Փարիզում՝  86 տարեկանում, վախճանվել է  3 «Օսկարի»,  5 «Գրեմմիի»,  3 «Կեսարի»,  1 «Էմմիի»,  12 «Ոսկե գլոբուսի» մրցանակների արժանացած ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, երգիչ Միշել Լեգրանը։ Այս մասին հայտնում է Huffington post-ը։

Միշել Լեգրանը երաժշտություն է գրել շուրջ 250 ֆիլմերի համար: «Շերբուրգյան հովանոցներ» (1965 թ.), «Թոմաս Քրաունի խաբեբաները» (1968 թ.) և «Ռոշֆորցի աղջիկները» (1968 թ.) ֆիլմերի  երաժշտության համար Միշել Լեգրանն արժանացել է «Օսկար» մրցանակի,  նաև  ստացել  է  5 «Գրեմմի»,  3 «Կեսար»,  1 «Էմմի»,  12 «Ոսկե գլոբուս», իսկ  2003-ին ֆրանսիական կառավարության կողմից` «Պատվո լեգեոն»  շքանշան:  Միշել Լեգրանը կոմպոզիտոր է, դաշնակահար, գործիքավորող, երգիչ: 100-ից ավելի ձայնասկավառակներ է թողարկել` սկսած  22 տարեկանից: Համագործակցել է  ամենահայտնի երգիչների ու նվագախմբերի հետ: Նրա համատեղ կատարումները Շառլ Ազնավուրի, Լայզա Մինելլիի, Ֆրենկ Սինատրայի, Նանա Մուսկուրիի, Բարբարա Սթրեյզանդի, Միրեյ Մաթիեի, Նաթալի Դեսսոյի, Մայլս Դևիսի, Սթինգի, Ջորջ Բենսոնի, Մարիա Նաումովայի, Թամարա Գվերձիթելիի հետ  համաշխարհային հիթերի ոսկե ձայնադարանում են:

Կինոերաժշտությունը կարող է դառնալ ֆիլմի այցեքարտը: Այն երբեմն կարող է ավելի հաջողված լինել, քան ֆիլմը և ավելի մեծ ժողովրդականություն վայելել, քան ռեժիսորը կամ ֆիլմի մասնակից հայտնի դերասանը: Սա վերաբերում է հատկապես Միշել Լեգրանին, որի  անունը կապված է  համաշխարհային կինոյի հետ:

Միշել Լեգրանը ծնվել է 1932 թ., Ֆրանսիայում: Հայրը եղել է կոմպոզիտոր և դիրիժոր, դաշնակահարուհի մայրը` Հայկանուշ-Մարսել Տեր-Միքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից: Պատանեկան և վաղ երիտասարդության տարիներին նա տարված է եղել էստրադային երաժշտությամբ, երաժշտություն է գրել շանսոնյեների համար, ղեկավարել սեփական նվագախումբը, համագործակցել ամերիկացի ջազմենների հետ, ինչպիսիք են Ջոն Կոլտրեյնը, Մայլս Դևիսը, Բիլ Էվանսը: Շուտով սկսում է գրել նաև երաժշտություն հոլիվուդյան ֆիլմերի համար: Կինոստեղծագործություններն սկսում են մեծ հաջողություն ու հռչակ բերել հեղինակին: Նրա հիշվող, մեղեդային ու տպավորիչ երգերը  լայնորեն  տարածվում  են  ու  սիրվում: 1985 թ. Միշել Լեգրանն առաջին անգամ է եկել Հայաստան: