Համաձայն հունական դիցաբանության՝ Էվրիդիկան  դառնալով օձի խայթոցի զոհ, ընկնում է մեռյալների թագավորություն և Օրփեոսի՝ նրան կյանք վերադարձնելու փորձը մնում է ապարդյուն։ «Այդ ես չեմ» (2012թ․) ֆիլմի գլխավոր հերոսուհու անունը Էվրիդիկիա է, որը պատահականություն չէ և սերտորեն կապված է «Օրփեոս և Էվրիդիկա» դիցի հետ։ Իր հարցազրույցներից մեկում Մարիա Սահակյանն ասել է․ «Մարդն այսօր էլ կանգնած է առասպելական աշխարհի երկու կարևորագույն սկզբունքների առջև՝ ճակատագրի և ազատության»։

«Այդ ես չեմ» կամ «Ես պատրաստվում եմ փոխել իմ անունը» ֆիլմը հենց այդ ընտրության և «ստորգետնյա աշխարհում» հայտնված աղջկա պատմություն է։ Ֆիլմը հիշեցնում է անտոնիոնիական իդենտիֆիկացիայի ֆորմուլան ու անձի փոխակերպումն առհասարակ («Մասնագիտությունը՝ լրագրող»): Սահակյանի հերոսուհին ցանկանում է փոխել իր անունը՝ ոչ մի կերպ չհամակերպվելով Էվրիդիկա անվան հետ, սակայն անվան փոփոխությունը ֆիլմում ավելի խորը արմատներ ունի։

Լինելով անչափահաս (14տարեկան), չիմանալով, թե ով է իր հայրը, չկարողանալով մոր հետ գտնել շփման ընդհանուր եզրեր՝ Էվրիդիկան փորձում է վերստեղծել իրեն ու իր պատմությունը՝  ազատվել Ալավերդի քաղաքից։ Էվրիդիկայի մենության պատմությունը միահյուսված է  մոր (տղամարդկանց սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր) ու նրա ընկերոջ՝ Կիկուի պատմության հետ։ Նրանք բոլորը փնտրում են պատասխաններ, սակայն չեն գտնում։ Ֆիլմը իր տեսակով խորը հոգեբանական հարց է՝ ո՞վ ենք մենք։  Այդ հարցը հետապնդում է  հերոսներին ֆիլմի ողջ ընթացքում։ Ֆիլմն ավարտվում է անորոշության նոտայով, սակայն և՛ էսթետիկայի, և՛ հանգուցալուծման տեսակետից դառնում է յուրահատուկ․բացվող  գեղեցիկ բնապատկերն  ու լճի մեջ ամբողջությամբ սուզվելու տեսարանը ակնարկում է հերոսուհու ինքնամաքրման մասին։

Առավել անձնական ու հարցեր առաջադրող ֆիլմ է Մարիա Սահակյանի «Փարոսը» (2006թ.), որը հիմքում ընկած է 90-ականների ծանր պատերազմական շրջանն ու իր սեփական հիշողությունները։ Հատկանշական է, որ ֆիլմում ոչ մի պատերազմական տեսարան և գործողություն  չի ցուցադրվում։ Այն հիմնավորապես տրամադրություն է, հետևանք և պատերազմական գործողությունների արդյունքում ստեղծված հոգեվիճակ։ Գլխավոր հերոսուհին գալիս է հայրենի գյուղ՝ տատիկին ու պապիկին հեռացնելու պատերազմական գոտուց, սակայն շուտով հասկանում է, որ ինքը ոչինչ չի կարող փոխել։ Գյուղացիները  չեն  ցանկանում լքել իրենց  գյուղը։ Նրանք համակերպվել են ու ինչ-որ տեղ հպարտությամբ են խաղում  իրենց բաժին ընկած դերը։ Մարիա Սահակյանին հաջողվել է ֆիլմում ֆիքսել  հոգեվիճակ ու տրամադրություն հասկացությունները, որոնց արտահայտչամիջոցը երաժշտությունն է, գեղեցիկ բնապատկերներն ու հնարավորինս քիչ դիալոգները։

Վերագտնելու ու վերաիմաստավորելու խնդիրը շոշափվում է Մարիա Սահակյանի գրեթե բոլոր ֆիլմերում։ Այս տեսանկյունից առանձնանում է նրա «Էնտրոպիան»(2012թ․)՝  հագեցած գերռեալիզմով, տեղ-տեղ հիշեցնելով նատուրալիստական կինո։ Ֆիլմը պատմում է ռեժիսորի ու դերասանուհիների մասին, ովքեր ցանկանում են դիմավորել աշխարհի վերջը՝ դրա մասին ֆիլմ նկարահանելով։ Սակայն աշխարհի վերջի, մոտալուտ ավարտի գաղափարը նախևառաջ ամփոփված է հենց հերոսների մեջ։ Քաոտիկ տեսարանները, հերոսների անարխիա հիշեցնող գործողությունները բանալի են ծառայում նրանց ներքին կռիվների բացահայտման համար։ Լայն իմաստով ֆիլմը ոչ միայն ռուսական, այլ համաշխարհային ինտելիգենցիայի ապոկալիպսիսն է։

«Էնտրոպիան» մաքուր ռուսական ֆիլմ է՝ ռուսական շոու-բիզնեսյան դերասաններ (Դանիլա Պոլյակով, Վալերիա Գայ Գերմանիկա, Դիանա Դել, Քսենիա Սոբչակ), ռուսական միջավայր,  ռուսալեզու ֆիլմ (ի տարբերություն նրա վերը նշված ֆիլմերի)։  «Էնտրոպիան» առանձնանում է ռեժիսորի ֆիլմերում  իր էքսպերիմենտալ աշխատանքի շնորհիվ։ Այդուհանդերձ, ֆիլմում  բարձրացրած  խնդիրներն ու անձնային կոնֆլիկտները մնում են Մարիա Սահակյանին բնորոշ գծերը։

Մարիա Սահակյանը կյանքից հեռացավ 2018 թվականին հունվարի 28-ին՝ 37 տարեկանում՝ թողնելով մեզ ծանրակշիռ ու ասելիքով հարուստ կինոժառանգություն։ Մաշան հանդիսատեսին է թողել  ապրելու իր յուրահատուկ բանաձևը՝  ինչպես մնալ գեղեցիկ, գտնել սեփական պատմությունը՝  հակադրվելով աշխարհին ու աշխարհի օրենքներին։

Մարգարիտա Յոլչյան