Մշակութային ժառանգության եվրոպական տարվա շրջանակում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը։ Հանդիսավոր բացումը մեր երկրում եվրոպական պետությունների դեսպանների մասնակցույամբ  տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում։ Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկին կինոդահլիճի բեմից ողջունել է հանդիսատեսին ու հորդորել առաջիկա 10 օրերին անպայման հաճախել «Մոսկվա» կինոթատրոն և դիտել եվրոպական արտադրության ֆիլմերի սեանսներից գոնե մեկը։ Ի դեպ, ֆիլմերի ցուցադրություններն ուղեկցվում են  հայերեն ենթագրերով։

Պյոտր Սվիտալսկին հասցրել է ծանոթանալ հայ հանրության կինոնախասիրություններին. «Ես գիտեմ, որ հայերը սիրում են դիտել հոլիվուդյան, բոլիվուդյան, «Մոսֆիլմի» ֆիլմերը, ես նրանց առաջարկում եմ եվրովուդյան ֆիլմեր, այսինքն՝ եվրոպական արտադրության կինո։ Հայկական կինոյի հիմքերը եվրոպական են, դպրոցը,   արժեհամակարգը, կինոմտածողությունը եվրոպական են։ Այդ պատճառով էլ հայկական կինոն հասանելի ու հասկանալի է եվրոպացիներին։ Չմոռանանք՝ Հայաստանը Փարաջանովի հայրենիքն է, և հայերը համաշխարհային կինեմատոգրաֆում մնայուն, բարձր տեղ ունեն»,-նկատել է Պյոտր Սվիտալսկին։

Եվրոպական ֆիլմերի փառատոնին ներկայացված է 11 երկրի մոտ 20 ֆիլմ։ Հզոր կինոարտադրություն ունեցող երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի կողքին ընդգրկված են նաև առաջատար ֆիլմարտադրությամբ չփայլող պետություններ՝ Չեխիան, Լիտվան, Հունաստանը, Բուլղարիան։ Բացի Երևանից, ֆիլմեր կցուցադրվեն նաև Գյումրիում ու Դիլիջանում. նպատակը եվրոպական կինոմշակույթը մայրաքաղաքից Հայաստանի մարզեր տանելն ու մշակույթն ապակենտրոնացնելն է։ Ֆիլմերի թեմաները բազմազան են։ Օրինակ՝ փառատոնի բացման ֆիլմը ֆրանսիացի գրող Քոլեթի մասին էր։ Ինչպես նշեց ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, արվեստը հենց նրանով է համամարդկային, որ այնտեղ խաչվում են տարբեր ազգերի նախասիրությունները, ձգտումներն ու հետաքրքրությունները։ «Քոլեթը» բրիտանական ֆիլմ է՝ ֆրանսիական թեմաներով։ Իրադարձությունները կատարվել են Ֆրանսիայում, մեկ դար առաջ։

Եվրոպական փառատոնի համար ընտրվել են 2018 թվականի ֆիլմեր։ Եվրոպական միության հայաստանյան պատվիրակությանն այս հարցում օգնել են մեր երկրում տարբեր պետությունների դեսպանությունները՝ տրամադրելով իրենց երկրների արտադրության նոր ֆիլմերը։ Այնպես որ, դեսպաններն իրենք ևս ծանոթ չէին ֆիլմերին և հույս ունեին դրանք դիտել հենց փառատոնի օրերին։

Եվրոպական ֆիլմերի փառատոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 27-ը։


Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմը»՝ տարվա լավագույն եվրոպական ֆիլմ

Դեկտեմբերի 15-ին՝ Եվրոպական կինոակադեմիայի 3500 անդամից բաղկացած ժյուրին Սևիլիայում հատարարեց տարվա հաղթողներին: Ինչպես նշված է կինոակադեմիայի պաշտոնական EFA կայքում, 2018 թվականի...

|15 Դեկտեմբեր 2018,14:22