«Երեք գումարած երկու» (1963) – Ռեժիսոր՝ Հենրիկ Հովհաննիսյան

«Երեք գումարած երկու» այսօր փոքր-ինչ երկիմաստ է հնչում՝ իբրև Pornhub-ի կատեգորիայի անվանում: Ի միջի այլոց, մոտավորապես այդպես էլ ֆիլմը, որ թողարկվեց հալոցքի բարձրակետին, ընդունվեց.  ամառ, Սև ծով, վայրի լողափ, բաց լողազգեստներ և սեռերի կատաղի պայքար արևի տակ տեղ ունենալու համար: Ազդագրից, խոշոր պլանով, ամբարտավան նայում են խորհրդային կինեմատոգրաֆի երկու գեղեցկուհիներ, իսկ երեք գծանկարված տղամարդիկ նրանց կողքին պարծենում են իրենց մկաններով, արևայրուկով և նորածիլ մորուքներով: Ակնհայտորեն, հասունանում է ինչ-որ տպավորիչ և հուզիչ բան:

Ֆիլմը էկրան բարձրանալուց հետո, հաջորդ իսկ ամռանը խորհրդային քաղաքացիները զանգվածաբար թափվեցին նվաճելու վայրի լողափերը:

Էկրանավորել Սերգեյ Միխալկովի «Վայրի մարդիկ» պիեսը (այն մասին, թե ինչպես երեք համոզված կնատյացներ Ղրիմի կիզիչ արևի տակ երկու ֆեմինիստների ոտքերն են ընկնում) որոշվել էր Երմոլովայի անվան թատրոնում ներկայացման պրեմիերայից մի քանի տարի անց: Պիեսի գլխավոր հերոսները երեսունն անց մարդիկ են, որ հոգեկան ջերմություն և ըմբռնում են փնտրում: Կինո փոխադրելով այս պատմությունը, Հովհաննիսյանը հույսը դնում էր սեքսի վրա` ընտրեց ավելի երիտասարդ դերասանների, նկարահանումներն սկսելուց երկու շաբաթ առաջ նրանց տարավ Սուդակ, որպեսզի հասցնեն արևից թխանալ և նախատրամադրվեն հարկ եղած ձևով, և ստիպեց թրև գալ փողոցներում թեթև հագուստներով, ժպտալով կարգուկանոնի պահապաններին և պարապ մարդկանց, ինչպես Կրուազետում:

 

Այս կինոնկարը առհասարակ այնքան էլ խորհրդային չէ, այն ասես եկել է Ֆրանսիայից, իսկ ԽՍՀՄ-ում լոկ վերաձայնագրվել է` ոչ մեծ շտկումներով` նկատի առնելով տեղական իրողությունները: Երեք ընկերները՝ անասնաբույժը (Անդրեյ Միրոնով), դիվանագետը (Եվգենի Ժարիկով) և ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորը (Գենադի Նիլով) գնում են ծով` հանգստանալու սիրային դրամաներից և քաղաքային իրարանցումից: «Վոլգայի» տանիքին ամրացված է վրանը, ամենաարդիական ընդունիչը որսում է պարային երաժշտություն, հանդիսավոր երդում են տալիս չսիրահարվել և չսափրվել:

Լողափին նրանց անակնկալ է սպասում. նրանց նվիրական վայրում արդեն ճամբար է խփված – սարաֆաններ, արևայրուկի համար քսուք, շոկոլադե կոնֆետներ և ամսագրեր: Շուտով հայտնվում են և զավթիչները՝ առյուծներ ու վագրեր վարժեցնող Զոյան (Նատալյա Ֆատեևան) և կինոյի դերասանուհի Նատաշան (Նատալյա Կուստինսկայա): Նրանք, ի միջի այլոց, նույնպես երդվել են արձակուրդն անցկացնել առանց տղամարդկանց և ուզում են դա անել հենց այստեղ: Իհարկե, ամեն բան կավարտվի հապշտապ սափրվելով, ռոմանտիկ զբոսանքներով` լուսնի լույսի ներքո, և վեհերոտ խոստովանություններով: Զույգերը կկազմվեն ըստ հետաքրքրությունների. անասնաբույժը վարժեցնողի, դիվանագետը՝ դերասանուհու հետ: Եվ միայն գիտնականը կմնա միայնակ՝ դետեկտիվ վեպի հետ:

Զարմանալի է, որ այս թեթև, ուրախ ֆիլմը, որտեղ կյանքը եռում է, նկարահանվել է մահամերձ մարդու կողմից: «Երեք գումարած երկուսը» եղավ Հովհաննիսյանի վերջին աշխատանքը. 1964 թվականի վերջին ռեժիսորը վախճանվեց ստամոքսի քաղցկեղից:

Գուցե, իմանալով, որ քիչ է մնացել, նա իրեն թույլ տվեց ամեն ինչ՝ և գեղեցիկ կիսամերկ կանայք, և մռնչացող վագրեր, և բարձրաստիճան արտասահմանցիներին քծնող խորհրդային սերվիսի ծաղր, և անձնական մասնակցություն մատուցողի էպիզոդիկ դերում, և մերժում «Վայրիներ» պիեսի հեղինակ Նիկիտա Միխալկովի որդուն նկարահանել անասնաբույժի դերում:

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը