Այս տարի՝ փետրվարին,  «Բեռլինալեին»  մասնակցելու (լրագրողի ) հավատարմագիր էի ստացել փառատոնից։ Տպավորություններս մեծ են ու անչափելի․ահռելի չափերի հասնող փառատոն, հարուստ կինոծրագրեր, կինոդիտումներ, մամուլի համար կազմակերպվող զանազան հանդիպումներ (ասուլիսներ), հայտնի կինոդեմքեր, գումարած բազմազան ծրագրերով Եվրոպական կինոշուկա, հարյուրավոր կինոընկերություններ, պրոդյուսերներ, փիչինգներ, հանդիպումներ, ֆիլմերի առևտուր, մի խոսքով ամեն ինչ կինոյի համար՝  նկարելու, ցուցադրելու, վաճառելու, տարածելու  ինչ մտքովդ անցնի։

Այս առատության ու բազմազանության մեջ դժվար էր անփորձիս համար արագ կողմնորոշվելը։ Կպատկերացնե՞ք, իմ ուրախության չափը, երբ իմացա, որ այդ օրերին Բեռլինում է նաև ԱՄՆ -ում ուսանած (Կոլումբիայի համալսարան) , Ալեքս Գիբնիի (Alex Gibney) վավերագրական ստուդիայի պրոդյուսեր, տասնյակ  ֆիլմերի պրոդյուսեր,  կինոոլորտում հմուտ մասնագիտական փորձ կուտակած  Օֆելյա Հարությունյանը։  Օֆելյան Բեռլինում էր «Co-production Market»-ի շրջանակներում անցկացվող «Berlinale Talents Project Market» ծրագրին մասնակցելու։ Այս տարի ծրագրին դիմած 200-ից ավելի նախագծերից ընտրվել  էր 11-ը. դրանցից  մեկը Հայաստանից՝ «Վարորդը» ֆիլմի նախագիծն էր (ռեժիսոր՝ Լուսինե Սարգսյան, սցենարիստ՝  Նաիրի Հախվերդի)։

Օֆելյա Հարությունյանի հետ kinoashkharh.am -ի առաջին հանդիպումը  (օնլայն)  2016 թվականին է եղել։ Անցել է երեք տարի։ Որոշեցինք հանդիպել ու  խոսել մոտիկից։ Մեր ընթերցողին ենք ներկայացնում՝ տեսական ու գործնական արտադրության պրոցեսի վերաբերյալ նրա գնահատականն ու կարծիքները, նրա կինոհայցքն ու էլի շատ հետաքրքիր մտքեր։

«Բեռլինալեի» ընձեռած հնարավություններից օգտվելու նրբությունները

«Բեռլինալեի» օրերին կինոփառատոնի շրջանակում անցկացվող բազմաբնույթ նախագծերն ամեն տարի իրենց շուրջն են համախմբում կինոարտադրողների։ «Բեռլինալեի տաղանդներ» ծրագիրն այս տարի  շուրջ 250 սցենարիստների, ռեժիսորների, պրոդյուսերների, մոնտաժողների, մի խոսքով՝ կինոյի ոլորտի մասնագետների էր հրավիրել։ Նրանք մասնակցել են  վարպետության դասերի, հանդիպում-քննարկումների։ Այս ծրագիրը ոլորտի մասնագետներին հնարավորություն է տալիս մասնակցելու նաև «Project Market» նախագծին։ «Բեռլինալեն» ունի նաև «Co-production Market» հարթակը, որտեղ ներկայացված լիամետրաժ ֆիլմերի նախագծերը փնտրում են գործընկերների. հեղինակները pitching-ի միջոցով աշխատում են իրենց նախագծերում այլ երկրների պրոդյուսերների ներգրավել։

Ծրագրի շրջանակներում ֆիլմի նախագիծը ներկայացրել և հանդիպել եմ տարբեր երկրների 22 ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք հետաքրքրված են մեր  նախագծով։ Ընդհանրապես «Co-production Market» և «Project Market» հարթակներում հայաստանյան նախագծերը հազվադեպ են և հետաքրքությունը դրանց նկատմամբ նաև մեծ էր։ Ֆրանսիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Հունաստանի, Լեհաստանի կինոարտադրողներին հետաքրքրում են հայկական  թեմաներն ու պատմությունները, որովհետև դրանք անսովոր են, նոր և ստանդարտից դուրս են։ Հայկական իրականությունում ֆիլմը ֆինանսավորելու ամենարդյունավետ տարբերակը համարտադրությունն է եվրոպական երկրների հետ, որպեսզի բավարար ֆինանսավորում ապահովի։ Որպես կանոն, հայկական կողմի ներդրումները սուղ են լինում, բայց համարտադրության հիմնական նախապայմանն այն է, որ թեկուզ քիչ բյուջեով, բայց Հայաստանն անպայման  մասնակից երկիր լինի։ Կան միջազգային հիմնադրամներ, որոնց հնարավոր է դիմել, բայց, որոշ դեպքերում, դրա համար պետք է համարտադրողը եվրոպական որևէ երկրից լինի։ Շատ նրբություններ կան, որոնք ինքնին դժվարացնում են համարտադրության, և ըստ այդմ՝  ֆինանսական պլան ստեղծելու ընթացքը։ Դժվար է, բայց անհնար չէ։

Կինոառօրյա, միջազգային նախագծեր, աշխույժ միջավայր

Մեր ֆիլմը  ծրագրել ենք  նկարել 2020 թվականի գարնանը և տարեվերջին այն ավարտին հասցնել, որին կհետևի հետարտադրական փուլի ֆինանսավորման աղբյուրներ, ցուցադրման հարթակներ գտնելը։

Ես արդեն 3 տարի աշխատում եմ Նյու Յորքի «Ջիգսոու» ընկերությունում, որը հիմնականում վավերագրական կինոյի արտադրությամբ է զբաղվում, բայց  խաղարկային ֆիլմերով էլ է հետաքրքրված։ Այս ընկերությունում միաժամանակ երկու նախագծի համապրոդյուսեր եմ։ Երկու ֆիլմերն էլ նկարահանվել են, մոնտաժվել, մեկը իր պրեմիերան ունեցավ Սանդենս կինոֆեստիվալում և էկրան կբարձրանա մարտին HBO ալիքով, մյուսը հետարտադրական փուլում է, կինոփառատոններում ցուցադրելուց հետո կլինի Ամազոնի Փրայմ հարթակում։ Հիմա, որպես գլխավոր պրոդյուսեր, աշխատում եմ ռեժիսոր  Ալեքս Գիբնիի (Alex Gibney ) նոր վավերագրական ֆիլմի վրա HBO-ի համար։ Այս նոր նախագիծն արդեն արտադրական փուլում է, հենց Նյու Յորք վերադառնամ, հաջորդ իսկ օրը նկարահանումները սկսվելու են։

Հայկականը՝ դրսի աչքով, դրսինը՝ ներսից ու դրսից

Այնպես է ստացվել, որ ես հայաստանյան կինոարտադրությանը դրսից եմ նայում։ Վերջին ժամանակներում նկարահանված և էկրան բարձրացած ֆիլմերին ծանոթ չեմ, բայց գիտեմ՝ Հայաստանում ֆիլմարտադրության ռեալ ներուժ կա։ Մեր պատմություններն են յուրահատուկ ու անսովոր. եվրոպացի պրոդյուսերներին հենց դա է հետաքրքրում ու գրավում։ Միջազգային խոշոր փառատոներում Հայաստանից հազվադեպ են ֆիլմեր մասնակցում, իսկ եթե նախագծեր են ներկայացվում, օտարերկրյա պրոդյուսերները միանգամից հետաքրքրվում են, ուզում են, որ  արժեքավոր, որակյալ, գրավիչ կինոպատմություն լինի ու իրենք ներգրավվեն դրանց էկրանավորման գործընթացներում։ Որպեսզի Բեռլինի կամ նմանատիպ այլ կինոփառատոնին ներկայանանք, մեր նախագծերը պետք է շատ հզոր սցենար ունենան։ Այդ են պահանջում բոլոր ընկերությունները, բոլոր համարտադրողները։ Երկրորդը՝ պետք է ռեժիսորի մոտեցումները, պատկերացումներն անչափ հետաքրքիր ու յուրօրինակ լինեն։ Միջազգային գործընկերներին հետաքրքրում է՝ տվյալ ռեժիսորը նախկինում ինչ ֆիլմեր է նկարել, ինչ ձեռագիր ունի, եթե առաջին լիամետրաժն է նկարելու, մինչ այդ կարճամետրաժ ի՞նչ ֆիլմեր է նկարել։ Պետք է համոզվեն, որ տվյալ ռեժիսորը կարող է այդ ֆիլմը նկարել։

Հայկական կինոյի թերի ակունքները

Հայկական կինոյի խնդիրները, իմ կարծիքով, պետք է փնտրել հայկական կինոդպրոցում։ Կինո նկարելու համար գործնականում սովորել է պետք. պայմաններն ու միջոցները սուղ են, սխալների վրա սովորելու, բազմաթիվ փորձեր անելու հիման վրա որակ ստեղծելու հնարավորություններն են պակասում հենց ուսանողական տարիներին։ Իմ փորձից ասեմ. սցենարական հմտություններ, ռեժիսուրա պետք է սովորել՝  փորձելով, սխալվելով, նորից փորձելով։ Եթե ուսանողը մի քանի դերասաններով, տեսախցիկով  ինչ-որ տեղ ֆիլմ նկարելու փորձեր անելու հնարավորություն չունի, բնականաբար, տեսական գիտելիքները կիրառել,  փորձ ձեռք բերել չի կարող։ Ու եթե մի օր գումար գտնի և ուզենա ֆիլմ նկարել, որակյալ արդյունք ստանալը շատ դժվար կլինի։ Ուրեմն՝ դպրոց. սա անչափ կարևոր նախապայման է։ Դպրոցն է որակի երաշխիքը, հիմքը։ Հիմա կան մարդիկ, որ դրսում սովորում, հմտություններ են ձեռք բերում և ուզում են գալ Հայաստանում ֆիլմ նկարել։ Վստահ եմ, որ Հայաստանում  մի օր  կինոյի նոր ալիք է ստեղծվելու, ինչպես դա եղավ Ռումինիայում, Վրաստանում։ Նույն արդյունքը Հայաստանում ունենալու համար ներդրումներ են պետք։ Հիմա «Բեռլինալեին» մասնակցող յուրաքանչյուր ֆիլմ կամ կինոնախագիծ առաջին հերթին իր երկրի անունն է բարձրացնում, իր երկրին հպարտանալու առիթ է տալիս։ Եթե մենք  նման գործելաոճն ու քաղաքականությունը պետական մակարդակով չորդեգրենք, նստենք-սպասենք, թե երբ են լավ ռեժիսորներ, սցենարիստներ ծնվելու, ոչ մի արդյունքի, ոչ մի առաջխաղացման չենք հասնի։ Պետք է շատ ակտիվ աշխատել այս ուղղությամբ։

Ֆեմինիզմը՝ կինոյում

Կիոնյում կին-տղամարդ հավասար իրավունքների ու հավասարաչափ բաշխվածության հարցը ինձ համար շատ կարևոր և տեղին հարց է, որ վերջին շրջանում հաճախ է շրջանառվում. ավելի պարզ ասեմ, որ կանանց ավելի քիչ  է հնարավորություն տրվում ֆիլմ նկարել, քան տղամարդկանց։ Եվրոպայում, ԱՄՆ-ում այս խնդիրը շատ խորն է։ Ես նկատել եմ, որ ԱՄՆ-ում վավերագրական կինոյում կին ռեժիսորները համեմատաբար ավելի շատ են քան խաղարկային կինոյի ռեժիսորները ։ Ինչո՞ւ.  որովհետև խաղարկայինի հետ համեմատած՝ վավերագրական կինոյի բյուջեն, որպես կանոն ավելի փոքր է։ Երբ գալիս է վստահության պահը, այսինքն՝ մեծ գումարներ են ծախսվելու ֆիլմի վրա ու պետք է այդ գումարները ֆիլմի վաճառքի արդյունքում հետ գան, կին ֆիլմարտադրողի, ռեժիսորի նկատմամբ վստահություն չի ցուցաբերվում։ Վավերագրական ֆիլմերի պարագայում այս խնդիրը գրեթե չկա, որովհետև բյուջեն փոքր է, ծախսը քիչ է եղել, ակնկալիքնեներն էլ քիչ են։ Երբ ֆիլմն ունի 100 միլիոն դոլար բյուջե, Հոլիվուդում մեծ խտրականություն է դրվում ռեժիսորների ընտրության հարցում։ Շատ դեպքերում  նախապատվությունը տրվում է տղամարդուն։ Նույնը նաև կին օպերատրոների, պրոդյուսերների և այլ մասնագիտությունների մասին է։ Եվ ահա սրա մասին է խոսքը գնում, երբ կանայք պահանջում են հավասար հնարավորություններ կինոասպարեզում։ Եվ բազում կանայք ապացուցել են, որ տղամարդկանց հավասար և շատ ավելի լավ կարող են աշխատել, ու ժամանակն է արդեն  կոտրել այս հին, քարացած կարծրատիպը։

Հայաստանում խնդիրը մի փոքր ուրիշ է, որովհետև նախ հաշվարկված ֆիլմեր են ամեն տարի նկարվում և բյուջեները մեծ մասամբ անհամեմատելի ցածր են։  Կանայք խտրականություն հիմնականում տեսնում են ռեճիսոր, օպերատոր, դառնալու ճանապարհին։ Եթե հիմա աղջիկներին հարցնենք՝ ուզո՞ւմ ես ռեժիսոր կամ օպերատոր դառնալ, քչերը կպատասխանեն՝ այո։ Հայերն իրենց աղջիկներին չեն դաստիարակում կինո մասնագետ դառնալու նպատակասլացությամբ կամ զուտ ընտրելու հնարավորությամբ։ Ես ֆեմինիստ եմ և  ուղղակի ուզում եմ որ կնոջ ու տղամարդու միջև հավասարության նշան դրվի, որ ինձ չասեն՝ դու այս գործը հաստատ ավելի վատ կանես, քան տղամարդը, որովհետև դու կին ես։

Կյանքի որակը փոխող կինո

Ի սկզբանե  կինոն եղել է արվեստ՝ էկրան բարձրացնելով նաև արվեստի մյուս ճյուղերը։ Վավերագրական ֆիլմերն ԱՄՆ-ում այսօր  մեծ տարածում ունեն։ Հիմնական պատճառներից մեկն այն է, որ վավերագրական կինոն հիմա որակապես շատ բարձր է։ Նախկինում այդպես չէր՝ վավերագրականները հեռուստատեսային ձևաչափի էին՝ բացատրական, արխիվային կադրերով մի կերպ ծածկած։ Հիմա անհամեմատ լավն են՝ հեղինակային ձեռագրով, խաղարկային կտորներով, փորձարարական տարրերով, նոր, այժմեական թեմաներով։ Վավերագրական ֆիլմերը մեծ ազդեցություն ունեն հանրության վրա. ես դա իմ աշխատանքում, իմ գործունեության ընթացքում էլ եմ նկատել։ Ֆիլմը հարցեր բարձրացնելու հնարավորություն է տալիս, ու եթե հանդիսատեսը կինոդահլիճից դուրս գա այդ հարցերն իր ներսում  բարձրացնելով, մտածելով, իր ապրելաձևը, արարքները վերանայելով՝  ուրեմն այդ ֆիլմը հաղթել է։

Կինոյի հանրային օգուտի վառ օրինակներից

Վերջերս Նետֆլիքսի համար վավերագրական էպիզոդիկ ծրագիր նկարեցինք, որի ամեն էպիզոդը ներկայացնում էր  պետական կամ կորպորացիաների մեծամասշտաբ խաբեությունները։ Դրանցից մեկը «Volkswagen» ընկերության մասին էր, որը նոր ավտոմեքենա էր արտադրել ու հավաստիացնում էր, թե օդն ավելի քիչ է աղտոտում։ Մարդիկ հավատալով՝ գնում էին այդ ավտոմեքենաները,  մինչդեռ  պարզվեց դրանք միջավայրին ավելի մեծ վնաս էին հասցնում։  Մեր ծրագրի եթեր դուրս գալու ժամանակ «Volkswagen»-ը դատական գործընթացների մեջ էր. մեր վավերագրական ֆիլմն այնքան մեծ ռեզոնանս առաջացրեց, որ ընկերությունը ստիպված եղավ ահագին տուգանքներով, արագ փակել դատական գործը։ Փաստորեն, մեր ֆիլմը լուրջ հարց բարձրացրեց, պաշտպանեց հանրության շահերը, ընկերությունն ավտոմեքենա գնածներին վնասի դիմաց փոխհատուցում տվեց։ Մեր ֆիլմը հանրային կյանքի որակի բարձրացման հարցում մեծ ներդրում ունեցավ, այսինքն՝ օգտակար եղավ։

Կինո՝ հանուն արվեստի

Կինոն միայն օգուտ տալու համար չէ։ Մարդիկ ֆիլմ են նայում իրականությունից կտրվելու, այլ աշխարհ տեղափոխվելու, նաև ինչ-որ բան սովորելու, նոր բան իմանալու համար։ Հատկապես խաղարկայինների դեպքում մարդիկ ուզում են հետաքրքիր, անսովոր սյուժեներ դիտել, մեկուկես ժամ կինոթատրոնում մոռանալ առօրյա հոգսերը։ Այդ պատճառով էլ Հայաստանում ավելի մեծ պահանջարկ ունենեն կոմեդիաները՝ տոմս առնել, նայել թեթև սյուժեներ, ծիծաղել ու մեկուկես ժամ հետո դուրս գալ դահլիճից, նորից անցնել առօրյա կյանքին։ Բայց լուրջ հարց կա՝ կրթել հասարակությանը, սովորեցնել, համոզել նրան, որ ավելի մեծ հաճույք է, երբ որակյալ, արվեստով լի ֆիլմ ես նայում։

Նոր տեխնոլոգիաները՝ կինոյում

Մի քանի օր առաջ պրոդյուսերներից մեկը պատմում էր, որ կինոժապավենի վրա ֆիլմ է նկարվել, ու այն ընկերությունը, որը պետք է կինոժապավենը երևակեր, սնանկ է ճանաչվել։ Կինոժապավենն էլ ինչ-ինչ հանգամանքներում կորել է։ Մի խոսքով՝ բազմաթիվ լուրջ խնդիրներ են առաջացել։ Ժապավենային կինոն, իսկապես, հրաշալի է, գեղեցիկ է, և ուրիշ որակ ունի, բայց «Դիջիթըլ» տեսախցիկի շնորհիվ մենք հասել ենք այն բանին, որ նկարածն անմիջապես էկրանին  կարող ենք տեսնել, նկարված նյութի կրկնօրինակներն  ունենալ։ Մի խոսքով՝  ֆիլմ նկարելն այսօր հեշտացել  ու անհամեմատ էժանացել է։ Լիովին կողմ եմ հատուկ էֆեկտներին կինոյում, եթե ճիշտ ու չափավոր են օգտագործվում։ Եթե էֆեկտներն ինքնանպատակ չեն, արդյունքը հրաշալի է ստացվում։

Առաջ նայելով, ապագան ծրագրելով

Կարճամետրաժ խաղարկային ֆիլմի սցենարի վրա եմ աշխատում հիմա, որտեղ հանդես եմ գալու որպես ռեժիսոր։ Անցյալ ամառ Հայաստանի գյուղերից մեկում վավերագրական ֆիլմ էի նկարում։ Այդ ընթացքում գյուղի կանանց միջավայրում էի ապրում։ Ծանոթացա նրանց նիստուկացին։ Շատ հետաքրքիր պատմություն ի հայտ եկավ։ Սցենարի վրա եմ աշխատում, որ ներկայացնեմ Հայաստանի ազգային կինոկենտրոնին։ Հույս ունեմ՝  կգամ Հայաստան ու կնկարեմ ֆիլմս։ Դրսում ստացած կրթությունս, հմտություններս  կիրառելով, կարծում եմ, կարող եմ որակյալ ֆիլմ նկարել. ֆիլմ, որը կհետաքրքրի կինոյի մեծ աշխարհին։ Ես հավատում եմ հայկական կինոյի վերածննդին և ուզում եմ դրա մի մասնիկը լինել։

Ռուզան Բագրատունյան

Բեռլին-Երևան 2019թ․

Լուսանկարները՝  Օֆելյա Հարությունյանի անձնական արխիվից