Կինոյում եղանակ ստեղծող Մարինա Ռազբեժկինան հավատացած է, որ բանասերի և ռեժիսորի աշխատանքը նույնն է. մեկը երկու բառի, մյուսը` երկու կադրի ճիշտ հաջորդականության ու կապակցման արվեստն է։ Այս համոզման չէր կրթությամբ բանասեր, աշխատանքային փորձով՝ ուսուցիչ, լրագրող, դասախոս Մարինա Ռազբեժկինան, երբ իր քառասունում ոտք դրեց վավերագրական կինոյի ոլորտ և 1987-ին նկարեց իր առաջին՝ «Իսկ ձեր բակում» վավերագրական ֆիլմը։ Դրանով նրա համար փակվեցին Կազանի կինոստուդիայի ու բացվեցին նախ Մոսկվայի, ապա և միջազգային կինոարտադրության ու փառատոնների դռները։

Կինոկրթություն չունեմ և ֆիլմ նկարելու կարողությունը ինտուիտիվ կերպով հասկացա։ Իսկ Ամստերդամի վավերագրական կինյի փառատոնում (IDFA) պարզվեց, որ այն, ինչ արել եմ կինո է և ոչ այլ մի բան։

Այդուհետ վավերագրական և խաղարկային կինոյում՝ ընդունելի կամ ոչ, բայց իր առանձնահատուկ սկզբունքներով վճռականորեն ներկայացող Ռազբեժկինան որոշեց կրճատել օժտվածների դեպի կինո ճանապարհը՝ Մոսկվայում հիմնելով Վավերագրական կինոյի և թատրոնի դպրոցը։ Ու արդեն տասը տարի առանց գիր ու գրականության, առանց դասական օրինակների ռեժիսորներ է կրթում։ 14 ամիս, 13 դասավանդող մասնագետ, 13 առարկա, պրակտիկ աշխատանք և վերջ. մեկ մարդ՝ մեկ ֆիլմ սկզբունքով ուսուցումն ավարտված է։

15 տարեկանից վավերագրող ռեժիսոր դառնալու ցանկություն ունեի։ Մտավորական ծնողներիս մեկ սենյանականոց բնակարանի 8 հազար գրքերի արանքում ապրում և 4 տարեկանից ագահորեն կարդում էի։ 16-ում հեռացա անտառաբնակ ստարովերների մոտ՝ կյանքը գրքերից դուրս միայնակ ճանաչելու։ Ու կյանքի այլ շերտեր բացվեցին, իսկ կարդացածս գրքերը պատասխաններ չունեին դրանց համար։

Մարինա Ռազբեժկինան, ելնելով իր փորձառությունից, կոնկրետ սահմանել է ուսանողի չանելիքը՝ դասագիրք չկարդալ՝ սահմանափակում է, շտատիվ չօգտագործել՝ տեսախցիկը ձեռքի շարունակությունն է, չկիրառել զում (zoom)՝ հարկ է մոտենալ ֆիզիկապես և ոչ տեխնիկական հնարքով, չդիմել ուղիղ հարց ու պատասխանի ժանրին՝ կստանաք ուզածը և ոչ այն, ինչ կա, բացառել հետկադրային տեքստն ու երաժշտությունը՝ ճնշում են, խլացնում կադրի ռիթմը։ Ուսանողի անելիքը նույնպես սահմանված է նա պարտավոր է լինել իր ֆիլմի ռեժիսորը, սցենարիստը, օպերատորը, մոնտաժողը։

Առանց դպրոցում արգելված տարրերի աշխատելը հետագայում դրանք ճշգրիտ կիրառելու հնարավորություն է տալիս։ Մենք պարզապես շտկում ենք ուսանողների ուղեղներն ու ճանապարհում դեպի իրենց կինո։

Հայաստան էր հրավիրված նույն նպատակով և անհատական վարպետության դասեր տվեց վավերագրական ֆիլմի նախագծերի երիտասարդ ռեժիսորներին։ Ու հետո փաստեց դիտարկած նյութի և դրանց հեղինակների հետաքրքրականությունը, բայց խուսափեց կանխատեսումներ անել, քանի որ սխալվելու փորձ էլ է ունեցել։

Նախկինում հեշտորեն կանխատեսում էի, թե ուսանողներիցս ովքեր կմնան կինոյում ովքեր ոչ։ Բայց մեր հագեցած ու արագ ուսուցման ծրագիրն ավարտած մարդկանցից եկան  տարիներ անց ասելու, որ հասկացել են իրենց անելիքը և արդյունք տվեցին։  

Մարինա Ռազբեժկինայի դպրոցի ուսանողուներից են ռեժիսոր Վալերիա Գայ-Գերմանիկան, Մադինա Մուստաֆինան, Դենիս Կլեբլյովը, Դմիտրի Կուբասովը և այլոք։ Գոնե առաջին երկուսի մասին ասվում է, որ կարդացած չեն, բայց տաղանդավոր են։ Եվ բացի այդ ունեն վավերագրողին հատուկ հատկանիշներ՝ սեփական հայացք կյանքի դժվար վիճակները զգալ-ապրելու հատուկ նրբանկատություն և դրանցում իրենց կողքից տեսնելու կարողություն ու համառություն։

Վավերագրող պետք է դառնա նա, ով ուղղակի չի կարող չլինել վավերագրող։ Սա այս օրվա ու այստեղի մասին կինո է, որը ստեղծվում է այս պահին և հերոսի ու ռեժիսորի կոնտակտից։ Սա կինո է, որը պահանջում է ազատություն, այդ թվում ազատություն նաև ոլորտի մեծերից՝ դասականներից։

Կյանքն ինքնուրույն զգալ–ապրելու, ինտուիտիվ կողմնորոշման, դիտողականությունը աշխատանքային գործիք դարձնելու սկզբունքով առաջնորդվել է սովորեցնում Մարինա Ռազբեժկինան և հավատացած է, որ մեր օրերում երիտասարդ վավերագրողին անհրաժեշ հատկանիշներ են համառությունը, ըմբոստությունն ու ինքնուրույնությունը։

Այլապես կարելի է լինել շատ կարդացած, անգամ ասենք հանճարեղ ֆիզիկոս,  տաղանդավոր մարդ, բայց մինչ ի մահ մնալ պայծառ հույսեր տվող մեկը և ոչ ավելին։

 

Պատրաստեց Նանա Պետրոսյանը