«Ոսկե ծիրանի» ավանդույթներն այլևս չեն շարունակվելու։  Կինոփառատոնի հիմնադիր կազմն ամբողջովին փոխվել է։ Ավագ սերունդը կինոփառատոնի ղեկը հանձնել է նոր սերնդին։ «Ոսկե ծիրանի» համահիմնադիրներ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը, Սուսաննա Հարությունյանն ի պաշտոնե ներկայացրել են փառատոնի նոր ղեկավար կազմին։

«Քանի մեզ չեն հանել, ավելի լավ է մենք գնանք»,- հումորով ասաց Հարություն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ որոշումը կայացրել են բոլորով, նպատակահարմար գտել 15-ամյա փառատոնը ղեկավարելու պարտավորությունները հանձնել երիտասարդներին։

Սուսաննա Հարությունյանը կստանձնի միջազգային ծրագրերի ղեկավարի պաշտոնը, իսկ Միքայել Ստամբոլցյանն իր խորհուրդներով կօգնի երիտասարդներին։ Ընդունված կարգ է՝ միջազգային փառատոներում պարբերաբար փոփոխություններ, նորամուծություններ են տեղի ունենում,  և առհասարակ նոր շունչը, թարմությունը ժամանակի պահանջն ու անհրաժեշտությունն են։ Այս սկզբունքներից ելնելով էլ «Ոսկե ծիրանի» հիմնադիրները էստաֆետը հանձնել են երիտասարդներին՝ նրանցից ակնկալելով նոր մոտեցումներ ու ծրագրեր, միջազգային կինոփառատոներին համընթաց աշխուժություն ու նորարարություններ։ Իսկ երիտասարդները, որ այսուհետև  ստանձնելու են «Ոսկե ծիրանը» ղեկավարելու և կազմակերպելու պատասխանատվությունը, նախկինում էլ սերտ կապեր են ունեցել կինոփառատոնի հետ։ Նրանք արտասահմանյան բուհերում մասնագիտական հմտություններն ու գիտելիքները զարգացրել են, որպեսզի աշխատեն հայկական կինոփառատոնի հանրահռչակման, վարկանիշի բարձրացման ուղղությամբ։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենը Հասմիկ Հովհաննիսյանն է։ Նա Շվեդիայի կինոյի և մեդիայի համալսարանում է սովորել։ Չի պատրաստվում բեկումնային և կտրուկ շրջադարձեր կատարել «Ոսկե ծիրանում», բայց հետագայում աշխատելու է կինոփառատոնի բրենդի փոփոխության ու տարածման  ուղղությամբ։ Հասմիկը մտադիր է կրճատել փառատոնին վերաբերող տպագրական նյութը. ավելի քիչ թուղթ կօգտագործվի, ավելի քիչ ծառեր կհատվեն։ Նպատակը բնապահպանական է։ Բացի այդ, նոր տնօրենը մեթոդներ է մշակելու, որպեսզի հուլիսի երկրորդ շաբաթը Երևանում անցկացվող փառատոնն ընդգրկի նաև մարզաբնակ հանդիսատեսի։

«Ոսկե ծիրանի» ծրագրերի ղեկավարը Կարեն Ավետիսյանն է։ Նա որոշակի տեղեկություններ հաղորդեց փառատոնի ծրագրային փոփոխությունների մասին. նախկին վավերագրական, խաղարկային, «Հայկական համայնապատկեր» մրցութային անվանակարգերին փոխարինելու են լիամետրաժ լավագույն ֆիլմերի ընտրանի, տարածաշրջանային կարճամետրաժ ֆիլմերի ծրագրերը։ Եվս մի անվանակարգ էլ կառանձնացվի տարածաշրջանային լիամետրաժ ֆիլմերի համար. այստեղ ժանրային սահմանափակումներ չեն լինի. կընդունվեն թե՛ խաղարկային, թե՛ վավերագրական ֆիլմեր։ Անվանակարգը մրցութային չի լինելու, բայց մեկ ֆիլմ արժանանալու է ՖԻՊՐԵՍԻ-ի մրցանակին։ Հատկապես վերջին երկու անվանակարգերում հայկական կինոն կարող է մրցել տարածաշրջանի երկրների ֆիլմերի հետ և, ըստ էության, հենց այդ նպատակն էլ հետապնդել են ծրագրերի հեղինակները։

Կլինեն նաև երևանյան պրեմիերաներ, հետահայաց ցուցադրություններ։ Նորույթ է լինելու «Խելագար կեսգիշեր» ծրագիրը, որի շրջանակում ուշ ժամերի կցուցադրվեն սարսափ, միգուցե նաև էրոտիկ ժանրերի ֆիլմեր։

«Ոսկե ծիրանի» ղեկավար նոր կազմը հայտնում է, որ կինոհայտերն ընդունվելու են 2019-ի հունվարի 10-ից։ Իսկ թե ովքեր են լինելու 16-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերը, մասնակից ռեժիսորները, սցենարիստներն ու պրոդյուսերները, հայտնի կդառնա քիչ ավելի ուշ։

Նաիրա Փայտյան