Բելառուսական կինոյի պատմության թանգարանի կինոսրահում հունվարին կներկայացվեն համաշխարհային կինեմատոգրաֆի երեք հսկաների՝ Համֆրի Բոգարտի (120), Սերգեյ Փարաջանովի (95) և Վլադիմիր Բիչկովի (90) ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները։ Այս մասին «Մինսկ լրատվական» գործակալությանը հայտնել է թանգարանի տնօրեն Իգոր Ավդեևը: Նա նշել է, որ հունվարին ծնվել են բազմաթիվ ռեժիսորներ, օպերատորներ, արվեստագետներ, բայց  իրենք ընտրել են այն անձանց, որոնց հոբելյանները նշվելու են համաշխարահային կինոհանրության կողմից։ Ավդեևը ասել է, որ «ցավոք, այդ մարդիկ այսօր մեզ հետ չեն, բայց հետահայաց ցուցադրումները ևս մեկ հնարավորություն են կլինեն՝ կրկին առնչվելու նրանց արվեսի հետ»:

Համֆրի Բոգարտին նվիրված «Մեծ աստվածները կամ լավագույններից լավագույնը» խորագրով հետահայաց ցուցադրումները մեկնարկել են հունվարի 4-ին՝ «Բարձր Սիերրա» սև ու սպիտակ ֆիլմի ցուցադրումով։ Հունվարի 23-ին կլրանա Բոգարտի 120-ամյակը։ Բոգարտի առաջին հայտնի ֆիլմերից մեկը 1930 թվականին նկարահանված «Գետով դեպի վեր» ֆիլմն է։ 1951 թվականին «Աֆրիկական թագուհին» ֆիլմի համար դերասանը արժանացել է «Օսկարի»՝ «Լավագույն դերասան» անվանակարգում։1943 թվականին իր ամենահայտնի «Կասաբլանկա» ֆիլմում խաղացած դերի համար Բոգարտը ներկայացվել է «Օսկարի»։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել, դարձել է կինոյի պատմության ամենանշանավոր ֆիլմերից մեկը՝ ընդգրկվելով Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում։

Կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ  Սերգեյ Փարաջանովը հունվարի 9-ին կդառնար 95 տարեկան։ Ռեժիսորին նվիրված «Կովկասյան հեռանկարներ. Սերգեյ Փարաջանով» խորագրով հետահայաց ցուցադրությունները ներառում են  Վարպետի գլուխգործոցները՝ «Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը», «Սուրամի ամրոցի լեգենդը» եւ «Աշուղ Ղարիբը» ֆիլմերը:

Հետաքրքիր՝ «Հեքիաթը սուտ է, բայց դրա մեջ կա հուշում …» խորագրով հետահայացը նվիրվում է բելառուսական կինոյի ամենանշանավոր կինոռեժիսորներից մեկի՝ Վլադիմիր Բիչկովի 90-ամյակին: Տաղանդաշատ ռեժիսորը աշխատել է «Բելառուս Ֆիլմ» ստուդիայում 1960-1980-ական թվականներին՝ թողնելով հինգ զարմանահրաշ ֆիլմեր` «Վարպետների քաղաքը», «Աշնանային նվեր փերիներին», «Յուրաս Բրատչիկի կյանքը և վերելքը», «Թռիչք դեպի հրեշների երկիր» և այլն։