Մի էմիգրանտի կյանքի պատմություն։ Կրկնված ու ծեծված կինոնյութ։ Այնքան կրկնված ու մաշված, որ արդեն իսկ առաջին պահին հանդիսատեսի և քննադատների հայացքներում նկատվում է մի փոքր քմծիծաղ՝ ուղղված թե՛ «հոգնեցրած» թեման  ընտրած  ռեժիսորին, թե՛ թեման վերստին շահարկող փառատոնին։

Առաջին 15 րոպեներից հետո հեգնական քմծիծաղը վերածվում է գոհունակ ժպիտի, իսկ վերջում՝ կիսաբաց բերանների․ ամբողջ ֆիլմի ընթացքում դաժանաբար գլխատվում են թերահավատ հանդիսատեսի կասկածները:

«Հոմանիշները» իսրայելցի գրող և ռեժիսոր Նադավ Լապիդի երրորդ ֆիլմն է՝ կրկին ինքնակենսագրական, ինքնահայեցողական ու չափազանց սուր քաղաքական։

Պատմությունը մի հրեա տղայի մասին է, որը տեղափոխվելով Փարիզ, հստակ որոշում է վերջնականապես կտրել անցյալի հետ թելը՝ մտովի պատռելով իր լեզվամտածողության դարակներում առկա եբրայերեն-ֆրանսերեն «բառարանների» լուսանքից ձախ բոլոր թերթերը։

Արհեստածին հոմանիշների օգնությամբ խոսե՛լ բացառապես ֆրանսերեն. այդպիսով կարծես  իր ծրագրային կարգավորումներում «փոխելով լեզուն», հերոսը փորձում է փոխել իր սեփական «ես»-ը՝  անցյալը թաղելով անհոդաբաշխ հոմանիշների բառակույտի տակ։

Որքան լեզու գիտես այնքան մարդ ես, իսկ որքան հոմանիշ՝ այնքան ֆրանսիացի։

Հերոսը մերժում է ինքն իրեն, այդ մերժման շղթայով սեփական «վզին փաթաթելով» իր նոր  ինքնությունը։

Ռուբեն Օսթլունդի «Քառակուսուց» երկու տարի անց, ինքնության և հաղորդակցության  ուսումնասիրման  մի նոր կոնցեպտուալ կինոակտ է դառնում «Հոմանիշները», որտեղ հստակ երևում է նրանց երկուսի կնքահոր՝ Ժան-Լյուկ Գոդարի «օրհնանքը»։ Գոդարի «Վերջին շնչով» ֆիլմը կարմիր թելով անցնում է «Հոմանիշներում», սակայն ֆիլմն այնքան   իմպուլսիվ է ու նյարդային, որ հանդիսատեսը  կարող է անգամ չնկատել դա։

Թեմատիկ զուգահեռները Լապիդին Օսթլունդի հետ միավորելուց բացի կան նաև քաղաքական կոռեկտության շրջանակներից դուրս գալու հաջողված փորձեր։ Հավատացեք, այսօրվա եվրոպական փառատոնային աշխարհում դա խիզախություն է, ինչի մասին վկայում են գրեթե բոլոր մրցույթային ֆիլմերից ստացած տպավորությունները։

Ֆիլմը պրովոկատիվ է անգամ Իսրայելի հանդեպ, որը գլխավոր հերոսի հայրենիքից բացի նաև ֆիլմարտադրող երկիր է։ Իսրայելին նույնպես հավանաբար խիստ դուր չի գա Նապիդի «հայրենադավ» և «ուրացող» կոնցեպտը։ Բայց արդյունքում՝ ի՞նչը կարող է լինել էլ ավելի հայրենանվեր , քան Բեռլինալեի «Ոսկե արջին» իսրայելական որջ տեղափոխելը։

Խիզախ և ինքնատիպ Լապիդը,  հրաշալի օպերատոր Շայ Գոլդմանի և փառահեղ դերասան Թոմ Մերսեի  ջանքերով ներխուժում է հերոսի ինտիմ տարածություն, ապա կադրերի խտությամբ ու խոշորացմամբ՝  սահուն փոխանցում կլաուստրոֆոբիայի, բարդույթի ու խոցելիության մթնոլորտը։

Ինքնության և էմիգրացիայի թեմաներով կինոբառարանում առկա բազում հռչակավոր ֆիլմանունների կողքին անգամ,  եթե Լապիդը չի ստեղծել  նոր խոսք, ապա հաստատ եղածների վրա ավելացրել է մի փայլուն հոմանիշ ։

 

Կարեն ԱՎԵՏԻՍՅԱՆ