Բեռլինալե 2019-ը
Փետրվարի 7-ին՝ դանիացի ռեժիսոր Լոնե Շերֆիգի «Անծանոթների բարությունը» ֆիլմով, մեկնարկեց Բեռլինի 69-րդ միջազգային կինոփառատոնը։ Բեռլինի կինոփառատոնի ժյուրին այս տարի գլխավորում է դերասանուհի Ժուլիետ Բինոշը, որը 1997 թվականին ճանաչվել էր Բեռլինալեի լավագույն դերասանուհի՝ «Անգլիացի պացիենտը» ֆիլմում խաղացած դերի համար:
Այս տարի փառատոնում ներկայացված են 400 ֆիլմեր, որոնցից 17-ը հիմնական մրցութային ծրագրում են։ Իսկ մրցութային ծրագրում տեղ գտած 17 ֆիլմից յոթի հեղինակները կանայք են։
Փառատոնի գլխավոր մրցանակը` «Ոսկե արջը» ավանդաբար շնորհվում է տարվա լավագույն ֆիլմին։ Փառատոնի «Արծաթե արջ» մրցանակը տրվում է հետևյալ անվանակարգերում` «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն սաունդթրեք» և կինոյի զարգացման մեջ ունեցած ներդրման համար։
Հիմնական մրցույթային ծրագրից բացի Բեռլինի փառատոնի շրջանակում գործում են նաև «Համայնապատկեր» և «Նոր կինոյի ֆորում» ծրագրերը, եվրոպական կինոշուկան, միջազգային տեսափառատոնը և մանկական ու պատանեկան ֆիլմերի փառատոնը։
Բեռլինի առաջին կինոփառատոնը բացվել է 1951 թվականի հունիսի 6-ին՝ Ալֆրեդ Հիչքոքի «Ռեբեկա» ֆիլմի ցուցադրմամբ: Այժմ Բեռլինալեն իր հեղինակությամբ հավասարապես դասվում է Կաննի և Վենետիկի փառատոների շարքին: