1955-ին կարճամետրաժ «Այց» ֆիլմով կինոասպարեզ մտած ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոն մեծ կինոժառանգություն է թողել՝ դասական ֆիլմեր, որոնց արդիականությունը խոստովանելու են նաև ապագա սերունդները։ Տրյուֆոն զտարյուն ֆրանսիական կինոարվեստի դասականներից է, որի մտածողությունն ու հայացքը ձգվել են իր ժամանակներից էլ հեռու՝ դեպի մեր հազարամյակ։ Ապրել է ընդամենը 52 տարի, ստեղծել բազմաշերտ, բազմազան ու բազմերանգ կինոարվեստ։

Ի հիշատակ անվանի կինոռեժիսորի (փետրվարի 6-ը Տրյուֆոյի ծննդյան օրն է) Հայաստանի կինոգործիչների միությունը  ցուցադրեց «451 աստիճան՝ ըստ Ֆարենhեյթի»  ֆիլմը։ «8 1/2» հեղինակային հաղորդաշարում Զավեն Բոյաջյանն այս ֆիլմի մասին հեռուստադիտողներին պատմել է դեռ 1990-ականներին։ Բայց այն ժամանակ ֆիլմը ցուցադրելու հնարավորություն չկար, իսկ այսօր այն կարելի է ռուսերեն թարգմանությամբ դիտել համացանցում։ Տարիներ անց՝ օրերս, Տրյուֆոյի ֆիլմը նորից ներկայացրեց կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը։

«451 աստիճան՝ ըստ Ֆարենhեյթի» ֆիլմը Տրյուֆոյի ամենաքիչ ցուցադրված ֆիլմն է առհասարակ։ Հակաուտոպիայի մասին այս ֆիլմի հիմքում ամերիկացի նշանավոր գրող Ռեյ Բրեդբերիի համանուն վեպն է։ 1966 թվականին նկարահանված ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնին և մրցանակի չի արժանացել։

Թուղթն այրվում է 451 աստիճանում՝ ըստ Ցելսիուսի։ Ռեյ Բրեդբերին սխալմամբ է իր գրքի վերնագրում Ցելսիուսի անվան փոխարեն Ֆարենհեյթի անունը գրել։ Գրքերի և ընթերցանության սիրահար Տրյուֆոն այլաբանորեն՝ որպես ֆանտազիայի ժանր, ներկայացրել է համահարթեցման, միակարծության, վախի ու գորշության մի ժամանակաշրջան, որը նա կապում է ամերիկայ ն իրականության հետ։ Բայց, ըստ էության, տարբեր պետություններ ու տարբեր հասարակություներ իրենց մաշկի վրա ևս զգացել են այդ ողբերգությունը։ Գիրքն ու կարդալը խստիվ արգելվում են, և հրահանգը տրված է պետական մակարդակով։ Պատժողները հրշեջներն են, որոնք ոչ թե հրդեհ են մարում, այլ հրդեհ են ստեղծում. նրանք անխնա գրքեր են այրում։ Հրշեջ կայանի մոտ փոստարկղ է դրված. մարդիկ միմյանց մատնում են, հարևանը հարևանի, կինն ամուսնու, հայրը որդու մասին տեղեկություններ է գցում փոստարկղի մեջ, թե որտեղ են թաքցվում գրքերը։ Վախի ու ահաբեկության մթնոլորտը ծանրացել է քաղաքի վրա։

Պատմում են, որ ֆիլմը նկարելիս Տրյուֆոն ծանր ապրումներ ու դժվարություններ է ունեցել։  «451 աստիճան՝ ըստ Ֆարենhեյթի» ֆիլմում ներկայացված է գրքերի, գիտակ և ուսյալ մարդկանց ճակատագիրն ապագայում։ Ֆիլմի նկարահանումներից առաջ Ֆրանսուա Տրյուֆոն դիմել է Ռեյ Բրեդբերիին՝ առաջարկելով գրել ֆիլմի սցենարը։ Վեպը լույս է տեսել 1953-ին. Բրեդբերին իր իսկ ստեղծագործությունից բավականին հոգնել էր, որովհետև թատերական 2 ադապտացիա էր արդեն իրականացրել։ Բրեդբերին հրաժարվում է 3-րդ անգամ անդրադառնալ իր վեպին՝ արդեն որպես սցենար։ Նա Տրյուֆոյին ասում է, որ իր վեպը սցենար և ֆիլմ դարձնելու ճանապարհին  նա կարող է լիովին ազատ լինել իր գործողություններում։

«451 աստիճան՝ ըստ Ֆարենhեյթի» ֆիլմը Տրյուֆոյի առաջին գունավոր կինոնկարն է։ Մինչ այդ նրա նկարահանած բոլոր ֆիլմերը սև-սպիտակ էին։ Իսկ Տրյուֆոն մինչ առաջին գունավոր ֆիլմը, արդեն իսկ բավականաչափ հայտնի անուն է. էկրան էր բարձրացրել մեծ ճանաչում ձեռք բերած «Կրակեք դաշնակահարի վրա», «400 հարված», «Ժյուլը և Ջիմը»  ֆիլմերը, որոնք համարվում են ֆրանսիական «Նոր ալիքի» դասական նմուշներ։    Տրյուֆոյի առաջին գունավոր ֆիլմը լինելուց բացի, «451 աստիճան՝ ըստ Ֆարենhեյթին» նաև ռեժիսորի առաջին անգլալեզու ֆիլմն է։ Տրյուֆոյին չի հաջողվել Ֆրանսիայում կինոարտադրող գտնել և ստիպված ֆիլմը նկարել է ամերիկյան փողերով։ Այս դժվարությունները ֆրանսիացի կիոռեժիսորի համար փորձություն հաղթահալեու պես մի բան էին։ Ֆիլմի նկարահանումներին զուգահեռ՝ նա օրագրեր է գրել, որոնք հետո հրատարակվել են ֆրանսերեն և անգլերերն։ Տրյուֆոն նկարագրել է իր տառապանքները, իր բնորոշմամբ՝ ամենատխուր և ամենադաժան կինոփորձությունը, քանի որ նա կոնֆլիկտային հարաբերությունների մեջ է եղել գլխավոր դերակատար Օսկար Վերների հետ։ Հակասությունները ֆիլմի նկարահանման ամբողջ ընթացքում ծանր մթնոլորտ են ստեղծել։ Տրյուֆոն հենց ինքն էր Օսկար Վերներին ընտրել՝ հիմնվելով նրա մյուս դերի վրա «Ժյուլը և Ջիմը»  ֆիլմում։ Մինչ այդ՝ Օսկար Վերները ճանաչված դերասան չի եղել. «Ժյուլը և Ջիմը»  ֆիլմով է հայտնի դարձել։ Տրյուֆոն, սակայն, մինչ վերջնական որոշման հասնելը տարակուսանքի մեջ է եղել. սկզբում որոշել է «451 աստիճան՝ ըստ Ֆարենhեյթի» ֆիլմում գլխավոր դերում նկարահանել իր սիրելի արտիստին՝ Շառլ Ազնավուրին, որին արդեն նկարել էր «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմում և ուղղակի հիացած էր Ազնավուրի դերասանական վարպետությամբ ու կերպարով։ Տրյուֆոն մեկ այլ դերսանի էլ է նկատի ունեցել հրշեջ Մոնտեգի դերում, եթե հնարավոր չլիներ Ազնավուրի մասնակցությունը։ Դերակատարի երկրորդ տարբերակը Ժան Պոլ Բելմոնդոն էր։ Բայց քանի որ Տրյուֆոն ֆիլմը ստիպված էր նկարել ամերիկացիների հետ, նրանք չեն համաձայնել ռեժիսորի առաջարկած տարբերակների հետ՝ պատճառաբանելով թե ո՛չ Ազնավուրը, ո՛չ Բելմոնդոն անգլախոս հասարակության շրջանում հայտնի անուններ չեն։ Տրյուֆոն տարբեր դերասանների անունների շուրջն է պտտվել, ի վերջո կանգ է առել Օսկար Վերների վրա։ Վերների խաղընկերուհին՝ Ջուլի Քրիստին,  1960-ականներին անգլիական կինոյի հայտնի անուններից էր։ Նա ֆիլմում մարմնավորում է երկու դեր։ Անձամբ Ռեյ Բրեդբերին համարում է, որ Ջուլի Քրիստիին նույն ֆիլմում երկու դեր վստահելը սխալ որոշում է եղել։ Փաստորեն, գլխավոր դերակատարների շուրջը բազմաթիվ տարակարծություններ ու խմորումներ են եղել։

Այնուամենայնիվ, չնայած ստեղծագործական ու տեխնիկական բարդություններին՝ «451 աստիճան՝ ըստ Ֆարենhեյթի» ֆիլմը 1966-ին էկրան բարձրացավ։ Ամբողջատիրական կարգերի օրոք այլախոհությունը մերժվում է ու դատապարտվում՝ համարվելով գրքերի հետևանք։ Վերահսկողությունը մարդկանց գազան է դարձրել, բայց չնայած վայրագություններին՝ կան ընդհանուր ռեժիմին դեմ գնացողներ, պայքարողներ, մտածողներ։ Երբ այլևս ելք չկա, նրանք փախչում և ապաստան են գտնում անտառում՝ հենց իրենք դառնալով գիրք։ Նրանցից մեկն էլ հրշեջ Մոնտեգն է։  Յուրաքանչյուրը համաշխարհային դասականներից մեկական ստեղծագործություն անգիր արած՝ ապրում է անտառում։ Կենդանի գրքերը սպասում են այն երանելի ժամին, երբ մարդկությունը կթոթափի համահարթեցման ռեժիմը։ Այնժամ նրանց կարիքը կզգան, կգան նրանց մոտ՝ լսելու, սովորելու մեծերի ու հանճարների պատմությունները։ Գրքեր այրելով՝ հոգևոր արժեքներն այրել չհաջողվեց։

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ