Սարոյանի պատմվածքի էկրանավորման ճակատագիրը
Ռուսաստանցի անկախ մուլտիպլիկատորների թիմը Indiegogo համացանցային հարթակում ակցիա է սկսել հայտնի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի էկրանավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հավաքման նպատակով։ «Սիրտը իմ» անունով սարոյանական պատմվածքի նախագիծը լինելու է լիամետրաժ մուլտֆիլմ:
Հայտնի է, որ նախագծի հետ կապված աշխատանքները շարունակվում են արդեն մի քանի տարի: Նյութի մեծ մասն արդեն պատրաստ է: Կոլորիտի պահպանման համար բոլոր խոսակցությունները կլինեն հայերեն: Կադրից դուրս հերոսներից մեկը կպատմի պատմությունը ռուսերենով:
«Սա ֆիլմ է ներելու իմաստության ու կորուստների ցավի մասին: Հին հայրենիքի, երկնքի անծայրածիր լինելու, թարմ խոտի վրայով մինչև հորիզոն սլանալու երջանկության մասին», – ասել են մուլտֆիլմի ստեղծողները:
Թիմում աշխատում են անիմատորներ Վովա Վիշնյակովը, Մաշա Բոնդարը, օպերատոր Պավել Ուխանովը, նկարիչ Ռուսլան Զեմսկովն ու ռեժիսոր Իլյա Յուդովիչը: Հերոսներին պատրաստել է անիմացիոն տիկնիկների մասնագետ Իգոր Խիլովը: