Իտալացի կինոռեժիսոր, դրամատուրգ Բեռնարդո Բերտոլուչին վախճանվեց 77 տարեկանում՝ 2018-ի նոյեմբերի 26-ին։ Յուրօրինակ մարդ՝ պոետ, գրող, կոմունիստ, բուդդիստ, ֆրեյդիստ եւ կինոհեղինակ։ Նրա ոչ մի ֆիլմ մյուսին նման չէ ժանրով, սյուժեով, մտահղացմամբ։ Բայց բոլոր նրանք նույն կերպ խորն ու նման են մի հարցում՝  հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ։

Բերտոլուչիի արվեստը գնահատվել է կինոմատոգրաֆի բազմաթիվ պարգեւներով։ Նրան շնորհվել է «Օսկար» (1987), «Ոսկե գլոբուս» (1988), BAFTA (1989), Բեռլինյան միջազգային (1970), Վենետիկյան կինոփառատոնների մրցանակները (1997, 2007).  2011-ին նա արժանացավ նաեւ Կաննի փառատոնի պատվավոր մրցանակին, 2013-ին Հոլիվուդի փառքի ճեմուղում տեղադրվեց նրա անվանական աստղը։

Կոմֆորմիստ (1970)

Ֆիլմը, որտեղ ռեժիսորը ուսումնասիրում է ֆաշիզմի էությունն ու ակունքները, նրան խելահեղ հաջողություն բերեց։ Այստեղ հերոսի հիշողությունները հաջորդում են միմյանց, եւ նա ֆաշիստների հանձնարարությամբ պետք է սպանի փարիզեցի հակաֆաշիստ-պրոֆեսորին՝ իր նախկին ուսուցչին։

Վերջին տանգոն Փարիզում (1972)

Բերտոլուչիի աղմկահարույց ֆիլմերից է, որի ցուցադրումը տարբեր ժամանակներում արգելվել է «պոռնոգրաֆիայի» համար Իտալիայում, Պորտուգալիայում, Սինգապուրում, Նոր Զելանդիայում, Հարավային Կորեայում։ Ռեժիսորը հանդիսատեսին ներկայացնում է ոչ միայն տարեց տղամարդու եւ երիտասապդ կնոջ սիրային պատմությունը բաց տեսարաններով, այլեւ հույսի կորստի դրաման՝ իդեալ գտնելու, հոգու հավերժական հարմոնիայի եւ անկեղծ սիրո մասին։

Քսաներորդ դար (1976)

Բերտոլուչիի հինգ ժամ տեւողությամբ էպոսը, որը պատմում է երկու տղամարդկանց ընկերության մասին, որոնցից մեկը բատրակի, մյուսը կալվածատիրոջ ընտանիքից են։ Մանկությունից մինչեւ հասուն տարիք սյուժեն զարգանում է պատմական իրադարձությունների եւ հասարակական տրամադրությունների փոփոխմանը զուգընթաց Իտալիայում, 20-րդ դարի առաջին կեսին։ Գլխավոր հերոսներին մարմնավորել են Ռոբերտ դե Նիրոն եւ Ժերար Դեպարդիեն։

Վերջին կայսրը (1987)

Այս ֆիլմի սցենարը Բերտոլուչին ինքն է գրել։ Հիրավի, փառահեղ ֆիլմ է, որտեղ դրսեւորվում է Չինաստանի պատմությունը մի տարի շարունակ ուսումնասիրելու արդյունքը։ 9 «Օսկար», 4 «Ոսկե գլոբուս», «Սեզար» մրցանակ եւ այլ պատվավոր մրցանակներ, որոնք Բերտոլուչիի անունը վերջնականապես դրոշմեցին «դասականների» շարքում։ Չինական վերջին՝ Պու Ի կայսրի կյանքի եւ մահվան պատմությունն է՝ անհոգ մանկությունից մինչեւ հեղափոխության հետ եկած մեծ փոփոխություններ։

Փոքրիկ Բուդդան (1993)

Քննադատներն այս ֆիլմը սառն ընդունեցին, սակայն այն նույնպես ճանաչում ձեռք բերեց, այնպես, ինչպես ճանաչվեց Բուդդայի դերը խաղացած Կիան Ռիվզը։ Ազդեցիկ եւ նուրբ այս պատմությունը նկարահանվել է Բութանի գեղեցկագույն բնապատկերների ֆոնին։ Մինչ Բերտոլուչին այդ վայրերում ոչ ոք նկարահանում չէր կատարել եւ դա նրա Բուդդիզմով տարված լինելու դրսեւորումներից էր։

Խուսանավող գեղեցկություն (1996)

Հրաշալի, նուրբ, անկեղծ էսթետիկ դրամա՝ Լիվ Թեյլերի մասնակցությամբ։ Նա մարմնավորում է գլխավոր հերոսին, երիտասարդ ամերիկուհուն, որը փնտրում է իրեն Տոսկանայում, այն երկրում, որտեղ ինքնասպան է եղել բանաստեղծ մայրը, և, որի գաղտնիքին էլ նա փորձում է պարզել։

Երազողները (2003)

Բուռն 60-ականների յուրօրինակ ռեքվիեմ է։ Տաղանդավոր Եվա Գրին, Լուի Հարրել եւ Մայքլ Փիթթ, նրանք մարմնավորում են երեք այն ուսանողներին, որոնք սեքսուալ հեղափոխություն են կազմակերպում փարիզյան մի բնակարանում։ Դրսում 1968-ի ուսանողական խռովություններն են, բնակարանում սիրո մթնոլորտ։ Հերոսները սիրում են իրար եւ կինո, որը նայում են օրեր շարունակ։ Այստեղ հիշատակվում են բազմաթիվ այլ ֆիլմեր, որով Բերտոլուչին հարգանքի տուրք է մատուցում համաշխարհային կինոյի շատ դասականների։

Դու եւ ես (2012)

Բերտոլուչին արդեն յոթանասունն անց տարիքում նկարահանեց կենդանի, բուռն մի ֆիլմ 14-ամյա անչափահասի՝ աշխարհի հանդեպ վախերի եւ հուզմունքների մասին։ Լորենցոն ինտրովերտ է, խուսափում է հասակակիցներից, լեզու չի գտնում ծնողների հետ։ Երբ ողջ դասարանը գնում է էքրսկուրսիայի սարեր, տղան փախչում եւ թաքնվում է իրենց տան նկուղում։ Սակայն տանը հայտնվում է մի անսովոր աղջիկ՝ առեղծվածային կերպով կապված տղայի եւ նրա ընտանիքի հետ ։

 


Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմը»՝ տարվա լավագույն եվրոպական ֆիլմ

Դեկտեմբերի 15-ին՝ Եվրոպական կինոակադեմիայի 3500 անդամից բաղկացած ժյուրին Սևիլիայում հատարարեց տարվա հաղթողներին: Ինչպես նշված է կինոակադեմիայի պաշտոնական EFA կայքում, 2018 թվականի...

|15 Դեկտեմբեր 2018,14:22