Լոս Անջելեսում՝ երեկ երկոյան,  տեղի է ունեցել «Ոսկե գլոբուսի» 76-րդ մրցանակաբաշխությունը։ Ինչպես հայտնում է  hollywoodreporter.com-ը, «Լավագույն դրամա»  անվանակարգում հաղթել է «Բոհեմական ռապսոդիա»-ն: Ռեժիսոր Բրայան Սինգերի կենսագրական ֆիլմը նվիրված է լեգենդար Queen ռոք խմբին: Նույն անվանակարգում էին ներկայացված նաև «Աստղ է ծնվել», «Սև հովազ», «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել» և «Կլանի սև անդամը» ֆիլմերը:
Լավագույն դրամատիկ դերասան է ճանաչվել «Բոհեմական ռապսոդիա»-ում ռոք երաժիշտ Ֆրեդի Մերկուրիին մարմնավորած Ռամի Մալեքը:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է Ալֆոնսո Կուարոնը՝ «Ռոմա» ֆիլմի համար: «Ռոմա» -ն հաղթող է ճանաչվել նաև «Օտարլեզու  լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Գլեն Քլոուզը ճանաչվել է լավագույն դրամատիկ դերասանուհի («Կինը» ֆիլմ): Նույն անվանակարգում նրա հետ մրցում էին Նիքոլ Քիդմանը, Լեդի Գագան, Մելիսա Մաքքարտին, Ռոզամունդ Փայքը:

«Լավագույն երգիծական ֆիլմ կամ մյուզիքլ» անվանակարգում հաղթել է Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը»:

«Երգիծական ֆիլմի կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Քրիստիան Բեյլը, որը «Իշխանություն» ֆիլմում մարմնավորել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնիին:

Մայքլ Դուգլասը «Ոսկե գլոբուս» նվաճեց «Կոմինսկու մեթոդը» կատակերգական սերիալում խաղացած դերի համար: 74-ամյա աստղն իր հաղթանակը նվիրել է հորը՝ Հոլիվուդի կենդանի լեգենդ Քըրք Դուգլասին: Սա դերասանի չորրորդ «Ոսկե գլոբուսն» է:

Հիշեցնենք, որ «Ոսկե գլոբուսը» «Օսկարից» հետո երկրորդ հեղինակավոր մրցանակաբաշխությունն է։