Այզեկ Ազիմով` ինչպես ասում են, գրող բոլոր ժամանակներում: Նրա շատ գաղափարներ և կոնցեպցիաներ որոշարկել են իր ժամանակը: Շատ բան, որ Ազիմովի գրքերում նկարագրվում էր իբրև ֆանտաստիկա, մեր օրերում արդեն իրականություն է դառնում: Նրա ստեղծագործությունների էկրանավորման հարցում մեր բախտը բերել է.  դրանք բավականին շատ են, որոշ ֆիլմեր նույնիսկ նկարահանվել են Խորհրդային Միությունում:

Մեր ընտրանքում կպատմենք դրանցից երեք ամենագլխավորների մասին՝ ժամանակագրական կարգով:

«Երկհարյուրամյա մարդը», 1999 թ., ռեժիսոր՝ Քրիս Կոլամբուս


1976 թվականին հրապարակվեց «Երկհարյուրամյա մարդը» ոչ մեծ վիպակը: Այն արժանացավ գիտական ֆանտաստիկայի ոլորտի միանգամից երեք հեղինակավոր պարգևների («Նեբյուլա», «Հյուգո» և «Լոկուս» մրցանակների), իսկ հեղինակն ինքը հետագայում այն անվանեց իր ամենասիրելի երկերից մեկը:

Ավելի ուշ, ամերիկացի մեկ այլ գրողի` Ռոբերտ Սիլվերբերգի հետ համատեղ, որի ստեղծագործությունները նույնպես բազմաթիվ հեղինակավոր մրցանակների էին արժանացել, վիպակի հիման վրա կգրվի «Պոզիտրոնային մարդը» վեպը:

Ռեժիսոր Քրիս Կոլամբուսը (հայտնի է «Տանը մենակ» և «Տանը մենակ-2» կատակերգություններով, ինչպես նաև «Հարրի Փոթերի» երկու մասերի էկրանավորմամբ) ըստ այդ վեպի 1999 թվականին ֆիլմ թողարկեց: Ֆիլմի գործողությունը տեղի է ունենում այն դարաշրջանում, երբ սովորական բան է տանը ոչ թե շներ և կատուներ պահել, այլ ռոբոտներ: Էնդրյուն (ըստ փաստաթղթերի` NDR-114 ռոբոտը) հայտնվում է Ռիչարդ Մարտինի ընտանիքում և սկսում մարդկայնացման իր ուղին երկհարյուրամյա տևողությամբ: Սկզբում նա իրեն մարդ է զգում հոգով, որին հաջորդում են փոփոխությունները նաև արտաքնապես: Սակայն գլխավորը ֆիլմում ոչ թե ռոբոտի տպավորիչ վերափոխումն է միս ու արյունից կազմված մարդու (ի դեպ, հենց դիմահարդարման համար էլ կինոնկարը առաջադրվել էր «Օսկարի»), այլ այն, որ սիրահարված Էնդրյու ռոբոտը սկսում է իրեն պահել սիրահարված Էնդրյու մարդու պես:

Այզեկ Ազիմովի արձակը քննադատությունը միշտ գովաբանել է «բարձր մարդասիրական իդեալների համար»: Ֆիլմում դրանք, բարեբախտաբար, պահպանված են: Եվ հարկ է պատշաճը մատուցել Ռոբին Ուիլյամսին փայլուն դերասանական խաղի համար: Հատկապես նրա շնորհիվ է ռոբոտ Էնդրյուն ամենասկզբից իսկ մեզ թվում այդքան մարդկային:

«Սև խոռոչ», 2000 թ., ռեժիսոր՝ Դեյվիդ Տուի


Առաջին ֆիլմը Այզեկ Ազիմովի «Սև խոռոչ» պատմվածքի մոտիվներով նկարահանվել է դեռևս 1988 թվականին և կոչվում էր «Վերջալույս»: Այդ էկրանավորումը մեր օրերում գործնականորեն մոռացված է բոլորի կողմից: Ֆիլմը բյուջետային էր, դերասանական խաղը` այնպես ոչինչ: Սակայն այն ավելի մոտ էր գրական սկզբնաղբյուրին, քան 12 տարի անց թողարկված ժապավենը: Այդուհանդերձ ֆիլմը մեծապես նպաստեց գլխավոր դերակատար Վին Դիզելի կարիերայի առաջընթացին: Սակայն ամեն ինչի մասին ըստ կարգի:

2000 թվականին կայացավ ռեժիսոր Դեյվիդ Տուիի «Սև խոռոչ» ֆիլմի պրեմիերան: Ժապավենը դարձավ նրա այցաքարտը: Նա կնկարահանի նաև երկու իր սիկվելները միշտ Վին Դիզելի հետ` պրոֆեսիոնալ մարդասպան Ռիդդիկի դերակատարմամբ:

«Սև խոռոչի» սյուժետային հենքը այսպիսին է. տիեզերանավը վթարի է ենթարկվում անապատային մի մոլորակում: Ողջ է մնում տասներկու մարդ, որոնց թվում՝ վտանգավոր հանցագործ Ռիչարդ Բ.  Ռիդդիկը: Մյուս կերպարները չափազանց տարբեր են՝ իմամ՝ ուխտավորներով, հանքափորներ, անտիկվարիատի վաճառական… Օգտվելով նավի խորտակումից, Ռիդդիկը փախուստի է դիմում: Նրան բռնում են, սակայն վերապրողներին սպասում է տհաճ բացահայտում՝ հանցագործ Ռիդդիկը չէ ամենավտանգավորը, որ գոյություն ունի այս մոլորակում: Չէ որ շուտով կլինի հերթական երկարատև խավարումը, իսկ դրանից հետո երկրի երես դուրս կգան անչափ սոված հրեշներ (որոնց պատճառով էլ մոլորակը վերածվել է վիթխարի անապատի):

Ֆիլմի հաջողությունն արդեն իսկ առկա էր կինեմատոգրաֆի կողմից փորձարկված տվյալ իրադրության մեջ՝ փակ տարածություն, մի տեսակ «նոյան տապանի» հերոսներ, որոնք ստիպված են շփվել և համաձայնության գալ մեկմեկու հետ, ուզում են դա իրենք, թե ոչ:

«Ես, ռոբոտ եմ», 2004 թ., ռեժիսոր՝ Ալեքս Պրոյաս


«Ես, ռոբոտ եմ» գիտաֆանտաստիկ պատմվածքների շարքում (1950), ըստ որի նկարահանվել է նույնանուն ֆիլմը, Այզեկ Ազիմովն առաջին անգամ ձևակերպեց ռոբոտատեխնիկայի երեք նշանավոր օրենքները, ըստ որոնց ռոբոտը չի կարող մարդուն վնաս հասցնել (այդ թվում իր անգործությամբ), պետք է ենթարկվի մարդու բոլոր հրամաններին (բացի այն դեպքերից, երբ դրանք հակասում են առաջին օրենքին) և, վերջապես, հոգ տանել իր անվտանգության մասին (որքանով որ չի հակասում առաջին երկու օրենքներին): Այս օրենքները մեծապես ձևավորել են «ռոբոտի կերպարը» և գրականության մեջ, և կինեմատոգրաֆում: Հենց դրանք են ընկած ներկայիս ռոբոտատեխնիկայի հիմքում, ինչպես նաև արհեստական ինտելեկտի մշակման բազմաթիվ ծրագրերում (աշխարհներ, ուր նման ցուցումներ չկան, մենք նույնպես տեսել ենք մեծ էկրանին, օրինակ՝ «Տերմինատորում»):

Ալեքս Պրոյասի ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2035 թվականին, երբ անդրոիդները արդեն հիմնավորապես մտել են առօրյա կյանքի մեջ: Դետեկտիվ Դել Սպուները (Ուիլլ Սմիթ) հետաքննում է U.S.Robotics կորպորացիայի աշխատակից դոկտոր Լեննինգի սպանությունը: Պարզվում է, որ լաբորատորիայում կա մի ռոբոտ, որն անտեսում է մարդու հրամանները և ընդունում սեփական որոշումներ: Սաննի անունով այդ անդրոիդին պատրաստել են ավելի ամուր ձուլվածքից, քան մյուս մեքենաները, և իրավունք տվել ինքնուրույն որոշելու՝ առաջնորդվել արդյոք ռոբոտատեխնիկայի երեք օրենքներով, թե ոչ: Ընդ որում դա արել է անձամբ Լեննինգը: Ինչո՞ւ: Այս հարցին էլ ֆիլմում, որ նկարահանված է դետեկտիվի, ֆանտաստիկայի, նեոնուարի և մարտաֆիլմի ժանրերով միաժամանակ, պատասխան է փնտրելու դետեկտիվ Սպուները:

Թե Ազիմովի պատմվածքի և թե «Ես, ռոբոտ եմ» ֆիլմի որոշ արձագանքները կարող ենք տեսնել վերջերս ամբողջ աշխարհում աղմուկ հանած «Վայրի Արևմուտքի աշխարհը» սերիալում:

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը