Հուլիսից լեհական FIXAFILM-ում սկսվել էր Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմի վերականգնումը։ Ամռանը բրիտանացի  պրոդյուսեր Դենիել Բըրդը մասնագիտական լսարանին ներկայացրեց պատառիկ՝ ֆիլմի վերականգնված հատվածից։ Այս անգամ Դենիելը իր հետ Հայաստան էր բերել «Հակոբ Հովնաթանյանն»  աբողջովին վերականգնված։ Հենց այս առիթով էլ  հանդիպեցինք ու երկար խեսեցինք  Դենիելի հետ։

Հետ նայիր, որ առաջ գնաս

Մի քանի տարի առաջ մի ուսանողի հանդիպեցի. նա ասաց՝ ինձ չեն հետաքրքրում հին ֆիլմերը, ինձ հետաքրքրում է այն, ինչ հիմա կատարվում է իմ շուրջը։ Սխալ է ֆիլմին վերաբերվել այնպես, ինչպես կվերաբերվենք նորաձևության։ Իրականում որպեսզի առաջ գնաս, պետք է հետ նայես։

Փարաջանովը սովետական ժամանակներում տեխնիկապես շատ բարդ ֆիլմ է նկարել։ Այն ժամանակների համար նկարահանման նոր մոտեցումները նա թողեց ու հետ գնաց՝ դեպի համր կինո, դեպի հայկական մանրանկարչություն ու ձեռագրեր։ Շատերն ասում են՝ Փարաջանովի «Նռան գույնը» հասարակ ոճով է նկարահանված. ես համաձայն չեմ։ Ընդհակառակը՝ այսպես նկարելը շատ բարդ է։

Ժամանակակից կինոն ինձ ձանձրացնում է։ Ինձ համար կինոն դարձել է ռադիոներկայացման նման մի բան՝ կինոյի իլյուստրացիա։ Ինձ համր կինոն է հետաքրքիր, որտեղ ձայն չկա, և հեղինակի ստեղծագործական ամբողջ գաղափարներն ուղղված են պատկերային արտահայտչամիջոցներն ուժեղացնելուն։ Որպեսզի ժամանակակից կինոն զարգանա, պետք է հին  ֆիլմերը լավ ուսումնասիրենք, հասկանանք՝ որտե՞ղ են կինոյի իրական արժեքները։

Համագործակցությունը լեհական  FIXAFILM-ի հետ

Տարիներ առաջ ես ուզում էի վերականգնել լեհ ռեժիսոր Անժեյ Ժուլավսկու առաջին ֆիլմերը:  Անհրաժեշտ էր գտնել գումար, և սկսեցի աշխատել FIXAFILM լեհական ընկերության հետ։ FIXAFILM -ում վերականգնում էին նաև լիտվական ֆիլմեր։ Ի դեպ, Լիտվան նույն խնդիրն ունի, ինչ Հայաստանը. այդ երկրի շատ ֆիլմերի նեգատիվները գտնվում են Մոսկվայում։ Լիտվան վճարում է՝  այդ նեգատիվները ձեռք բերելու համար,   հետո սկանավորում է և  ֆիլմերը վերականգնում FIXAFILM -ում։

Ես դեռ այն ժամանակ համոզվեցի, որ լեհական  այս ընկերությունը  ավելի լավ է հասկանում նախկին սովետական երկրների կինոյի համակարգը։ Ընկերությունը նաև աշխատում էր Ուկրաինայի հետ. գործընթացը հեշտացնում էր այն հանգամանքը, որ բոլորի լեզուն ընդհանուր էր՝ ռուսերենը։ Ես միջնորդի դեր եմ կատարել, որպեսզի Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու FIXAFILM-ը համագործակցեն։

Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը»՝  Fixafilm-ում

«Հակոբ Հովնաթանյանը» անվճար է վերականգնվել։ Հայաստան գալու իմ ճանապարհածախսը ես եմ հոգացել, FIXAFILM-ը նույնպես որևէ հոնորար չի պահանջել։ Անվճար աշխատելու պատճառն այն է, որ  թե՛ ես, թե՛ լեհական կողմը  «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի վերականգնմանը մասնակցելը մեծ պատիվ ենք համարում։ Դա մի նախագիծ է, որն առնչվում է Փարաջանովի հետ։ Կարևոր է գիտակցել, որ ֆիլմի վերականգնումը զուտ տեխնիկական աշխատանք չէ, այն ավելի ընդգրկուն ու բովանդակային պրոցես է՝ արխիվային հետազոտություններ ու  խորքային  ուսումնասիրություններ,  նաև աշխատանք այն մարդկանց հետ, ովքեր կապ ունեն այդ ֆիլմերի հետ։

Հուլիսին, երբ «Հակոբ Հովնաթանյանի» փորձնական ցուցադրությունը կազմակերպվեց,  լսում էի կարծիքներ, որոնք հաճախ հակասում էին միմյանց։ Ու հասկանում էի, որ պետք է այդ ամենի համատեքստում վերջնական որոշում ընդունեմ։  Մի քանի օր առաջ ես էլեկտրոնային նամակ գրեցի FIXAFILM-ին՝ տեղեկացնելով, որ մենք «Հակոբ Հովնաթանյանի» մագնետիկ ձայնով ժապավեն ենք գտել։ Պիտի գումար գտնենք, որ այն նույնպես Վարշավա տեղափոխենք, որովհետև սա ֆիլմի մեկ այլ տարբերակն է՝ ավելի լավ ձայնով։ Սիրով, մեծ ուշադրությամբ ու պատասխանատվությամբ եմ վերաբերվում ֆիլմին, ինչպես կվերաբերվեի Մատենադարանի հին ձեռագիր մատյաններին։  Եթե մի օր Լուվրում, օրինակ՝  որոշեն վերականգնել «Մոնա Լիզան», բնական է, որ դրա համար մրցույթ չի հայտարարվի՝ «ով ամենաէժան տարբերակն առաջարկի, նա էլ կվերականգնի գլուխգործոցը»։ Իսկ կինոյում հաճախ հենց այդպես էլ վարվում են։

Վերականգնումից առավել կարևոր՝  ֆիլմերի պահպանումը

Ֆիլմի վերականգնումն ու պահպանումը համաժամանակայա պրոցես է։ Օրինակ՝ եթե խոսենք  «Հակոբ Հովնաթանյանի» մասին, ֆիլմի ձայնն ավելի լավը կլիներ, եթե այդ մագնետիկ ժապավենը հենց սկզբից  ունենայինք, այնինչ մենք ունեինք օպտիկական ֆոնոգրամման։ Այն նյութը, որ կար մեր ձեռքի տակ, չէր կարող ավելի լավ արդյունքի հանգեցնել։ Ուզում եմ ասել՝ ինչպիսի տեխնոլոգիայով էլ աշխատենք,  բարձր որակ չենք ստանա, եթե սկզբնանյութը, որն ուզում ենք վերականգնել, նախապես  լավ չի պահպանվել։ Այն փրկել այլևս հնարավոր չի լինի,  եթե անգամ բարձրագույն տեխնիկա օգտագործենք։

 

 

Առաջին քայլերը՝ դեպի «Նռան գույնը»

2010 թվականին  ինձ հետ կապ հաստատեց մի բրիտանական ընկերություն, որը ռուսներից  գնել էր Փարաջանովի «Նռան գույնը»։ Ֆիլմի ցուցադրությունից հետո համացանցում քննարկում սկսվեց։ Մարդիկ ասում էին. «Այդ ի՞նչ եք ցույց տալիս, սա «Նռան գույնի» հայկական տարբերակը չէ»։ Նա, ով պատվիրել էր «Նռան գույնը», շատ անհանգաստացած էր համացանցի արձագանքից. վախենում էր, որ բացասական վերաբերմունքը կազդի ֆիլմի վաճառքի վրա։ Փաստորեն,  նրանք «Նռան գույնի» ոչ իսկական տարբերակն էին վաճառելու։

Թեև Յուտկևիչի տարբերակն ամենատարածվածն էր, բայց Փարաջանովն ընդունում էր մյուս տարբերակը, որն ինքն էր ստեղծել։ Գիտեի, որ «Նռան գույնի» օրիգինալ տարբերակը շատ բարդ ճանապարհ  է անցել։ Որեշվեց այդ պատմությունը ներկայացնել  մարդկանց, որպեսզի Յուտկևիչի տարբերակը պաշտպանված լինի հետագա քննադատություններից։  Ֆիլմը գնած կազմակերպությունն ինձ առաջարկեց նստել տեսախցիկի առաջ ու այդ պատմությունը ներկայացնել։

Բրիտանական ընկերությանը ես առաջարկեցի մեկ այլ տարբերակ․ «Վճարեք իմ ճանապարհածախսը, ես փոքր տեսախցիկով կմեկնեմ Մոսկվա, Կիև, Երևան, Թբիլիսի և կնկարահանեմ  բոլոր մարդկանց պատմությունները «Նռան գույն» ֆիլմի մասին»։

Վերադարձիս, Անգլիա բերեցի լրացուցիչ այնքան նյութ, որի տևողությունը «Նռան գույնին» գերազանցում էր։ Որոշ փառատոներ, այդ թվում՝ «Ոսկե ծիրանը» , խնդրեցին, որ այդ ուղեկցող ֆիլմը ներառվի փառատոնային ծրագրերում։ Մի կողմից այն պարզ ֆիլմ էր՝ նկարահանված ընդամենը 2000 ֆունտ ստերլինգով, մյուս կողմից՝ բովանդակային տեսանկյունից, շատ ինֆորմատիվ ու հարուստ ֆիլմ էր։

Հերթական մասնակցությունը «Նռան գույնին»

Երբ Մարտին Սկորսեզի հիմնադրամը վերականգնում էր  «Նռան գույնը», ինձ հրավիրել էին՝ որպես խորհրդատու ։  Թեև  վերականգնված ֆիլմի հետ ես քիչ առնչություն ունեմ, բայց հպարտ եմ, որ Ջեյմս Սթեֆանի անվան կողքին իմ անունն էլ է նշված նախագծի մեջ։ Իսկ Ջեյմս Սթեֆանը ԱՄՆ-ում Փարաջանովի ստեղծագործության մեծ գիտակ է և իր դոկտորական ատենախոսությունը հենց փարաջանովյան  թեմայով է պաշտպանել։ Սկորսեզեի հիմնադրամն ստեղծվել է, որովհետև համարում էր, որ աշխարհի կինոժառանգությունը վտանգված է ։

Հիմնադրամի գործունեությունը հիմնականում ուղղաված է անգլալեզու ֆիլմերի վերականգնմանը։ «Նախագիծ՝ նախագծի մեջ»  ծրագրի շրջանակում նրանք ստեղծեցին համաշխարհային կինոհիմնադրամ, որպեսզի վերականգնվեն այլ լեզուներով նկարահանված ֆիլմերը նույնպես։ Հիմնադրամի անդամները ճանապարհորդում են ամբողջ աշխարհով՝ Հնդկաստանից մինչև Աֆրիկա՝ ընտրելով վերականգնման արժանի ֆիլմեր։ Այն փաստը, որ նրանք որոշեցին որպես հայկական ֆիլմ՝ «Նռան գույնը» վերականգնել,  լիովին գոհացնում է ինձ։

«Նռան գույնի» վերականգնման համար գումար են տրամադրել ամուսիններ  Օլիվիա և  Ջորջ Հարիսոնները։ Ջորջ Հարիսոնը ստեղծել է նյութական արժեքների աջակցման հիմնադրամ, որը ղեկավարում է նրա կինը՝ Օլիվիան։ Նրանք աջակցում են մշակութային տարբեր նախագծերի։ Մարտին Սկորսեզեն Օլիվիա Հարիսոնին ուղարկել է «Նռան գույնի» օրինակը և ասել՝ կարծում եմ այն քեզ դուր կգա։ Հարիսոնները հավանություն են տվել, ինչից հետո էլ Սկոսեզեն առաջարկել է համագործակցել։

Սկորսեզեի հիմնադրամը պայմանագիր կնքեց, ներկայացուցիչները եկան Հայաստան, որպեսզի գործընթացն սկսեն։  Ես նրանց ուղղորդեցի, որպեսզի հանդիպեն ֆիլմի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի  և գլխավոր նկարիչ Ստեփան Անդրանիկյանի հետ։ Սկորսեզեի հիմնադրամն  այնպիսի չափանիշներով է վերականգնում ֆիլմերը, որ մյուս ընկերություների համար դա դիտվում է բարձրագույն օրինակ։

Համո Բեկնազարյանով հիացած

Ինչու եմ Բեկնազարյանի ֆիլմերով հետաքրքրված, որովհետև հիացած եմ նրա կինոարվեստով։ Վերջերս ես նայեցի «Շորն ու Շորշորը»։ Եվ ծիծաղաշարժ ֆիլմ է, և ֆանտաստիկայի տարրեր է պարունակում։ Բոլոր հռչակավոր ռեժիսորներն էլ  և՛ արժեքավոր, և՛ զվարճալի  ֆիլմեր են ստեղծել։ Բեկնազարյանը հենց այդ ռեժիսորներից է։

Կարծում եմ՝ հայ հանրությունը լսել է Բեկնազարյանի անունը, բայց նրա ստեղծագործությանը ծանոթ չէ։

Իմ երազանքն է՝ ներկայացնել նրա ֆիլմերի բարձրորակ տարբերակները՝ կենդանի երաժշտության ուղեկցությամբ։   Օրինակ՝ «Շորն ու Շորշորը» վերականգնված տարբերակով, լավ երաժշտությամբ ներկայացնելիս պարտադիր չէ, որ հանդիսատեսը միայն կինոյի մարդիկ, նեղ մասնագետներ լինեն։ Ֆիլմն այդ ձևաչափով կարելի է ներկայացնել նաև լայն հանրությանը։

ՀԳԴենիել Բըրդը հեռահար ծրագրեր ունի՝ վերականգնել Համո Բեկնազարյանի 10 ֆիլմ, Փարաջանովի «Նռան գույնից» դուրս մնացած կադրերով առանձին ֆիլմ պատրաստել, ներգարվել նաև նրանց, ովքեր աշխատել են Փարաջանովի հետ։ «Նռան գույնին» ուղեկցող ֆիլմն, ըստ ամենայնի, փառատոնային շքեղ ճանապարհ է անցնելու։

Պատրաստեցին՝ Ն․Փայտյանը, Ռ․Բագրատունյանը

Լուսանկարը տրամադրել է Զավեն Սարգսյանը