Միակ խոշոր մրցանակը, որն այսօր արժանի է լայն հասարակության հետաքրքրությանը, Նոբելյանն է։

ԱՄՆ-ում՝ հունվարի 6-ին,, «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության մեկնարկով ազդարարվեց 2019 թ․մրցանակների հանձնման շրջանը։ Փետրվարի 25-ին այնտեղ կրկին  «Օսկարներ» կբաժանեն։ Լրատվամիջոցներն արդեն այսօր փորձում են  հետաքրքրություն առաջացնել այդ մրցանակների նկատմամբ` ենթադրություններ անելով հաղթողների մասին և նյութեր հրապարկելով առաջադրված թեկնածուների վերաբերյալ։ Հայտնի մրցանակաբաշխությունների շուրջ ստեղծված իրարանցումն  այսօր դարձել է արհեստական և հնացած։

80-ականներին շատ հայտնի էր The Buggles խմբի «Video Killed the Radio Star» երգը, որը թողարկվել էր 1979-ին և մեծ ճանաչում գտել 1981-ին, երբ սկսվեց երաժշտական հեռուստատեսության պատմությունը, և այդ երգի տեսահոլովակը բացեց MTV հեռուստաալիքի առաջին եթերը։ Վիդեոն սպանեց ռադիոեթերի աստղին և մի քանի տասնամյակ նախանշեց երաժշտական արդյունաբերության սպառման կանոններն ու մարքեթինգը։ Հետո հայտնվեց ինտերնետը, որն էլ իր հերթին համարվում է հեռուստատեսության ու էլի շատ բաների դահիճը, թեև այստեղ կարելի էր խոսել նաև բազմաթիվ սովորական բաների` նոր ձևաչափով վերածնվելու մասին։ Մշակույթի ոլորտում «Ոսկե գլոբուսի», «Օսկարի» և «Գրեմիի» պես խոշոր մրցանակաբաշխությունները նույնպես դարձան համացանցի զոհը, քանի որ այն սկսեց իմաստազրկել և հեղինակազրկել դրանք։

Մեր կյանքի ժամանակը, որը ոչ ոք չի վերադարձնի

«Օսկարի» մրցանակաբաշխության հեռարձակումը ռադիոյով սկսվեց 1930-ին։  Հեռուստատեսությամբ այն առաջին անգամ ցուցադրվեց 1953-ին, իսկ «Ոսկե գլոբուսի» հեռուստատեսային հեռարձակումը տեղի ունեցավ հինգ տարի անց` 1958-ին։ Ավելի քան կես դարի ընթացքում մրցանակաբաշխությունները դարձան ավելի դիտարժան, տեխնիկան և հեռարձակումներն` ավելի որակյալ, բայց, միևնույն է, դրանք մնացին միօրինակ։

Այսօր, ինչպես տասը տարի առաջ, նախ ցուցադրում են կարմիր գորգը, որպեսզի դուք կարողանաք տեսնել շքեղ զգեստներով աստղերին ու լսել նրանց շաղակրատանքը` ի պատասխան լրագրողների այս կամ այն հարցի (առավել հաճախ դա լինում է. «ի՞նչ զգեստ եք հագել»)։ Այնուհետև դուք տեսնում եք վարողին, որը փորձում է կատակել` փոփոխական հաջողությամբ, լսում եք առաջադրված  կինոգործիչների անունները` կարճ ցուցակից, և հետևում եք, թե ինչպես է արձագանքում հանդիսատեսը, ինչպես են հաղթողները բարձրանում բեմ։  Կրկին ավանդական ու ծեծված, ինչպես Օլիվիեն` նախագահի ամանորյա շնորհավորանքի ժամանակ։ Ընդ որում, մրցանակաբաշխության հեռարձակումը տևում է մոտավորապես երկուսից մինչև հինգ ժամ, իսկ դա չափազանց շատ է` հաշվի առնելով այժմյան կյանքի մշտական շտապողականությունը։

Ցավոք, մրցանակաբաշխության` արդիականացվելու ջանքերն ի չիք են դառնում հասարակության ճնշման ներքո, որը պահանջում է ավելի շատ ռասայական բազմազանություն, գենդերային հավասարություն և ներառականություն։ Դա, անշուշտ, կարևոր է, սակայն մրցույթները չափազանց դանդաղաշարժ են առաջադիմության տեսակետից և, ամենայն հավանականությամբ, այլևս չեն կարող նոր գաղափարների և հայացքների առաջամարտիկներ դառնալ։ Բացի այդ, մրցանակաբաշխությունները ևս դրանից չեն դառնա ավելի հետաքրքիր, իսկ առաջադրվածներին ընտրելու գործընթացն` ավելի թափանցիկ ու հասկանալի։ Կարելի է պարզապես փակել բոլոր մրցույթները, որպեսզի դրանք դադարեն թունավոր գաղափարներ տարածել, և ոչ մի վատ բան տեղի չի ունենա։

Զարմանալի չէ, որ 2018-ն աչքի ընկավ նման մրցանակաբաշխությունների նկատմամբ հետաքրքրության անկմամբ։ «Ոսկե գլուբուսի» լսարանի քանակը վերջին տարիներին աստիճանաբար նվազում էր, իսկ անցյալ տարի դրա հեռուստատեսային վարկանիշն իջավ հինգ տոկոսով։ «Օսկարը», որը ոչ մարզական հեռարձակումների շարքում հեռուստատեսային լսարանի առումով դեռ առաջատարն է, 2018-ին իջավ 19 տոկոսով։ Երաժշտական աշխարհի «Օսկար» համարվող «Գրեմին» ևս կորցնում է հեռուստալսարանի հետաքրքրությունը։

Համացանցն ընդդեմ մրցանակաբաշխությունների

Համացանցը կարող էր «Օսկարի» և «Գլոբուսի» մրցանակաբաշխությունների նոր  ապաստանը դառնալ, սակայն դրա փոխարեն նման իրադարձությունների դիտումն  ավելի անիմաստ դարձրեց և իրականում մեծապես բովանդակազրկեց այդ բոլոր արձանիկները։

Ցանկացած խոշոր մրցանակաբաշխությունից անմիջապես հետո որոշ կայքերում հայտնվում է մրցանակակիրների ամբողջական ցուցակը, մյուս կայքերում էլ` օրվա ընթացքում։ Բոլոր ամենագեղեցիկ ու ամենաձախողված զգեստները նորաձևության կայքերը մեծ պատրաստակամությամբ ձեզ կներկայացնեն հենց հաջորդ օրը։ Լավագույն պահերը Ինստագրամում և Յութուբում հավաքված կլինեն  ամենահարմար ձևով` դրանց դիտումն ու ընթերցումն ամենաշատը կես ժամ  կխլի։ Այսօր ինքներդ կարող եք ընտրել, թե ինչ եք հատկապես ցանկանում իմանալ անցած մրցանակաբաշխության մասին, բայց այլ հարց է` արդյո՞ք ընդհանրապես դա իմանալը պետք է միջին վիճակագրական մարդուն։

Ժամանակակից` մշտապես տեղեկատվական հոսքերում գտնվող մարդու հոգնածությունը կատակ բան չէ, և անգամ ամենախոշոր ու հեղինակավոր մրցանակաբաշխությունները վերածվում են տեղեկատվական աղմուկի։ Այսօր մոտ մեկ տասնյակ խոշոր մրցանակներ կան զվարճանքի արդյունաբերության մեջ, ու մի քանի տասնյակ էլ` ավելի փոքր, և դրանք բոլորը գրեթե կրկնում են միմյանց։ Դա ակնհայտ դարձավ համացանցի տարածման շնորհիվ, որտեղ այժմ տեղեկատվություն է հայտնվում քիչ թե շատ կարևոր բոլոր իրադարձությունների մասին։ Զարմանալի չէ, որ մարդիկ հոգնում են մրցանակաբաշխություներից, ինչպես  նորաձևության ձանձրացրած միտումներից։

Խոշոր մրցանակաբաշխությունների և դրանց արդյունքների կարևորությունն  իսկապես լուրջ հարց է։ Եվ դա վերաբերում է ոչ միայն նրան, թե արդյո՞ք դուք պետք է որևէ բան իմանաք պայմանական Քրիստեն Ստյուարտի օսկարյան դիմահարդարման մասին, երբ Յութուբը լիքն է բյութի բլոգերներով, որոնք  դիմահարդարման տասնյակ տարբերակներ են առաջարկում կյանքի բոլոր դեպքերի համար, այլև նրան, որ մրցանակները տրվում են հենց ֆիլմերին ու երաժշտական ստեղծագործություններին։ Նախկինում, երբ համացանց չկար, մրցանակներն օգնում էին մարդկանց կողմնորոշվել, թե ինչ է պետք դիտել և լսել, բայց այսօր, երբ մեկ–երկու կտտոցով հնարավոր է դիտել ցանկացած ֆիլմի թրեյլերը, լսել որքան ալբոմ ուզես և ընթերցել բազմաթիվ կարծիքներ մշակույթի ցանկացած ստեղծագործության վերաբերյալ, «օսկարակիր» և այս կամ այն «մրցույթի մրցանակակիր» արտահայտություններն արդեն այնքան էլ ազդեցիկ չեն հնչում և այնքան էլ մեծ դեր չեն խաղում մարքեթինգի համար։

Չափազանց հաճախ մրցույթների երկար ու կարճ ցուցակներում հայտնվում են մարդիկ, որոնց անուններն առանց այդ էլ վաղուց բոլորին հայտնի էին։ Նոր բացահայտումնե՞ր եք ուզում։ Բարի գալուստ փառատոներ, որոնք պրեմիերաների դրոշակակրի դեր են տանում և բարեհաջող կերպով կատարում են նոր անունների բացահայտման գործառույթը կինոյի և երաժշտության բնագավառներում, իսկ զարմացնելու ունակությունը կարևոր է ներկայիս լսարանի համար, որն արդեն չափից շատ բան է մարսել, չէ՞ որ ինտերնետն ընդունակ է գերհագեցնել։

Մրցույթները կորցրել են փոփ մշակույթում փարոսի իրենց դերը։ Դրանց միօրինակությունը ձանձրացրել է լսարանին, հաղթողների վերաբերյալ որոշումները հաճախ տարակուսանք են առաջացնում կամ ոչ ճիշտ շահերին ծառայելու մեղադրանքներ, իսկ տեղեկատվության մեծ քանակը, որին ծնունդ են տալիս դրանք, պարզապես պետք չէ երկրագնդի բնակչության մեծ մասին։ Մրցույթները չեն կարողանում գտնվել մշակութային և սոցիալական միտումների ավանգարդում, իսկ համացանցն ավելի լավ է կարողանում կողմնորոշել մեզ երաժշտության և կինոյի նորույթների հարցում։ Ի վերջո, միակ խոշոր մրցանակը, որն այսօր կենսականորեն կարևոր հետաքրքրություն է ներկայացնում լայն լսարանի համար, Նոբելյանն է, քանի որ գիտնականների հայտնագործություններից կախված է մեր քաղաքակրթության ճակատագիրը, գրականության պարագայում էլ չես կարող այնպես արագ կողմնորոշվել` որն է լավ, որը` վատ, ինչպես կինոյի և երաժշտության դեպքում։

Պատրաստեց Ռուզան Բագրատունյանը