Ռեժիսոր Արուսյակ Սիմոնյանի «Իմ նոր տարին» կարճամետրաժ ֆիլմը խիստ անձնական պատմություն է մարդկանց մասին, ովքեր չեն կորցրել ցավից այն կողմ երջանկությունը զգալու կարողությունը, ովքեր մահից ավելի ապրելու ու ապրեցնելու ցանկություն ունեն, նրանց մասին, ովքեր հավատում են, որ հրաշքներ լինում են անգամ այն պահերին, երբ աշխարհն ավարտվել է: Սա պատմություն է նոր աշխարհներ ստեղծողների մասին: «Իմ նոր տարին» ֆիլմ-երախտագիտություն է նրանց, ովքեր ապրեցին:

Երբ աշխարհն ավարտվեց

Մայրս մահացել էր, հայրս և ես վիրավոր էինք: Ես և եղբայրս միակ երեխաներն էինք, որ ողջ էինք մնացել մեր մանկապարտեզում: Մորս գտանք միայն ապրիլի 10-ին՝ երկրաշարժից 4 ամիս հետո, եղբայրական գերեզմանում: Հայրս 32 տարեկան էր, երբ մնաց մենակ՝  իմ և եղբորս հետ: Մի օրում նա կորցրեց ամեն ինչ: Մորս գտնելու համար հայրս ու պապս 300 եղբայրական գերեզմաններ էին բացել: Զարմանում եմ՝  ինչպե՞ս չեն խելագարվել դրանից հետո: Ամեն եղբայրական գերեզմանում մի ծանոթ, հարազատ մարդ էին տեսել: Փոքր քաղաքներում բոլորն իրար ճանաչում են: Ես շատ շնորհակալ եմ հորս և պապիկիս, որ նրանք, այդքանից հետո, չդադարեցրեցին որոնումները, որովհետև իրենց համար կարևոր էր, որպեսզի մենք մեր մոր գերեզմանի տեղն իմանանք: Ինձ համար սա հայի իսկական նկարագիրն է, որի օրինակը հայրս ու պապս են:

Իմ ամենաերջանիկ նոր տարին

Այս ֆիլմը պապիս ու հորս կյանքի պատմությունների հանրագումարն է, և ամենալուսավոր հիշողությունն իմ կյանքի: Այս պատմության վրա կառուցվել է իմ գիտակցությունը, մանկական ենթագիտակցությունից գիտակցության, իսկ հետո նաև ապրելակերպի վերածված այս պատմությունը օգնեց ինձ չդառնալ վշտով լի մարդ: Այս ֆիլմի հիմքում պապիս այն արարքն է, որն իմ կարծիքով բացահայտում է հայի այն գենը, որը բոլորիս մեջ կա՝ արարելու, ստեղծելու, ապրելու գենը:

Նոր տարվա նախօրեն էր։ 1990 թվականն էր գալիս: Մենք ապրում էինք փոքր վագոն-տնակում: Առավոտյան տնակում աղմուկ լսեցինք: Երբ դուրս եկանք տնակից, տեսանք, որ պապս անտառից կտրել, բերել էր ամենամեծ տոնածառը: Նա հստակ գիտեր մեր վագոն-տնակի չափերը, ու գիտեր նաև, որ տոնածառը ներս չի մտնելու տնակի նեղլիկ դռան միջով, բայց նա մեզ համար գտել էր անտառի ամենամեծ տոնածառը, որպեսզի իմ և եղբորս մանկությունը չմնար այդ փլատակների տակ, որպեսզի մենք սկսեինք հավատալ հրաշքներին:

Պատկերացրեք՝ շուրջդ փլատակներ, ավեր, մութ, ցուրտ տարիներ, պատերազմ ու հանկարծ՝ այդ տոնածառը, վագոն-տնակի կրկնակի չափով: Փորձեցինք այն ներս բերել, չէր ստացվում: Ստիպված կտրեցինք տակի ճյուղերը: Մի կերպ տոնածառը խցկեցինք վագոն-տնակ ու հասկացանք՝ խաղալիք չկա: Մինչև հիմա էլ չգիտեմ՝ պապս այդ պահին որտեղից գտավ այդ տոնածառի խաղալիքը՝ կոտրված, ճաքած: Սոսնձեց, կպցրեց, ամրացրեց ու կախեց ծառից: Մեծ տոնածառի վրա՝ ընդամենը մեկ խաղալիք:

Ես արդեն 36 տարեկան եմ, բայց մինչև հիմա դրանից ավելի երջանիկ Նոր տարի չեմ ունեցել: Այդ օրը ամանորյա հրաշքը եկավ մեր տուն:

Նման զգացողություն ևս մեկ անգամ ունեցել եմ հիվանդանոցում, երկրաշարժից հետո, երբ վիրավոր էի, ու հիվանդանոց այցելության էր եկել Շառլ Ազնավուրը: Նա ինձ փափուկ խաղալիք էր բերել: Այդ տարիներին փափուկ խաղալիքներ չկային խանութներում: Ու անգամ հիմա՝ երեխաներիս խաղալիքները հավաքելիս, ձեռքերս փնտրում են հենց այն խաղալիքի փափկությունը:

Այս երկու դեպքերն ինձ անընդհատ հիշեցնում են այն մասին, որ դեռ այնքա՜ն հրաշքներ են լինելու: Մենք չգիտենք՝  երբ․անգամ, երբ ծանր է, դժվար է, բարդ է, միևնույն է՝ պետք է հավատալ, որ այդ հրաշքները սպասում են մեզ, որովհետև կյանքը տրվում է մեզ ապրելու համար:

Ես հավատում եմ հայի այն տեսակին, որ տեսա երկրաշարժի օրերին

Ես հավատում եմ, որ հայը ինչ-որ հատուկ գեն ունի, որն օգնում է օրհասական պահերին չկոտրվել, հավաքվել ու ապրել: Ապրելու գեն ունի: Սպիտակում ես տեսել եմ մարդկանց, ովքեր հասուն տարիքում զրկվելով ձեռքից, սովորել են ոտքով բաժակ բռնել, ջուր խմել: Նույնն էլ սփյուռքում: Սփյուռքահայերը ցեղասպանության փաստը միայն որպես սուգ չեն ընդունում: Հայրենիքից կտրված, տեղահանված, կոտորված, նրանք շարունակել են արարել, ստեղծել, փորձել են ամեն կերպ օգնել Հայաստանին:

Երկրաշարժի օրերին ես տեսել եմ մարդկանց ազնվությունը, պատրաստակամությունը, իրար օգնելու ազնիվ մղումը, անշահախնդրությունը: Երկրի կեսը փլատակ էր, բայց մենք հաղթեցինք Արցախյան պատերազմում:  Սպիտակի ջոկատից շատերը կորցրել էին ամեն ինչ, բայց մնալու, տուն-տեղ ստեղծելու փոխարեն, գնում էին ռազմաճակատ: Սկզբում ամեն ինչ շատ ազնիվ էր: Հետո ամեն ինչ փոխվեց:

Երկրաշարժը շատ դասեր տվեց մեզ՝ սկսած շինարարական նորմերի խախտումներից մինչև արժեքային ավելի լուրջ հարցեր։: Խորհրդային տարիներին մարդիկ կորցրել էին հայրենիքի զգացողությունը, նրանք համարում էին, որ պետությունից գողանալը գողություն չէ: Հիմա, երբ մեծացել եմ, հստակ հասկանում եմ, որ շատ կարևոր ժամանակ եմ ծնվել, ես տեսել եմ ուժեղ հային, տեսել եմ օրինակներ, որոնք ձևավորել են իմ ինքնությունը:

Ես ցավում եմ, որ պապս շատ շուտ մահացավ՝ 1991-ին, ու ես չհասցրեցի բացահայտել նրան: Նա մահացավ՝ չկարողանալով իր ներսից հանել այդ երկրաշարժը: Նա չկարողացավ ապրել դրանից հետո: Բայց մահից ընդամենը մեկ տարի առաջ, 1990-ին, նա մեզ համար ստեղծեց տոնածառի այդ մեծ հրաշքը, որ հենց դա միշտ մեր աչքի առաջ լինի:

Շնորհակալ լինելու իմ փորձը

Երբ արդեն սովորում էի ռեժիսուրայի բաժնում, հստակ որոշել էի, որ ֆիլմ եմ նկարելու երկրաշարժի մասին: Իհարկե, սա կարճամետրաժ ֆիլմ է, բայց սա փորձ է՝ շնորհակալ լինելու երկրաշարժը վերապրածներին, նրանց, ովքեր չոչնչացան, ովքեր չդարձան կենդանի դիակ: Սա երախտագիտություն է նրանց, ովքեր որոշեցին ապրել՝ մահվանը հակառակ: Այս ֆիլմից հետո ներսումս կուտակված պարտքի զգացումը մի քիչ պակասել է, որովհետև փորձել եմ ցույց տալ այն մարդկանց ուժը, ովքեր չզոհվեցին ու իրենց ապրելով ավելի մեծ գործ են անում:

Երբ պատրաստվում էի ֆիլմի նկարահանմանը և աշխատում էի սցենարի վրա, կարծում էի, որ ֆիլմում կլինի միայն տոնածառի դրվագը: Հետո, պատրաստի ֆիլմում, տոնածառը հայտնվում է միայն վերջին կադրում՝ վագոն-տնակի նեղ դռան դիմաց: Ընթացքում առաջ եկան կերպարներ, պատմություններ, որոնք նախապես ծրագրված չէին: Երևի պետք էր, որ ֆիլմը հենց հիմա նկարահանվեր, որ այս պատմությունն այսքան տարի ինձ հետ լիներ, մաղվեր, բյուրեղանար, լիարժեք դառնար:

Ֆիլմում ամենակարևոր կերպարներից մեկը Վազգեն Ա կաթողիկոսն է: Ես գիտեի, որ նա պետք է լինի իմ ֆիլմում, բայց չգիտեի՝ ինչ է ասելու: Երբ արխիվային կադրերը ուսումնասիրելիս գտա նրա խոսքը՝ ասված դեկտեմբերի 9-ին, հասկացա, որ հենց դա պետք է լինի ֆիլմում: Երկրաշարժից ընդամենը երկու օր անց կաթողիկոսը դիմում է իր ժողովրդին և խոսում ոչ թե մահվան մասին, այլ այն մասին, որ մենք պետք է գնանք դեպի Արարատ, այն մասին, որ մենք չապրելու իրավունք չունենք: Սրանից հետո սկսվում է Արցախյան պատերազմը:  Երբ գտա այս խոսքը, հասկացա, որ այն մարգարեական է եղել:

Ֆիլմի նկարահանումը շատ արագ ստացվեց: Այնքան մարդիկ հայտնվեցին կողքիս, այնքան մարդիկ փորձեցին օգնել: Խորեն Լևոնյանը, սցենարը կարդալուց  անմիջապես հետո ցանկացավ, որ եղբորս դերը իր որդին խաղա: Այդպես էլ արեցինք: Իմ դերում մեծ աղջիկս է նկարահանվել, որը կրում է մայրիկիս անունը: Եվ այս լուծման մեջ ևս խորհուրդ կա՝  կյանքի շարունակականության, անընդհատության, մահվան նկատմամբ կյանքի հաղթանակի խորհուրդը:

Հ․Գ․ Երկու շաբաթ առաջ «Իմ նոր տարին»  ֆիլմն արժանացել է Կանադայի «Նուռ» կինոփառատոնի գլխավոր մրցանակին` լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում:

Պատրաստեց Սոնա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ