Մեր մեծագույն ցանկությունը՝ Հայաստանն արտասահմանյան կինոարտադրողների, պրոդյուսերների համար դարձնել գրավիչ ու հետաքրքիր, չի կարելի անիրատեսական համարել։ Համենայն դեպս, մեր երկրում աշխատած օտարազգի կինոարտադրողները արժանահավատ նախադրյալներ են տեսնում, որոնք հնարավոր է զարգացնել ու համարտադրությունները կայուն հիմքերի վրա դնել։

Ընդամենը 2 շաբաթ առաջ ավարտվել են «Չարի հպումը»Evil Touch») միջազգային կոմերցիոն կինոնախագծի նկարահանումները։ Մինի-սերիալը հայաստանյան Academy Films ֆիլմարտադրող և պրոդյուսերական ընկերության, ամերիկյան Associated Television International և ռուս-ամերիկյան Blitz Films ընկերությունների համատեղ արտադրություն է։ Գլխավոր պրոդյուսերն ամերիկացի Դեյվիդ Մաք-Քենզին է, ռեժիսորը՝ Սերգեյ Սարկիսովը։

Թե ինչպես է հայաստանյան ընկերությանը հաջողվել համագործակցել ամերիկյան շուկայում մեծ փորձ ունեցող Associated Television International-ի հետ և ֆիլմն ամբողջությամբ նկարահանել մեր երկրում՝ kinoashkharh -ին է պատմել  Academy Films-ի ղեկավար, «Չարի հպումը» կինոնախագծի համապրոդյուսեր Արամ Թորոսյանը։

Սարսափ-պատմություն՝ հայկական գյուղում

Սցենարի մի քանի տարբերակ ենք քննարկել. մեր գործընկերները՝  ամերիկյան  Asssociated Television International և ռուս-ամերիկյան Blitz Films ընկերություններն ուզում էին անպայման ֆիլմ նկարել Հայաստանում և կանգ առան հենց այդ սցենարի վրա, որի հիմքում սարսափի ժանրն է։ Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Հայաստանում։ Մի խումբ երիտասարդներ ուղևորվում են Եվրոպա, հետո գալիս են մեր տարածաշրջան՝ Հայաստան։ Նրանք հայտնվում են մի խուլ գյուղում, որը տարօրինակ ու վտանգավոր է թվում նրանց։ Երիտասարդները ստիպված են լինում գիշերել այդ գյուղում ու շուտով հասկանում են, որ իրենց կասկածները հիմնավոր են։ Գյուղում դարերով բնակված է եղել Չար Ոգին, ու չարը հպվելու միջոցով փոխանցվում է։ Թեման ու պատմությունն ամերիկյան են. կարծում եմ, ժամանակակից երիտասարդությունն այն մեծ հետաքրքրությամբ կդիտի։

Համարտադրության առաջին փորձ՝ ապագայի հեռանկարով

«Չարի հպումը»  կոմերցիոն նախագիծ է՝ մեր համատեղ առաջին աշխատանքը, որը հետագա համագործակցության, ավելի լայնածավալ նախագծերի նախադրյալ է։ Ընդ որում, նպատակ ունենք դրանք հենց Հայաստանում նկարել հայկական ստեղծագործական թիմերի հետ։ Մեր երկիր բերելով նաև այլ պրոդյուսերական ընկերությունների, մեր համատեղ աշխատանքը ներկայացնելով դրսի պրոդյուսերական կենտրոններին՝ մենք  ցույց կտանք, որ Հայաստանը լոկացիաներով հարուստ, մեծ պոտենցիալ ունեցող երկիր է, որտեղ աշխատում են պրոֆեսիոնալներ և ստանում են բավականին լավ արդյունք՝ որակյալ կինոարտադրանք։

Հաղթահարված դժվարություններ, գոհացնող արդյունք

Եղանակային վատ պայմաններում ենք աշխատել, ընթացքում սցենարը փոփոխվեց,  սարսափի ժանրը դարձավ միստիկ դրամա։ Բացի այդ, մի շարք դժվարությունների հանդիպեցինք, բայց ցանկացանք, որ հենց այս տարի նկարահանենք ֆիլմը, որպեսզի հետարտադրական գործընթացներն էլ ավարտելով՝ վերջնարդյունքը տեսնենք 2019-ից ոչ ուշ։ «Չարի հպումը» մինի-սերիալը ցուցադրելու նախնական պատվեր ունենք  ամերիկյան CW կաբելային հեռուստաալիքի կողմից, որը շատ խոշոր ընկերություն է և ամերիկյան շուկայում բարձր դիրքեր ունի։ Ֆիլմը 6 սերիայից է բաղկացած, յուրաքանչյուրի տևողությունը՝ մեկ ժամ։ Մինի-սերիալի հիման վրա մեկ առանձին ամբողջական ֆիլմ ևս կպատրաստվի՝ կրճատված տարբերակը, որը կցուցադրվի կինոթատրոններում։ Այնպիսի տեխնիկայով ենք նկարահանումներն արել, որ ձևաչափը համապատասխանի կինոթատրոնների չափանիշներին ևս։

Ամերիկյան ֆիլմ՝ հայկական շեշտադրումներով

Պրոդյուսեր Դեյվիդ Մաք-Քենզին կիսով չափ հայ է, ռուսական կողմից Սերգեյ Սարկիսովը նույնպես հայ է։ Նրանք հատուկ են շեշտել Հայաստանը, որպեսզի ֆիլմը դիտողին ցույց տան, թե ինչպիսի լոկացիաներ ունի մեր երկիրը, ինչ հարուստ, տպավորիչ տեսարաններ կան այստեղ։ Սար ու ձոր,անտառ, բազմաշերտ բնաշխարհ, գյուղական միջավայր. ամեն ինչ կա Հայաստանում, մինչդեռ այլ վայրերում այս ամենը պետք է ստանալ, նկարահանման հատուկ տաղավարներ կառուցել։ Նկարահանումները կատարվել են հիմնականում Դաշտադեմում, Երևանի Կոնդ թաղամասում, Աշտարակում, Օշականում, Բջնիում։ Ամեն ինչ համապատասխանեցվել է ֆիլմի պահանջներին, եթե պետք է եղել, փոփոխվել է, կառուցվել, նորոգվել։ Օրինակ՝ Աշտարակի կամրջի մոտակայքում մի հին բաղնիք կա, որը վերակառուցվել ու նորոգվել է, որպեսզի այնտեղ ևս նկարահանումներ կատարվեն։ Շինությունը սեփական տարածք էր, որը հանձնել ենք տիրոջը, բայց արդեն նորոգված վիճակում։ Հայաստանյան թիմ ձևավորելու համար ընտրել ենք մասնագետների. օպերատորը Մկրտիչ Բարոյանն է, դերասանների հիմնական կազմն ԱՄՆ-ից է, խաղում  են նաև հայ դերսաններ՝ Ալեքսանդ Խաչատրյանը, Արսեն Գրիգորյան, Անուշ Առաքելյան։  Ֆիլմի լեզուն անգլերենն է, բայց կան նաև հայերեն երկխոսություններ, որոնք հավանաբար կթարգմանվեն անգլերեն կամ թարգմանությունը կգրվի էկրանին։

Ռիսկը գործի կեսն է

Երբ Դեյվիդ Մաք-Քենզին տիկնոջ՝ Լորա Մաք-Քենզիի հետ  «Travel show» հեռուստահաղորդաշարը պատրաստելու նպատակով եկան Հայաստան (ի դեպ, ATV-ին այն ցուցադրելու իրավունք է ձեռք բերել), տեսան մեր երկիրը, և հենց այդ ժամանակ էլ այստեղ ֆիլմ նկարելու,  կինոարտադրություն ստեղծելու միտքն առաջացավ։ Շուկան ուսումնասիրեցինք, և Academy Films  ընկերությունն սկսեց Associated Television International-ի հետ ակտիվ աշխատել, տեղեկություն տրամադրել ոլորտի մասանգետների, ֆինանսական համակարգի, օրենսդրական իրավիճակի մասին։

Նրանք ասացին. «Մենք կարող ենք այս ֆիլմը Վրաստանում, Չեռնոգորիայում, ԱՄՆ-ում նկարել, որովհետև այդ երկրներում կան  ընկերություններ, որոնք աշխատանքային մեծ փորձ ունեն ու նրանց հետ աշխատելն ավելի դյուրին ու հստակ կլինի, բայց պետք է փորձել ու սկսել աշխատել նաև Հայաստանում»։

Մենք սկսեցինք մասնագիտական թիմ հավաքել, որն օրական աշխատում էր 12-20 ժամ, և նախագիծն ստացվեց այնպես, ինչպես ուզում էինք, պատկերացնում էինք։ Նկարահանումները տևել են 36 օր. 2 շաբաթ առաջ ենք ավարտել, ամեն օր նկարահանման հրապարակում աշխատել է 70-100 մարդ։ Վերջում ֆիլմի ռեժիսորը՝ Սերգեյ Սարկիսովն ասաց՝ ես ստացա այն, ինչ ուզում էի։

Բավականին բարդ նկարահանումներ են եղել,  աշխատանքյին թիմի 90 տոկոսը հայ է։ Ֆիլմի նկարիչներից մեկը նկատել է. «Նման մեծածավալ նկարահանումներ՝ այսքան մեծ թիմային աշխատանքով վերջին անգամ տեսել եմ սովետական տարիներին»։

Հեղինակային իրավունք,  բյուջե, շուկա

«Չարի հպումը» ֆիլմի հեղինակային իրավունքները պատկանում են Associated Television International-ին, որը ֆիլմը եթեր կհեռարձակի CW կաբելային հեռուստաալիքով 2019 թվականի երկրորդ կեսին։  Նրանք, ովքեր կցանկանան ցուցադրել «Չարի հպում» սերիալը, պետք է ցուցադրման իրավունքը գնեն  Associated Television International-ից։ Հայաստանն, իհարկե, այդ խնդիրը չունի։ Մենք կարող ենք ֆիլմը որոշ ժամանակ այստեղ ցուցադրել, բայց  քիչ ավելի ուշ։ Նախապատրաստական և նկարահանման աշխատանքներն արժեցել են 350 հազար դոլար։ Հետարտադրական գործընթացն ԱՄՆ-ում է լինելու. դա էլ առանձին ծախս է պահանջելու։ Կարծում եմ՝  հետագա նախագծերի հետարտադրական աշխատանք ևս  կարելի է Հայաստանում կազմակերպել։ «Չարի հպումն» առաջին փորձն է. դրան կհետևեն ավելի մեծ  նախագծեր, որոնք կարվեն տեղի ուժերով՝ ներգրավելով ոլորտի  պրոֆեսիոնալներին։ Սա մեծ ծրագրերի սկիզբն է միայն, փորձ՝ զգալու և հասկանալու շուկան։ Մենք համարձակություն ունեցանք մտնելու շուկա, հասկացանք ու գնահատեցինք թե՛ թերությունները, թե՛ առավելությունները, դրական ու բացասական կողմերը։ 

Եթե վերանան օրենսդրական դաշտի անթույլատրելի բացթողումները

Այս նախագիծը շատերի համար է օրինակ դարձել, որ, այո՛, Հայաստանում հնարավոր է ֆիլմ նկարել։ Մեր նախագծերի կազմակերպչական պրոցեսում մենք առավելագույնս թափանցիկ փոխհարաբերություններով ենք առաջնորդվելու։ Ես նկատի ունեմ ֆինանսական հատվածը.մենք համագործակցում ենք միմիայն ԱՁ-ների կամ ՍՊԸ-ների հետ։ Վճարումները պիտի  բացառապես փոխանցումներով լինեն՝ ըստ հստակ ձևակերպված պայմանագրերի։ Մենք հասկացանք, որ ոլորտը 90 տոկոսով հիմնված է կանխիկ վճարման համակարգի վրա, որն ուղղակի սխալ է։ Եթե մենք մտադիր ենք կինոարտադրություն զարգացնել, ուրեմն պետք է միանշանակ ապահովել համագործակցության թափանցիկ, իրավաբանորեն անթերի գործելաոճ։ Եթե ոչ, ուրեմն այսուհետև կիրականացվի ևս մեկ-երկու նախագիծ ու վերջ։ Աշխարհն այսօր գործարքի պայմանագրային, փաստաթղթային տարբերակով է առաջնորդվում, վաղուց ժամանակն է, որ Հայաստանում էլ այդկերպ աշխատենք։ Որպեսզի և՛ կոմերցիոն ծրագրեր իրականացնեք, և՛ պրոֆեսիոնալների, պրոդյուսերերական ընկերությունների ներգրավենք, և՛ Հայաստանը զարգանա՝ որպես կինոարտադրող կողմ, պետք է ֆինանսական ու իրավաբանական առավելագույն թափանցիկությամբ աշխատեն բոլոր կողմերը։ Այս դեպքում տեղական արտադրանքը կզարգանա, Հայաստան ավելի շատ գումարներ կգան, հետագա ծրագրերը երկարաժամկետ կլինեն, ավելի մեծ թվով ու ավելի խոշոր պրոդյուսերական ընկերություններ կցանկական մեզ հետ աշխատել։ Այսպես միջազգային շուկա դուրս գալու հնարավորությունները կմեծանան մեր իսկ գործընկերների միջոցով, որովհետև նրանք ոչ միայն արտադրող են, այլև վաճառող։ Այսինքն՝ սկզբում մենք պատվեր ենք իրականացնում, հետո ստեղծում ենք մեր իսկ արտադրանքը, որը կարող է միջազգային շուկայի համար գրավիչ լինել, և համարտադրությունների թիվն ու ծավալներն ավելի կմեծանան։

Եթե ունենանք օրենսդրորեն կանոնակարգված դաշտ

Այս ֆիլմը ստուգող, ուսումնասիրող նշանակություն ունեցավ նաև։ Պետական մարմիններին ևս  այս նախագծի օրինակով  շատ բան պարզ դարձավ, և օրենսդրական առումով սկսել են հարցեր բարձրացվել, խոսակցություններ շրջանառել cashback հասկացության, կինոարտադրողին ԱԱՀ-ից ազատելու մասին։ Կինոյի մասին օրենքը կկարգավորի այն մարդկանց հարցերը, որոնք զրոյից ուզում են ինչ-որ բան սկսել։ Երբ պետք է նախագիծը պատրաստել ու փորձել վաճառել կամ ներկայացնել որևէ հեղինակավոր փառատոնի, պետության օրենսդրական դիրքորոշումը շատ անհրաժեշտ է։ Եթե ես մտադիր եմ, օրինակ, 20 դերասանի ընդգրկել իմ նախագծում, օրենսդրորեն ինչպե՞ս կարգավորել այդ համագործակցությունը։ Իրավական պայմանագի՞ր պետք է կնքվի, թե՞պետք է ժամանակավոր աշխատանք ձևակերպվի՝  30 տոկոս հարկ, ԱԱՀ։ Վրաստանում, օրինակ, ԱԱՀ չկա։ Պետք է նկատի ունենալ, որ կինոյի ոլորտը կարող է ֆինանսական լուրջ ռեսուրսներ բերել Հայաստան, ինչը  մեզ նման փոքր երկրին շոշափելի արդյունք կտա։ Մենք կունենանք բարձրորակ մասնագետներ։

Հայկական կինոարտադրության հուսադրող նախադրյալները

Մտադիր ենք հաջորդ տարի սկսել օրինակ` օպերատորական դասընթացներ, որպեսզի մեր օպերատորները կարողանան նաև DRONE-ով աշխատել։ IDeA հիմնադրամը ժամանակ առ ժամանակ որակյալ մասանգետների է հրավիրում Հայաստան, կփորձենք համագործակցել ու վարպետության դասեր կազմակերպել։ Հայաստանում կինոարտադրության ոլորտը մեծ ներուժ ունի, զարգացման նախադրյալները մեծ են։ Եթե աշխատանքը ճիշտ է կազմակերպվում, բնականաբար, արդյունավետությունը մեծանում է, և օտարազգիները հաճույքով են աշխատում մեր մասնագետների հետ։ «Չարի հպումը» նախագիծը վառ օրինակ է։ Կա հստակ ծրագիր, աշխատանքային հստակ ժամանակացույց. վերջ, բոլորս աշխատում ենք, անցանք գործի։

Ճանաչի՛ր հայրենիքդ… կճանաչեն քեզ

Ես զբոսավար (գիդ )եմ եղել. Հայաստանը շատ լավ եմ ճանաչում։ Սա շեշտում եմ նաև որպես հորդոր մեր երիտասարդներն, որպեսզի իրենք էլ  հետաքրքրվեն մեր երկրով, շատ քայլեն,  ճանապարհորդեն, արշավեն, տեղեկանան՝ որտեղ ինչ կա, բացի այդ, տիրապետեն օտար լեզուների։ Դա ամբողջ կյանքում իրենց պետք կգա ու օգուտ կբերի։ Իմ և Դեյվիդ Մաք- Քենզիի ծանոթությունը տուրիզմի ոլորտում է կայացել. ես նրա «Travel Show» ծրագրի խորհրդատուն եմ եղել։ Բացի այդ,  Academy Films ընկերությունը մի քանի նախագծեր է իրականացրել։ Մենք ֆիմերի միջոցով Հայաստանն ու Արցախը ներկայացրել ենք՝ որպես   զբոսաշրջային երկրներ։ Հետո ի հայտ եկավ նաև  «Չարի հպումը» կինոնախագիծը, և  Academy Films ընկերության արտադրական ծավալներն ավելի մեծ թափ առան։ Մեր կայքը շուտով պատրաստ կլինի, և մենք ամբողջ ներուժով, ֆիլմերով, արված աշխատանքի մասին տեղեկատվությամբ կներկայանանք հանրությանը։ Ի դեպ, մտադիր ենք տարբեր թեմաներով վավերագրական ֆիլմի մեծ նախագծեր իրականացնել։ Զուգահեռ փորձելու ենք մեկ-երկու հեռուստանախագիծ սկսել։ Իսկ ֆիլմարտադրությունը մեր հիմնական գործառույթն է լինելու։ Այսպիսով, Հայաստանը լավ ճանաչելու, տեղեկացված լինելու  իմ առավելությունները «Չարի հպում» նախագծին շատ պետք եկան։

Ազնիվ աշխատանքը՝ հետագա հաջողության երաշխիք

Մեր  FB էջի միջոցով կազմակերպել ենք սցենարների մրցույթ։ Բավականին շատ արձագանքողներ եղան։ Լավագույն սցենարներն ուղարկեցինք ԱՄՆ։ Ու հիմա ամերիկացի պրոդյուսերներն  այդ սցենարների վրա աշխատում են։ Դրանցից չորսը, իմ կարծիքով, համաշխարհային ֆիլմերի հիմք կարող են դառնալ։

Մեր երկրում կիոյի ոլորտը տարերային է եղել: Մարդիկ մի նախագծի վրա փորձել են ավելի շատ գումար աշխատել՝ չիմանալով, թե նորը երբ է լինելու։ Մենք վստահ ենք, որ հստակ, մաքուր, ազնիվ աշխատանքը երկարաժամկետ է։ Սկզբում աշխատիր քո անվան համար, հետո անունդ կաշխատի քեզ համար։ Բոլորս պիտի ջանանք հնարավորինս թափանցիկ աշխատել, որպեսզի օտարերկրյա ներդրողը վստահ լինի իր ներդրումների ապահովության հարցում։ Ես վստահեցնում եմ, որ մեկ տարի հետո Academy Films-ը ևս մի քանի նախագծեր է իրականացնելու դրսի ընկերությունների հետ, քանի որ մեր երկրում առայժմ դժվար է գտնել մեծ գումար ներդնելու պատրաստ ընկերությունների։ Իսկ 2020 թվականից զուգահեռաբար մի քանի այլ նախագծեր կսկսենք պրոդյուսերական տեղի  ընկերությունների հետ։

Մենք մոնոպոլիստ չենք, կաշխատենք մեր գործընկերների հետ ու միասին նոր ֆիլմեր կարտադրենք։ Ֆանտաստիկ լավ սցենարներ կան. դրանք պետք է ֆիլմեր դառնան։

Պատրաստեց Նաիրա ՓԱՅՏՅԱՆԸ


Ռոտերդամի փառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրված է Սերգեյ Փարաջանովին

2019 թվականի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի  առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրվելու է հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։ Փարաջանովյան ծրագիրը նախաձեռնել...

|15 Հունվար 2019,09:04