«Արվեստի և ոչ մի ճյուղում արվեստագետը առք ու վաճառքի օբյեկտ չի հանդիսանում»,- ասում է Բրանդոն Հոլիվուդի հետ 10 տարի շարունակ համագործակցելուց հետո: Իրական կյանքում դեռևս անորոշ էր նրա ուղին, բայց կինոյում նա գրավել էր իր պատվավոր ըմբոստ դերասանի տեղը: Կինոյում իր տեղը հաստատուն էր և 1970-ականներին այն արտահայտվեց որպես Մառլոն Բրանդո դերասանի վերափոխում: Որտե՞ղ էին Ստենլի Կովալսկու, Ջոննիի, Թերրի Մալոյի, Վալենտին Կսավյերի, շերիֆ Կոլդերի տիպական առանձնահատկությունները ու նրանց կոնֆլիկտը արտաքին աշխարհի հետ: Դրանք ոչ թե անհետանում են, այլ արտահայտվում դերասանական մատուցման այլ տեսանկյունով, հերոսին մոտենալու և մարմնավորելու այլ աշխարհայացքով:  

Ասվածի վառ օրինակը Վիտո Կորլեոնեի՝  կնքահոր դերն է համանուն ֆիլմում: 1972 թվականին նկարահանված այս ֆիլմը անվանվեց գանգստերական և դասվեց ամերիկյան և համաշխարհային կինոյի լավագույն նմուշների շարքին: Սակայն ֆիլմի կենտրոնական հերոսի դերակատարը՝ Մառլոն Բրանդոն, հնչեցնում է այն միտքը, որ ֆիլմն ամենևին էլ մաֆիայի մասին չէ: Նրա կարծիքով այնտեղ խոշոր միավորումների համակարգի ոգին է մարմնավորված: «Դոն Կորլեոնեն ընդամենը ամերիկյան բիզնեսի սովորական մագնատ է, ով անում է ամեն հնարավոր բան իր ընտանիքի բարեկեցության ու այն հասարակական խմբի, որին պատկանում է ինքը»,- ասում է Մառլոն Բրանդոն:

Բայց արդյո՞ք միայն այս կոնցեպցիան է, որին հավատալով և որի միջով անցնելով է Բրանդոն ստեղծում գանգստերի, մաֆիայի պարագլխի այն համոզիչ հերոսին, առանց որի ֆիլմը գուցեև չունենար վերը նշված համբավն ու արձագանքը: Անկասկած Բրանդոն ըմբռնել էր ֆիլմի այլ առանձնահատկությունների և սյուժետային գծերի բազմազանությունների ենթատեքստը, որոնք նախևառաջ պետք է փնտրել Մարիո Պյուզոի համանուն վեպում: Էկրանավորել այսպիսի հսկայական վեպ, որն ընդամենը ներկայացնում է գանգստերական աշխարհը, բայց ամենևին էլ դրա մասին չէ, բավականին դժվար աշխատանք է: Եվ պատահական չէ, որ այն էկրանավորելու դերը ստանձնում է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան՝ ամերիկյան կինոյի խոշորագույն դեմքերից մեկը: «Գրքում ես տեսա կարևոր գաղափար, որ կապված է դինաստիայի ու իշխանության հետ»,- հայտարարել է Կոպպոլան: Այդ դեպքում ինչու՞ ֆիլմն անվանվեց գանգստերական և դարձավ այդ ժանրին դասվող լավագույն օրինակներից մեկը: Հարցի պատասխանը գտնելու համար նախևառաջ պետք է նկատել էպիզոդիկ համարվող այն տեսարանները, որոնք իրականում մի շարք թեմաներին վերաբերող ակնարկներ են իրենցից ներկայացնում: Եվ պատահական չէ, որ ֆիլմը սկսվում է հետևյալ նախադասությամբ. «Ես հավատում եմ Ամերիկային»,-ասում է Վիտո Կորլեոնեի մոտ հերթական խնդրանքով եկած Ամերիգո Բոնասերան: Սա քաղաքական ենթատեքստ է, որը մեծ հնարամտությամբ Կոպպոլան ներկայացնում է առաջին տեսարանում: Ընդ որում՝ Բոնասերան այս միտքը հնչեցնում է այն դեպքում, երբ Ամերիկան ոչ մի կերպ չարդարացրեց իր հույսերը: Բոնասերան չստացավ Ամերիկայից արդարություն, փոխարենը կստանա Կորլեոնեից:

Բացի այս ակնարկներից պետք է նաև հասկանալ, որ ֆիլմում գանստերական արյունոտ ու սարսափելի աշխարհը միայն նյութ է, որի ներքո թաքնված են բազմաթիվ հերոսների ներքին «սարսափելի կռիվներն ու կոնֆլիկտները»: Բնականաբար ֆիլմում անհնար էր տեղավորել նրանց ամբողջությամբ և մի քանի սյուժետային գծեր դրա հետևանքով բացակայում են: Այնուամենայնիվ՝ ֆիլմը չի տուժել այդ հանգամանքից: Բնական է, որ ֆիլմի հաջողությունը Հոլիվուդը նախևառաջ պիտի կապեր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի տաղանդի հետ: Բայց ինքը Կոպպոլան էլ գիտակցում էր, որ դա պայմանավորված էր դերասանական այն առանձնահատուկ խմբով, որ հաջողվել էր համախմբել:

Մառլոն Բրանդո, Ալ Պաչինո, Ջեյմս Կաան, Դայան Քիթոն, Ռոբերտ Դյուվալ, Ռոբերտ դե Նիրո: Բայց նախևառաջ Մառլոն Բրանդո, որի մասնակցության համար ֆիլմում Կոպպոլան  դեռ շատ երկար պետք է պայքարեր Հոլիվուդի հետ, քանի որ առավել քան համոզված էր, որ Մառլոն Բրանդոն Ֆիլմի հաջողության գրավականներից մեկն էր լինելու:

«Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան ցանկացավ ինձ գլխավոր դերը տալ՝  նյույորքյան մաֆիայի պարագլխի՝ դոն Վիտո Կորլեոնեի դերը: Ես կասկածեցի, թե կարող եմ արդյո՞ք խաղալ իտալացու դերում: Դրա համար տանը գրիմը պատրաստեցի, այտերիս մեջ դրեցի անձեռոցիկներ ու հայելու դիմաց կերպարի վրա սկսեցի աշխատել, իսկ հետո նաև հեռուստացույցի: Միայն այդ ժամանակ վերջապես հայտնվեց այն զգացողությունը, որ ես վստահորեն կարող եմ խաղալ այդ դերը: Ես հետևեցի մի նպատակի, թերևս առաջին անգամ կինոյի պատմության մեջ, մարմնավորել ընդհանրապես սովորական չարագործին չնմանվող գանգստերի: Ավելի ճիշտ նա պետք է լինի հերոս, որ ներկայացնում է ավանդույթներ, պատվախնդրություն, իր և իր ընտանիքին պաշտպանելու կարողություն հանցագործ աշխարհում»:

Այդպիսով՝ Բրանդոն ինքն է իր կերպարի ռեժիսորը դառնում և թվում է, թե Կոպպոլան այստեղ ոչ մի դեր չի ունեցել: Բրանդոն առանց որևէ ռեժիսորի օգնության կարողանում է բացահայտել իր հերոսներին: Եվ անգամ այդ բացահայտումը սոսկ բացահայտում չէ, այլ ինչ-որ տեղ ստեղծագործ աշխատանք, հորինվածք: Նա ինքն է ստեղծում Վիտո Կորլեոնեի արտաքին տեսքն ու ամենակարևորը հենց ինքն է գիտակցում իր կերպարի այն մոտիվը, ըստ որի՝ գանգստերը կարող է լինել ոչ չարագործի կամ նենգի էությամբ: Բրանդոյի հերոսը՝ Կորլեոնեն, ամերիկյան բիզնեսի խոշոր ներկայացուցիչներից մեկն է, բայց…Ահա այդ բայց-ն է՝ բացառությունն է, որը նկատում է Մառլոն Բրանդոն:

Բրանդոյի հերոսի՝ Վիտո Կորլեոնեի դերակատարումը ավարտվում է ֆիլմի հենց առաջին մասում: Ֆիլմի երկրորդ մասում ներկայացվում է այն ճանապարհը, որով նա անցնում է մինչև դոն Վիտո Կորլեոնեի դիրքին հասնելը: Իսկ երրորդ մասը կարծես թե նրա հերոսի ստվերը լինի, որն ընդամենը հիմնված է Կորլեոնեի հաստատած դիրքի հիշողության վրա:

Պետք է ասել, որ Կոպպոլայի ռեժիսորական տաղանդը ցայտուն կերպով է արտահայտվել ֆիլմի երկու մասերի մտահղացումն անելիս: Ու այդ տաղանդն իրագործելուն խթանեց Մառլոն Բրանդոյի ստեղծագործ մտքի ու լայն աշխարհայացքի հատկությունը: Թե ինչպե՞ս է նա կառուցում իր դերը, ինչպիսի համոզիչ ու կարելի է ասել մաթեմատիկական ճշգրտությամբ, պարզապես հիացնում է հանդիսատեսին ու այն դերասաններին, որոնք ընգրկված էին ֆիլմում:

Բրանդոն միևնույն ժամանակ և հանցագործ աշխարհի ներսում է, և այդ աշխարհից դուրս: Հերոսի այս մոտիվը առաջ է բերում այն միտքը, որ Բրանդոն նախևառաջ աչքի է ընկնում իր հերոսի կառուցման երկատվածության, երկու մասի բաժանված լինելու հանգամանքով: Թվում է, թե նրա հերոսը պետք է այդ աշխարհից դուրս ոչինչ չտեսնի և բացի այդ աշխարհից ոչինչ չգրավի նրա ուշադրությունը, բայց իրականում ճիշտ հակառակն է: Բրանդոյի միտքը, թե իր հերոսը չպետք է չարագործ լինի, այլ հակառակը պետք է օժտված լինի դրական հատկություններով, շատ համոզիչ են հնչում: Սակայն նրա հերոսը ոչ միայն այդպիսին է ֆիլմում, այլև հանցագործ աշխարհը նրա համար ամենախոցելի թեման է: Նա ներում է բոլորի թերություններն ու անփույթ արարքները, բայց գոյություն ունի մի սահման, որից նա ամենից շատն է վախենում: Դա մաֆիայի սահմանն է: Բրանդոյի հերոսը գիտի դրա մասին և գիտակցում է, որ իր կողմից յուրաքանչյուր խախտում կարող է հարված հասցնել հենց իր ընտանիքին: Եվ տպավորություն է ստեղծվում, որ Կորլեոնեն այդ աշխարհում է, որովհետև հենց այդ աշխարհից պետք է պաշտպանել ընտանիքին: Ընտանիքը Կորլեոնեի համար խոցելի կետ է և որպեսզի բիզնեսը չառնչվի ընտանեկան խնդիրներին, նա առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ տանը երբեք չխոսել աշխատանքի մասին:

Մառլոն Բրանդոն գտել է Վիտո Կորլեոնեի յուրաքանչյուր արարքի և վարքագծի արդարացումը ֆիլմում: Նրա համար իր հերոսը առանց որևէ նպատակակետի կամ գաղափարի չի կարող առաջ շարժվել: Նա գիտի, որ հանցագործ աշխարհի ներկայացուցիչների համար չպետք է գաղտնիքներ բացել և չպետք է շատախոսել: Նա գիտի, որ պետք է հաշտության գնալ այդ ներկայացուցիչների հետ անգամ այն դեպքում, երբ նրանցից մեկն է իր որդու սպանության հեղինակը եղել:

Կոպպոլան հստակ տեսնում էր այն, որ Բրանդոն առանց իր միջամտության էլ կարողացել է ստեղծել կերպարը: Եթե ֆիլմի առաջին մասն ավարտվում է Վիտո Կորլեոնեի մահով և նրա իշխանության անցումը Մայքլ Կորլեոնեով, ապա երկրորդ մասում ներկայացվում է Վիտոյի անցած ուղին: Եվ չնայած առաջին մասից հետո Բրանդոն որպես դերակատար չի երևում ֆիլմում, ապա գոնե պետք է երևա նրա հերոսի շարունակությունը: Այդպիսով՝ երկրորդ մասում էլ պահպանվում է Վիտո Կորլեոնեին հատուկ ազդեցիկ ոգին ու վարակիչ մթնոլորտը: Այստեղ ներկայացվում է միանգամից երկու սյուժետային գիծ, որոնք, ինչպես վերը նշված էր, պահպանում են ֆիլմի ազդեցիկությունը: Դեռևս առաջին մասում հանդիսատեսը հասկանում է, որ Վիտո Կորլեոնեից հետո նրա իշխանությունը իր ձեռքն է վերցնում որդին՝ Մայքլ Կորլեոնեն, որի դերակատարը երիտասարդ Ալ Պաչինոն է: Իսկ մյուս սյուժետային գիծը ներկայացնում է կնքահոր մանկությունը, պատանեկությունն ու այժմյան դիրքին հասնելու պրոցեսը, որի դերակատարը Ռոբերտ Դե Նիրոն է:

Ի՞նչ է նշանակում այսպիսի երկու դեռևս շատ երիտասարդ, բայցևայնպես խոշոր դերասանների ներկայությունը որպես Մառլոն Բրանդոյի հերոսի «շարունակություն»: Ռոբերտ Դե Նիրոն մարմնավորում է երիտասարդ Վիտո Կորլեոնեին, իսկ Ալ Պաչինոն Վիտո Կորլեոնոի սերնդային շարունակության մարմնավորողն է: Գուցե սիմվոլիկ հնչի այն միտքը, ըստ որի՝ Մառլոն Բրանդոն ամերիկյան  խոշորագույն դերասանի տիտղոսը հանձնում է երկու երիտասարդ դերասաններին՝ Դե Նիրոյին ու Ալ Պաչինոյին: Ֆիլմում կնքահայր անվանումը կրող Բրանդոյի հերոսը իսկապես նախևառաջ ֆիլմում բոլոր դերասանների հայրն է: Այս միտքը առաջ է գալիս ֆիլմի երկրորդ մասը դիտելիս: Եվ այս իմաստով այդ դերասանները հանդես են գալիս ոչ միայն որպես հերոսի շարունակություն, այլ նաև այնպիսի դերասանի, ինչպիսին Մառլոն Բրանդոն է:

Վիտո Կորլեոնեն մահանում է առաջին մասում՝ ֆիլմի ավարտին, իսկ երկրորդ մասում նրա ներկայությունը ու նրա մասին հիշողությունը քիչ թե շատ պահպանվում է:  Թվում է՝ Վիտո Կորլեոնեի ետևում կանգնած է հենց ինքը Մառլոն Բրանդոն: Եթե ֆիլմում նա պայքարում էր մաֆիայի դեմ լինելով դրա ներսում միաժամանակ, ապա կյանքում մաֆիայի փոխարեն Հոլիվուդն էր: Նրա մահը ֆիլմում ներկայացված է որպես խաղ, որպես մանկական խաղի շարունակություն: Կյանքի վերջին րոպեներին նա դառնում է մանուկ և անգամ իր հետ խաղացող երեխան չի հասկանում, որ նրա մահը ոչ թե խաղ էր, այլ իրականություն: Այդպիսի տպավորությունը կարող էր ստեղծել միայն Մառլոն Բրանդոն՝  նա, ով իր կյանքում էլ խաղաց: Խաղաց, որպեսզի հասնի մանուկ Մառլոն Բրանդոյին: Խաղը Բրանդոյի համար կարևոր ու անհարժեշտ գործիք էր: Եվ ինչպես ֆիլմում, այնպես էլ կյանքում, նա հասցրեց հասնել այն դիրքին ու փառքի գագաթնակետին, որից պետք է փախչեր:

Մարգարիտա Յոլչյան