«Մոսկվա» կինոթատրոնում` դեկտեմբերի 8-ին տեղի կունենա ռեժիսոր և սցենարի հեղինակ Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր»  լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը։ «Էրկեն կիշեր» ֆիլմաշարը ստեղծվել է 3 տարվա  հսկայածավալ աշխատանքի արդյունքում: Ֆիլմի ռեժիսորը հանդիսատեսին է ներկայցնում  երեք տարբեր պատմություններ՝ մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերությունների: Ֆիլմի հերոսները ծանր իրավիճակում հայտնված և ընտրության առաջև կանգնած անհատներ են, որոնց  կատարած վճռական քայլը որոշիչ կարող է դառնալ նրանց կյանքում:

Տարբեր ժամանակաշրջանների հերոսների դրամատիկ պատմությունները կապված են գայլի և գնդաձև քարի հետ. ճակատագիրը հետապնդում է այդ քարի տերերին: Քարի հազարամյա ճամփորդությունը ժամանակի մեջ սկսվում է Նարեկացու դարաշրջանից,  ապա անցնելով 1915-ի հայկական կոտորածների սարսափների  միջով, հասնում է մինչև մեր օրերը և ավարտվում ամուսնական զույգի տարօրինակ ընտանեկան դրամայով՝ վեր հանելով  եռանկյունու երրորդ կողմը կազմող փողոցային մարմնավաճառի բարոյական արժեքները, որոնք ավելի բարձր են, քան բարձրաստիճան ուղևորներինը:

Առաջին մաս, 21-րդ դար

Հերոսները մեր օրերում ապրող ամուսիններ են, որոնց փոխհարաբերությունները նման են իներցիայով շարունակող անհասկանալի պարտավորությունների մեկը մյուսի նկատմամբ: Սպիտակ գնդաձև վերջնամասով քարը գլխավոր հերոսի թանկարժեք մեքենայի կախազարդն է՝ բանալիների հետ միասին…: Գործողությունները ժամանակացույցով ետ են գնում և հաջորդ մասում կրկին տեսնում ենք քարը՝ արդեն հաջորդ հերոսի ձեռքում, թզբեհի վրա:

Երկրորդ մաս, 20-րդ դարի սկիզբ

Սցենարի հիմքում  Դ.Դեմիրճյանի  «Ավելորդը» պատմվածքն է. թուրքական զորքերն արդեն մոտ են քաղաքին և մեծահարուստ առևտրական Հաջի Աղայի ընտանիքը մյուս հայերի հետ միասին լքում է այն՝ տանը թողնելով նրա հիվանդ քրոջը՝ Սրբուկին, ում համար տեղ չի գտնվում ֆուրգոնում…

Երրորդ մաս, 1003 թվական

Այս հատվածում գործողությունները ծավալվում են Գրիգոր Նարեկացու մահվան օրը: Գյուղացի Օսեփն իր հիվանդ միակ որդուն գիշերով, գայլերով լի անտառի միջով տանում է մի ճգնավորի մոտ, որպեսզի վերջինս իր աղոթքներով փրկի որդուն: Նա վտանգներով լի ճամփա է ընկնում և հայտնվում բարդ ընտրության առաջ․․․

Ի դեպ, ֆիլմի ստեղծման ընթացքում, շուրջ յոթ ամիս Մատենադարանի ավագ գիտաշխատող- լեզվաբանը  վերաստեղծել է այն  լեզուն, որով խոսում էին Գրիգոր Նարեկացու ապրած ժամանակաշրջանում:

1 ժամ 40 րոպե տևողությամբ պատմական դրամայի «Ավելորդը» նովելի սցենարի համահեղինակն է Քնարիկ Միրզոյանը, բեմադրող օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, բեմադրող նկարիչները՝ Սեդրակ Վելիկոդնին, Տիգրան Առաքելյանը, երաժշտությունը՝  Անդրանիկ Բերբերյանի, գլխավոր դերերում հանդես են գալիս Շանթ Հովհաննիսյանը, Սամվել Գրիգորյանը, Լուիզա Ներսեսյանը, Բաբկեն Չոբանյանը, Նարինե Գրիգորյանը, Մարիա Սեյրանյանը, Մինաս Ասրյանը, Վաչե Երիցյանը։ Պրոդյուսերներ են Կարինե Սիմոնյանը, Էդգար Բաղդասարյանը։


Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմը»՝ տարվա լավագույն եվրոպական ֆիլմ

Դեկտեմբերի 15-ին՝ Եվրոպական կինոակադեմիայի 3500 անդամից բաղկացած ժյուրին Սևիլիայում հատարարեց տարվա հաղթողներին: Ինչպես նշված է կինոակադեմիայի պաշտոնական EFA կայքում, 2018 թվականի...

|15 Դեկտեմբեր 2018,14:22