Երբ 15 տարի առաջ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Տիգրան Մանսուրյանի 65 ամյակի առիթով հոբելյանական համերգ էր կազմակերպվել, մաեստրոյին շնորհավորեցին 80-ամյա կոմպոզիտորները։ Էդվարդ Միրզոյանը կատակեց՝ միշտ մեզնից ջահել մնաս, Տիգրան ջան։

Հունվարի 27-ին Տիգրան Մանսուրյանը դարձավ 80 տարեկան։

-Ես կարևորություն չեմ տալիս տոներին, թույլ չեմ տա, որ տոնն ինձանից օր խլի. պետք է աշխատեմ։ Տարդարձիս կապակցությամբ երկու քույրերս՝ Արաքսն ու Սոնան եկել են։ Դուստրս էլ Լոս-Անջելեսից է եկել։ Հավաքվեցինք մենք մերոնցով՝ հարազատներով, մտերիմներով, ընկերներով։ Ոչ մի պաշտոնական բան չկար։ Այնպես էի արել, որ ցերեկն ինձ տրամադրեին, երեկոյան էլ իրենց գործերով զբաղվեին։ 80… դեռ երազանքներ ունեմ, անելիքներ կան։ Թվում է, թե 80-ի ժամանակ պիտի դեպի հանգստություն գնամ, բայց չէ՜, հանգստի ժամանակ չկա։ Դեռ պիտի հոգևոր երաժշտություն գրեմ։ Շնորհալու, Նարեկացու ստեղծագործությունների հիման վրա գրել եմ, բայց ուզում եմ ինքնուրույն գործեր ստեղծել։ Հոգևոր երաժշտություն եմ ուզում փոխանցել սերունդներին։

-Հոբելյանակ համերգներ են լինելու, դրանցից մեկը նախատեսված է Լոս-Անջելեսի «Զիփեր հոլ»-ում. իմ վաղեմի բարեկամ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանն է նվագելու: Երևանում ևս կհնչեն իմ կամերային ստեղծագործությունները։ Ֆիլհարմոնիկ ու սիմֆոնիկ նվագախմբերը փառատոնի ինչ-որ ծրագիր ունեն։ Տեսնենք։ Սրանք իմ ստեղծագործական կյանքի մի մասն են, իսկ այն, ինչն անմիջականորեն ինձ հետ է կապված, նոտաներն են, ամենօրյա տքնաջան աշխատանքը։ Ինձ հետ են մեր մեծերը, մեր հանճարները։ Նրանց աշխարհում ես ինձ լավ եմ զգում։ Չարենց… նա լիովին փոխել է ինձ դեռ տասնամյակներ առաջ։ Այնքա՜ն անելու բան կա, այնքա՜ն շատ են հետաքրքրությունները. պատկերացնո՞ւմ եք, ես բոլորովին վերջերս եմ հայտնաբերել իսկական, ոչ սովետական Չեխովին։ Պարզել եմ, որ սովետական ժամանակներում նրան անընդհատ խմբագրել են, խմբագրվել է նրա կյանքը, նրա ստեղծագործությունը։ Հարազատ քույրն անընդհատ խմբագրել է նրա նամակները, անձնական կյանքը։ Փայլեցված Չեխով են ներկայացրել։ Այ այսպիսի բաներ։

-Հրանտ Մաթևոսյանի տանը միշտ բացված-դրված Չարենց կար։ Ի՜նչ մեծություն էր Հրանտը։ Ի՜նչ ուրախ եմ, որ նրա համար կինոերաժշտություն եմ գրել։ Այս մեկը նվիրում եմ Հրանտին: (Նվագում է <Աշնան արև> ֆիլմի երաժշտությունը): Առհասարակ, կինոերաժշտությունն է ինձ հայտնի դարձրել, ինձ ճանաչում բերել։ Դա իսկապես այդպես է։  Իմ կյանքից 20 տարի նվիրել եմ կինոերաժշտությանը՝ 1964-1984 թթ.։ Աշխատել եմ անընդհատ։ 100 ֆիլմերի համար երաժշտություն եմ գրել՝ էլ լիամետրաժ ու կարճամետրաժ, փաստագրական ու գեղարվեստական։ Իհարկե, մեծ մասը չկա, ոչ ոք դրանց տեղը չգիտի էլ։ Ես մինչև կինոերաժշտությունն էլ կոմպոզիտորական լուրջ գործեր եմ գրել։ Ճանաչո՞ւմ եք դաշնակահար, կոմպոզիտոր, տեսաբան Արթուր Ավանեսովին։ Վստահ եմ, քչերը գիտեն նրա մասին։ Բայց շատ լուրջ արվեստագետ է, լուրջ երաժշտություն է գրում ու նվագում, նաև թեզ է պաշտպանել։ Բազմակողմանի երաժիշտ է։ Ես Արթուր Ավանեսովի նման կլինեի՝ քիչ ճանաչաված կամ ընդհանրապես չճանաչված, եթե կինոերաժշտություն չգրեի։

-Ֆիլմերի համար աշխատած տարիներից չեմ կարող չառանձնացնել այն ժամանակաշրջանը, երբ համագործակցում էի Սերգեյ Փարաջանովի հետ։ Ինձ համար չափազանց գնահատելի է այն ռեժիսորների հետ աշխատանքը, որտեղ խաղ չկա։ Այդ տեսակետից փառահեղ ռեժիսորներ էին Հենրիկ Մալյանը, Սերգեյ Փարաջանովը։ 1969-ին ես կինոյում արդեն 4 տարվա փորձ ունեի ու հայտնվեցի Փարաջոնվի կողքին։ Նույն  թվականին  երաժշտություն գրեցի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի համար. այդ տարի  Հովհաննես Թումանյանի 100-ամյակն էր։ Բագրատ Հովհաննիսյանը նկարեց «Աղքատի պատիվը» ֆիլմը, ես էլ երաժշտությունը գրեցի։  Փարաջանովը հենց «Նռան գույնը» նկարեց, մոնտաժված ֆիլմն ուղակեց Երևան, թե՝ հենց պետք լինի, հեռագիր կուղարկես, կգամ, եթե չէ, ես էդ կողմերը եկողը չեմ։ 3 ամիս աշխատեցի, մարդիկ համբերատար սպասեցին։ Ես կինոյի աշխարհում   չեմ տեսել մի աշխատանք, որտեղ բանահյուսությունը որպես պարզագույն նյութ հանդես գա։ Իսկ Փարաջանովը դա արեց։ Նա վերցրեց թառի նվագից մի կտոր, այն միահյուսեց մեկ այլ մեղեդու հետ ու ստացվեց բոլորովին ուրիշ մի երևույթ։

-Շատ եմ գնահատում այն կինոերաժշտությունը, որը գունազարդելու նպատակ չունի։ Ներկա է, բայց նաև ներկա չէ։ Գնահատում եմ պարզագույն, առօրեական ընթացքը. մի սյուժե դուրս է գալիս մի իրավիճակից, մտնում մյուսի մեջ, արանքում անօդ տարածություն կա։ Ճոճքը, ճոճվելու տարածքը կա։ Գնահատում մեմ չհորինված, պարզ լուծումներով երաժշտությունը։ Պարզ երաժշտություն գրելն ինքնին բարդ է։ Երաժշտությունը սյուժե է դառնում, երբ ֆիլմից առանձնացնում ես: Այն առանձին պատմություն է դառնում, բայց ֆիլմի հետ էլ շատ ներդաշնակ, համաձայն, սիրով ապրում է։ Ֆիլմերը, որոնց համար ես երաժշտություն եմ գրել, նկարագրում են Հայաստանի գավառները, գյուղերը։ Այդ տարածքների մարդկանց հոգեբանությունն ինձ հարազատ է. չէ՞ որ ես Արթիկում եմ մեծացել։ Մեղեդիներն այդ ճանաչողության հիմքով են գալիս. բարզ, մարդկային հարաբերություններ: Իրար հասնելու, օգնելու ձգտումները երաժշտության դառնալու ճանապարհին ներշնչում են ինձ։ Եթե նկատել եք, ես երբեք իմ երաժշտության մեջ չեմ խոսել մեծ քաղաքների անունից։ Այդ տարիների մեր երգերը բազմամիլիոնանոց քաղաքների շքեղությունը ունեին, ապրում էին այդ միջավայրում և այդ մթնոլորտում։ Բայց ես դրան դիմելու կարիքը երբեք չեմ ունեցել։ Հենց դա է ինձ տարբերում մյուսներից։

-Աշխարհը շատ բազմազան է, կյանքը՝ խառնակ, երաժշտություն ասվածը՝ բազմաշերտ։ Մեզանում և՛ ռաբիս կա, և՛ գուսանական, և՛ ժողովրդական, և՛ կինոերաժշտություն, որ առանձին էլ է հնչում։ Այս ամենի մեջ դասականի բաժինն ընդամենը մեկ տոկոս է։ Սա է ցավալին։ Ի՞նչ արած. մարդիկ հեշտի հետևից են վազում, ուզում են ստացածը շուտ մարսվող լինի։ Բախի, Բեթհովենի երաժշտությունը հասկանալը հե՞շտ է։ Իհարկե, ոչ։ Մարդիկ ուզում են դժվարությունները շրջանցել, ուզում են հեշտ ապրել։ Բայց գիտե՞ք՝ ի՜նչ հաճելի է դասական երաժշտության հարցադրումնեը հասկանալ ու փորձել դրանց պատասխանները գտնել։

-80 ամյակիս ամենացանկալի շնորհավորանքը, որ կուզեի լսել, կնոջիցս է, որ չլսեցի։… Չեմ լսի։

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ