Րաֆֆի Հերմոն Արաքսը ծնվել է պոլսահայ մտավորականի  ընտանիքում: Հայրը հայտնի սրտաբան բժիշկ էր, գրականագետ, հրապարակախոս, մայրը՝ ֆրասիական լիցեյում  դասավանդում էր ֆրանսերեն: Առանձնապես հիշատակության է արժանի նրանց՝ թրքանալու կամ քրդանալու վտանգված գավառի հայ տղաներին թաքուն հայերեն սովորեցնելու և ապա Պոլսի հայկական դպրոցներում տեղավորելու ոչ դյուրին ու անձնվեր աշխատանքը: Րաֆֆին ժառանգել է ծնողների սերը  գրականության,  թատերարվեստի հանդեպ: Տակավին պատանի՝ նա խաղում էր նոր, համարձակ գաղափարներ քարոզող երիտասարդական թատրոնում: Այնուհետև ստիպված էր թողնել սիրելի Պոլիսը և ուսումը շարունակեց Փարիզում:

Նա երախտագիտության հուզիչ խոսքերով է հիշում սիրելի արտիստ Մհեր Մկրտչյանին, որը 1985թ. Փարիզում ծանոթանալով Րաֆֆիի հետ և նկատելով նրա դերասանական օժտվածությունը, հորդորեց՝ անպայման գալ Հայաստան և սովորել Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում, ինչպես և եղավ. 1987-1992թթ. Րաֆֆի Հերմոն Արաքսն ուսանեց մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի միաժամանակ երկու՝ կինոռեժիսուրայի ու թատրոնի ռեժիսուրայի բաժիններում՝ անցնելով ստաժավորումը Հենրիկ Մալյանի և Ռուբեն Գևորգյանցի լսարաններում:

Նա, որ 1994թ. մինչև 2005թ. երկու ընկերների հետ հիմնել ու ղեկավարել էր «Հայաստան-Թուրքիա ճշմարիտ մտավորականների ու դեմոկրատների միջև երկխոսություն շարժումը» և նվիրված ու  ջանադիր աշխատանքի համար Ֆրանսիայի նախագահ Ժակ Շերակի կողմից արժանացել «Ժողովրդական դիվանագետ» կոչման, հրապարակումներով հանդես եկել Ստամբուլի, Փարիզի թերթերում ինչպես նաև Հայաստանում լույս տեսնող «Ազգ» թերթում, կինոյի ոլորտում իր առաջին քայլերն արեց  Հայաստանում՝ մասնակցելով  «Սպիտակ գիշեր կույր սուրհանդակի համար» ֆիլմի սցենարի ստեղծմանը՝  նկարահանվելով որպես գլխավոր դերակատար: Րաֆֆի Հերմոն Արաքսին և Ֆիլմի երկրորդ ռեժիսոր Էդվարդ Վիրաբյանին հրավիրեցին մասնակցելու Իտալիայի Սան Ռեմո քաղաքում անցկացվող հեղինակային ֆիլմերի 35-րդ կինոփառատոնին:

Լրագրողական 40 և ծննդյան 60- ամյակների առթիվ կազմակերպված երեկույթին ներկա էին  դերասաններ,  մամուլի ու հեռուստատեսության լրագրողներ, վաղեմի ու նորահայտ ընկերներ: Այդ օրը, իրեն բնորոշ դիպուկ հումորով ու նրբին  դիտողականությամբ, Րաֆֆի Հերմոն Արաքսն անցյալ օրերից ուշագրավ  հուշեր պատմեց: Օրեր անց, երբ հանդիպեցինք, խնդրեցի կրկին պատմել  ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին    դրվագները, որ ասես Մաեստրոյի ստեղծած ֆիլմերից իրական  ու ցնորական պատկերներ լինեին: Անշուշտ, ծննդյան հոբելյանի օրվա հանդիսավորությունը չկար, բայց  երևանյան աշնան  արևոտ նուրբին երանգներով օծուն օրը  Մեծ Մաեստրոյի մասին պատմությունն  ավելի սրտահույզ ու մեղեդային հնչեց:

Ասես դրախտում էի՝ կյանքից դուրս․․․

1988թ. փետրվարն էր: Արդեն մանկավարժական  ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի միաժամանակ կինոռեժիսուրայի և թատրոնի ռեժիսուրայի բաժինների ուսանող էի՝ Հենրիկ Մալյանի և Ռուբեն Գևորգյանցի լսարաններում: Նաև « Հենրիկ Մալյան»  թատերախմբի անդամ էի: Թատերախմբում  էր  նաև դերասան ժորա Հովակիմյանը, ով նախկինում խաղացել էր Հավլաբարի հայկական թատրոնում (գլխավոր ռեժիսոր՝ Արմեն Բարխուդարյան), բայց արդեն քանի տարի խաղում էր «Հաֆիլմ» կինոստուդիայի «Հենրիկ Մալյանի» անվան կինոդերասանի թատրոնում և նկարահանվել էր Սերգեյ Փարաջանովի մի քանի ֆիլմերում:

Ինձ համար Փարաջանովը լեգենդ էր, իրեն զգում էի հեռվից, նրա անունը լսելիս   հոգիս հմայող եթերային  ալիքներն էին շողարձակվում, որ կանչում, տանում էին անիմանալի մի եզերք: Սկսվել էր Արցախյան շարժումը, ու շատերի պես ես էլ էի Թատերական հրապարակում: Եվ այդ փոթորկուն, ալեկոծ օրերի , երբ մենք բողոքի ձայն էինք բարձրացնում Սումգայիթում հայերի դեմ  կատարված վայրագությունների դեմ։

Սերգեյ Փարաջանովը ֆիլմ էր նկարահանում ադրբեջանական համարվող աշխարհագրական տարածքի ներկայացուցիչ աշուղ Ղարիբի մասին՝ փարաջանովյան իր ինքնատիպ ոճով: Այդ մասին Ժիրայրի հետ զրուցելիս գաղափար ծնվեց՝ գնալ Թիֆլիս, հանդիպել Փարաջանովի հետ հենց նկարահանման հրապարակում: Այդ մասին լսողներն ինձ քննադատում էին. «ժողովուրդը ոտքի է ելել, իր բողոքի ձայնն է բարձրացնում ընդդեմ ադրբեջանական արյունարբու քաղաքականության, դուք ցույցերը թողած, գնում եք ներկա լինելու մի ազերու մասին ֆիլմի նկարահանումների՞ն, սա ի՜նչ բան է»: Պատասխանում էի. « Ես նույնպես խստագույնս դատապարտում եմ կատարված ոճիրը, Ադրբեջանի ղեկավարության կողմից հրահրվող ելուզակային գրոհները հայերի դեմ, և ինձ շատ է հետաքրքրում, թե այսպիսի ողբերգական օրերին ի՞նչ է նկարահանում Փարաջանովը թեկուզ ազգությամբ ազերի մի շնորհալի անձի մասին»: Այսինքն՝ խնդիրը հակաազերին, հակաթրքությունը չէ, հայի՝ հակաազերի կամ հակաթուրք լինելը չէ, այլ հայ ժողովրդի արդար բողոքը՝ ընդդեմ անիրավության՝ ինչ ազգ էլ որ այդ անիրավությունը կատարի:  Եթե Հայոց ցեղասպանությունն իթթիաթականները չանեին, այլ ուրիշ մի ազգի կուսակցություն, նույն կերպ պիտի դատապարտելի լիներ: Ինչևէ. ես ժորայի հետ մեկնեցի Թիֆլիս: Նկարահանումները կատարվում էին «Վրացֆիլմին» պատկանող մի գեղեցիկ տարածքում: ժորան ու նրա ընկերները բազմիցս զգուշացրել էին ինձ, որ  հանկարծ մի սխալ բան չասեմ: Բոլորը մեծ հիացմունքով , ակնածանքով էին խոսում  Մաեստրոյի մասին ու մի քիչ վախվորած էին, որ իմ անկաշկանդ խոսելը, ազատ ոճը կարող են վատ տպավորություն թողնել: Զգուշացնում էին.

-Վարպետ Փարաջանովը կարող է տարօրիակ մարդու տպավորություն թողնել…

Ասում էի.

Ես էլ եմ տարօրինակ:

-Խենթ է…

Ասում էի.

-Ես էլ եմ խենթ:

Ավելացնում էին.

-Սիրում է պրովոկացիաներ…

Պատասխանում էի.

-Ես նույնպես սիրում եմ պոզիտիվ պրովոկացիաներ անել, վեր հանել մարդու մեջ եղած գեղեցիկը:

Ժորան և ընկերները  մտավախությամբ, որ կարող եմ ընդվզել Մաեստրոյի  անսովոր արտահայտության դեմ, դարձյալ զգուշացնում էին.

-Եթե մեկին ներկայացնում են Վարպետին, հարցնում է՝ հա՞յ ես, և եթե այդ մեկը պատասխանում է՝ հայ եմ, նա ասում է.«Եթե  հայ ես, ուրեմն ք.. ես:

Ի զարմանս նրանց՝ այդ խոսքն ինձ դուր եկավ .

-Հոյակապ է, իմ ոճի մարդ է:

Տղաներն ավելի լրջացան; Նրանց հայացքներից ու շարժումներից զգում էի, որ վախենում են՝ հանկած այս Րաֆֆին մի այնպիսի բան չասի, որ Վարպետը…

Աշխարհի բոլոր վայրերում արգելված է ֆիլմի նկարահանման հրապարակում  ընդմիջել  ռեժիսորի աշխատանքը: Երբ ընդմիջումն հայտարարվեց, Փարաջանովի ականջին փսփսացին. «Փարիզից է եկել, բայց բնիկ պոլսեցի է: Կինոյի բաժնի ուսանող է, ուզում է ձեզ հետ ծանոթանալ: Արևի շողերից ճաճանչված աչքերը հառեց իմ ուղղությամյամբ : Ձեռքի շարժումով կանչեց՝ թող գա: Մոտեցա: Զննեց ինձ, ապա անսպասելիորեն բռնեց ծնոտս, թեքեց աջ, ձախ ու ռուսերեն հարցրեց.

-Ты арменин?

-Այո, հայ եմ:

-Պաաա՜հ, հայ ես, ուրեմն ք..․ ես:

Պատասխանեցի.

-Դու էլ ք..երի մաեստրոն ես:

Շուրջս ասես ռումբ պայթեց: Բոլորը շունչները պահած՝ աչքունքով խեթում էին՝ այս ի՜նչ արեցիր…

Իսկ ես լարված Մաեստրոյին էի նայում: Հանկարծ սկսեց քահ-քահ խնդալ և կրկին ծնոտս բռնելով՝ ասաց.

-Ты симпатичный паренъ, умный,симпатичний.

Թևանցուկ արեց ինձ, ուզեց խմբից առանձնացնել: Նախօրոք մտքումս խոսքեր էի պատրաստել: Կարճ, հստակ ասացի.

-Ես Փարիզից եմ եկել, ֆրունզիկ Մկրտչյանի օգնությամբ Հայաստանում եմ: Կինո, թատրոն եմ ուսումնասիրում: Դեռ Ստամբուլում զբաղվել եմ թատերական մնջախաղով: Նաև լրագրող եմ: Ստամբուլը միայն քաղաք չէ: Մի ամբողջ երկիր է, ուրիշ մի աշխարհ է:

Նա տիպիկ ռուսական ոճով շարժում արեց.

-Туркы….

-Վարպե՛տ, Վարպե՛տ, -ընդմիջեցի,-Ստամբուլն ավելին է, քան Թուրքիան: Ստամբուլը միայն Թուրքիա չէ…

Սևեռուն նայեց աչքերիս.

-Оченъ интересно….

Հարցեր տվեց: Պատասխանեցի:

…Նկարահանումն սկսվեց: Ասիստենտներից մեկին ուղարկեց, ասելով.

-Էդ խումբը, էդ խումբը, էդ խումբը (մեկ բառը երեք անգամ էր կրկնում), էդ խմբի տղան թող սպասե…

Մեզ հրավիրեց մոնտաժի սենյակ: Այդ օրը «Վրացֆիլմում» նկատեցին, որ Վարպետն ուշադիր է իմ հանդեպ: Առաջարկեցին  միասին ֆիլմ նկարահանել, բայց պայմանով, որ ազգանունս պետք է գրվի Արաքսաշվիլի: Պատասխանեցի.

-Անունս Րաֆեթ Հարուն Արազլը չփոխելու համար պայքարեցի ու ի վերջո ստիպված եղա  հեռանալ իմ ծննդավայր երկրից, գնալ Ֆրանսիա: Հիմա եկել եմ Հայաստան: Եթե ազգանունս դարձնեմ վրացական, այդ ամբողջը կվերածվի զրոյի: Քննարկման խնդիր չի կարող լինել, բայց և շնորհակալություն եմ հայտնում…

Օրվա վերջում ժորան անկարող եղավ թաքցնել զարմանքը.

Գիտես, բացառիկ բան եղավ այսօր. մոնտաժի սենյակում օրվա նկարահանած կադրերը դիտելիս Վարպետը երբեք մարդ չի ընդունում,բայց   մեզ հրավիրեց:

Կադրերը դիտելիս Փարաջանովի ասած բոլոր բառերը չէի հասկանում: Երբեմն  հարցնում էր ինձ.

-Էս լա՞վ է…

Ասում էի.

-Վարպե՛տ ջան, մի հարցրու:

Արդեն այդ մթնոլորտից գինովցած էի…

Այդ օրերին հրավիրվեցինք Թբիլիսիի իր նշանավոր տունը, որ յուրօրինակ սանդուղքներ ուներ, ինչպիսին  նեոռեալիզմի շրջանի իտալական ֆիլմերում է լինում: Ներսում՝ սենյակներում շրջելիս աչքիս առջևով Մարչելո Մաստրուայանին, Տոնինո Գուերան, իտալական կինոյի այլ հայտնի դերասաններ, կինոգործիչներ էին  սահում- անցնում տեսիլքի պես…Ափոսոսացի, որ լուսանկարչական գործիք չունեմ: Ասում էի.

-Այս ամենն իրակա՞ն է…

-Իհարկե,- պատասխանում էր կողքինս:

Մի հոյակապ սեղան կար, ա՛խ, գոնե այդ սեղանը լուսանկարած լինեի: Բա սեղանի վրացական ախորժելի տեսքով խորտիկները:

Զգուշացնում էին.

-Մինչև Վարպետը չգա, սեղանին ձեռք չտաք:

Վերջապես Վարպետը եկավ: Պատմելու բան չէ: Նկարահանելու էր, թե ովքեր էին այդ սեղանի շուրջ նստած, ի՜նչ մթնոլորտ էր: Աներևակայելի երազս շարունակվում էր… Վարպետը վերցնում էր յուրաքանչյուրի առջև դրված ափսեն, նայում  այդ անձի դեմքին  և սեղանի վրա եղած ուտեստներով պատկերում այդ դեմքի արտահայտությունը: Իմ ափսեում էլ նկարեց իմ դիմանկարը: Հիացմունքից կարկամել էի, մինչդեռ ինքը քաջալերում, պնդում էր.

-Կե՛ր, կե՛ր , կե՛ր…

Ափսոսում էի ուտել: Դրախտում էի, կյանքից, աշխարհից դուրս մի տեղ…

Հրաժեշտին ձեռքը դրեց ուսիս, հիշեցրեց առաջին օրն ինձ տված հանձնարարության մասին: Խորհուրդ տվեց.

-Կուզես լրագրություն, կուզես կինո ընտրիր, ոնց կուզես, բայց անպայման դիմանկարներ գրիր,  պորտրետիստ եղիր…

Տարիներ անց թուրքական «Ենի աքթյուել» («Նոր առօրյա») օրաթերթի շաբաթավերջի հավելվածում հետաքրքիր, տաղանդավոր մարդկանց մասին կեսէջանոց դիմանկարների շարք էի ներկայացնում: «Պատահաբար» դիմանկարներիս հերոսների մեծ մասը հայեր էին: ԵՎ հաճախ հիշում էի Փարաջանովի խոսքերը՝ դիմանկարներ գրիր: Մինչև օրս համառոտ կամ ծավալուն դիմանկարներ եմ գրում, երբեմն էլ՝ նկարում: Մեկի դիմանկարը գրելու, նկարելու համար նրա մասին շատ բան պետք է իմանաս, այնպես, որ քո ստեղծածը խոսի նրա ներքին նկարագրի հետ:

Սիմպատիչնի տղա, դու ճիշտ էիր…

Մեր հանդիպումից մի քանի տարի անց Սերգեյ Փարաջանվին հրավիրեցին Ստամբուլ՝ մասնակցելու «Իստանբուլ» կինոփառատոնին, և նա ստացավ այդ կինոփառատոնի Մեծ մրցանակը:

…Մի գեղեցիկ օր վաղ առավոտյան Գարիկ Զաքոյանը և էլի ընկերներ եկան Երևանի իմ տունը և ասացին.

-Վե՛ր կաց, գնում ենք Բորժոմ: Վարպետը կանչում է:

-Ո՞ր վարպետը:

-Փարաջանովը:

Ընկերներով գնացինք՝ մեզ հետ ունենալով այն օրերի մի վիդեոխցիկ, որով նկարահանեցի իրեն Բորժոմի այդ առողջարանում: Երբ ինձ տեսավ,  ասաց.

-Ես քեզ հասկացա, ես քեզ հասկացա, ես քեզ հասկացա… Իստանբուլն ուրիշ աշխարհ է: Իստանբուլն ավելին է, քան Թուրքիայի քաղաքը: Սիմպատիչնի տղա, դու ճիշտ էիր, դու ճիշտ էիր, դու ճիշտ էիր…

Ռուսերեն էր խոսում, բայց երբ երկուսով գլուխ գլխի էինք՝ հայերեն: Հայերեն շատ լավ էր հասկանում : Փարիզից եկած մի ստաժոր էի, վեց ամիս անց պիտի վերադառնայի Ֆրանսիա: Ֆրանսահպատակության դիմում էի տվել, և այն չեղյալ կհամարվեր, եթե ուշանայի: Վեց ամսից ավելի Ֆրանսիայից դուրս չպետք է գտնվեի: Ի դեպ, այդպես էլ ինձ չհաջողվեց այդ ժամկետը պահպանել, մի քանի անգամ  խախտեցի, ու ֆրանսահպատակության հարցս այդպես էլ չլուծվեց:

Մաեստրոյի կյանքի վերջին օրերը

Իմ դաասախոս Ռուբեն Գևորգյանցը կինոյի գծով իմ գործնական փորձաշրջանի ղեկավար էր նշանակել Լևոն Մկրտչյանին:Արդյունքում միասնաբար նկարահանեցինք «Իմ Կոմիտասը» փաստավավերագրական ֆիլմը, որում կոմիտասյան տրամադրության համապատկերում  մաեստրո Հովհաննես Չեքիջյանի կյանքն էինք ներկայացնում:

Հերթական անգամ Ֆրանսիայում գտնվելուս ժամանակ  զանգահարեցին  Երևանից, որը բացառիկ բան էր. այդ ժամանակ հեշտ չէր Երևանից Փարիզ զանգահարելը, շատ թանկ հաճույք էր, նաև տեխնիկական առումով էր դժվար, այսօրվա հնարավորությունները չկային: Լևոն Մկրտչյանը Երևանից զանգահարեց, ասաց.

-Փարաջանովը ծանր հիվանդ է: Նրան պետք է հասցնել Փարիզ, որ բուժվի:

Հուզմունք-շփոթմունքը պատեց ինձ. ի՜նչ կարող էր անել այն ժամանակ Րաֆֆի Հերմոն Արաքսը: Այո, որոշ փորձ ունեցող լրագրող էի, դերասան, բայց տակավին ոչ ֆրանսահպատակ երիտասարդս ո՜նց պիտի օգնեի Վարպետին: Դա միջպետական գործ էր: Հայաստանն  անցումային փուլում էր, Երևան-Փարիզ օդային կապ  չկար, թռիչ չկար: Թոթովեցի.

-Պիտի փորձեմ, պիտի նայեմ…

Բայց ու՜ր պիտի նայեի: Իմ կյանքի նշանաբանը հայ բանաստեղծի հայտնի տեղերն են. «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»: Ասված է Սարդարապատի հերոսամարտի առումով: Ի դեպ, այս թևավոր խոսքն առաջին անգամ ասել եմ Ստամբուլում՝ Իշխանաց կղզիների փոխքաղաքապետ եղած ժամանակ Հայաստան-Թուրքիա  սիմֆոնիկ նվագախմբի համերգի բացմանը՝ 1.600 հանդիսատես ունեցող բացօթյա հանդիսասրահում, որտեղ միայն հայեր չէին: Ասացի և՛ հայերեն, և՛ թուքերեն, և ապա միայն անդրադարձա՝ որտե՛ղ եմ այդ տողերը բարձրաձայնում, բայց, դե՛,  այդ դահլիճում ով պիտի իմանար իրականում ինչ իրադարձության վերաբերյալ են գրվել, մի խոսքով, խոսքս անցավ: Ի դեպ, այդպիսի համերգ տալու գաղափարի հեղինակը մանկությանս ընկերուհի Նվարդ  Անդրեասյանն էր, նվագախմբի երկու դիրիժորներից մեկը, մյուսն ազգությամբ թուրք Ջեմ Մանսուրն էր, իսկ համերգի հովանավորը՝ փոքրամասնությունների իրավունքների պաշտպան, «Անատոլու Կուլտուր» ասոսիացիայի ղեկավար  Օսման Կալալան, ով, ցավոք, տարուց ավելի բանտում է,  ինչ հանցանքի համար.  առայսօր նրան մեղադրանք չի ներկայացվել:

Ելք ու ճար գտնելու համար դիմեցի ընկերներիս՝ երկու Ժան Կլոդներին: Գառնիկ Ժան Կլոդ  Քեբաբջյանը  1968թ. նա Փարիզի մայիսին հեղափոխական շարժման մեջ էր որպես տրոցկիստ: Շատ տեսական մարդ էր: Մինչ նա մտածում էր՝ ինչ անել, մյուս Կլորդը՝ Արմեն Խաչիկյանը ձեռքը զարկեց սեղանին.

-Գտա՛, այս գործը պետք է անել հետևյալ կերպ…

-Ի՞նչ կերպ:

-Անցնենք ռազմավարական պլան կազմելուն:

Ժան Կլոդ Քեբաբջյանը կազմակերպություն էր հիմնել՝ «Սփյուռք հաղորդակցություն»՝ «Diaspora Communication», որը կոչված էր կարևոր գործ անելու, սակայն դեռ կազմակերպություն էր թղթի վրա , բայց  որն այդ պահին կարող էր խոսել: Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ աշխարհը. օգտագործելով այդպիսի հզոր լծակ՝ կարող էինք գործը տեղից շարժել: Եվ շարժում եղավ: «Diaspora Communication»-ի անունից դիմեցինք Ֆրանսիայի կառավարությանը: Ֆրանսիայի մշակույթի նախարար Ժակ Լանգը՝ մշակույթի ասպարեզում հետաքրքիր մի անձնավորություն, մոտիկից ճանաչելով հայերին, անմիջապես հասկացավ մեր թիմի՝ Ժան Կլոդ Արմեն Խաչիկյանի,  Ժան Կլոդ Գառնիկ Քեբաբջյանի ու Րաֆֆի Հերմոն Արաքսի խնդրանք-պատգամը, մեր ակնարկը՝ որ Ֆրանսիայի պես մշակութային պետության համար  միջազգային ճանաչում ունեցող Սերգեյ Փարաջանովի բուժման խնդրում օժանդակելը, անշուշտ, պատվաբեր իրողություն է լինելու: Ժան  Լանգին դիմելու միտքն իմ էր, իսկ բուն օպերացիայի, իր խոսքով ասած՝ ռազմավարական պլանի ղեկավարը, Արմեն Խաչիկյանը, որի մասին լավ կլինի պատմի հենց ինքը:  Ինչևէ, մեր ջանքերը պսակվեցին հաջողությամբ:

Ֆրանսիայի կառավարությունը Փարաջանովի բուժումը Ֆրանսիայում կազմակերպեու նպատակով 760.000 ֆրանկ հատկացրեց, այսօրվա չափանիշով՝ մոտավորապես մեկ միլիոն դոլար: Չմտածեք, թե այդ գումարն առձեռն, կանխիկ մեզ տրվեց: Ֆրանսիայի կառավարությունն ինքը տնօրինեց ծրագրի ինչն ու ինչպեսը: Օդանավ հատկացվեց՝ հատուկ ծանր հիվանդի տեղափոխման համար անհրաժեշտ սարքավորումներով կահավորված, ապահովված անհրաժեշտ դեղորայքով ու բուժսարքավորումներով: Արդեն ասացի, որ այդ ժամանակ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև օդային կապ չկար, բայց այդ օդանավը եկավ Երևան: Փարաջանովին ուղեկցում էր Զավենի եղբայրը՝ սրտաբան Արմեն Սարգսյանը: Օդանավը վայրէջք կատարեց Փարիզի՝ հատուկ զինվորական թռիչքների համար գործող Լե Բուրժե օդանավակայանում: Ինչպես դետեկտիվ ֆիլմերում է լինում, օդանավի իջնելուն պես՝ իսկույն  մոտեցան ոստիկանական մի կազմակերպության ներկայացուցիչ և  բժշկական ինքնաշարժը, և անկողնում պառկած Մաեստոյին ու նրան ուղեկցողներին այդ ինքնաշարժով՝ երթևեկության անվտանգությունն ապահովող անձանց ուղեկցությամբ ու հատուկ դեպքերի համար ձայնային ազդանշանները միացրած , որպեսզի ճանապարհին արգելքներ չլինեն, կարժ ժամանակամիջոցում հասցրին «Սեն Լուի» հոսպիտալ (opital «Sen Luis»): Ֆրանսիայում հայտնի լավագույն սրտաբաններից մեկը՝ պրոֆեսոր Անդրեասյանն անձամբ զբաղվեց հիվանդի բուժմամբ: Բայց, ցավոք, ինչպես ասում են՝ բանը բանից անցել էր. շատ անհուսալի էր Սերգեյ Փարաջանովի առողջական վիճակը՝ սրտի հիվանդություն, շաքարախտ, քաղցկեղ…  Արվեց հնարավոր ամեն բան: Ի՜նչ տխուր պատիվ էր վիճակված մեզ՝ վերջին շնչում Վարպետին հասցնել Երևան…

Իր նկարագրին վայել հուղարկավորություն էր, իր ֆիլմերի ոգուն համահունչ: Թիֆլիսից լացող կին էր եկել, այդպես էր ցանկացել Վարպետը: Հուզիչ խոսքեր հնչեցին: Մահախոսական կարդաց  Արմեն Խաչիկյանը:  Շատ զգայուն, շատ նուրբ մի երանգ հնչեց նրա խոսքում, որ ամեն ինչ, անգամ արվեստագետի մահն օգնեց փաստելու, թե որքան կարևոր է երկու երկրների՝ Հայատանի  ու Ֆրանսիայի  համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Սերգեյ Փարաջանովին բնութագրող ու տպավորիչ էր Խաչիկյանի մեկ հատիկ խոսքը . «Նա մի մանուկ էր…»:

 …Սրտամոտ  է նաև Րաֆֆի Հերմոն Արաքսի այս պատմությունը, որտեղ նույնպես թպրտում է Փարաջանով արվեստագետի պարզ, բայց և ալեկոծ, բոլորի հիացմունքով շրջապատված, բայց իրականում միայնակ հոգին: Մեծ միայնակը, ում ֆիլմերն անվերջ ալեկոծելու են մարդկանց սրտերը և մղելու են դեպի տիեզերական անհասանելիին, դեպի հավերժող Սերը…

Ասպրամ Ծառուկյան

Լուսանկարները տրամադրել են Րաֆֆի Հերմոն Արաքսը և Զավեն Սարգսյանը