Ժամանակակից աշխարհում համակարգչային հանճարները մանիպուլյացիա են անում հասարակական կարծիքի հետ, բացահայտում ներքաղաքական գաղտնիքներ և տնօրինում ամբողջական երկրների բախտը: Թե ովքեր են այդ մարդիկ և ինչ է կատարվում էկրանի մյուս կողմում՝ կիմանաք, դիտելով հաքերների (ցանցահենների) մասին լավագույն ֆիլմերի հնգյակը:

«Հաքերներ» (Hackers), 1995

Անջելինա Ջոլիի մասնակցությամբ ֆիլմը պատմում է մի խումբ ավագ դասարանցիների մասին, որոնց անմեղ համակարգչային մանիպուլյացիաները ավարտվում են խոշոր ընկերության գաղտնի համակարգիչ ներթափանցմամբ և կորպորատիվ շորթմանը նրանց մասնակցությամբ: 90-ականների կեսին նկարահանված այս ֆիլմը, երբ ինտերնետը դեռևս հասանելի չէր լայն հանրությանը, արտացոլում է հաքերների մանիֆեստում շարադրված նոր իդեալները. «Սա մեր աշխարհն է: Էլեկտրոնի և հոսանքափոխարկիչի աշխարհը: Մենք ուսումնասիրում ենք, մենք փնտրում ենք գիտելիքներ, մենք կանք առանց մաշկի գույնի, առանց ազգության, առանց կրոնական թեքման և դուք մեզ անվանում եք հանցագործներ»:

«Ռազմական խաղեր» (WarGames), 1983

80-ականների սկզբի պատանի Սնոուդենը (Մեթյու Բրոդերիկ)` հաքեր Դեյվ Լայտմենը մուտք է գործում ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության համակարգչային ցանց և գտնում ֆայլերի մի ցուցակ, որոնց անվանումները հիշեցնում են համակարգչային խաղեր՝ «Օդային մարտեր», «Ռազմական գործողություններ քաղաքային պայմաններում», «Գլոբալ ջերմամիջուկային պատերազմ»: Հետաքրքրված Դեյվին հոգեհարազատ է թվում վերջին տարբերակը: «Խաղը» առաջարկում է ընտրել, թե որ կողմի դեմ է ուզում մարտի բռնվել՝ ԱՄՆ-ի թե ԽՍՀՄ-ի: Դեյվն ընտրում է ԽՍՀՄ-ը, չպատկերացնելով անգամ, որ կարող է անուղղելի վնաս հասցնել սեփական պետությանը: Ֆիլմն առաջադրվել է «Օսկարի» երեք անվանակարգերում՝ «լավագույն սցենար», «լավագույն օպերատորական աշխատանք» և «լավագույն հնչյունային ձևավորում»:

«Մատրիցա» (Matrix), 1999

Համակարգչային ծրագրավորող Թոմաս Անդերսոնը (Կիանու Ռիվզ) երկակի կյանք է վարում: Ցերեկը նա աշխատում է իր մասնագիտությամբ խոշոր մի ընկերությունում, իսկ գիշերը վերափոխվում է հաքերի` Նեո անունով: Այն բանից հետո, երբ համակարգչում հայտնվում է հաղորդում՝ «Դու խրվել ես Մատրիցայում (The Matrix has you…), գնա սպիտակ ճագարի ետևից», նրա կյանքը ընդմիշտ փոխվում է: Նա հանդիպում է Մորփեուսի հետ՝ ըստ իշխանությունների վարկածի գլխավոր ահաբեկչի, և իմանում, որ մեր աշխարհը պատրանք է, որը կառավարում է արհեստական ինտելեկտը: Իր նորարարական մոտեցման համար «Մատրիցա» ֆիլմը հաղթել է «Օսկարի» չորս անվանակարգերում:

«Հինգերորդ իշխանություն» (The Fifth Estate), 2013

Ֆիլմ ժամանակակից հաքերների մասին, որոնք վճարում են իրենց ազատությամբ հանուն ճշմարտության: Կենսագրական թրիլլեր, որ պատմում է WikiLeaks սկանդալային կայքի ստեղծման պատմությունը: Երկու ընկեր՝ Ջուլիան Ասսանժը, որին խաղում է Բենեդիկտ Կամբերբետչը, և իր գործընկեր Դանիել Դոմշայթ-Բերգը որոշում են պարզ ջրի երես հանել որոշ երկրների կառավարություններին: Նրանք ստեղծում են դիմակազերծող կայք, որը հրապարակում է լրտեսական և ռազմական գաղտնի փաստաթղթեր: Սակայն կայքի ազդեցության աճի հետ նրանց ընկերությունը անհաղթահարելի տարաձայնությունների է բախվում: Կինոքննադատները ընդունել են Կամբերբետչի անթերի խաղը, թեպետև քննադատել են ֆիլմի սցենարը:

«Աղջիկը վիշապի դաջվածքով» (The Girl with thw Dragon Tattoo), 2011

Հաքեր Լիսբետ Սալանդերին (Ռունի Մարա) և շնորհազրկված լրագրող Միքայել Բլումկվիստին (Դենիել Կրեյգ) հանձնարարված է Հարրիեթ Վանգերի անհետացման հետաքննությունը, որի քեռին՝ խոշոր արդյունաբերող և գործարար, վստահ է, որ նրա սպանության մեջ խառն են իր սեփական ընտանիքի անդամները: Սալանդերը ճարպկորեն կարողանում է մուտք գործել համակարգիչներ և բանկային հաշիվներ, գաղտնի տեղեկություններ հայթայթելով գործի բացահայտման համար: Ֆիլմը արժանացավ քննադատների հիացական արձագանքներին և ներկայացվեց «Օսկարի» հինգ անվանակարգերում:

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը