Նիգերիական կինեմատոգրաֆի վերելքը համեմատում են ՁԻԱՀ-ի տարածման հետ: Որակն այստեղ տեղի է տալիս քանակի դիմաց, բայց արդյունք կարող է տեսնել նույնիսկ շատ բան տեսածը: Նրանք, ովքեր մինչև հիմա մտածում են, որ աֆրիկյան կինեմատոգրաֆը մնացել է դատարկաձեռն, խորապես սխալվում են: Չէ որ Հոլիվուդից և իր այլանդակ-եղբայր Բոլիվուդից բացի գոյություն ունի և Նոլիվուդ՝ ահավոր, սարսափելի և պատրաստ ամեն ինչի:

Նիգերիացիները տարեկան թողարկում են մոտ հազար ֆիլմ:

Դա նման է դժոխային անխոնջ մեքենայի. որքան էլ առաջին հայացքից անհեթեթ թվա ստեղծված կինոնկարը, այն պետք է հասնի հանրությանը: Կինոն նկարահանվում է արագ և համարյա մեկ դուբլով: Երեք խցիկներ, իմպրովիզացիոն մոնտաժ, և ժապավենը պատրաստ է: Բոլոր ժամանակների և ժողովուրդների վատթարագույն ռեժիսոր Էդ Վուդի անտեսանելի ոգին անփույթ թագավորում է նոլիվուդյան բլոկբաստերների նկարահանումների վրա արդեն քառորդ դար: Նիգերիայի կինեմատոգրաֆը երիտասարդ է, իսկ իր զիջողամտությունը ինքն իր հանդեպ հասնում է ինքնազմայլանքի:

Եվ դա զարմանալի չէ: Չէ որ հաճախ պարզվում է, որ հանդիսատեսը և էկրանային կերպարը միևնույն մարդն են: Այստեղ ցանկացած ոք պատրաստ է կինոաստղ դառնալ և ձեռքն առնել խցիկը: Առավել ևս, որ ընդունելի է ցանկացած, այդ թվում և ձեռքի հեռախոսի խցիկը:

Կինոն Նիգերիայում արդեն վաղուց դուրս է եկել զվարճանքի շրջանակից և դարձել տնտեսության շարժիչ ուժ: Նոլիվուդը աշխատատեղ է ապահովում հսկայական թվով մարդկանց: Եվ թեև տեղի կինեմատոգրաֆիստների աշխատավարձերը մեծ չեն, բայց հո աշխատանք միշտ կա: Հարկ է միայն փողոց դուրս գալ:

Նեոռեալիզմը, նոր ֆրանսիական ալիքը, խորհրդային հալոցքը կամ անգլիացի «զայրացածները» ի հայտ եկան որպես պայքար հին ձևերի դեմ: Կինեմատոգրաֆիստները դուրս էին գալիս կինոարտադրամասերից, խցիկով փնտրում դեմքերը ոչ թե աստղերի, այլ իրենց ժամանակակիցների: Նոլիվուդում այդ ամենը կյանքի ավանդական ձև է: Այդ պատճառով էլ վերջին մի քանի տարիներին ռեժիսորները, ընդհակառակը, փորձում են արագ պատրաստված աղբից հեռանալ դեպի ավելի թանկ և որակյալ կինո:

Առաջին կինոթխվածքները

Ամենից շատ նոլիվուդյան կինոնկարները հիշեցնում են նախկին ԽՍՀՄ «վերակառուցման» ֆիլմերը: Հետաքրքրական է, որ ԱՊՀ-ում կոոպերատիվ կինոյի ծաղկումը համընկավ 90-ական թվականներին: Իսկ Նիգերիայում այդ նույն ժամանակ հայտնվեց առաջին նոլիվուդյան գլուխգործոցը՝ Living in Bondage: Այն նկարվել էր մեկ ամսում 12000 դոլար բյուջեով: Սյուժեն հեռավոր կերպով հիշեցնում էր Ռոման Պոլանսկու «Ռոզմարիի երեխան»: Բնականաբար, Living in Bondage-ում և պոետիկան էր պակաս, և սասպենսը, բայց բարոյախոսություն նկատվում էր, չնայած ժապավենի բոլոր անկատարություններին. սատանայի պաշտամունքը ինչպիսի առավելություններ էլ խոստանա, հետևանքները կլինեն շատ տհաճ:

Վհուկներն ու կախարդները մշտապես ներկա են նիգերիական կինեմատոգրաֆում, իսկ զոհաբերության ծիսակատարությունները հարմարավետ մթնոլորտ են ստեղծում տեղի հանդիսականի համար: Դա կյանքի բաղկացուցիչ մաս է, բայց նման բան տեսնել էկրանին 1992 թ.  իսկական անակնկալ էր: Կինոնկարը տեսաերիզներով վաճառվում էր միլիոնավոր օրինակներով, գերազանցապես փողոցային առևտրականների կողմից:

Պարզվեց, որ 90-ականները նախկին Միությունում և Նիգերիայում շատ նման էին. հանցավորության խրախճանք, նյութական անկայունություն, աշխատատեղերի պակաս: Նոլիվուդի առաջին հանդիսատեսները նախընտրում էին կինոնկարները նայել տանը տեսաերիզներով, և ոչ թե կինոթատրոններում, որոնք չափազանց քիչ էին: Եվ առհասարակ փողոց դուրս գալը պարզապես վտանգավոր էր, իսկ ֆիլմերի սյուժեները քիչ բանով էին տարբերվում իրական կյանքից: Պետք է ասել, որ Նոլիվուդը հաջողացրեց Նիգերիայում փոխարինել և հեռուստատեսությանը: Ռեժիսորների համար կարևոր է էկրանին պահպանել ռեալությունը, դառնալ հայելի` տեղական, այլ ոչ թե ինչ-որ աբստրակտ հերոսի համար: Հենց այդ պատճառով էլ նոլիվուդյան ֆիլմերն այստեղ ավելի սիրված են հոլիվուդյան և ընդհանրապես ցանկացած այլ ֆիլմերից:

Նիգերիական կինեմատոգրաֆի ժողովրդականության մեկ այլ գործոն դարձավ այն, որ նրանում առանց ջանքի միահյուսված են հին ավանդույթները և ժամանակակից կյանքը: Ի տարբերություն ուկրաինական եղբայրակցի, որը մինչ օրս ետ է նայում դեպի «բանաստեղծական կինոն» և վերածվում աղե սյան, Նոլիվուդը խոսում է այն մասին, ինչն իրապես անհանգստացնում և հուզում է հանդիսատեսին: Կախարդները շրջակա աշխարհի մաս են, ճիշտ այնպես, ինչպես տեղի բանդիտները: Սրանք դարձել են Shina Rambo սիրված սերիալի հերոսներ:

Եթե 2002 թ. կինոնկարները տարածվում էին տեսաերիզներով, ապա տասը տարի անց դրանք արդեն ամբողջովին հեռարձակվում են կաբելային ալիքներով: Բացի էթնիկ խմբերի լեզուներից, ֆիլմերը թարգմանվում են անգլերեն և ֆրանսերեն: Մեծ նշանակություն ունի, թե հատկապես ուր կարտահանվի կինոնկարը: Դրանից կախված` հրավիրում են դերասանների, որոնք խոսում են այս կամ այն լեզվով կամ բարբառով: Այո, հաճախ պարզվում է, որ այդպես ավելի էժան է, քան կինոնկարի կրկնօրինակումը: Այդ նույն սկզբունքով էլ ընտրվում են գլխավոր դերակատարները, չէ որ Աֆրիկայի յուրաքանչյուր անկյուն ունի իր ֆավորիտը:

Մոզամբիկը, Կոնգոն և Զիմբաբվեն ընկել են Նոլիվուդի հմայքի տակ և ահա հանդիսատեսներն արդեն ընդօրինակում են նիգերիական կինոաստղերի սանրվածքն ու հագուստը: Տանզանիայում ավելի ու ավելի շատ մարդիկ են օգտագործում նիգերիական առոգանությունը, որպեսզի նմանվեն սիրելի պերսոնաժներին: Նկարահանվում են գերազանցապես սևամորթ դերասաններ: Իսկ սպիտակներին, ինչպես որ սպասելի էր, բաժին են հասնում բացասական դերերը. օրինակ՝ սրիկաների, որոնք չար ոգիներին գյուղ են բերել:

Կինոարդյունաբերության մեջ զբաղված է մեկ միլիոն մարդ, փոքր-ինչ պակաս, քան գյուղատնտեսության մեջ:

Օտարներ և յուրայիններ

Առաջին ֆիլմերը բերվում էին Եվրոպայից հիմնականում վտարանդիների համար: Գաղութարարները համարում էին, որ բնիկները ևս կխանդավառվեն էկրանի վրա իրենց տեսածից: Ամերիկացի ռեժիսորները այստեղ նկարահանում էին տարաշխարհիկ գլուխգործոցներ, ինչպիսին «Աֆրիկյան թագուհին» է: Աստղերը, իհարկե, Համֆրի Բոգարտն ու Քետրին Հեպբյորն էին, իսկ սևամորթ դերասանները վերածվում էին անդեմ դերակատարների: Նիգերիան հայրենական կինեմատոգրաֆի կարիքն ուներ:

Մինչև Նոլիվուդի ծնունդը կինոնկարները ստեղծվում էին առավելապես ֆրանսերենով` ֆրանսիական կառավարության իսկ դրամաշնորհներով: Իբրև տարաշխարհիկ պտուղ դրանք, բնականաբար, ինչ-որ հետաքրքրություն ներկայացնում էին եվրոպական հանդիսականի համար, սակայն տեղի հանրությանը անտարբեր էին թողնում: Մինչ օրս Նիգերիայում նախընտրում են մասնավոր ներդրողներին, քան արտասահմանյան ֆինանսավորումը: Ստեղծագործական ազատությունը կարևորագույն գործոններից մեկն է նոլիվուդյան ռեժիսորի համար, եթե նույնիսկ նկարահանման հրապարակում նա հայտնվել է կյանքում առաջին անգամ: Եթե ձեզ ԵՄ դրամաշնորհ են տալիս, ապա բարի եղիր հետևելու որոշակի կանոնների: Նոլիվուդը համարվում է նիգերիացիների համար լավագույն օրինակ, որոնք կիրառում են հենց այն, ինչ իրենք են արտադրում:

Սովորաբար նկարահանումները տևում են երկու շաբաթից ոչ ավելի, իսկ բյուջեն միանգամայն տեղավորվում է 70 հազար դոլարի մեջ: Կինոնկարների կեսը նկարահանվում է գրեթե վազքով, իսկ «պրոդյուսերների» մի մասը թաքնվում է միաժամանակ ոստիկանությունից և տեղական ավազակախմբերից: Կինոնկարը ֆինանսավորել կարող է ցանկացած ոք: Օրինակ, կրպակավաճառը: Կուտակելով ոչ մեծ գումար և վճարելով մեկ կինոնկարի նկարահանման ծախսերը, մի երկու ամիս անց արդեն կարելի է հարստանալ և ձեռնամուխ լինել մի քանի ֆիլմերի արտադրության: Սցենարները գնվում են թափառական հեղինակներից, իսկ նկարահանման խումբը հավաքվում է տեղական պարապ մարդկանցից:

Դեռ բոլորովին վերջերս կինոնկարները տարածվում էին հիսուն հազար օրինակ սկավառակներով և արժեին երկու դոլար: Մաքուր շահույթը կինոնկարից կազմում էր 30000 դոլար: Իսկ Նոլիվուդի տարեկան եկամուտը 250-300 մլն. դոլար է: Դա համեմատելի է այն եկամուտի հետ, որ բերում է հոլիվուդյան միջին կարգի բլոկբաստերը:

Երբ նիգերիական կինեմատոգրաֆի մոտ ի հայտ եկավ սեփական ճանաչելի դեմքը, նա սկսեց ավելի սիրով փոխգործակցել այլ երկրների կինոընկերությունների հետ: Առաջիններից մեկը շփումների գնաց Netflix-ը: «Անհայրենիք գազանները» նկարահանվում էր ամերիկյան փողերով և պատմում Սիեռա-Լեոնեի քաղաքացիական պատերազմի մասին:

Գլխավոր հերոսը դեռահաս է, որ վերապրում է մեր օրերի ապոկալիպսիսը: Ֆիլմի ցնցող իրադարձոթյունները և լիովին հասկանալի խաղաղասիրական մոտիվները վերջում գեղարվեստական արժեք են ձեռք բերում, երբ տղան, հայտնվելով խաղաղ պայմաններում, որոշում է ընդունում ձևացնել սովորական երեխա, որ երջանիկ մանկություն է ունեցել, այլ ոչ թե արյուն ու բռնություն տեսել: 2015 թ. կինոնկարը ցուցադրվեց Վենետիկի փառատոնում, որտեղ գլխավոր դերակատար Աբրահամ Ատտան պարգևատրվեց Մարչելո Մաստրոյանիի մրցանակով:

Կինո և կրոն

Նոլիվուդյան ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ One God One Nation-ը պատմում է մահմեդականի և քրիստոնեուհու սիրո մասին: Դրանից բացի, գոյություն ունեն հազարավոր կինոնկարներ կախարդներով և զոհաբերություններով, որոնք անչափ դուր են գալիս պարզ հանդիսականին և հարուցում աֆրիկյան էլիտայի ծիծաղը:

Օկկուլտիզմը (ոգեհարցությունը) Նոլիվուդի մշտական ուղեկիցն է: Եվ սա շատ կնմանվեր բրիտանական Hammer ստուդիային` իր սարսափի ֆիլմերով, բայց տարբերություն առկա է: «Համմերը»՝ մտացածին խորհրդավոր անծանոթուհի, որ շնչում է հոգիներով և մշուշներով: Մինչդեռ նիգերիական կինեմատոգրաֆում հանդիսականը հանդիպում է մղձավանջի հետ, ինչպես հին բարի ազգականի հետ, որը արդեն հազիվ որևէ մեկին շոկի մատնի: Ի միջի այլոց, տեղի քրիստոնեական եկեղեցին դժգոհ է գործերի նման վիճակից: Դրա համար ժամանակ առ ժամանակ հայտնվում են կինոնկարներ, որտեղ հերոսը, անցնելով հմայական ծեսերի միջով, համենայն դեպս դիմում է Աստծուն: Երկրում մեծանում է հավատացյալների թիվը: Դերասաններից շատերը բարեպաշտ քրիստոնյաներ են:

Երբ հասկանալի դարձավ, որ Նոլիվուդը վիթխարի ազվեցություն ունի աշխարհամասում, նրա աստղերին սկսեցին օգտագործել գովազդային ընկերություններում և կրոնական միջոցառումներում: Կոնգոյում, ընդհակառակը, հաճախ արգելում են նիգերիական կինոն, որպեսզի սահմանափակեն նրա ազդեցությունը: Սակայն ոչ միայն քաղաքականության և կրոնի մեջ, այլև մյուս ոլորտներում Նոլիվուդը մինչ օրս անկարող է հստակ կողմնորոշվել, թե ով է իր բարեկամը և ով՝ թշնամին: Օրինակ, իր ժողովրդականությամբ կինեմատոգրաֆը պարտական է ոչ այլոց, քան ավազակներին. նրանք հատում են սահմանները, հնարավորություն գտնում ֆիլմերը գրանցելու զանազան կրիչների վրա և նոլիվուդյան արտադրանքը հասցնելու ամենահեռավոր աշխարհագրական կետերը: Հիմա այդ խնդիրը լուծում է և ինտերնետը: Թեև երբեմն ավազակները ավելի ճարպիկ են գտնվում և արագաշարժ:

Մեծ հույսեր

Նոլիվուդի գլխավոր մրցակիցները եղան մյուս աֆրիկյան երկրները: Երբ Նիգերիան զգաց, որ սկսել են կրնկակոխ գալ իր ետևից, նա անհապաղ վճռական մի շարք քայլեր ձեռնարկեց:

Նախ, տեղի կինեմատոգրաֆի մեջ սկսեցին ավելի շատ միջոցներ ներդնել: Երկրորդ, այլ երկրների գաղթօջախները ևս մտան կինոսպառազինությունների մրցավազքի մեջ և ջանքեր են գործադրում գրավելու արտասահմանցի հանդիսականին: Եվ երրորդ քայլը, ի միջի այլոց, որ առավել բնորոշ է Նոլիվուդին, հիմա ավելի շատ են ֆիլմեր նկարվում:

Նիգերիայում սիրում են նաև քաղաքական ժապավենները: «Ինչ-որ տեղ Աֆրիկայում»-ը պատմում է մտացածին բռնապետի տապալման մասին, իսկ «Նախագահը չպետք է մեռնի»-ն, ընդհակառակը, ներկայացնում է իդեալական տիրակալի: Այդուհանդերձ հարկ է հիշել, որ կինոնկարները հազվադեպ են նկարվում պետական հատկացումներով, այնպես որ խոսքը ոչ թե ենթադրության մասին է, այլ ավելի կատարյալ ռեալություն ստեղծելու փորձի:

2012 թ. Նիգերիան Ուկրաինայի հետ նկարահանեց «Թեթև, ինչպես փետուր» համատեղ կինոնկարը: Գլխավոր հերոսուհին ժամանում է մեզ մոտ սովորելու, բայց բախվում է բազում վտանգների և տհաճությունների: Ֆիլմի հեղինակները հանդիսականին կոչ են անում երջանկություն չորոնել օտարության մեջ, այլ իրեն և իր դերակատարությունը փնտրել գտնել հայրենի երկրում:

Ի միջի այլոց, նիգերիացիներին հազիվ թե հարկավոր է պատվաստել կոսմոպոլիտիզմի և կողմնակի հովերի դեմ: Նարցիսի պես նրանք այնքան են հրապուրված իրենց պատկերով, որ ի զորու չեն պոկվել նրանից: Նոլիվուդով զմայլվածները այժմ կարող են սիրելի ֆիլմերը դիտել մի քանի առցանց ալիքներով: Շատերն ամբողջ օրն անցկացնում են ֆիլմերի դիտումով: 2010 թ. հիմնված iROKOtv վեբ-հարթակը ամեն տարի մեծացնում է իր բաժանորդների թիվը: Ընկերության հիմնադիրներից Ջեյսոն Նիոկուն նիգերիական կինոյի աճող ժողովրդականության մասին իմացել էր ապրելով Լոնդոնում: Բայց կինոնկարները դիտել Մեծ Բրիտանիայում գրեթե անհնար էր: Կապուղին հիմնվել է, որպեսզի հանդիսականը աշխարհի ցանկացած կետից կարողանա փորձել նոլիվուդյան մթերքի համը: Շնորհիվ iROKOtv-ի Նիգերիայի կինոն սկսեց արտասահմանյան ներդրումներ ստանալ իր համար շահավետ պայմաններով: Այսպիսով, քառորդ դարում նիգերիական կինոն կարողացավ ոտքերի վրա կանգնել, նվաճել տեղի հանրությանը և հարուցել արտասահմանյան գուրմանի հետաքրքրությունը: Եվ այդ ամենը առանց մշակույթի նախարարության և հայրենասիրական հայեցակարգերի:

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը