Ժամանակակից հայկական կինոն կանգնած է թեմատիկայի ու այն ինքնատիպ լուծումներով  ներկայացնելու փակուղու առջև։ Թեման ու ոճը շատ հաճախ խանգարում են միմյանց՝ լրացնելու փոխարեն։ Քիչ են այն ռեժիսորները, ովքեր այդ ներդաշնակությանը հասնելու բազմապիսի (նորարարական) փորձեր են անում ու առանձնանում հենց այդ փնտրտուքի շնորհիվ։

Լիլիթ Մովսիսյանը ժամանակակից այն ռեժիսորներից է, որը նկարահանելով երկու լիամետրաժ` «Մոխրաման» (2011թ․) և «Կաուչո» (2013թ․) ֆիլմերը, մի քանի կարճամետրաժներ, արդեն ձեռք է բերել իր ուրույն ձեռագիրը։  Ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Մոխրամանը» ինքնասպանության եզրին գտնվող երիտասարդի մասին է (Արսեն Գրիգորյան), որը ցանկանում է զարմացնել մարդկանց, երազում է ֆիլմ նկարել և հանգստությամբ է ընդունում, որ իր սիրտը վաղուց մեռած է։

Լիլիթ Մովսիսյանը ինքնասպանության և անցյալի (մանկություն) վատ ու ծանր հիշողությունները չի ներկայացնում պաթոսով։ Ֆիլմում կա  հումոր՝ երբեմն շատ նուրբ, երբեմն էլ գռեհկության հասնող, տխրություն, մեռնելու հանդուգն ցանկություն, մենության զգացում, ֆիլմ նկարելու երազանք՝  ծայրահեղության գնով։ Ֆիլմում կարծես ոչ թե ժանրերի նուրբ, առանց սահմանն անցնելու համադրության հնարքն է օգտագործված, այլ ռեժիսորը գտել է, թե ինչ ոճով պետք է նկարահանել հերոսի ապրումները ։ Ինքնասպանության ակտն այստեղ ընդհատվում է ֆիլմում նկարահանվելու մեծ ցանկությամբ  լցված կերպարի ի հայտ գալով (Լիլի Էլբակյան)։ Տխրությանը հաջորդում է հումորը, մենությանը՝  գիշերային մտերմիկ զրույցները, խավարին՝ լույսը։ Այսպիսի ռիթմ ունի ֆիլմը։

Դերասանուհին պատրաստվում է նկարահանվել այդ իրականության մեջ, նույնն է թե՝ կինոյում, ցանկանում է մեռնել կամ ինչպես ինքն է ասում` «ոչ թե ուզում եմ մեռնել, այլ չեմ ուզում ապրել»։ Մեռնել հանուն կինոյի, հանուն հավերժական արժեք ստեղծելու գաղափարի։ Այս երազանքն ունեն ֆիլմի հերոսները։ Նրանց համար իրականությունը ոչինչ է, սակայն իրականության հավերժացումն՝ ամեն ինչ։ Եվ այդ հավերժությունն արտացոլվում է ֆիլմ նկարահանելու մեջ։ «Մոխրամանը» ավարտվում է լավատեսական նոտայով՝ նկարահանված երիտասարդի լուսավոր տեսանկյունից։ Հրդեհը մարում է հորդառատ անձրևից և այն, ինչ իրականություն էր համարվում, հօդս է ցնդում։

Ձևի մեկ այլ փնտրտուք կա «Կաուչո» ֆիլմում։ Եթե «Մոխրամանում» կինոն իրականություն էր, որ ամփոփված էր հենց կինոյի մեջ, ապա այստեղ խաղն է։ Ռեժիսորն այս ֆիլմում  թատերական ներկայացումն է դարձնում  որպես իրականության ռիմեյք։ Ֆիլմի հերոսները՝ ռեժիսորը (Արսեն Գրիգորյան), դերասանն (Մանվել Խաչատրյան) ու դերասանուհին (Լյուսի Աբդալյան) բեմադրում են Վ․ Սարոյանի «Պինգ պոնգ խաղացողները» պիեսը՝ որոշելով մինչև ներկայացման պրեմիերան խոսել պիեսի դիալոգներով, և եթե նրանցից որևէ մեկը խախտի այդ պայմանը կպարտվի խաղում։ Եվ նրանց այդ տեքստը կրկնվում է ֆիլմի ընթացքում կամ թատրոնի բեմում` ներկայացման տեսքով, կամ էլ առօրյա կյանքում՝ առօրյա գործողությունների տեսքով։

«Կաուչո»-ում Լիլիթ Մովսիսյանի նորարարական շունչն  ամբողջանում է, դարձնում ֆիլմն առավելապես էքսպերիմենտալ (փորձարարական)։ Կինոնկարը ռեժիսորի համար դառնում է  էքսպերիմենտների համար նախատեսված տիրույթ, որտեղ խաղը, կրկնությունները, առօրյան ու թատրոնը չեն վախեցնում նրան ձանձրալի լինելուց։ Եթե նախորդ ֆիլմում նրա համար կինոն մաքուր իրականություն էր, ապա այստեղ խաղը, որը դուրս է գալիս թատրոնի շրջանակներից, դառնում է նրա իդեալը։

Եթե «Մոխրաման»-ում ամեն ինչ պետք է իրական լիներ, ապա «Կաուչո»-ում իրականության պայմանը խախտում է հենց խաղը, որն իրենից ներկայացնում է անընդհատ կրկնվող դիալոգներ («չարժի խաղալ, եթե մարդ հաղթելու ցանկություն չունի», «մենք անընդհատ խաղում ենք, որ գնդակը սահմանից չանցնի», «ինչ հիմարություն է, չէ՞, որ մարդ վախենում է զզվելի երևալ»)։ Նրանք խաղի մեջ են, երբ քայլում են Երևանի փողոցներով, երբ սիրով են զբաղվում, երբ նստած են մի անկյունում, ու այդ խաղն այնքան իսկական է ու անկեղծ, որքան թատրոնի բեմում։

Ֆիլմի գաղափարն արմատապես ամփոփված է իր էքսպերիմենտալ ոճի մեջ։ Կրկնությունը, որ տեսնում ենք, խաղը՝ թատրոնում ու թատրոնից դուրս, անընդմեջ բառեր, բառեր, բառեր, որոնք դադարում են նոր լինել հանդիսատեսի համար։ Դրանք հնանում են, դառնում ձանձրալի, ու հայտնվում է իրականության պատկերը։ Իրականությունը, որ չհաջողվեց նկարահանել իբրև կինոնկար «Մոխրաման» ֆիլմի հերոսներին, «Կաուչո»-ում հնարավոր է դառնում։

Որքան էլ սյուժետային մասով հագեցած ու ամբողջական են Լիլիթ Մովսիսյանի ֆիլմերը, այնուամենայնիվ դրանց շունչ ու մեծ արժեք է հաղորդում նորարարությունը։ Ե՛վ «Մոխրամանը», և՛ «Կաուչոն» ժամանակակից կինոյում իրենց հետքն են թողնում նախևառաջ օգտագործած հնարքների շնորհիվ։

Մարգարիտա  Յոլչյան


Վրացական «ԴԵԴԵ» կինոնկարի հաղթարշավը և ավանդույթի գերող ուժը

Այս տարի «Ոսկե ծիրան» 15-րդ ՄԿՓ հաղթողներից մեկը վրացական «Դեդե» կինոնկարն էր, որ արժանացավ Կինոքննադատների և կինոլրագրողների միջազգային ընկերակցության`FIPRESCI-ի մրցանակին:...

|11 Սեպտեմբեր 2018,19:47