Քշիշտոֆ Զանուսսին  երիտասարդ տարիքում ֆիզիկա է ուսումնասիրել Վարշավայի համալսարանում և փիլիսոփայություն՝ Կրակովում։ 1958 թ․ սկսած` սիրողական ֆիլմեր է նկարահանել, որոնք լավ արձագանք ու մրցանակներ են ստացել, ինչն էլ քաջալերել է ապագա ռեժիսորին դիմել Լոձի կինոդպրոցը և սովորել կինեմատոգրաֆիական արհեստը։ 1966 թ. ավարտելով կինոյի աշխարհում այս ամենից հեղինակավոր բուհը, որը թերևս Եվրոպայում կարելի է համեմատել միայն չեխական ՖԱՄՈՒ-ի հետ, Զանուսսին նկարահանել է իր դիպլոմային ֆիլմը՝ «Գավառաբնակի մահը», որը մրցանակների է արժանացել Վենետիկում և Մանհեյմում։ Նա իր այս սկզբնական փուլում անթիվ-անհամար վավերագրական, փաստագրական ու հեռուստատեսային կինոնկաներ է նկարել, որոնց մի մասը հաջողված է, իսկ մյուս մասը գուցե նույնիսկ լավ կլիներ` ընդհանրապես չլիներ։ Դրանցից թերևս ամենից հաջողվածը պատմում է մեկ այլ նշանավոր լեհի՝ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու մասին։

Ֆիզիկայից հետո։

Իսկ արդեն 1969 թ․ ռեժիսորը նկարահանում է «Բյուրեղի կառուցվածքը» ֆիլմը, որում նա իրեն բացահայտում է որպես սառը ռացիոնալիստի, ժամանակակից լեհական մտավորականության բարքերի անողոք ուսումնասիրողի։ Այս ֆիլմից հետո Զանուսսիի մասին սկսեցին հատուկ հարգանքով խոսել։ Ընդամենը 30 տարեկան հասակում նա կարողանում է խոսել շատ բարդ հարցերի շուրջ, գոյաբանական խորունկ խնդիրներ վեր հանել, քննել իր ժամանակակցին՝ մարդուն։ Նա սառնասիրտ բժշկի պես հերձում է մարդու ներաշխարհը, վեր հանում ամենից թաքնվածը, ապահով կերպով սքողվածը. «Եվ այստեղ է, որ մարդիկ հասկանում են, որ իրենք հոգի ունեն։ Չնայած այսօր էլ դեռ մարդիկ կարծում են, որ այդ ներքին գոյացությունը չկա։ Պարզապես ծիծաղելի է: Գիտեք, դրան մեծապես օգնում է սերը։ Եվ իմ բոլոր ֆիլմերն էլ նախևառաջ մտորումներ, զրույցներ են սիրո մասին։ Շատերը, հատկապես երիտասարդները կարծում են, որ սերը զգացմունք է։ Իմ տանը` Լեհաստանում, շատ կենդանիներ կան՝ շներ և կատուներ։ Այ նրանք շատ զգացմունքներ ունեն, անընդհատ բազմանում են։ Սակայն ես միշտ հակադարձում եմ․

Սերը պարզապես ու պարզունակ զգացմունք չէ։ Դա աշխատանք է, ամենօրյա տաժանակիր աշխատանք, որը պետք է պատվով կատարել առավոտից մինչև երեկո։

Դուք պետք է ամեն օր պատրաստ լինեք խնամել ու հոգ տանել ձեր սիրելիի, ձեր ընտանիքի մասին։ Դուք ուզում եք, որ նրանք լավ լինեն, այս աշխարհում իրենց լավ զգան, և ամեն հնարավոր ու անհնարին բան անում եք դրա համար։ Ու նաև ցանկանում եք, որ օրեցօր ավելի լավը դառնան։ Դուք պետք է նրանց կողքին լինեք այն ժամանակ, երբ նույնիսկ շատ վատ է։ Պատրաստ լինեք, եթե անհրաժեշտությունը կա, տառապել սիրելիի հետ։ Ինչպես, օրինակ, Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպի հերոսները, որոնք իրար հետ լինելու, միմյանց ցավը պակասեցնելու համար դժոխքի բոլոր ոլորաններով են անցնում։ Սերը խաղուպար, անվերջ զվարճություն ու բերկրանք չէ։ Այն ինքնին կյանքն է, կյանքի ծարավը»։

«Բյուրեղի կառուցվածքից» հետո Զանուսսին նկարահանեց արդեն «Ընտանեկան կյանքը», «Իլլյումինացիան», «Քառորդ բալանսը», «Պաշտպանիչ գույները», «Եթե դու ինչ-որ մի տեղ կաս», «Պարադիգմա», «Ձեռքի հպումը», «Հավելումը» և այլ ֆիլմեր։ Իսկ 1984 թ․ նկարահանված «Հանգիստ արևի տարին» ֆիլմի համար ռեժիսորը «Ոսկե առյուծ» հեղինակավոր մրցանակ է ստացել Վենետիկում, նաև՝ Պասինետտիի գավաթ «Լավագույն ֆիլմի համար»։ Սակայն Զանուսսիի համար մեկ այլ մրցանակ է շատ թանկ ու կարևոր` 1980 թ․ նկարահանված «Հաստատուն գործոնը» կամ «Կոնստանտա» ֆիլմի համար Կաննի միջազգային կինոփառատոնում ստացած Էկումենիկ ժյուրիի մրցանակը։ Ժյուրին գնահատել է կինոնկարի բովանդակությունը, բարձրացված խնդիրները, որոնք անմիջականորեն առնչվում են մարդկային կյանքի հոգևոր ու բարոյական տիրույթներին։ Այսպիսով, գնահատվել ու արժևորվել է ֆիլմի ուղերձը՝ ուղղված հանդիսատեսին։

Արդեն նոր հազարամյակի սկզբին՝ 2000 թ․ էկրան բարձրացած նրա «Կյանքն ինչպես սեռական ճանապարհով փոխանցվող մահացու հիվանդություն» ֆիլմը պարզապես գերեց հանդիսատեսի սրտերը, ու Մոսկվայի փառատոնում «Լավագույն ֆիլմի համար» «Սուրբ Գեորգի» մրցանակին արժանացավ։ Առհասարակ, ռեժիսորի  համար շատ կարևոր է հատկապես Ռուսաստանում հասկացված լինելը։ Քանզի այդ երկրում ապրում է շատ կիրթ, մտավոր մեծ պաշար ունեցող, էսթետիկական նուրբ լիցքերով օժտված հանդիսատես, որը շատ է գիրք կարդում։

«Ի սկզբանե Բանն էր․․․»։

Զանուսսին համոզված է, որ մարդու կողմից ստեղծված ամբողջ մշակույթն առհասարակ, ամեն բան սկզբնավորվել, սաղմնավորվել է բառից, խոսքից: Այսինքն` ամեն ինչի հիմքում գրականությունն է, և ամեն արվեստի տեսակ, ցանկացած ստեղծագործություն բաց տեքստ է՝ հասցեագրված հանդիսականների բազմահազարավոր լսարանին։ Կինոն սկիզբ չի առել կերպարվեստից, որտեղ չկա ժամանակի գործոնը։ Չէ՞ որ այն ամեն դեպքում ժամանակա-տարածական արվեստ է։ Իսկ պատկերն ընդամենն օգնում է միտքը, գաղափարը ճիշտ տեղ հասցնել։

«Սև արևը», «Սիրտը ափի վրա», «Պերսոնա նոն գրատա», «Օտար մարմինը». սրանք ռեժիսորի վերջին տարիների քիչ թե շատ հաջողված ֆիլմերից են, որոնք, սակայն, որակական առումով, ինչ խոսք, զիջում են վարպետի արդեն դասական դարձած, լեհական և համաշխարհային կինոյի ոսկե ֆոնդում իրենց ուրույն տեղը գտած դասական կինոնկարներին։ Բայց միգուցե վարպետը չէ, որ փոխվել է, այլ աշխարհն է փոխվել։ Կիսասոցիալիստական հասարակարգը տեղը զիջել է կապիտալիստական հասարակարգին, որտեղ ամեն ինչ սոսկ «սնափառության տոնահանդես է», ինչպես կասեր մեկ այլ նշանավոր լեհ ռեժիսոր Անջեյ Վայդան, «ամեն ինչ վաճառքի»։

 Բայց փոխվե՞լ են արդյոք մարդիկ։

-Արվեստի պատմության մեջ կարող ենք տեսնել, որ դրա զարգացումը միշտ էլ ալիքներով է ընթացել։ Սակայն կարծում եմ, որ այսօր հատկապես կինոյի լեզուն մի մեծ հետընթաց է ապրում։ Չկան մեծ հեղինակներ, ամեն ինչ կրկին նմանվել է պրիմիտիվ բալագանի, պարզունակ ու անմիտ ատրակցիոնի, որպիսին այն անցյալ դարի սկզբում էր։ Սա  ճգնաժամային փուլ է, տոտալ կինեմատոգրաֆիական անգրագիտության շրջան, որն ինձ ուղղակի զայրացնում է։

Զանուսսին  կինոյում ամենից կարևոր է համարում դերասանների հետ տարվող աշխատանքը․ «Դերասանների ընտրությունը շատ կարևոր է։ Իսկ վատ ու անտաղանդ դերասանին միայն հանճարեղ ռեժիսորը դուրս կբերի բեմահարթակ, որպեսզի այնուհետև կարողանա նրան մանիպուլյացիայի ենթարկել, ստիպել, որ նա անի այն ամենը, ինչ որ ռեժիսորն ուզում և պահանջում է»։

Մարիա  Թոքմաջյան