Ինչու է XXI դարում այս ֆիլմը դիտվում այլ կերպ – և արդիական է:

Խորաթափանց և ահավոր նրբակիրթ պրոֆեսոր, որ արհամարհում է մարդկանց, չէ որ սրանք իրենից ողորմելի են: Գերազանցիկ պարմանուհի, թույլերի պաշտպան: Նրանց դիմակայության պատմությունը – և փոխադարձ ձգողության – իննսունականների սկզբին էկրաններին էր գամել հանդիսականներին ողջ աշխարհով մեկ:

«Գառների լռությունը» նկարահանվել է ըստ Թոմաս Հարրիսի համանուն վեպի: Երիտասարդ ուսանողուհի Կլարիսա Ստարլինգը առաջադրանք է ստանում Ջեկ Կրոուֆորդից. մարդ, որի հետ նա բուռն կերպով ցանկանում է աշխատել: Նրան հանձնարարում են գնալ Հաննիբալ Լեկտերի մոտ, որ հայտնի է իբրև «Հաննիբալ-Կաննիբալ»՝ «մարդակեր Հաննիբալ», խնդրել նրան անկետա լրացնել, հիշել, թե ինչպիսին է նա և իր խուցը, և նկարագրել դա հաշվետվության մեջ: Պետն ասում է, որ իր ենթակայի հետ մեծ հույսեր չի կապում, չէ որ պրոֆեսոր Լեկտերը հայտնի է դժվար բնավորությամբ և չի համագործակցում ոչ հոգեբուժական հիվանդանոցի անձնակազմի, ոչ իշխանությունների հետ: Իրականում Կրոուֆորդը հույս ունի, որ միսս Ստարլինգը կխոսեցնի հռչակավոր մոլագար-հոգեբույժին և նա կօգնի հայտնաբերելու սերիական մարդասպան Բուֆֆալո Բիլլին: Սա իր զոհերին մաշկազերծ է անում:

Հաննիբալ Լեկտերը առաջին իսկ հանդիպմանը նրա համար սարքում է ոչ այն է հարցաքննություն, ոչ այն է հոգեթերապիայի սեանս: Նա, բանտարկյալը, իր խցում ամբողջովին աչքի առաջ է՝ և իր գծանկարները, և իր մահճակալը, և, ինչը նրան պետք է նվաստացնի, սանհանգույցը, բայց հենց նա է այստեղ գլխավորը, այլ ոչ թե ամենազոր ՀԴԲ-ի ներկայացուցչուհին: Դա ընդգծվում է օպերատորական աշխատանքով.  Լեկտերի ֆիգուրը միշտ «ծանրանում է» Կլարիսայի ստվերի վրա: Այս փորձության ծանրությունը աղջկա համար ընդգծվում է նաև նրանով, որ երբ նա իջնում է նրա մոտ գետնահարկ, սենյակը ողողվում է կարմիր լույսով: Նա տառացիորեն իջնում է դժոխք: Հաննիբալի հարևան ճաղավանդակի մոլագարը սատանայի պես ցատկոտում է իր վանդակում : Աղջիկը գործարք է կնքում սատանայի հետ, Լեկտերի հետ յուրաքանչյուր հանդիպմանը մաս առ մաս տալով իր հոգու մի մասնիկը, մանկական հիշողությունները փոխանակելով հանցագործի մասին տեղեկություններով:

Պերսոնաժների հոգեվերլուծության սեանս, առավել ևս, որ ամբողջ ֆիլմը և ամբողջ գիրքը դրա մասին են:

Արխետիպերի մասնագետները կհավաստեն, որ մշակույթի մեջ հաստատուն են տղամարդկանց` իբրև նվաճողների, կանանց՝ իբրև պահապանների ընկալումները: Հասկանալի է, որ կյանքում դա այդպես չէ, սակայն մենք խոսում ենք արվեստի ստեղծագործության մասին: Հաննիբալ Լեկտերը ականավոր մարդ է, որ գերազանցում է իր շրջանի մարդկանց մեծ մասին: Նա նրբակիրթ է և խելոք, նա ազնվական է և ջենտլմեն: Իր կաննիբալիզմը աշխարհը նվաճելու եղանակ է. նա միակցում, տառացիորեն ուտում է ուրիշ մարդկանց: Արխետիպային-նախնական մարդը նվաճող է, որի «կլանման, միավորման» գործառույթը հասցված է բացարձակության: Եվ Էնտոնի Հոպկինսը փայլուն կերպով գլուխ է հանել այդ դերից. նա այնքան խղճուկ է, որ զգայուն մարդկանց մեջ տագնապ է հարուցում (զարմանալի չէ, որ այս դերից հետո նրա մոտ խնդիրներ առաջացան անձնական կյանքում):

Բուֆֆալո Բիլլը նույնպես տիրանում է մարդկանց: Բայց իր աններդաշնակությունն իր իսկ հետ ծնում է այլ վարքագիծ. նա փորձում է դառնալ ուրիշ: Նա տառացիորեն գայլ է գառան մորթու մեջ:

Ի դեպ, գառների և անմեղ գառնուկների մասին: Կլարիսան շատ կանացի կերպար է, անգամ իր անվան մեջ կա «կանացի» վերջածանցը՝ -իս: Նա պահապան է, հովանավորուհի: Յունգը կասեր, որ նա Մոր կերպար է: Գառը, որ հիշատակվում է ֆիլմի անվանման մեջ, մաքրության խորհրդանշան է, ինչպես և Քրիստոսի խորհրդանիշը: Իզուր չէ, որ հոգեբույժ Լեկտերը նրան պատկերում է սրբապատկերի ոճով. նա նման է աստվածամոր, որ իր գրկում պահում է գառնուկի: Կլարիսան պատմում է, թե ինչպես է տասը տարեկանում փախել տնից, որովհետև անկարող է եղել տանել մորթվող գառների մայունը: Նա փորձել է ազատել, բայց նրանք ազատության կամք չունեին. նրանք մնացել են մսուրքում: Նա փորձել է փրկել թեկուզ մեկին, բայց չի կարողացել հեռուն գնալ այդ ծանր բեռը ձեռքերում: Նրան մորթել են, և նա չի կարողացել ապրել այդ տրավմայով: Երբ միսս Ստարլինգը պատմում է այս պատմությունը, նրա աչքերում արցունքներ են հայտնվում: Հանդիսականը նույնպես պատրաստ է հուզվել, այնքան պարզ և այնքան անկեղծ է խաղում Ջոդի Ֆոստերը:

Կլարիսան ուզում է լավագույնը լինել ՀԴԲ-ում ոչ թե այն պատճառով, որ կարիերիստ է, այլ որովհետև նա փրկիչ է, որի համար կարևորը մյուսներին պաշտպանելն է: Նա երիտասարդ է, բայց ոգու և խելքի ուժով նա կարող է «վերաճել» Լեկտերին հավասար ֆիգուրի: Դրա համար է վերջինս նրան դասեր տալիս, ակնարկներ անում և փոխանցում գաղտնիքի լուծման բանալիները, հետևելով, թե արդյոք նա դասը կհաղթահարի: Սակայն նա չի դառնա մարդատյաց, ի տարբերություն իր ուսուցչի: Նրա համար ավելի կարևոր է, որ գառնուկները չճչան:

Ի դեպ, նրա համար ավելի ծանր է իր մասնագիտության մեջ, քան այլոց: Եթե խոսենք գենդերի մասին (դարձյալ, ամբողջ ֆիլմն այդ մասին է), ապա այս պատմությունը մի կնոջ մասին է, որ փորձում է վերապրել աշխարհում, որտեղ տղամարդը լավագույն դեպքում կփորձի վիրավորել-նսեմացնել (հիշենք հոգեբուժարանի տնօրենին, որը Կլարիսային է պարտադրում իր ընկերակցությունը և խորհրդածում «ձեզ ուղարկել են, որովհետև դուք կին եք» ոճով), իսկ վատագույն դեպքում՝ սեռական բռնություն կգործադրի կամ կփորձի դա անել: Անգամ Կրոուֆորդին արդյունքի հասնելու համար, մարդկանց ներկայությամբ հարկ է լինում աղջկա հետ իրեն պահել այնպես, ինչպես ընդունված էր 80-ականներին:

Եվ Կլարիսայի խնդիրն է գտնել իր տեղն այս աշխարհում, որ լի է բռնությամբ և երեսպաշտությամբ: Հնարավոր է, որ այս միտքը ֆիլմում հատուկ դրված չի եղել: Սակայն արվեստի հանճարեղ ստեղծագործությունը առանձնանում է սովորականից հենց նրանով, որ տարբեր սերունդներ տարբեր ժամանակներում նրա մեջ գտնում են իրենց հարազատ ինչ-որ բան:

 

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը


25 տարի առանց Ֆելինիի

 Ուղիղ 25 տարի առաջ վախճանվեց համաշխարհային կինոմատոգրաֆի պատմության մեծագույն ռեժիսորներից մեկը՝ Ֆեդերիկո Ֆելինին։ Նրա ժառանգությունը գերագնահատել հնարավոր չէ, գրեթե ամեն...