Նեգատիվ ժապավենների մոնտաժի մասին նոր սերունդը լավագույն դեպքում լսած կլինի, բայց պատկերացում դժվար  թե ունենա։ Կինոյի մարդիկ, հատկապես նրանք, ովքեր ժապավենի վրա են նկարել, նկատում են. «Մոնտաժ ասվածը համակարգչի կոճակները չեն, մոնտաժի ամբողջ լրջությունն ու հմայքը ժապավենն է, երբ սիրտդ ամեն կադրի հետ թրթռում է»։ Մեր քաղաքում, մեր կողքին ապրում է նեգատիվ ժապավենի մոնտաժի վարպետ Մելսիդա Մաթևոսյանը։ Նա 1960-ականներից մինչև 2000-ականներն աշխատել է վավերագրական ֆիլմերի «Երևան» ստուդիայում։ 40 տարվա ընթացքում հարյուրավոր ֆիլմեր են անցել նրա ձեռքի տակով, որոնց մի մասը նախորդ սերնդին բախտ վիճակվել է տեսնել հեռուստաէկրաններին, իսկ շատերիս՝ ոչ։  Հեռախոսն ու տեսախցիկը ժապավենային կինոարվեստը դուրս մղեցին, բայց դա դեռ չի նշանակում, որ մեր ժապավենային ժառանգությունը պետք է հանձնվեր որոշ բախտախնդիրների քմահաճույքին, բայց  հանձնվեց ու հայտնի չէ՝ ինչ ճակատագիր ունեցավ։  Թե ինչ առօրյա ու ինչ առաքելություն են ունեցել նեգատիվի մոնտաժողները  ժապավենային կինոյի աստեղային ժամանակներում, «Կինոաշխարհին»  է պատմել է 76 տարեկան Մելսիդա Մաթևոսյանը։

Նեգատիվ ժապավենի մոնտաժը «Երևան» ստուդիայում

Այս մասնագիտությունը սովորել եմ հենց «Երևան» ստուդիայի լաբորատորիայում. ամուսինս՝ Ջանիբեկ Քալանթարյանը, մոնտաժային լաբորատորիայի վարիչն էր, ինձ իր մոտ տարավ, ու այդպես նեգատիվի մոնտաժը սովորեցի։ Ժենյան, Նինան, Մարգոն, Կարինեն. այդքանս էինք աշխատում։ Ուշադիր նայում էինք ժապավենին, խոտանը գտնում, կտրում-հանում. պետք է անվրեպ աշխատեինք։ Եթե մենք անորակ կադրը չհանեինք, դեռ մի բան էլ  սխալվեինք, ֆիլմի կադրերը հետուառաջ, սխալ կլինեին։

Մոնտաժի ժամանակ մեր սեղանի մոտ նստում էինք, ամեն մեկս մեր բաժին ժապավենը վերցնում , աշխատում։ 10 րոպեանոց ֆիլմը մոտավորապես 4 տուփ էր (բաբինա) 7 օրում էինք մոնտաժում։ Սեղանի վրա  ժապավենը բացում էինք, կլոր սարքի վրա պտտեցնում, հատուկ նյութ քսում, որ չչորանա, հետո խոտանը փնտրում-գտնում, կտրում,  հատուկ լուծութ քսում, որը ժապավենի երկու կողմերն ամուր կպցնում է ու այդպես շարունակում աշխատանքը, մինչև ֆիլմի ժապավենները վերջանային։ Նեգատիվ ժապավենների մոնտաժողներն առհասարակ քիչ էին։ Հիմա էլ դժվար է նրանց գտնել։ Օրինակ, ընկերուհիս՝ Կարինեն, անգործ է մնացել ու հիմա Թուրքիայում երեխա է խնամում։ Գիտեմ, որ «Հայֆիլմում» էլ կային մասնագետներ, բայց այնտեղ էլ ամեն ինչ փակվեց ու ավարտվեց։ Մոնտաժողների մի մասը մահացել է, մյուսներն ինձ նման անգործ են։

Կինոժապավենի դարաշջանն ավարտվեց

40 տարի ամեն օր Նորք եմ բարձրացել, իսկ 1990-ականներին, երբ տրանսպորտ չկար, էլի մի կերպ գնում էիք «Երևան» ստուդիա, որովհետև պարտավորություններ ունեինք, ինչ էլ լիներ, պիտի ֆիլմերը մոնտաժեինք։ Ցուրտ ու մութ տարիներին մի կերպ աշխատեցինք, հետո թոշակիս ժամանակը եկավ. ստուդիայի ղեկավարությունը որոշեց, որ մոնտաժողներ իրենց այլևս պետք չեն։ Ասացին՝ եթե նոր սերնդին ձեր մասնագիտությունը սովորեցնելու կարիք լինի, ձեզ կկանչենք։ Այդպես էլ չկանչեցին։ Նոր սերնդին չսովորեցրին, հներին էլ չպահեցին, ու մեր մասնագիտությունը համարվեց ոչ պետքական։ Եղել են դեպքեր, երբ խոստացել են՝ կկանչենք, կաշխատես։ …Այդպես էլ չեն կանչել։ Իսկ ես իմ գործը շատ եմ սիրում ու հիմա էլ պատրաստ եմ աշխատել։ Ցավում եմ, որ այդ ամենը ոչնչացվեց, ստուդիան չկա, ժապավենները՝ նույնպես։ Տասնամյակների ահռելի աշխատանքը ոչնչացվեց ու ոչինչ էլ չվերականգնվեց, չթվայնացվեց։ Ժապավեններն էլ, Աստված գիտե, ինչ եղան։

Նեգատիվի պոզիտիվ մոնտաժողը՝ լուսանցքում

1960-2000-ականներին շատ ռեժիսորների հետ եմ աշխատել՝ հատկապես «Երևան» ստուդիայի։ Նրանք գալիս էին, հետևում, թե ինչպես ենք աշխատում, իրենց ֆիլմերի մոնտաժն ինչպես է ընթանում։

Ափսոսում եմ, որ այդքան ծաղկուն ստուդիան, որտեղ անընդհատ աշխույժ եռուզեռ էր, ֆիլմեր էին արտադրվում, ոչնչացավ։ Հիմա շատերը չգիտեն էլ, որ ժամանակին նեգատիվի մոնտաժող մասնագիտություն է եղել։ Պիտի ասեմ, որ այն ժամանակ էլ մեր աշխատանքը լիարժեք չէր գնահատվում։ Շատ ցածր աշխատավարձ էինք ստանում։ Սովետական տարիներին 100 ռուբլուց մի քիչ էի ավել ստանում։ Եթե հազարից մեկ էլ 20-25 ռուբլի  հոնորար էին տալիս, ոգևորվում, ուրախանում էինք։ Ֆիլմի վերջում էլ բացի նեգատիվի մոնտաժողներից,  բոլորի անուն-ազգանունը, անգամ վարորդներինը, գրվում էր։ Երեխաներս ամեն անգամ ֆիլմի վերջում սպասում էին, որ իմ անունն էլ կգրվի, բայց չէ, չէր գրվում։  Առանց երկրորդ օպերատորի ֆիլմ հնարավոր է նկարել, առանց երկրորդ ռեժիսորի՝ նույնպես, բայց առանց նեգատիվի մոնտաժողի  ֆիլմ չի կարող լինել, բայց արի ու տես, որ թե՛ աշխատավարձի, թե՛ բարոյահոգեբանական տեսակետից մեր աշխատանքը լուսանցքում էր։ Եթե նեգատիվը չլինի, պոզիտիվը չի լինի։ … Ես շուտ եմ թոշակի գնացել, որովհետև համարվում էի թունավոր ցեխի աշխատող։

Մի գիշեր «Երևան» ստուդիայում

1990-ականներին  «Երևան» ստուդիայում Ռուբեն Քոչարի  ֆիլմն էի մոնտաժում։ Երկար մնացի, հետո զանգեցի պահակներին, որ ճշտեմ՝ ավտոբուս կա՞, որ տուն գնամ։ Պատասխանեցին, որ վերջինն արդեն գնացել է։ Ցուրտ, մութ տարիներ էին. եթե մնացել ես Նորքում, ուրեմն կմնաս մինչև հաջորդ օրը, մինչև ավտոբուսը նորից գա։ Հեռախոս էլ չկար, որ տնեցիներին զգուշացնեի։ Մնացի ստուդիայում, աշխատեցի։ Տանն էլ կարծել էին, թե հիվանդանոցում եմ գիշերել. որդիս վթարի էր ենթարկվել ու հիվանդանոցում պառկած էր։ Հաջորդ օրը  Ռուբեն Քոչարը եկավ ստուդիա, տեսավ՝ դեռ աշխատում եմ։ Զարմացավ. «Մելսիդա, դու չե՞ս քնել»։ Պատասխանեցի՝ ոչ, չեմ քնել. աշխատել եմ։ Որպես փոխհատուցում՝ մի բաժակ թեյ ուղարկեցին։ Մեր մասանգիտության անկման ժամանակաշրջանն արդեն սկսվում էր։ Լույս չկար. մոմի, լամպի լույսի տակ էի մոնտաժում։ Միայն թե ֆիլմը հասցնեի ավարտել։ Այդ ժամանակ ուրիշ մոնտաժող չկար, միայն ես էի։

Մեր լավ տարիներն անցան-գնացին։ Եռուզեռ, աշխուժություն, կինոյի մասնագետներ. վերջացավ,  շատերը գնացին ԱՄՆ։ Ծանոթներս լուր էին բերում, թե «Երևան» ստուդիան  Լոս Անջելես է տեղափոխվել։ Ուրիշ գործով էին զբաղվում այնտեղ՝ ոչ կինոյով։ Գիտեմ, որ արտասահմանյան ստուդիաներ կան, որ նեգատիվի հիման վրա ֆիլմեր են վերականգնում ու թվայնացվում, բայց դժվար թե մերոնցից որևէ մեկն այնտեղ աշխատելիս լինի։

Երանելի վերադարձ սիրելի մասնագիտությանը

Մի քանի ամիս առաջ Հայաստանի ազգային կինոկենտրոնից առաջարկ ստացա. պետք է աշխատեի Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի և «Նռան գույնից» դուրս մնացած կադրերի նեգատիվի հետ։ Այսինքն՝ 20 տարվա ընդմիջումից հետո նորից կարճ ժամանակով պետք է վերադառնայի սիրելի գործիս։ Ֆիլմերի նեգատիվների հիման վրա ֆիլմերը Լեհաստանում պետք է վերականգնվեին։ Նեգատիվի մոնտաժող էին փնտրել ու ինձ գտել։ Ժապավեններն ամրացնող կպչուն  հատուկ նյութ մեր երկրում չէին գտել. Լեհաստանից  բերեցին։ …Մոտ մեկ ամիս աշխատել եմ այդ ֆիլմերի վրա։  «Հակոբ Հովնաթանյանն» ավարտել եմ. այն Լեհաստանում վերականգնվել ու թվայնացվել է, իսկ «Նռան գույնից» դուրս մնացած 103 տուփ ժապավենի միայն 1/3-ի վրա եմ աշխատել։ Ասում են՝ դեռ էլի գործ ունեմ, «Նռան գույնի» մյուս հատվածներն էլ պիտի մոնտաժվեն։ Հույս ունեմ։

Վերականգնված հիշողություն

Երբ 20 տարվա ընդմիջումից հետո ձեռնոցներս դրեցի, ձեռքս առա «Նռան գույնի» նեգատիվը, կարծես վերածնվեցի, նոր կյանք, շունչ ու ոգի ստացա։ Անասելի, անպատմելի զգացողություն էր։ Նույն վայրկյանին սկսեցի աշխատել։ Կինոկենտրոնի աշխատակցուհին նայեց, թե ինչպես եմ աշխատում ու  ասաց՝ Մելսիդան ամեն ինչ հիշում է, հանգիստ եղեք։  Քանի որ 2 անգամ  ինսուլտ եմ ստացել ու շատ բան եմ մոռացել, դուստրս զգուշացրել էր. «Մա՛մ, եթե տեսնես, որ մոնտաժելը մոռացել ես, ժապավենը վայր կդնես, ներողություն կխնդրես ու տուն կգաս, հիշողությունը լարելը քեզ հակացուցված է»։ Բայց ես այնքան անվրեպ ու արագ սկսցի գործս, որ ինքս ինձ վրա ապշել էի։ Հիվանդությանս պատճառով այնքան բան եմ մոռացել, բայց ո՛չ նեգատիվի մոնտաժը։ Ես հասկացա, որ դա մոռանալ կամ շփոթել ուղղակի անհնար է։ Առաջին աշխատանքային օրվանից հետո եկա տուն, դստերս ասացի՝ ոչինչ չեմ մոռացել, ամեն ինչ հիշում եմ։

Ես այնքնան  էի ուրախացել, որ «Հակոբ Հովնաթանյանի» և «Նռան գույնի» համար ինձ նորից աշխատանքի են կանչել, որ մտածում էի՝ եթե անգամ չվճարեն,  կգնամ աշխատելու։ Աղջիկս էլ էր նույնն ասում։ Ես դրանով ապրում էի։ Բայց վճարեցին։ 20 տարի առաջ աշխատանքային ճերմակ ձեռնոցներս լվացել-պահել էի։ Ու 20 տարի հետո դրանք նորից հանեցի. այնքա՜ն երանելի պահ էր։ Ինչքան քիչ բան է պետք մարդուն երջանիկ լինելու համար, ինչքան քիչ բան է պետք… ընդամենը պետքական լինելու զգացողություն։

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ