Մեքսիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր  Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն կգլխավորի Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրին: Այդ մասին ասված է փետրվարի 27-ին՝  փառատոնի կազմկոմիտեի հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ։

«Իմ կարիերայի սկզբից ի վեր Կաննի փառատոնն ինձ համար շատ կարեւոր է եղել: Ես շատ շոյված եւ ուրախ եմ այս տարի այստեղ վերադառնալու համար եւ անսահմանորեն հպարտ եմ ժյուրին նախագահելու համար»,-մամուլի հաղորդագրությունում  մեջբերված է ռեժիսորի խոսքը, հավելելով, որ «կինոն մոլորակի երակներն է, իսկ այս փառատոնը՝ սիրտը»: 2019 թվականին Կաննի կինոփառատոնը կանցկացվի մայիսի 14-ից մինչեւ 25-ը:

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն դարձել է առաջին մեքսիկացին, որը մրցանակի է արժանացել Կաննի փառատոնի (2006 թ.) «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, եւ առաջին մեքսիկացին, որը նույնանուն կատեգորիայում անվանակարգվել է «Օսկար»-ի (2007 թ.). երկու դեպքում էլ «Բաբելոն» ֆիլմի (2006 թ.) համար: Երկու «Օսկար»-ների դափնեկիր Է (2015, 2016 թթ.) որպես լավագույն ռեժիսոր՝ «Բըրդմեն» (2014 թ.) եւ «Փրկվածը» (2015 թ.) կինոնկարների համար:  Ռեժիսորը «Փրկվածը» ֆիլմի ռեժիսորական աշխատանքի համար ստացել է նաև «Ոսկե գլոբուս» (2016 թ.) և Դևիդ Լինչի մրցանակ՝ Բրիտանական կինոակադեմիայի կողմից (2016 թ.)։