Մեկ տարի առաջ գեղարվեստական կինովավերագրող Արտավազդ Փելեշյանը գիտական աշխարհին ներկայացավ «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» խորագրով ռուսերեն աշխատությամբ: Վարպետը սպասում էր ֆիզիկոսների, աստղագետների ու փիլիսոփաների արձագանքին: Հատուկենտ կարծիքներ եղան, բայց դրանք ռեզոնանս չառաջացրին, առավել ևս բանավեճի առիթ չդարձան: Համենայն դեպս, կինոյի մարդիկ բացահայտեցին Նյուտոնին, Էյնշտեյնին, տիեզերագիտության ու ֆիզիկայի հայտնի տեսաբաններին ձեռնոց նետած կինոպոետ- գիտնական Փելեշյանին:

Մշակույթի նախարարության աջակցությամբ լույս է տեսել Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն թարգմանությունը: Շնորհանդեսի առիթով կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նորից շնորհավորեց իր վաղեմի բարեկամին. «Ես այն երջանիկներից եմ, որ պատիվ եմ ունեցել դեռ նախորդ դարի 60-ական թվականներից ճանաչել Փելեշյանին ու նրա ընկերը դառնալ: Ինձ միշտ զարմացրել է նրա կինոն, բայց առավել զարմացա նրա գիտական ահռելի պաշարով: Տասնամյակներ շարունակ առիթ եմ ունեցել տեսնելու նրա որոնողական մտքի ընդգրկման անսահմանությունը, երբ նա կենտրոնացնում, իրար է միացնում շատ հեռու բևեռներ՝ ամենապարզ կենցաղագրությունից մինչև տիեզերական թռիչք: Եվ սա ներդաշնակման այն դաշտն է, որի ամբողջացմանը ամբողջ մի կայքն է նվիրվել: Երբ նրան մի օր հարցրի «Կյանք» ֆիլմի մասին՝ ասելով. «Ինչ լավ տիկին էր, ո՞նց ես այդ երեխայի ծնունդը նկարել», Արթուրը զարմացած ասաց՝ 60-ից ավելի ծնունդ եմ նկարել: Միայն հանճարներն են ի զորու այս ընդգրկուն տարածքը ներդաշնակ աշխարհ դարձնել»:

Գրքի շնորհանդեսի առիթով, ինչպես որ Վարպետն էր ցանկացել, ցուցադրվեց 1993-ին նկարահանված «Կյանք» ֆիլմը: Ֆիլմն ու գիրքը, միմյանց լրացնելով, ստեղծեցին փելեշյանական այն մթնոլորտը, որին միշտ սպասում է արվեստասեր հանրությունը: Ինչպես Տիգրան Մանսուրյանը նկատեց՝ Արտավազդ Փելեշյանը վաղուց և՛ մերն է, և՛ մերը չէ: Նրա հանճարը դեռ մի քանի տասնամյակ առաջ է համաշխարհային կինոարվեստի սեփականությունը դարձել: Փելեշյանի արվեստի երկրպագուներն ուրախ են, որ «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն օրինակը գիտության օտարալեզու ոլորտների սեփականությունը կդառնա, և շատերը կճանաչեն փիլիսոփա և գիտնական Արտավազդ Փելեշյանին:

Կինոգետ Սիրանույշ Գալստյանը երկար ժամանակ է այդ գրքի հետ է: Նա հիշեց ամերիկացի կինովավերագրող Գոդֆրի Ռեջիոյի խոսքերը՝ Արտավազդ Փելեշյանը կինոյի Լեոնարդո դա Վինչին է: «Արվեստի, գիտության, գաղտնագրերի, փիլիսոփայության, առասպելների  և պատմության միահյուսումն է այս գիրքը:  Այդ ճանապարհով հաստատվում է ոչ միայն Փելեշյան փիլիսոփայի և պոետի մատրիցան, մտավոր, զգայական դաշտի միասնական տեսությունը, այլև   աշխարհի և նրանում կատարվող երևույթների  միասնկանությունը: Տիեզերքը ճանաչելու համար պետք է կամ գիտնական լինել, կամ պոետ: Պոետական տեսանկյունից իրերին նայելու Ձեր կարողությունը թույլ է տալիս տեսնել անտեսանելին, անսահմանությունը,  որ մեզնից այդքան հեռու և միևնույն ժամանակ մեր մեջ է: Տրամաբանական պետք է դիտարկվի այս գրքի ի հայտ գալը՝ որպես գիտական սխրանք և հակակշիռ աշխարհում տեղի ունեցող քաոսի»,-նշեց կինոգետՍիրանույշ Գալստյանը:

Վարպետին նորից ուղղվեց չարչրկված հարցը՝ ե՞րբ եք նոր ֆիլմ նկարելու: Հանրության շրջանում շշուկներ են տարածվել, որ Արտավազդ Փելեշյանը նոր ֆիլմի վրա է աշխատում: Կինոռեժիսորը խուսափեց պատասխանից: Նրա ստեղծագործական լռությունը եթե անգամ խախտվի, Վարպետն ավելին չի ասի, քան հետևյալը. «50 տարի առաջ ես գրեցի «Հոմոսափիենսը», որպեսզի այն նկարահանեմ: Այնքան խոսեցին դրա մասին, որ այդպես էլ չնկարեցի: Հիմա եթե այս մեկի մասին սկսեմ խոսել, էլի չի նկարահանվի, դրա համար էլ չեմ խոսի»:

 

Կինոհանրության շրջանում այլ շշուկներ էլ են տարածվել՝ ռեժիսոր Հրանտ Վարդանյանն Արտավազդ Փելեշյանի մասին կարճամետրաժ վավերագրական ֆիլմ է նկարում: Ռոժիսորը kinoashkharh. am-ին ներկայացրեց որոշ մանրամասներ նկարահանվող ֆիլմի մասին:

«Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ է ֆիլմը պատրաստվում: Կարծում եմ՝ Վարպետի մասին ֆիլմ նկարելն այնքան դժվար չէ, որքան նրա մասին այդ ֆիլմով ինչ-որ բան ասելը. այ դա շատ դժվար է: Աշխատանքներն սկսել եմ: Մտահղացումներ կան, բայց գաղտնի եմ պահում: Այլ ձևաչափ եմ մտածել.  գաղտնապահ չեմ, բայց դրա մասին դեռևս չեմ ուզում խոսել: Վարպետն էլ իր համաձայնությունը տվել է: Մենք գործ ունենք համաշխարհային համբավ ունեցող անհատի հետ,  հետևաբար մեր ասելիքը պետք է հասանելի լինի ոչ միայն մեզ, այլև համաշխարհային հանրությանը: Գնահատե՛նք նրան: Վարպետի հետ ընկերություն եմ անում, դա և՛ հեշտացնում է ֆիլմի աշխատանքները, և՛ դժվարացնում: Բայց հավաստիացնում եմ, ամեն ինչ ազնիվ է, բաց ու հետքրքրիր: Զրույցներ կան, որ շատ կուզենամ բոլորը լսեն, բայց գիտեք, դա անհնար է: Վարպետը չի ուզում, որ իր ասածները հանրայնացվեն ու տարածվեն»,-պատմեց Հրանտ Վարդանյանը: Ի դեպ, ֆիլմի օպերատորը Վահագն Տեր-Հակոբյանն էր, որը նկարահանում էր նաև Արտավազդ Փելեշյանի գրքի շնորհանդեսը:

Փելեշյանական կինոարվեստը մինչև հիմա զարմացնում ու իր հանճարի ուժով ստիպում է կինոդիտողին խոստովանել՝ սա կինոպոեզիա է, արվեստների համաձուլվածք, ոչ սովորական մահկանացուի ստեղծագործություն: Իսկ նրա գիրքն ընթերցողին համոզում ու լավատեսությամբ է վարակում՝ «Այնպիսի կատարյալ էակ, որպիսին տիեզերքն է, չի կարող ինքնասպան լինել: Այնպես որ, ոչ մի աշխարհի վերջ էլ չի լինելու»:

Նաիրա Փայտյան


Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմը»՝ տարվա լավագույն եվրոպական ֆիլմ

Դեկտեմբերի 15-ին՝ Եվրոպական կինոակադեմիայի 3500 անդամից բաղկացած ժյուրին Սևիլիայում հատարարեց տարվա հաղթողներին: Ինչպես նշված է կինոակադեմիայի պաշտոնական EFA կայքում, 2018 թվականի...

|15 Դեկտեմբեր 2018,14:22