Ռուսաստան 

Ամանորի գլխավոր ֆիլմը նախկին Խորհրդային Միությունում Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» կինոնկարն էր, որ նույնքան պարտադիր ատրիբուտ էր դարձել Ամանորի գիշերը, որքան Ձմեռ պապը, մանդարինն ու շամպայնը: Ավանդույթը շարունակվում է, և այս տարի այն ցուցադրվեց ռուսական ալիքներով 40-րդ անգամ, բայց առաջին անգամ` առանց ռեժիսորի ներկայության:

ԱՄՆ

«Այս հրաշալի կյանքը» Սուրբ Ծննդյան երեկոյի դասական կինո է ամերիկացի մի քանի սերունդների համար: Սա բարի, ինչ-որ չափով պարզունակ ու սենտիմենտալ հեքիաթ է մեծերի համար, որ հիշեցնում է` անգամ ամենադժվարին պահերին չարժե հուսահատվել, առավել ևս` մտածել ինքնասպանության մասին:
Ըստ համացանցային հարցման արդյունքների, որ անցկացրել է բրիտանական Amazon կայքը 2003 թ., «Այս հրաշալի կյանքը» ճանաչվել է լավագույն Սուրբ Ծննդյան կինոնկար: Իսկ 2006 թ. Ամերիկայի արվեստի ակադեմիայի վարկածով` լավագույն ոգեշնչող ֆիլմ:
«Այս հրաշալի կյանքը» նկարահանել է նշանավոր ռեժիսոր Ֆրենկ Կապրան ըստ Ֆիլիպ Վան Դորեն Ստեռնի «Մեծագույն պարգև» վիպակի: Սակայն բուն կինոնկարի կյանքի պատմությունն էլ նման է Ծննդյան հեքիաթի: Այն նկարահանվել է 1946 թ. և դարձել «Օսկարի» ու «Ոսկե գլոբուսի» հավակնորդ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, սակայն մրցանակները չի ստացել: Ֆիլմը վարձույթի լիակատար ֆիասկո է ապրել և նպաստել Կապրայի կարիերայի անկմանը: Իսկ 28 տարի անց ճանաչվել է այդ ռեժիսորի լավագույն ժապավեն: 1974 թ., երբ սպառվել է հեղինակային իրավունքի ժամկետը, իրավատեր ընկերությունը չի փորձել երկարաձգել հեղինակային իրավունքը` համարելով սա ձախողված ֆիլմ: Այն մատչելի է դարձել հանրության համար. հեռուստաընկերությունները սկսել են ցուցադրել անվճար Սուրբ Ծնունդի նախօրեին: Մի քանի տարի անց ֆիլմը թողարկվել է տեսաժապավեններով` ձեռք բերելով համընդհանուր տարածում:

Ինչո՞ւ են այս ֆիլմն ամերիկացիները սիրում այնպես, ինչպես ռուսները «Ճակատագրի հեգնանքը»: Հավանաբար, որովհետև այն մարդու բարության մասին է, համենայն դեպս, ստիպում է հավատալ դրան:

Փրկելով կրտսեր եղբորը` 12-ամյա Ջորջ Բեյլին մի ականջով խլանում է: Եղբայրն ավարտում է քոլեջը, հաջող ամուսնանում, դառնում պատերազմի հերոս: Իսկ Ջորջին ճակատագիրը համեստ կյանք է նախատեսում նրա ծննդավայր փոքր քաղաքում: Նա ժառանգում է հոր գործը` սոցիալական բանկ, որն աղքատներին անտոկոս վարկ է տալիս տան շինարարության համար: Դրա համար Ջորջը ստիպված է եղել, ինչպես ինքն է կարծում, մի կողմ դնել իր երազանքը: Ջորջն ամուսնացել է, դարձել չորս երեխայի հայր: Ծննդյան տոնի նախօրեին նա դժվարին կացության մեջ է հայտնվում. նրա վաղեմի թշնամին` միստր Փոթթերը, խաբեությամբ ձեռք է գցում նրա բանկի հասույթը` 8 հազար դոլար: Ռևիզորը սպառնում է Ջորջին բանտ նստեցնել, և վերջինս որոշում է հաշիվները մաքրել կյանքի հետ` նետվել կամուրջից սառած գետը: Սակայն հանկարծ կամուրջում հայտնված տարօրինակ ծերունին, առաջ ընկնելով Ջորջից, ինքն է նետվում ջուրը: Ջորջը փրկում է նրան, հետո իմանում, որ այդ ծիծաղելի ծերուկն իր պահապան հրեշտակ Կլարենս Օդդոբին է: Սակայն հրեշտակը երկրորդ կարգի է` առանց թևերի: Որպեսզի թևեր ձեռք բերի, նա պետք է փրկի իր հովանավորյալին ծայրահեղ քայլից…

Ի դեպ, «Մենակ տանը» ֆիլմի 2-րդ սերիայում ընտանիքը Սուրբ Ծննդյան արձակուրդին մեկնում է Փարիզ, ուր զարմանքով հայտնաբերում է, որ հեռուստացույցով ցույց չեն տալիս «Այս հրաշալի կյանքը»: Երեխաներից մեկը նկատում է. «Ուրեմն մենք հաստատ Ամերիկայում չենք»: Հիմա ժամանակակից երեխաները չեն պատկերացնում Ամանորն ու Ծննդյան տոնն առանց «Մենակ տանը» ֆիլմի բոլոր սերիաների, իսկ ավագ սերունդը շարունակում է երանությունը «Այս հրաշալի կյանքի» ուղեկցությամբ:

Գերմանիա, Դանիա, Շվեդիա

«Ընթրիք մեկի համար» ֆիլմը, որ նկարահանվել է 1963-ին, Ամանորին դիտում է Եվրոպայի մեծ մասը` Գերմանիան, Նորվեգիան, Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան: Գերմանախոս երկրներում և Սկնադինավիայում այս ֆիլմը պաշտամունքային կարգավիճակ է ձեռք բերել, անգամ ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենակրկնվող հեռուստատեսային արտադրանք: Առաջին անգամ կինոնկարը ցուցադրվել է 1963 թ. ամռանը, բայց ինչ-որ նկատառումով այն ընդգրկել են ամանորյա ծրագրում, թեպետ ֆիլմում խոսք անգամ չկա Նոր տարվա մասին: Այսուհանդերձ Գերմանիայում ֆիլմը ցուցադրում են ամեն դեկտեմբերի 31-ին, իսկ Շվեյցարիայում` հունվարի 1-ին: Այս ֆիլմը մի շատ ծեր կնոջ մասին է, որը ցանկացել է ընթրել իր հին բարեկամների հետ: Բայց քանի որ ոչ ոք ողջ չի մնացել, նրա սպասավորը որոշում է մեկ առ մեկ մարմնավորել բոլոր հրավիրված հյուրերին:

85992541

Ավստրալիա

«Նոր Ծննդյան հեքիաթը», որ նայում են Ավստրալիայում, համեմատաբար նոր է` 1988 թվականի: Սա ֆանտաստիկ կինոնկար է այն մասին, թե ինչպես եսասեր, կոպիտ և ժլատ Ֆրենկ Քրոսսին վերադաստիարակելու համար ժամանում են էակներ անդրաշխարհից` ուրվականը անցյալից, փերին ներկայից և սոսկալի մունետիկը ապագայից: Գործողությունը տեղի է ունենում Ծննդյան գիշերը, ամբողջ ֆիլմն ուղղակի տոգորված է Սուրբ Ծնունդի ոգով, իսկ բարի հեքիաթը ցինիկ գծուծի կերպափոխման մասին այնքան էլ հեքիաթային չի թվում սև հումորի լավ չափաբաժնի շնորհիվ:

Մեծ Բրիտանիա

Ողջ Մեծ Բրիտանիան Սուրբ Ծննդյան տոնին նայում է «Ծննդյան երգ» անիմացիոն ֆիլմը, որը նկարահանվել է 1971 թ. Չառլզ Դիկկենսի վիպակի մոտիվներով: Սա հեքիաթ- պատմություն է քար սրտում բարություն ծնվելու մասին: 1973 թ. այս մուլտֆիլմը «Օսկար» է ստացել որպես լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, իսկ անգլիացիների սրտում ընդմիշտ մնացել որպես լավագույն Ծննդյան տոնի մուլտֆիլմ: Բրիտանացիներին Ամանորին ձգում է նաև ռոմանտիկան, ուստի «Իրական սերն» ամենից հաճախ է բնակչությանը հավաքում էկրանների մոտ: Սա էլ բարի ֆիլմ է սիրո մասին և լավ ամանորյա տրամադրություն է ապահովում ամբողջ գալիք տարվա համար: Սուրբ Ծննդյան պատմությունն անխուսափելիորեն ավանդական տող է ապահովել այս ֆիլմի համար ամանորյա հաղորդացանկում:

Ֆրանսիա

Ֆրանսիական «Le père Noёl est une ordure» կատակերգությունը, որ նկարահանվել է 1982 թ., ռուսական վարձույթ է մտել «Дед Мороз – отморозок», «Дед Мороз — Полный отстой» և «Новый Год по-французски» անվանումներով: Ամանորին մի քանի ոչ այնքան մեղսունակ անձինք պատահականորեն հավաքվում են մի տեղ, որի հետևանքով ստացվում է բավական անհանգիստ երեկո և չափազանց ծիծաղի կատակերգություն: Ֆրանսիացիները սիրում եմ այն և դիտում ամեն տարի:

le-pere-noel-est-une-ordure-de-jean-marie-poire-10608518uwrhg_1713

 

Չեխիա, Սլովակիա

«Երեք կաղին Մոխրոտի համար». սա ամանորյա լավագույն հեքիաթներից մեկն է, որ նկարահանվել է Չեխոսլովակիայում 1973 թ.: Բայց արդեն ավելի քան 35 տարի ոչ միայն Չեխիայում, այլև Գերմանիայում, Նորվեգիայում և եվրոպական այլ երկրներում այն ցույց են տալիս Սուրբ Ծնունդի գիշերը: Չեխական Մոխրոտը խելացի է, ուժեղ ու հնարամիտ և կարող է իր երազանքն իրականացնել անգամ առանց բարի փերու օգնության: Իր աշխատասիրության համար Մոխրոտը պարգև է ստանում երեք կախարդական կաղին, որոնք օգնում են նրան իրականացնելու իր ցանկությունները:

1326765078_11

Կանադա

Կանադան Նոր տարին դիմավորում է «Հրաշք 34-րդ փողոցում» (1947 թ.) կատակերգության դիտումով: Այս բարի ֆիլմն ընդունված է դիտել ընտանիքով Նոր տարուց առաջ, քանի որ ամրապնդում է մանուկների մեջ այն հավատը, որ հրաշքներ և Սանտա Կլաուս գոյություն ունեն, իսկ մեծերին հիշեցնում է, որ երբեմն պետք է հավատալ հրաշքին, որպեսզի հրաշքը հավատա մեզ:

a-miracle-on-34th-street-42924462

Իտալիա

«Սուրբ Ծնունդ, որ գրեթե չի եղել» ֆիլմը, որ նկարահանվել է Իտալիայում 1966 թվականին, իտալացիները ավանդական Սուրբ Ծննդյան ժապավեն են համարում: Սուրբ Ծննդյան տոնին վտանգ է սպառնում, Հյուսիսային բևեռի տիրակալը սպառնում է արտաքսել Սանտային իր բոլոր էլֆերի հետ միասին, իսկ նվերներ արտադրող գործարանն իր ձեռքը վերցնել: Հեքիաթն այն մասին, թե ինչպես է հասուն տղամարդը օգնում Սանտային, հաճույքով են դիտում թե′ երեխաները, թե′ մեծերը:

2

Ուկրաինա

1961 թ. ի վեր ողջ Ուկրաինան դիտում է Գոգոլի «Գիշերը Սուրբ Ծնունդից առաջ» վիպակի հիանալի էկրանավորումը` «Երեկոները Դիկանկային մերձ խուտորում» ֆիլմը: Սա պատմություն է այն մասին, թե ինչպես են ուկրաինական խուտորի բնակիչները պայքարում անմաքուր ուժի դեմ և դասավորում իրենց անձնական կյանքը: Սա շատ ազգային, բարի ու չծերացող ֆիլմ է: Ուկրաինական երգեցիկ բարբառը, զգեստներն ու ուտեստները, ամեն ինչ ջերմ, հաճելի մթնոլորտ է ստեղծում, չնայած սատանաները շարունակ խառնում են գյուղացիների ծրագրերը:

193570_640

Հայաստան

«Կինոաշխարհը» փոքր հարցում կազմակերպեց` պարզելու, թե որն է հայերիս սիրած ֆիլմն Ամանորից և Սուրբ Ծնունդից առաջ: Ցավոք, հաստատվեց մեր կանխավարկածը` մենք այդպիսի ֆիլմ չունենք: Համեմատաբար տարեց անձինք հիշեցին ռուսական «Ճակատագրի հեգնանքը», հիշեցին նաև, որ նախկինում հունվարի 1-ին ցույց էին տալիս «01 99», «Տերն ու ծառան», «Տժվժիկ», «Ոսկե ցլիկ» և էլի մի քանի սիրված կարճամետրաժներ, բայց հիմա դա էլ չկա: Երիտասարդները հիշեցին «Մեր բակը», սակայն նրանց մեծ մասը միաժամանակ նշեց, որ չէր ասի, թե դա իր սիրած ու սպասված ֆիլմն է: Մի մասն էլ նշեց, որ ամեն տարի մեր որոշ հեռուստաընկերություններ գերադասում են ցույց տալ անհամ պրեմիերաներ կամ իրենց ձանձրալի սերիալները, որոնք ուղղակի փչացնում են ամանորյա տրամադրությունը: Ավելի լավ են այն ալիքները, որոնք ուղղակի ցուցադրում են ուրիշ երկրների հաջողված ու սիրված ֆիլմերը:


Ռոտերդամի փառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրված է Սերգեյ Փարաջանովին

2019 թվականի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի  առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրվելու է հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։ Փարաջանովյան ծրագիրը նախաձեռնել...

|15 Հունվար 2019,09:04