Ցանկացած պատերազմ իր հետքն է թողնում տվյալ ժողովրդի գիտակցության, կենսակերպի, մշակույթի և մասնավորապես ազգային կինեմատոգրաֆի վրա։ Այնպիսի երկիր, ինչպիսին է Իսրայելը, պատմության մեջ առանձնացել է որպես պատերազմական բովի միջով անցած երկիր։ 1948-1949 թվականներին և 1979 թվականին Իսրայելը պատերազմական գործողություններ է ծավալել արաբական պետությունների դեմ, որոնց հետ լարված հարաբերությունները պահպանվում են անգամ մինչ օրս։ Այդ ամենն իր ծանր հետևանքներով արտացոլվել է ժամանակակից իսրայելական կինոյում ռեժիսոր Սամյուել Մաոզի շնորհիվ։

Նա ընդամենը քսան տարեկան էր, երբ առաջին անգամ մարդ սպանեց ու զգաց պատերազմի շունչը։ Լինելով 1982 թվականին Լիբանանում ծավալվող պատերազմական գործողությունների մասնակից՝ նա հավաքել է բոլոր հիշողություններն ու դեպքերը և վերածել ֆիլմերի։ Երկու ֆիլմեր՝ «Լիբանան» (2009թ․) և «Ֆոքստրոտ» (2017թ․), դարձան ժամանակակից ռեժիսորի ստեղծագործական կյանքի վերելքը։ «Լիբանանը»  պատերազմ է՝ սկզբից մինչև վերջ, իսկ «Ֆոքստրոտը»՝ պատերազմի արդյունքում ձևավորված գիտակցություն ու արժեհամակարգ։

«Լիբանանը» ճանապարհորդություն է պատերազմական սարսափի, քաոսի ու անմարդկային իրադարձությունների միջով, որտեղ պատերազմը քննարկման է դրված որպես բացարձակ գաղափար։ Այստեղ չկան ուժեղ և թույլ կողմեր և գաղափար հանուն որի արժեր մեռնել։ Այս ֆիլմում պատերազմի թեման վեր է հառնում որպես իսկական սարսափ և սրտխառնոց առաջացնող դեպքերի հաջորդականություն։

Պատերազմական տարածքը տեղափոխվում է տանկ, որտեղ չորս զինվորականներ են։ Այն աչքը, որը հետևում է պատերազմական թոհուբոհին, Շմոլիկ անունով հերոսն է, ով անհրաժեշտության դեպքում պետք է կրակ բացի։ Սակայն Մաոզը ցույց է տալիս, թե ինչպես է անհրաժեշտությունը դառնում ամեն վայրկյան կատարվելիք գործողություն։ Ցույց է տալիս, թե ինչպես է մարդկային կյանք խլելու վախը վերածվում մի սովորական գործողության։ Պետք է կրակես թշնամու վրա, որպեսզի ապահովագրես քո կյանքը։

Մաոզը ձգտում է հասնել ֆիլմում այն եզրակացությանը, որ պատերազմն անհեթեթություն է և ցույց է տալիս այնպիսի կադրեր, երբ անգամ թշնամին կամ պատահական քաղաքացին այդ անհեթեթության զոհն են դարձել։ Արյուն, կրակ, ճիչեր և այդ ամենին տանկից հետևող զինվորականներ։

Տանկը ֆիլմում ներկայացվում է որպես մետաֆորա։ Պատերազմական արյունալի իրադարձությունների կենտրոնում և միևնույն ժամանակ դրանից մեկուսացած, ինչն առավել ապահով չի դարձնում նրանց կյանքը։ Նրանք դառնում են այդ մետաֆորայի զոհը՝ լինելով միևնույն ժամանակ և՛ պատերազմում, և՛ պատերազմից դուրս, այդ ամենին հանդիսատեսի աչքերով նայելիս։

Ողջ ֆիլմը նկարահանված է այդ մետաֆորայի ներսից, երբեմն գործողության վայրը տեղափոխելով դեպի տանկի ինտերիեր՝ ներկայացնելով հերոսների հոգեվիճակն ու տրամադրությունը։ Ավարտի սպասումը մղվում է հետին պլան, երբ գիտակցում ես ֆիլմում ներկայացվող պատերազմի անհեթեթության գաղափարը։ Անգամ զինվորականներից մեկի մահը, ով բոլորի նման ուզում էր ազատվել բերդի նմանվող  տանկից ու վերադառնալ տուն, առանձնապես ոչ մի տրամադրություն չի փոխում ֆիլմում, քանի որ ռեժիսորն էլ ավելի դաժան ճանապարհներով է տանում իր հանդիսատեսին։

Մյուս ֆիլմում դաջված է ռեժիսորի հասուն, «հետպատերազմական» ավելի սթափ  հայացքը։ «Ֆոքստրոտում» մահվան գաղափարը, որն անմիջականորեն կապված է պատերազմի հետ, չի ներկայացվում սենտիմենտալիզմի շրջանակներում։ Ֆիլմը բացվում է իսրայելական բանակ զորակոչված  Յոնաթան Ֆելդմանի մահվան բոթով ու քիչ անց պարզվում, որ սխալմունք է տեղի ունեցել և մեկ այլ Յոնաթան Ֆելդման է զոհվել։ Այնուհետև հանդիսատեսը հաղորդակից է դառնում Յոնաթանի հոր՝ Միխայիլ Ֆելդմանի դրամային, ով ապրում է մեղքի խորը զգացողությամբ և սպասում, թե երբ կյանքը հաշվեհարդար կտեսնի նրա հետ։ Նա երազում է հետ բերել անցյալը և պատերազմի ավարտին՝ տուն գնալու ճանապարհին առջևի գծում լինի, ու նռնակի պայթյունից զոհվի ինքը և ոչ թե իր մեղքով առջևում հայտնված զինվորները։ Ֆիլմն ավարտվում է որդու մահով, ով մահանում է տուն վերադառնալու ճանապարհին՝ վթարից։ Ֆիլմի այս տեսակ հանգուցալուծումը հիշեցնում է հունական ողբերգություններին հատուկ սկզբունքը՝ վճարել ցանկացած մեղքի դիմաց։

Ի՞նչ է ֆոքստրոտը։ Պարզ շարժումներից բաղկացած պար՝ առաջ, դեպի ձախ, հետ, աջ ու նորից առաջ։ «Կարևոր չէ թե որ ուղղությամբ ես գնում, կարևորը միշտ վերադառնում ես նույն տեղը»,- ասում է Միխայիլը։ Ֆիլմի հերոսները՝ Միխայիլն ու Դաֆնան, վեց ամիս անց հաշտվում են որդու կորստի հետ ու ոչինչ չի մնում անելու, քան պարել ֆոքստրոտ ու հայտնվել կրկին նույն կետում։ «Ֆոքստրոտը» ֆիլմ է հավերժականի մասին, որտեղ հանդիսատեսը առերեսվում է մահվան, մահվան սարսափի ու մեղքի զգացողության հետ։

Ե՛վ «Լիբանանում», և՛ «Ֆոքստրոտում» ակնհայտ է ռեժիսոր Սամյուել Մաոզի կատարած դետալային աշխատանքը։ Սցենարի անթերի կառուցվածք, երաժշտության ու կադրի, ինտերիերի ու գունային կոմպոզիցիայի ներդաշնակություն և դերասանական խաղի անզուգական տեխնիկա։

Մարգարիտա Յոլչյան