Ո՞վ էր իրականում այդ կինը՝ մինչ օրս գաղտնիք է մնում: Դերասանուհի Օլգա Չեխովան Օլգա Կնիպպերի՝ Ա. Չեխովի կնոջ զարմուհին էր: Տարագրությունից հետո Գերմանիայում նա դարձավ հայտնի դերասանուհի, նրան հովանավորում էր Հիտլերը: Վարկած կա, որ նացիստական Գերմանիայում իր հաջողությունների մասին ոչ միայն գիտեին ԽՍՀՄ-ում, այլև ղեկավարում էին նրա բոլոր գործողությունները: Հետպատերազմյան Եվրոպայում նրան անվանում էին ռուսական Մատա Հարի:

Օլգա Կոնստանտինովնա ֆոն Կնիպպեր-Դոլլինգը ծնվել է 1897 թ. Ալեքսանդրապոլում (Լենինական, Գյումրի), ռուսացած գերմանացու ընտանիքում: Այս ընտանիքի շատ ներկայացուցիչներ արվեստի մարդիկ էին. նրա հորաքույրը՝ Օլգա Լեոնարդովնա Կնիպպեր-Չեխովան, ՄԽԱՏ-ի  դերասանուհի էր և Ա. Պ. Չեխովի կինը, եղբայրը՝ Լև Կնիպպերը, երգահան-կոմպոզիտոր:

Օլգան դերասանուհի դարձավ իր հռչակավոր հորաքրոջ հովանավորության շնորհիվ: Նրան այդ ժամանակ սիրահետում էին Ա. Չեխովի երկու զարմիկները՝ Միխայիլը և Վլադիմիրը: Օլգան ընտրեց դերասան Միխայիլին: Մերժված Վլադիմիր Չեխովը դրանից շատ չանցած ինքնասպանություն գործեց, որի պատճառ դարձավ հավանաբար դերասանուհու մերժումը: Չորս տարի անց նա հեռացավ ամուսնուց, ամուսնացավ հունգար Ֆրիդրիխ Յարոշիի հետ և 1921 թ. նրա հետ մեկնեց Գերմանիա:

Վարկած կա, որ Օլգա Չեխովան հավաքագրվել է խորհրդային հետախուզության կողմից: Նախքան ելքի արտոնություն տալը, դերասանուհու հետ զրուցում են Ռազմական հետախուզության վարչությունում: Ստույգ հայտնի չէ, թե ինչի մասին է եղել զրույցը. ոչ մի փաստական վկայություն չի պահպանվել: Որոշ ուսումնասիրողներ ենթադրում են, որ հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել Չեխովայի հավաքագրումը, իսկ որպես երաշխիք Մոսկվայում պահել են նրա մորը և դստերը:

Նրա դեբյուտը գերմանական կինոյում 1924 թվականին էր, և այդ ժամանակից սկսած կանոնավորապես նկարահանվում է, տարեկան 6-8 ֆիլմում: Նա չուներ ակնառու դերասանական տվյալներ, խաղում էր նույնատիպ դերերում՝ մարմնավորելով արիստոկրատների ու արկածախնդրուհիների, սակայն Օլգան կարողանում էր գերել ու հմայել, ուստի և նրա մասին խոսեցին: 1923 թ. նա բաժանվեց նաև երկրորդ ամուսնուց և սկսեց զբաղվել կարիերայով: 1928 թ. «Մուլեն Ռուժ» ֆիլմից հետո դերասանուհի Օլգա Չեխովային ճանաչեց ողջ աշխարհը: Նրան հրավիրեցին Հոլիվուդ, որտեղ նա նկարահանվեց մի քանի ֆիլմերում, այդ թվում Հիչկոկի մոտ: Գերմանիա վերադառնալուց հետո նա շարունակեց նկարահանվել կինոյում, ընդամենը խաղացել է 132 ֆիլմերում, որոնցից և ոչ մեկը ԽՍՀՄ-ում չէին ցուցադրում:

1935 թ. Մյունխենի օպերայում Օլգան ծանոթանում է Եվա Բրաունի՝ Հիտլերի սիրուհու հետ: Կանայք ընկերանում են և սկսում հաճախ հանդիպել: Այս փաստը ևս մի պատճառ է ծառայում Չեխովային կասկածելու լրտեսության մեջ. հավանաբար, Եվա Բրաունի միջոցով նրան հաջողվում էր ինչ-որ տեղեկություններ հայթայթել: Բացի դրանից, մինչև պատերազմը Օլգան հաճախ էր ԽՍՀՄ ուղարկում ծանրոցներ և նամակներ, ինչը այն ժամանակ հնարավոր էր միայն ՆԳ ժողկոմիսարիատի հավանության դեպքում:

Նացիստների իշխանության գալուց հետո Գերմանիայից հեռացան շատ դերասաններ և ռեժիսորներ, իսկ Օլգա Չեխովան մնաց: Նրան ներկայացրին Հիտլերին, Հիմլերին և Գեբելսին, Հիտլերը խրախուսում էր նրա բարեկամությունը Եվա Բրաունի հետ և հովանավորում իբրև դերասանուհու, նրան անվանելով իր սիրելի դերասանուհին: 1936 թ. նրան շնորհեցին Երրորդ Ռայխի պետական դերասանուհու կոչում: Այդ նույն տարում նա ամուսնացավ բելգիացի միլիոնատեր Մարսել Ռոբինսի հետ:

Արևմտյան ԶԼՄ-ներում պատերազմից հետո Չեխովային միահամուռ կնքեցին խորհրդային լրտեսուհի, հենց նրան էին համարում տեղեկատվության այն գաղտնի աղբյուրը, որի հետ ողջ պատերազմի ընթացքում կապ էր պահում ԽՍՀՄ հետախուզության լեգենդար գործակալ Շանդոր Ռադոն:

Վարկած կա նաև, որ Օլգա Չեխովան մասնակցել է Հիտլերի դեմ մահափորձի նախապատրաստությանը, սակայն Ստալինի հրամանով այդ ծրագիրը չեղյալ է հայտարարվել:

1945 թ. ապրիլին Չեխովային ձերբակալում են Սմերշ հակահետախուզության սպաները: Հարցաքննությունից հետո նրան ռազմական ինքնաթիռով ուղարկում են Մոսկվա: Որքան էլ տարօրինակ է, ֆաշիստների գործակցուհուն չձերբակալեցին և չգնդակահարեցին: Երեք ամիս նրա հետ զրույցներ էին վարում Աբակումովը և Բերիան, իսկ հետո դերասանուհուն վերադարձրին Գերմանիա, ինչը կրկին առիթ է տալիս եզրակացություն անելու իր գաղտնի առաքելության մասին: Բերիայի որդին՝ Սերգոն ասում էր, որ ինքը ոչ մի կասկած չունի, որ դերասանուհի Օլգա Չեխովան խորհրդային բարձրակարգ ոչ լեգալ հետախույզ էր:

Հօգուտ ԽՍՀՄ-ի Օլգա Չեխովայի լրտեսության վարկածը ապացուցված չէ: Սակայն կա և այլ կարծիք. այդ հատուկ ծրագրված ապատեղեկատվությունը տարածվել է առասպել ստեղծելու նպատակով ամենակարող խորհրդային հետախուզության և ռուս Մատա Հարիի վարպետության մասին, որը ներթափանցել է նացիստների հենց որջը: Մեր օրերում Օլգա Չեխովայի մասին գրեթե չգիտեն, շատ ավելի հայտնի է նրա հորաքույրն ու անվանակիցը՝ Օլգա Կնիպպերը՝ Անտոն Չեխովի վերջին սերը:

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը


Ֆրանսուա Տրյուֆոյի՝ մեր ժամանակներին ուղղված ֆիլմը

1955-ին կարճամետրաժ «Այց» ֆիլմով կինոասպարեզ մտած ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոն մեծ կինոժառանգություն է թողել՝ դասական ֆիլմեր, որոնց արդիականությունը խոստովանելու են...