը ճանաչեն ոչ միայն գեղատեսիլ վայրերով, այլև ֆիլմարտադրության համար պիտանի լոկացիաներով։

Նաիրա Փայտյան