Հովհաննես (Ժան Շա) Թեքգյոզյան․ Երևանը իմ գլխավոր հերոսն է
Եթե ցանկանում եք տեսնել, զգալ, շնչել ոչ տուրիստական, բնական Փարիզը, ձեր գլխավոր ուղղություններից մեկը պետք է լինի Մարեի թաղամասը: Պոմպիդու արվեստի կենտրոնի հարևանությամբ գտնվող Մարեն Փարիզի հնագույն թաղամասերից մեկն է: 1960-ական թվականներին փարիզեցիների համառ պայքարի և իհարկե՝ Անդրե Մալրոյի աջակցության շնորհիվ, Մարեն կարողացավ պահպանել իր հնագույն տներն ու նրբանցքները: Այստեղ են Պիկասոյի վերջերս վերաբացված և Փարիզի պատմության՝ Կարնավալեի թանգարանները, մի շարք պատմական ցուցասրահներ և բազմաթիվ գրախանութներ, որոնցից մեկում էլ տեղի ունեցավ մեր գրքի հերոսների հանդիպումը:
Իրականում, բոլորս հանդիսատես էինք և եկել էինք հանդիպելու գրքի մեկ հերոսի՝ Հովհաննես Թեքգյոզյանի: Ի դեպ այստեղ՝ Ֆրանսիայում, մեր հայազգի տաղանդաշատ գրող, դերասան և չափազանց հետաքրքիր մարդ Հովհաննեսին, ճանաչում են Ժան Շա անունով: «Շա» ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է կատու, մտքիս գալիս է մեկ այլ Ժան, կատու պաշտող-սիրող Կոկտոն, և հարցս տալիս եմ Հովհաննեսին․
-Իսկ ինչո՞ւ կատու։
Հովհաննեսը չեշիրյան ժպիտով պատասխանում է․
-Քանզի ես կատու եմ:
Հովհաննեսի բանակային ընկերն էլ հաստատում է՝ նա մեզ համար միշտ կատու է եղել:
Այսպիսով վերադառնանք Մարե, հանդիպելու Ժան Շա Հովհաննեսին: Գրախանութը բացահայտ փոքր էր, քանզի մենք շատ էինք: Ֆրանսիացիներ, հայեր, ֆրանսահայեր, բոլորս գամված լսում էինք միջոցառման կազմակերպչի հարցերն ու Հովհաննեսի գեղեցիկ ֆրանսերենով հնչող պատասխանները: Ամենևին չէինք զարմանում, որ ընդամենը մի քանի տարիների շնորհիվ Հովհաննեսը հանգիստ խոսում է ֆրանսերեն, չէինք զարմանում, քանզի «տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն հարցում» արտահայտությունը Հովհաննեսի հետ միասին եկել էր հանդիպման: Ժան Շան այսօր ապրում է Ստրասբուրգում, իսկ Փարիզում հայտնվել էր նշելու իր՝ «Փախչող քաղաքը» գրքի ֆրանսերեն թարգմանության տպագրությունը:
-«12 տարի առաջ գրված գիրքը դարձավ կանխագուշակություն, ինչպես իմ ազգի այնպես էլ անձամբ ինձ համար: Գիրքը գրելիս, ես կյանքում չէի մտածի, որ Երևանում տեղի կունենան այս բոլոր փոփոխությունները, որ ես կապրեմ Երևանից դուրս»,- խոստովանում է Հովհաննեսը։
Տարօրինակ չէ, որ Հովհաննեսի գրելաոճը համեմատում են Լուիս Քերոլի հետ, նապաստակի նման ձեռքից փախչող, ընկնող օճառի պես, ժամանակը սահում-հոսում է, շփոթեցնելով ընթերցողին:
-Այո, իմ գիրքը հանդարտ հոսող պատմություն չէ, այն վազում-փախչում է, և ջարդված սիմվոլների-ավանդույթների բեկորները գեղադիտակի տեսքով պտտվում են՝ փորձելով բացատրել, թե վերջապես ինչ է տեղի ունենում: Քանզի տեղի ունեցածը հասկանալը բարդ է․ պատմությունը երկու ձայնով է պատմվում, միևնույն ժամանակ, նույն վայրում տեղի ունեցած նույն իրողությունների մասին երկու տարբեր հերոսների ձայներ և տեսակետներ են հնչում․․․
Բայց բացի գլխավոր երկու հերոսներից, կա նաև մեկ ուրիշը՝ Երևանը․
-Երևանն իմ գլխավոր հերոսն է: Գրքում տիրում է մի իրավիճակ, որտեղ ոչինչ հստակ չէ, չկա հող-հիմք, իսկ եթե առանց հիմք քաղաքը փախչում է, ուրեմն բնակիչներն էլ են փախչում․․․
Ժամանակի հետ կամ նրա ետևից վազում ենք բոլորս․La ville en fuite այսպես է փախչում քաղաքը ֆրանսերենով։
Հեղինակը խոստովանում է, որ իր գիրքը հիանալի խոսում է ֆրանսերեն, (նույնիսկ ավելի լավ քան հայերեն), իսկ ես մտածում եմ, միգուցե վերջապես կատուն գտել է իր մայրենի լեզուն և դադարեցրել փախուստը:
Լիլիթ Սոխակյան
Փարիզ, Մարեի թաղամաս
2018 թվական