«Երևակայական թելը» ֆիլմը պերֆեկցիոնիստի մասին է։ Փոլ Թոմաս Անդերսոնը նկարահանել է 50-ական թվականների անգլիացի հայտնի մոդելյոր Վուդքոքի (Դանիել Դեյ Լուիս) մասին, որն իրեն համարում է արտիստ ու չտեսնված էսթետ է։ Անդերսոնը ներկայացրել է ոչ միայն ժամանակաշրջանի շունչը կրող արվեստագետի, այլ առհասարակ արվեստագետի՝ դուրս որևէ ժամանակից ու սահմանումներից։

Արվեստագետ, ում համար իր ստեղծագործությունն ամեն ինչից վեր է, որը օժտված է գերմարդկային երեւակայությամբ և չի կարողանում ընդունել ցանկացած բան, որ կխանգարի իր աշխատանքին։ Սիրո զգացումը գալիս է խանգարելու նրան ու նրա ստեծագործական աշխատանքին։ Բայց ֆիլմը ոչ թե սիրո պատմություն է, այլ արվեստագետի դրամատիկ արձագանքն այդ զգացմունքին։

Նրանք հանդիպում են փոքրիկ սրճարանում։ Վուդքոքը՝  պարզ ու աչքի չընկնող մատուցողուհուն՝ Ալմային (Վիքի Քրիպս), հրավիրում է ընթրիքի ու ամեն ինչ սկսվում է։ Սերը ու այն միտքը, թե ինքը ողջ կյանքում փնտրել է հենց նրան, գալիս է փլուզելու նրա կյանքը ու հասկանալի է դառնում, որ Վուդքոքը հենց իր զոհն է՝ իր պատկերացումների, իր տեսակի ու իր ստեղծած աշխարհի։ Այն հարցին, թե ամուսնացած է, Վուդքոքը համեստ ժպիտով պատասխանում է` «I make dresses»:

Վուդքոքի ողջ կյանքը «make» բառի համարժեքն է։ Նա ստեղծել է իրեն, իր համբավը, իր ուժը, և երբ սիրո զգացումը ներս է խուժում նրա կյանք, այդ ուժն ընկրկում է ու նրա ստեղծած յուրաքանչյուր արժեքին սպառնում է շարունակական չլինելու վտանգը։ Սեփական ուժն ու հավասարակշռությունը կորցնելու վախից «make» բառին փոխարինելու է գալիս «destroy»-ը։ Վուդքոքը սեր է խոստովանում ֆիզիկական ծանր վիճակից անմիջապես հետո ու առաջարկում է Ալմային ամուսնանալ իր հետ։ Սակայն նրանց միությունն ու հարաբերությունները փակուղի են մտնում ամուսնությունից հետո՝ անգամ փոխադարձ սիրո դեպքում։

Այն, ինչ նրանք փնտրում են, բառերն են։ Վուդքոքն ընտրում է սիրո խոստովանությունը, որն իսկական հակասություն էր ու ինքնափլուզում։ Այդ պերֆեկցիոնիստը, ստեղծագործողն ու համարձակը անկարող լինելով դիմակայել սիրուն՝ ընտրում է հենց այդ բառերը։ Ինչպե՞ս դարձնել անպաշտպան, թույլ և ստիպել Վուդքոքին զգալ միայն իր կարիքը։ Ալման համոզվում է՝ Վուդքոքին կարող է ծնկի բերել միայն ֆիզիկական ցավը։ Դանիել Դեյ Լուիսը՝ Վուդքոքի դերակատարը, լսելով կնոջ բացատրությունը, գիտակցաբար կուլ է տալիս թունավոր սունկն ու այդ տեսարանում պարզապես հիպնոսի է ենթարկում հանդիսատեսին։

Այդ օրինակ սառնասրտությամբ ու հմայքով Դանիել Դեյ Լուիսը (տակավին երիտասարդ) ապշեցնում է Թոմաշի դերում՝ «Կեցության անտանելի թեթեւությունը» ֆիլմում (1988թ., ռեժ.՝ Ֆիլիպ Կաուֆման)։ Այստեղ էլ՝ մեկ ժպիտ ու մեկ հայացք, և ցանկացած կին իրենն է, մեկ բառ և ժեստ ու ցանկացած բան իրեն կարող է պատկանել։ Թոմաշին ու Վուդքոքին կապում են ոչ միայն հանգամանքները ու իրադրությունները, այլ նաև իրենց տեսակը։ Նրանք ուժեղ են ու սառնասիրտ։ Նրանց ոչինչ ծնկի չի կարող բերել ու նրանց աշխատանքը իսկական ապրելակերպ է։ Վուդքոքի ուժը թուլության է փոխակերպվում ֆիզիկական ցավի միջոցով, իսկ Թոմաշի կինը՝ Թերեզան (Ժուլիետ Բինոշ), երազում է ձուլվել Թոմաշին ու այդպիսով վերագտնել իր ուժը։

Վուդքոքն ու Ալման ֆիլմում միայնակ չեն, ինչպես միայնակ չեն  Թոմաշն ու Թերեզան։ Նրանց կողքին միշտ ներկա է երրորդ անձը, որն ամենևին էլ սիրային եռանկյունի չի հիշեցնում։ Վուդքոքի ու Ալմայի միջև կանգնած է Վուդքոքի սառնասիրտ ու հպարտ քույրը, իսկ Թոմաշի ու Թերեզայի միջև՝ Թոմաշի սիրուհի Սաբինան։ Եվ այնպիսի զգացողություն է, որ առանց այդ կերպարների անհնար կլիներ գլխավոր հերոսների միջև զարգացող հարաբերությունները։

Դանիել Դեյ Լուիսը՝ 21-րդ դարի լավագույն դերասաններից մեկը, կարողացել է մարմնավորել սիրո ու սիրո օբյեկտի հետ անհամատեղելիության եզրագծում հայտնված հերոսների, որոնք ոչ մի կերպ չեն հանդուրժում իրենց կյանքի ռիթմը խեղաթյուրող սիրո ներկայությունը։ Դանիել Դեյ Լուիսի խաղն անթերի է ինչպես Անդերսոնի այս ֆիլմը։ Զերծ որեւէ պաթոսից ու սիրային ինտրիգներից՝ այն իսկական նրբաճաշակության, խորը դրամատիկ ապրումների ու հասուն գիտակցության համադրություն է։ Անդերսոնը հմուտ ռեժիսորական հնարքով՝  երևակայական թելով «կարում է» Վուդքոքի ու Ալմայի չկապվող կյանքերը։

Հեղինակ՝  Մարգարիտա Յոլչյան


Սամյուել Մաոզ․Այն ինչն ապրված է, նկարահանված է

Ցանկացած պատերազմ իր հետքն է թողնում տվյալ ժողովրդի գիտակցության, կենսակերպի, մշակույթի և մասնավորապես ազգային կինեմատոգրաֆի վրա։ Այնպիսի երկիր, ինչպիսին է...

|13 Փետրվար 2019,01:49