Պատմում է օպերատոր Լևոն Աթոյանցը․․․
Ես շատ դժվար ճանապարհ եմ անցել։ Դպրոցում լավ եմ սովորել, ընդամենը մի երեք եմ ունեցել վրացերենից, էն էլ հատուկ էին նշանակել։ Այդ ուսուցչուհուն չէի սիրում, ինձ երկուս էր նշանակել, մինչև չգնացին խնդրեցին երեքը չնշանակեց։ Շատ էի ուզում ВГИК ընդունվել։ 1951 թվականին ես, ընկերս ու երկու վրացի փորձեցինք ընդունվել, սակայն մեզ չթողեցին, ասացին․ «Դուք պետք է Վրասատանում ձեր տեղը զբաղեցնեք»։ Մենք էլ գնացինք Լենինգրադ ու կինոինժեներ դարձանք։ Էլի փորձեցինք ВГИК ընդունվել, բայց կրկին չթողեցին։ Հետո գնացի «Լենֆիլմ», սկսեցի աշխատել ու այնտեղ ինձ շատ սիրեցին։ Դրանից հետո հայրս հիվանդացավ ու վերադարձա Թիֆլիս։
«Պեպո» ֆիլմի օպերատորը՝ Դմիտրի Ֆելդմանը, ասաց․ «Գնա քո հայրենիք, դու այնտեղ մեծ մարդ կդառնաս»։ Հայրիկս էլ դուրս արեց տնից։ Մի տաս օր քնելու տեղ չունեի։ Հետո 1955 թ․«Հայֆիլմ» ընդունվեցի։ Սկսեցի ներքևից՝ աշխատելով որպես լուսավորող։ Նկարեցի երկու դիպլոմային աշխատանք, որոնցից մեկը հայտնի «Ավդոյի ավտոմեքենան» ֆիլմ է։ Հետո գործերս սկսեցին լավանալ։
Հին «Հայֆիլմը», որ գտնվում էր Տերյան 2 հասցեում, երևի, ամբողջ Սովետական Միության ամենաջիգյարով ստուդիան էր։ Այն ստեղծել էր Բեկնազարովը։ Այնտեղ ոչ մի վատ մարդ չկար։ Այսքան խոսում ենք, բայց ոչինչ չենք խոսում Բեկնազարովի մասին։ Բոլորին հիշում ենք բացի Բեկնազարովից։
Ես լավ կինոարխիվ ունեի «Հայֆիլմ»-ում։ Թալանել են ամբողջը։ Գիտե՞ք ինչի համար։ Վառում էին արծաթը ծախելու համար, քանի որ հին ժապավենների վրա արծաթը շատ էր։ Ունիկալ ֆիլմեր էին, որ հիմա չկան։ Ես Պորտաքարի մասին երկու մասանոց ֆիլմ էի նկարել, հիմա փնտրում ենք, բայց չենք գտնում։ Չկա, վառել են։
Ասում են, թե «Հայֆիլմը» վերականգնել չի լինի, որ դրա համար ահռելի գումարներ են պետք։ Դա մեր թշնամիներն են ասում։ Ահռելի գումար է պետք, երբ դու շենք ես սարքում, ջուր ես քաշում, բայց այդ ամենը կա, մնում է տասը տեսախցիկ ու լուսային տեխնիկա առնել։ Հայկական կինոն միայն մեզ չի պետք։ Հայաստանը հետաքրքիր ու նպաստավոր աշխարհագրական դիրք ունի։ Հոլիվուդում, եթե ձյունոտ սարեր է պետք, երկար ճանապարհ են կտրում, մեծ գումարներ են ծախսում։
Փոքր Հայաստանում ամեն ինչ ունենք, Սևանի ափամերձ տարածքները, Արարատյան դաշտի խորքերի անապատները, Նորադուզի՝ ձյունը։ Անգամ պարսիկներն են գալիս այստեղ իրենց ֆիլմերը նկարելու համար։ Շատ մատչելի է, հատկապես հիմա, երբ ճանապարհները լավն են ու հյուրանոցներ կան։ Երկիր է, որ ստեղծված է տարածաշրջանային կինոյի կենտրոն դառնալու համար։ Այդ մասին, դեռ սովետական տարիներին գրել էի Դեմիրճյանին։
Պատրաստեց Մարգարիտա Յոլչյանը