Հունվարի 9-ը կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է։ Անխախտ ավանդույթ է. միշտ նույն մարդիկ՝ Փարաջանովի մտերիմները, որոնց շարքերը տարեցտարի նոսրանում են, նրա արվեստի երկպագուները, թեկուզ մեկ անգամ նրա ընկերակցությունը վայելած մարդիկ ծաղիկներ են խոնարհում Վարպետի շիրմին, խնկարկում հիշատակը, հետո ուղևորվում Փարաջանովի թանգարան։

Այս տարի Ռոտերդամի փառատոնի առանցքային ծրագրերից մեկը նվիրվելու է Փարաջանովին։ Փառատոնը մեկնարկելու է հունվարի 23-ին և տևելու է մինչև փետրվարի 3-ը։ Ռոտերդամի փառատոնի կազմակերպիչները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և բրիտանացի պրոդյուսեր Դենիել Բըրդը փարաջանովյան ծրագիր են նախաձեռնել։

Ինչպես հայտնի է, կինոկենտրոնի ու Դենիել Բըրդի ջանքերով դեռ անցյալ տարի սկսվել է հայկական դասական ֆիլմերի թվայնացման ու տարածման երկարաժամկետ ծրագիր։ Առաջինը թվայնացվել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմը։ Վերականգնված տարբերակը Հայաստանում ցուցադրվել է 2018-ի աշնանը։ Բացի այդ, լեհական FIXAFILM  ընկերությունը նույն ծրագրի շրջանակում վերականգնել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերի 1/3-ը։ Ընդհանուր ժապավանը կազմում է 103 տուփ։  «Նռան գույնի»  թվայնացված կադրերը ինստալյացիայի միջոցով կցուցադրվեն Ռոտերդամի փառատոնում։ Շնորհանդեսը նախատեսված է Արմենիուս եկեղեցում։ Եկեղեցու հատակին տեղադրված 32 մանիտորները անընդհատ ցուցադրելու են փարաջանովյան կադրերը՝ Տիգրան Մանսուրյանի՝ հատուկ այս նախագծի համար գրած երաժշտության ներքո։ Իսկ հունվարի 25-ին և 29-ին կցուցադրվի «Հակոբ Հովնաթանյան» վերականգնված ֆիլմը։ Հունվարի 28-ը Ռոտերդամի փառատոնի շրջանակում կնվիրվի սովետական կինոժառանգությանը. նախատեսված է կոնֆերանս-սիմպոզիում, որի թեման հայկական դասական կինոն է լինելու։

Առաջին անգամ Սերգեյ Փարաջանովը  1988-ին է հրավիրվել՝  մասնակցելու Ռոտերդամի փառատոնին։ 31 տարի անց, դարձյալ հունվարին Ռոտերդամում ներկա է լինելու Սերգեյ Փարաջանովն  իր հոգևոր գոյությամբ՝ կինոժառանգությամբ ու կինոարվեստով. առաջին անգամ անգլերեն կընթերցվեն նրա բանտային նամակները։ Զավեն Սարգսյանն իր հետ Ռոտերդամ է տանելու Սերգեյ Փարաջանովի ռոտերդամյան երկու ալբոմները, որոնք նա պատրաստել է փառատոնին մասնակցելուց հետո։ Վստահ է՝ փարաջանովյան մասունքները 31 տարի անց  փառատոնի կազմակերպիչների վրա մեծ տպավորություն են գործելու։

Նաիրա Փայտյան